Վերափոխւում է առաջնագիծը

 

Նորից ուղեւորուեցինք ԼՂՀ ՊԲ հարաւ-արեւելեան հատուած: Քառօրեայ պատերազմից հինգ ամիս անց ի՞նչ է արուել զինուորի անվտանգ եւ ապահով ծառայութեան համար: Տեսանք իրականացուած շինարարական մեծածաւալ աշխատանքներ, վերակառուցուած դիրքեր, ներդրուած տեխնիկական միջոցներ…
Դիրքերի արիւնատար անօթները
Տեղաշարժւում ենք բարեկարգուած ճանապարհներով, իսկ որոշ հատուածներում էլ վարորդը թեքում է ղեկն ու ամբողջովին նոր փորուած երթեւեկութեան գիծ մտնում:  Հակառակորդի կողմից «Լիալիա Իլիագի» բլրի գրաւումն առաջնային էր դարձրել զօրքի անվտանգ տեղաշարժի հարցը: Այդ նպատակով էլ մասնաւոր եւ պետական տեխնիկան, կամաւորականներն ու զինծառայողները ամիսներ շարունակ լծուել էին կենսական նշանակութեան ճանապարհային նոր ցանցի կառուցման, ինչպէս նաեւ հնի բարեկարգման գործին: Եւ չնայած տեղ-տեղ էքսկավատորները դեռ շարունակում են փորել հողը, հիմնական աշխատանքն արդէն կատարուած է: Զօրքի, զինտեխնիկայի տեղաշարժը մանրակրկիտ քողարկուել է քիլոմեթրերով ձգուող մի քանի մեթր բարձրութեամբ հողաթմբերով:
Թիկունքն ու դիրքերն իրար միացնող ուղիներն ասես արիւնատար անօթներ լինեն. որքան ապահով` այնքան աւելի անվնաս կ’իրականացուի շարժն ու մատակարարումը:
 
