Արթիւր Աղաբեկեան. «125 տարի գործում ենք յանուն հայ ժողովրդի լինելիութեան»


ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արթիւր Աղաբեկեանի ելոյթը նոյեմբերի 28-ին Կիպրոսում կայացած ՀՅԴ 125-ամեակի տօնակատարութեանը.

 

ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արթիւր Աղաբեկեանի ելոյթը նոյեմբերի 28-ին Կիպրոսում կայացած ՀՅԴ 125-ամեակի տօնակատարութեանը.

 

«Սիրելի հայրենակիցներ, Այս օրերին մեր մեծ ընտանիքը՝ ՀՅ Դաշնակցութիւնը, 125-րդ անգամ աշխարհի ամենատարբեր կէտերում, ուր գործում է մեր կառոյցը, նշում է իր տօնը՝ Դաշնակցականի տօնը, Դաշնակցական օրը: Մենք՝ դաշնակցականներս, այս օրը համարելով տօնակատարութիւն, բարձրաձայնում ենք նաեւ, որ այն լոկ տօնակատարութիւն չէ, այլ՝ հաշուետուութեան օր: Սա յատուկ է միայն մեզ, մեր հաշուետու տեսակին, որովհետեւ մենք հաշուետու ենք ոչ միայն ինքներս մեզ, մեր կառոյցին ու ժողովներին, ոչ միայն մեր Կանոնագրին, այլեւ՝  հենց մեր ժողովրդի ու մեր խղճի առջեւ:

ՀՅԴ օրուան նուիրուած միջոցառումներն աւանդաբար զերծ են եղել զուտ կուսակցական ընկալումից: Մենք այն միշտ վերածել ենք հայրենասիրական ոգու բարձրացման իւրօրինակ տօնի եւ այդ տօնը նուիրել ժողովրդին: Եւ ինչպէս մեծն դաշնակցական Ռուբէն Տէր-Միանասեանն է ասել՝ Դաշնակցութեան տեսաբանը ժողովուրդն է: Մեր ծրագիրը յարմարեցնում ենք ժողովրդին եւ ոչ թէ ժողովրդին՝ մեր ծրագրին: Այդպէս ենք գործել թշնամի կայսրութիւններում, այդպէս ենք գործել անկախ Հայաստանում, Արցախում եւ սփիւռքում հարիւր տարի եւ աւելի, այդպէս ենք գործում հիմա. գործում ենք՝ յանուն հայ ժողովրդի լինելիութեան:

1890 թուականին հայ ժողովուրդը հիմնեց Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որ համախմբի մեր ազատութեան երթը: Գործեցինք ընդյատակում, գործեցինք յանուն մեր ժողովրդի ազատ-անկախ ապրելու իրաւունքի, զէնք վերցրինք, ազգային-ազատագրական պայքար մղեցինք: Մենք առաջնորդեցինք 1918 թ. Մայիսեան հերոսամարտը եւ հայրենի հողի վրայ կերտեցինք Հայաստանի անկախ Հանրապետութիւնը:

Հայութեան կամքով ՀՅԴ-ն ստանձնեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան պատասխանատուութիւնը: Աւելին, Հայոց կորուսեալ հողերին տէր կանգնելու նպատակով՝ 1917 թ-ին ՀՅԴ-ն ստեղծեց Արցախի ինքնիշխան կառավարութիւնը, որը ժողովրդի հետ միասին մինչեւ 1920 թ. անխաթար պահեց Արցախի սահմանները:

Այդ օրերին էր, որ ՀՅԴ Արցախի «Ապառաժ»-ի Կենտրոնական Կոմիտէն յատուկ կոչով դիմեց բնակչութեանը եւ քաղաքական ուժերին, որում ասւում էր. «Նեցուկ լինել նոր կառավարութեանը եւ պատրաստ լինել ինքնազոհութեամբ նուաճուած ազատութիւնը ամրապնդելու: Պէտք է լռեն կուսակցական տարաձայնութիւնները, խմբուել, խտացնել շարքերը՝ դիմադրելու համար հակայեղափոխական փորձերին»:

