Նախագահ Սերժ Սարգսեանի շնորհաւորական ուղերձը հանրապետութեան տօնի առթիւ


Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհաւորում եմ ձեզ Հանրապետութեան տօնի կապակցութեամբ:

Մայիսի 28-ն անկասկած մեր պատմութեան ամենապայծառ էջերն է զարդարում: Այն մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու իր իրաւունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ էր և դարաւոր ընդմիջումից յետոյ հայկական պետութեան վերականգնման փայլուն սկիզբ:

Թրքական բանակի դէմ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսեան յաղթանակները փրկեցին Արևելեան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայութեանը: Բոլորի համար պարզ էր, որ Արևելեան Հայաստանի համար նախատեսուած էր նոյն ճակատագիրը, ինչին արդէն արժանացել էր արևմտահայութիւնը:

Այս տարի Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ և՛ Հայաստանում, և՛ սփիւռքում բազմաթիւ միջոցառումներ են իրականացուել և դեռ իրականացուելու են: Այսօր մեր պարտքն է արձանագրել, որ հայերի իսպառ բնաջնջումը կասեցրել ենք մենք՝ հայ ռամիկն ու շինականը, ռազմիկն ու քաղաքական գործիչը, ուսուցիչն ու հոգևորականը: Եւ կասեցրել ենք մայիսեան հերոսամարտերով: Կասեցրել ենք հայկական պետականութեան ստեղծմամբ՝ պատմական Հայաստանի վերջին հատուածը փրկութեան ափ դարձնելով հարիւր հազարաւոր որբերի և գաղթականների համար։

Մայիսի 28-ը հայերի փրկութեան, վերապրումի և վերածնունդի մեկնարկի օրն է: Ի հարկէ, անկախութեան հռչակմամբ մեր փորձութիւնները չաւարտուեցին, նոր փորձութիւններ սկսուեցին, բայց դրանք մենք արդէն դիմակայում էինք որպէս պետականօրէն կազմակերպուած ազգ:

Պետք է հաշուի առնել ևս մի կարևոր հանգամանք. մայիսեան հերոսամարտերի ընթացքում, հենց մարտի դաշտերում, ձևաւորւում ու ծնւում էր հայկական բանակը։ 1915 թուականից անցել էր ընդամենը երեք տարի, և մենք, առանց պետականութեան՝ միայն ինքնակազմակերպման հաշուին, կռուի դաշտ հանեցինք թշնամուն արժանի հակահարուած հասցնող ռազմական ուժ։ Սա պատմական սխրանքն է այն սերնդի, որին վիճակուած էր տեսնել ամենասարսափելին։ Բայց նրան վիճակուած էր տեսնել նաև ամենաերանելին՝ անկախ Հայաստանը։

Մեր առաջին հանրապետութեան պետական խորհրդանիշները` դրօշը, զինանշանը և օրհներգը այսօրուայ Հայաստանի Հանրապետութեան պետական խորհրդանիշներն են: Մենք ճամբորդներն ենք մի նոր ճանապարհի, որ սկսուել է 1918 թուականի մայիսի 28-ին:

Սակայն խորհրդանիշներից աւելի կարևոր են առաջին հանրապետութեան բովանդակութիւնն ու պատգամները, որոնցից, իմ կարծիքով, ամենաառանցքայինները հետևեալներն են.

1. Հայաստանը համայն հայութեան հայրենիքն է։

2. Հայաստանում իշխում են հանրապետական կարգեր և ժողովրդավարական արժեհամակարգ։

3. Հայաստան Հանրապետութիւնը սոցիալական պետութիւն է։

Սրանք այն փարոսներն են, որոնցով մենք կողմնորոշւում ենք նաև այսօր, մերօրեայ՝ երբեմն իսկապէս փոթորկալից նաւարկութիւնների ընթացքում։

Յաւերժ փառք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին մայիսի 28-ը:

Յաւերժ փառք ու խոնարհում բոլոր այն նահատակների յիշատակին, ովքեր հնարաւոր դարձրին մայիսի 28-ը:

Փա՛ռք Հայաստանի առաջին Հանրապետութեանը, որ հիմնասիւնն է ներկայ և ապագայ Հայաստանի:


Leave a Comment

You must be logged in to post a comment.