Առաջնագծի դարպասը
Ապրիլեան կռիւներից յետոյ հարաւ-արեւելեան ուղղութեան մի հատուածում նոր դիրքերի հիմնումը դարձաւ անխուսափելի անհրաժեշտութիւն: Վաշտի նորակառոյց յենակէտը ռազմավարական նշանակութիւն ունի: Կարելի է ասել` առաջնագծի դարպասն է: Վաշտի հրամանատարի պաշտօնակատար, աւագ լեյտենանտ Անդրանիկ Սողոմոնեանը պարզաբանում է. «Մեր դիրքը «Լիալիա Իլիագի» բլրի դէմ դիմաց է եւ զսպում է թշնամու «ախորժակը», փակում նրա ճանապարհը: Պաշտպանական շրջանի ամենավտանգաւոր կէտն է, ուստի այստեղ հերթապահող անձնակազմն էլ ընդունուածից մեծաթիւ է»:
Հրամանատարը փորձում է ոչինչ բաց չթողնել, ամէն ինչ ցոյց տալ` ծաւալուած գիշերային ջերմադիտարկման կէտը, անխոցելի կրակակէտերն ու խրամաբջիջները, ջոկի թաքստոցը: Ինչ խօսք` կատարուած աշխատանքը, իրօք, տպաւորիչ է:
Հարեւան նորակառոյց դիրքից էլ զինծառայողները վերահսկում են հակառակորդի թիկունք տանող ճանապարհը: Յենակէտի աւագ, սերժանտ Վաչիկ Խաչատրեանը ասում է, որ յաճախ են նկատում մեքենաների շարժ. «Չեմ կարող ասել, թէ ինչ են տանում-բերում՝ զինամթե՞րք, մա՞րդ, թէ շինանիւթ: Արձանագրում ենք, զեկուցում՝ ըստ վերադասութեան»:
Նոր դիրքերում արագ տեմպերով կառուցւում են կացարաններ: Աշխատանքներն իրականացնում են ոչ թէ զինծառայողները, այլ՝ փորձառու կառուցապատողները: Նրանք վստահեցնում են. «Շուտով կացարանները կը յանձնուեն շահագործման: Տնից չեն տարբերուելու»:
Նոր միջոցներ`մեծ հնարաւորութիւններ
Մեր այցելած բոլոր դիրքերում էլ ամենատպաւորիչը ներդրուած արդի տեխնիկական միջոցներն են, որոնք  ոչ միայն մի քանի անգամ բարձրացնում են դիրքապահների անվտանգութեան մակարդակը, բանակի մարտունակութեան աստիճանը, այլ նաեւ  յստակեցնում են ղեկավարման համակարգը:
Շարքային Սամուէլ Քալանթարեանը արդէն չորս ամիս է, ինչ ցերեկային դիտարկումը կատարում է նոր` հետախոյզի խողովակ կոչուող սարքով: Զինուորն ասես ջրասուզակ լինի: Նա առանց դիտարկուելու հաւանականութեան խրամատի ցանկացած կէտից տեսնում է` ինչ է կատարւում հակադիր կողմում. «Այսօր նկատել եմ ինժեներական աշխատանքներ. հակառակորդը խորացնում է իր խրամատը»:
Ինքս էլ տուեալ սարքով զննում եմ թշնամու դիրքը, որը գրեթէ ութ անգամ խոշորացուած է: Իսկ որքան խոշոր է մասշտապը, այնքան աւելի շատ տվուեալներ կարելի է հաւաքագրել:
Առաջնագծի ողջ երկայնքով գործարկուել է նաեւ ժամանակակից ցերեկային հետախուզման համակարգ, որը տալիս է աւելի մեծ հնարաւորութիւններ: Հրամանատարական կէտում հերթապահում են կապի դասակի զինծառայողները: Կրտսեր սերժանտ Դաւիթ Գէորգեանը ֆիքսում է հակառակորդի մէկ զինծառայողի շարժ, նշում է նախատեսուած մատեանում, ապա արագ զեկուցում հրամանատարին: Ի դէպ, համակարգը հնարաւորութիւն է ընձեռում հետեւելու նաեւ մեր դիրքերում տիրող իրավիճակին: Ամբողջ տեղեկատուութիւնը տեսագրւում եւ պահպանւում է:
Դիրքերում 360 աստիճանի եւ մի քանի քիլոմեթր խորութեամբ դիտարկում են ապահովում տեղադրուած գիշերային սարքերը: Դասակի հրամանատարը կամ դիրքի աւագը կարող է ցանկացած պահի պատկերը փոխանցել վերադաս հրամանատարութեանը. «Որպէսզի պատկերացնէք, թէ ի՛նչ հզօր տեխնիկա է, ասեմ, որ  1000 մեթրի վրայ սաւառնող թռչուն էլ ենք նկատում: Կարող ենք խոշորացնել մեզ հետաքրքրող պատկերը, ինչպէս նաեւ ներմուծել կոորդինատներն ու դիտարկել պահանջուող կէտը», ասում է դիրքապահ Էդգար Սարգսեանը: Զինուորները ցոյց են տալիս նաեւ զէնքերի նոր նշանոցները: Դրանք անփոխարինելի են գիշերային հերթապահութեան ժամանակ:
Բացի դիտարկման համակարգերից, առաջնագծում գործարկուել է նաեւ կապի նոր համակարգ: Պաշտպանութեան բանակի կապի պատասխանատուն` գնդապետ Արա Բախշեանը, նշում է. «Մեծածաւալ աշխատանք ենք կատարել անխափան կապ ապահովելու համար: Ստեղծել ենք պահուստային կապուղիներ, ձեռք ենք բերել ռատիոկապի արդիական միջոցներ: Շուտով վերադաս հրամանատարութիւնը հնարաւորութիւն կ’ունենայ առանց գաղտնալսուելու վտանգի կապ հաստատել յուրաքանչյուր դիրքի հետ»:
Թէ՛ դիտարկման, թէ՛ կապի միջոցները շահագործւում են մարտկոցներով: ելեկտրական հոսանքի բացակայութեան պայմաններում լիցքաւորումն իրականացւում է այլ միջոցներով: Սակայն այսօր արդէն մեկնարկել են հրամանատարական կէտերը մշտական ելեկտրական հոսանքով ապահովելու աշխատանքները:
Ջուրը կեանք է
Մարտական հերթապահութիւն իրականացնող վաշտի սանհրահանգիչ Լեւոն Սահակեանն ուղեկցում է դէպի ջրի մետաղական  տակառները: Դրանց մէջ է պահւում խմելու ջուրը, որն ամէն առաւօտ թարմացւում է: Լեւոնը ջրի բաժակը ինձ է մեկնում, բայց եւ զգուշացնում է` «Սառը չէ»: Դրսում +42- +45 աստիճան շոգ է: Սակայն մեր այցելութիւնից օրեր անց գործարկուեց բարերար Մնացական Առաքելեանի միջոցներով անցկացուած ջրագիծը: Այսուհետ տասնեակ դիրքերում զինուորը կարող է բացել  ծորակն ու սառը ջուր ըմպել: Որոշ կէտերում տեղադրուել են ջրատաքացուցիչներ. մարտական հերթապահութիւնից յետոյ դիրքապահը կարող է լոգանք ընդունել, լուանալ համազգեստը:
Հրամանատարները վստահ են` խմելու ջուրը մեծապէս կը նպաստի ինչպէս զինուորի տրամադրութեան, այնպէս էլ նրա մարտունակութեան բարձրացմանը:
Հ. Գ. Առաջնագծից հեռանալիս մտածում էի, որ հակառակորդի լռութեանն այստեղ չեն վստահում. նախապատրաստւում են, անընդհատ ամրանում:
Շուշան Ստեփանեան

ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.