1920 թ. Դեկտեմբերի 2-ին, հաւատարիմ հայրենիքի գոյութեան համար պայքարելու իր ուխտին, ՀՅԴ-ն կամաւոր հրաժարուեց իշխանութիւնից՝ գերադասելով հայրենիքի ֆիզիքական անվտանգութիւնը եւ դարձաւ վտարանդի, գործեց Սփիւռքում՝ հայրենիքի անկախութեան գաղափարի շուրջ համախմբելով հայութեանը՝ ստեղծելով կրթական, մշակութային, մարզական, բարեգործական, երիտասարդական միութիւններ, հոգալով սերունդների հայեցի դաստիարակութեան գործը:

ՀՅԴ-ն, գործելով աշխարհի աւելի քան 30 երկրներում, միշտ վեր է պահել եռագոյնը՝ երիտասարդութեան սրտում պահելով Արցախը մայր Հայաստանին վերամիաւորելու, Ազատ Անկախ Միացեալ Հայաստան կերտելու գաղափարը: Այս կերպ էր ՀՅԴ-ն Սփիւռքում զինուորագրում հայութեան դատի նուիրեալներին, ովքեր յետագայում պիտի հերոսանային Հայաստանում ու Արցախում:

Այսօր ՀՅԴ-ն, ՀՀ իշխանութեան հետ համագործակցաբար, իսկ ԼՂՀ-ում որպէս իշխանութիւն, փորձում է մասնակիցը լինել իւրաքանչիւր հայի համար ապահով, արդար ու շէն տուն հիմնելու գործին:

Հայաստանի եւ Արցախի հզօրացումն ու ամրապնդումը մեր գերխնդիրն է: Հայական հզօր պետականութիւնը միակ միջոցն է հայ ժողովրդի անվտանգ գոյութեան, զարգացման եւ ազգային երազների իրականացման համար:

ՀՅԴ-ն Արցախում գործում է դեռեւս 1989 թ-ից սկսած, գործել ենք ընդյատակում՝ ստեղծելով մարտական խմբեր, ինքնակազմակերպել մեր ժողովրդին: 1991 թ-ին հաւատարիմ լինելով ազգային-ազատագրական պայքարին՝ մի կողմից ստանձնել էինք պատասխանատուութիւն ԼՂՀ պետականաշինութեան գործին՝ աքթիւ դերակատարութիւն ունենալով անկախութեան հանրաքուէի անցկացմանը եւ առաջին Գերագոյն խորհրդի ընտրութիւններին, միւս կողմից՝ մեր կազմաւորած ջոկատները մարտնչում էին Գետաշէնում, Շահումեանում, Արցախի միւս շրջաններում:

Պատիւ է միայն, որ Դաշնակցութիւնը իր գործունէութեան նոր շրջանը սկսել է Արցախով եւ Արցախի ազատագրական պայքարով: Անմնացորդ նուիրուելով Արցախին՝ սկսել է յաղթական պայքարով ու ազատագրուած հայրենիքի վերակերտումով:

Արցախի ազատագրումը Դաշանակցութեան համար եղել եւ մնում է Հայ Դատի՝ ամբողջական հայութեամբ՝ ամբողջական Հայաստանի կերտման անբաժան մասնիկը, այլ կերպ ասած՝ Արցախը հայ դատի փորձաքարն է:

Այսօր մենք, համայն հայութեան ներուժով, գործում ենք Աստուածային խոյանքով վերանուաճած մեր Արցախ պետութեան իրաւական անկախութիւնը կերտելու եւ միջազգային ճանաչմանը հասնելու համար, աշխարհասփիւռ կառոյցներով եւ ազգային գաղափարական հզօր հենքով համայն հայութեանը համախմբում ենք Արցախի շուրջ՝ Արցախի պետականութեանը սպառնացող եւ օրէցօր ահագնացող վտանգը չեզոքացնելու համար:

