Ամէն մի յաջող սկիզբ գալիք յաղթանակների հիմնաքար է


Սիրելի հայրենակիցներ,

Ճանապարհում ենք անցնող տարին եւ արցախցու հիւրընկալութեամբ ու լաւատեսութեամբ բացում մեր դռները՝ դիմաւորելու 2020 թուականը: Ահա նորից ինքներս մեր առաջ հաշուետու լինելու, արածն ու չարածը ի մի բերելու պահ է, որովհետեւ այն, ինչ չես հասցրել անել, աւելի պարտաւորեցնող է, քան արուածը: Գալիք տարին պէտք է լինի գործելու, կառուցելու, ստեղծելու տարի: Արուած գործերը հիմնաքար են կայուն շինարարութեան: Մեծ երազանքներ իրականութիւն դարձնելու համար լաւ «շինարարներ» են պահանջւում. մէկ հոգով չես կառուցի: Համակարգուած ու թիմային աշխատանք է հարկաւոր, որտեղ իւրաքանչիւր ոք պէտք է գործի արհեստավարժ:

ՀՅ Դաշնակցութիւնն իր անցած դարաւոր ճանապարհով հասցրել է ապացուցել, որ առաւելագոյնս հասկանում է գրչի, բահի, զէնքի կարևորութիւնը՝ երկիրը Երկիր դարձնելու գործում: Անցնող տարում, ինչպէս եւ նախորդ տարիներին, Դաշնակցութեան աշխարհասփիւռ կառոյցների գործունէութեան հիմնական առանցքը եղել ու մնում է Արցախը՝ իր խնդիրներով ու միջազգային ճանաչման հեռանկարով: Այս առումով զգալի է արուածը, ձեռքբերումները՝ ակնյայտ, բայց անելիքները շատ են ու պահանջում են անդուլ աշխատանք: Դաշնակցութիւնը երբեք չի շեղուելու իր գործունէութեան ուղեծրից ու գործը միշտ գերադասելու է շռայլ խօսքերից:

Անկայուն խաղաղութեան եւ մարտահրաւէրների այս ժամանակներում Հայրենիքի սահմանների անվտանգութեան ապահովումը, պետական-հասարակական անդաստանը ցնցումներից հեռու պահելը կարևորագոյն գրաւական է, որը պէտք է գիտակցենք բոլորս:

Նոր տարուայ շեմին ուզում եմ չմոռանանք, որ ամէն նոր տարի նորի սկիզբ է, եւ ամէն մի սկիզբ պէտք է սկսել պատասխանատուութեան զգացումով: Ամէն մի յաջող սկիզբ գալիք յաղթանակների հիմնաքար է:

Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ: Թող 2020 թուականը սէր ու ջերմութիւն բերի մեր ընտանիքներին եւ առաջընթաց՝ մեր հայրենիքի պետական, քաղաքական, հոգեւոր, մշակութային կեանքում: Իրար նեցուկ լինենք, անշահախնդիր ու վճռական՝ հայրենիքի բարօրության ու շենացման գործում:

ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ

Դաւիթ Իշխանեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.