Այսօր մենք բոլորս տեսնում ենք ու զգում, թէ ինչպէս է յոխորտում թշնամին՝ փորձելով վախ սփռել մեր մէջ, բայց միեւնոյն ժամանակ ականտեսն ու վկան ենք մեր նորօրեայ սերունդի՝ հայոց բանակի այսօրուայ զինուորի սխրագործութեանը ու անկոտրում կամքին: Հաւաստիացնում եմ ձեզ՝ հայ զինուորը հպարտ ու մարտունակ է, հայ զինուորն ունակ է անառիկ պահելու մեր սահմանները, իսկ մեր հայրենակիցները՝ ահել թէ ջահել, կին թէ տղամարդ, շարունակելու են ապրել ու արարել իրենց հայրենի հողում: Մենք՝ արցախցիներս, մեր հողի ու ջրի պատուոյ պահակներն ենք ու մեր հողում ապրելը մեր պատիւն ու կեանքն է:

Վերջին տասնամեակներում ՀՅԴ-ն գործելով Հայաստանի Հանրապետութիւնում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում՝ եղել է թէ՛ իշխանութիւն եւ թէ՛ ընդդիմութիւն: Ինչպէս անփոփոխ է մեր տեսակը, այնպէս էլ չփոխուեց այդ տասնամեակներում մեր նպատակը՝ գործել յանուն վաղուայ ապագայի, յանուն միացեալ եւ անկախ Հայաստանի:

2012 թ. ԼՂՀ նախագահական ընտրութիւններին ՀՅԴ-ն քաղաքական որոշում է կայացրել՝ սատարել ԼՂՀ գործող նախագահին՝ այդպիսով կրելով քաղաքական պատասխանատուութիւն: ՀՅԴ Արցախի կառոյցի իշխանութիւն լինելու քաղաքական որոշումը շահադիտական չէ կամ անձին ուղղուած որոշում չէ, այն ելնում է մեր ժողովրդի եւ մեր պետականութեան շահից՝ հայ ժողովրդի առջեւ ստանձնած մեր պատասխանատուութիւնից:

Ոչինչ չի խոստանում Դաշնակցութիւնն իր անդամներին՝ ո՛չ դիրք, ո՛չ պատիւ, ո՛չ գանձ եւ ո՛չ էլ հանգիստ: Եթէ երբեմն հասցնում է քաղաքական բարձր դիրքի, միմիայն նրա համար, որ կատարի դաշնակցական պարտականութիւն: Երէկ պարզ զինուոր էիր կամ խմբապետ, այսօր դառնում ես նախարար, բայց չես դադարում մնալ դաշնակցական, ենթակայ ՀՅԴ Ծրագրին եւ Կանոնագրին։ Ու երբ նկատում է թէ նոր դիրքում դու փորձում ես մտածել ու գործել որպէս ոչ դաշնակցական, նա քեզ գահավիժում է չարաչար, առանց նայելու հռչակիդ ու դիրքիդ: Շատերս լսել ու տեսել ենք յայտնի անուններ, որ ստեղծել է Դաշնակցութիւնը եւ գահավէժ անկումներ, որը ստեղծել է նոյն Դաշնակցութիւնը՝ նոյն մարդկանց համար։ Սա իմ խօսքերը չեն, այլ մեծանուն դաշնակցական Նիկոլ Աղբալեանի:

Սիրելի ընկերներ,

Դաշնակցականը միայնակ ասպետ չէ պայքարի դաշտում: Դաշնակցականները իրենց գիտակցական եւ բարոյական կողմերով մօտաւորապէս նման են իրար, այս հենքի վրայ ամէն մի դաշնակցական իր նկարն է գործում գորգի զարդերի նման, տարբեր են գոյները, նկարն ու դասաւորութիւնը, տարբեր է մեծութիւնը, բայց նոյնն է հենքը, եւ բոլորն էլ գորգ են:

Մենք յեղափոխական ենք եւ յեղափոխականութիւնը Դաշնակցութեան անուան անբաժան մասն է: Այն ինքնանպատակ չէ, այլ՝ պայքարի ձեւ: Սակայն եղել են շրջաններ, որ ՀՅԴ-ն եղել է բարեփոխիչ ու խաղաղ կազմակերպութիւն: Շատերը այս կերպարանափոխութիւնը փորձում են որակել որպէս անսկզբունքայնութիւն, մինչդեռ մենք ուժեղ ենք եւ ազատ ամէն կարգի նախապաշարումներից:

Մենք սոցիալիստներ ենք եւ արդար հասարակարգի ձգտողներ: Սոցիալիզմը հայ մարդու ինքնագիտակցութեան մէջ է, եւ մենք կերտելու ենք այն: Բայց նաեւ պնդում ենք, որ սոցիալիստական իտէալը անիրականանալի է առանց ժողովրդավարութեան, իսկ ժողովրդավարութիւնը թերի է եւ սահմանափակ՝ առանց սոցիալիզմի:

Այս զուգահեռ պայքարները մղւում են ժողովրդավարական միջոցներով, իսկ ժողովրդավարութեան խափանման պարագայում՝ նաեւ յեղափոխութեամբ:

ՀՅ Դաշնակցութիւնը, հաւատարիմ իր գաղափարաբանութեանը, իր բոլոր ուժերով նուիրւում է բովանդակ հայ ազգի քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային շահերի պաշտպանութեանը՝ յանուն Ազատ Հայի, Ազատ Քաղաքացու եւ Ազատ Հայրենիքի կերտման:

Ահա այն տեսլականը, որով արդէն 125 տարի առաջնորդւում է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը: Ունենալով 125 տարուայ քաղաքական պաշար, գաղափարական ամուր հենք եւ ազգի ու պետականութեան հզօրացման յստակ տեսլական՝ մենք՝ դաշնակցականներս, հենց այս կերպ ենք պատկերացնում Արցախի ու Հայաստանի համատեղ ապագան:

Սիրելի հայրենակիցներ,

խօսքիս այս մասում առանձնայատուկ ցանակնում եմ դիմել ձեզ, այսօր Հայաստանն ու Արցախը առաւել քան երբեւէ ձեր աջակցութեան, օգնութեան եւ որ ամենակարեւորն է ներկայութեան կարիքն ունեն, ներկայութիւն ոչ միայն հոգեւոր, այլեւ գործուն ու ֆիզիքական: Ի զուր չէ, որ ՀՅԴ ամենագործուն եւ դեռեւս ակտուալ կարգախօսներից է «ԴԷՊԻ ԵՐԿԻՐ» տեսալական-կարգախօսը, մեր հայրենակիցները, որոնք ապրում են Հայաստանում ու Արցախում ձեր կարիքն ունեն՝ ձեր արհեստին ու արուեստին տիրապետելու փորձին, ձեր առեւտրային հմտութիւնների, ձեր միջազգային կապերի, ձեր բանիմացութեան ու կրթութեան, ձեր հայրենիքը սիրելուն ու նուիրուելուն: Այնպէս որ, հայրենիքը սպասում է ձեզ, իսկ հայրենասիրութիւնը շատ կոնկրետ է եւ նախեւառաջ գործ:

Արցախում արդէն մշակում ենք կոնկրետ ծրագրեր, հնարաւորութիւն ընձեռնելով արտերկրում ապրող մեր հայրենակիցներին չբնակուելով Արցախում, մասնակցեն Արցախի հզօրացման գործին, ոչ միայն նուիրատուութեամբ, այլեւ գործարարութեամբ:

Յարգելի հայրենակիցներ,

ՀՅԴ 32-րդ Ընդհանուր ժողովը վերահաստատել է իր դերակատարումն Արցախի Հանրապետութեան ազգային, քաղաքական եւ հասարակական կեանքում՝ հաստատելով, որ.

– Շարունակելու է ԼՂՀ միջազգային ճանաչման խնդրի հետապնդումը

– Համախմբելու է համայն հայութեան ներուժը Արցախեան հիմնախնդիրը ազգային-ազատագրական եւ ինքնորոշման պայքարի դաշտում պահելու համար

– Հետամուտ է լինելու ՀՀ եւ ԼՂՀ միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը

– Գերակայ խնդիր է համարելու համահայկական ճիգերով ԼՂՀ վերաբնակեցումը եւ բնակչութեան էական աճը

– Ապահովելու է Դաշնակցութեան ներդրումը ԼՂՀ տնտեսական եւ սոցիալական զարգացման միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ ռազամավարական ծրագրերի մշակման եւ իրագործման գործընթացներում

– Սատար է լինելու Արցախի իշխանութեան՝ Արցախի կրթական, մշակութային, առեւտրային ներկայացուցչութիւններ բարեկամ երկրներում հիմնելու նախաձեռնութեանը

Ինչպէս գիտէք, վերջերս Արցախում խորհրդարանական ընտրութիւններ էին, որի արդիւնքում վերահաստատուեց, որ Դաշնակցութիւնն Արցախում ունի գաղափարակիրների հոծ զանգուած՝ ՀՅԴ-ն Արցախում երկրորդ քաղաքական ուժն է, որի էլ աւելի կայացման ու հզօրացման դերում գործ ունի արդէն ՀՅԴ համահայկական կառոյցը, գործ ունէք դուք սիրելի ընկերներ, գործ ունենք բոլորս:

ՀՅԴ Արցախի «Ապառաժ»-ի կառոյցը ժողովրդական հանդիպումներում բարձրաձայնել ու բարձրաձայնում է, որ ՀՅԴ-ն ԱՄՆ-ում, Արժենթինայում, Գանատայում, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում, Լիբանանում, Քուէյթում, Աւստրալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում եւ աւելի քան 30 երկրներում գործելու է յանուն Արցախի հզօրացման՝ իր շուրջը համախմբելով աշխարհասփիւռ հայութեանը:

Ամփոփելով խօսքս՝ կը ցանկանայի նշել, որ մենք կարող ենք ակնկալել, որ ազգը երբեւէ կը հասնի այն գիտակցութեանը, թէ Դաշնակցութիւնը պատմական ազդակ է հայ իրականութեան մէջ եւ իր գիտակցութեան չափով նիւթապէս կը նպաստի ՀՅԴ գոյութեանը եւ գործին: ՀՅԴ-ն աւանդապահ կուսկացկութիւն է եւ այդ աւանդութեան մէջ է իր միութեան եւ նոյնութեան գաղտնիքը: Նա այնքան անփոփոխ չի մնում, որ հնանայ ու անպէտքանայ հանրային կեանքի ղեկավարութեան համար, բայց նաեւ այնքան չի փոխւում, որ դառնայ յեղյեղուկ: Նա իր բնոյթով մնում է նոյնը, բայց յարմարւում է կեանքին:

Սիրելի հայրենակիցներ կրկին շնորհաւորում եմ բոլորիս ՀՅԴ 125-ամեակի կապակցութեամբ, մենք կը բոլորենք բազում ամեակներ յանուն Ազատ, Անկախ, Միացեալ Հայասատանի:

Փառք նրանց ովքեր 125 պատասխանատու տարիներ ապրել են այս տեսլականով, հազար փառք նրանց, ովքեր իրենց կեանքը Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում այսուհետ կը կառուցեն յանուն Ազատ Անկախ Միացեալ Հայաստանի:


Leave a Comment

You must be logged in to post a comment.