Երեք Զինուոր, Երեք Եղբայր, Երեք Անհատականութիւն


ԳԱՅԵԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ

Երեք զինուորները նստել են կողք կողքի շարուած աթոռների վրայ ու պատրաստակամ նայում են ինձ: Սիրում եմ զրուցել երիտասարդների հետ, հասկանալ նրանց ապրումները, մտքերը, մտահոգութիւնները, հպուել նրանց ազատութեանն ու ըմբոստութեանը, լաւատեսութեանն ու խիզախութեանը: Անթաքոյց սիրով հայեացքս սահում է մէկից միւսին. տղաները ժպտում են:

– Եղբայրնե՞ր էք,- մէկ անգամ էլ եմ ճշդում, որովհետեւ այնքան տարբեր են ժպտում… ու արտաքինով էլ բոլորովին նման չեն իրար: Յանկարծ մէջս զարթնում է չկայացած հոգեբանը (իմ անկատար երազանքներից մէկը) ու փորձում եմ տարրալուծել երեք հայեացք, երեք աչքեր, երեք ժպիտ, որ պահ առ պահ նոր երանգներ է ստանում:

Խորէնը աւագն է, խաղաղ հայեացք ունի, աչքերն ազնիւ են, մտածող, հնազանդ:

Յովիկը կրտսերն է: Սեւեռուն նայում է ինձ, շարժումներն արտայայտիչ են, դէմքին չարաճճի կրակ կայ: Սիրուն տղայ է:

Հայկը միջնեկն է, պինդ մկաններ ունի, կեցուածքի մէջ անթաքոյց ըմբոստութիւն կայ: Անհամբերութիւնից ճօճւում է աթոռի վրայ ու առանց հարցնելու սկսում` «Մենք, ուրեմն, Ռուսաստանից ենք եկել: Եկել ենք մեր հայրենիքը պաշտպանելու»…

Ես հասկանում եմ, որ ամենատաղանդաւոր լրագրողն անգամ չի կարող այս երեք միանգամայն տարբեր երեւոյթները համատեղել մէկ զրոյցի մէջ: Ու որոշում եմ Ուտմուրթիայի Սարափուլ քաղաքում մեծացած ու հայրենիքին ամիսներ առաջ զինուորագրուած երեք եղբայրների` Խորէն, Հայկ եւ Յովիկ Մկրտչեանների հետ զրուցել առանձին-առանձին:

Մարդուն Հերոս Դարձնում Են…

– Եւ ի՞նչ…,- հարցնում է Յովիկը:

– Ի՞նչը ինչ,- անակնկալի եմ գալիս:

– Դէ ուշադիր նայում էիք, հոգեվերլուծութիւն էիք անում:

– Ի՞նչ իմացար:

– Հոգեբանութիւնն իմ տարերքն է, շա՜տ շա՛տ եմ կարդացել: Մարդու հոգին հասկանալը ամենաբարդ ու ամենահետաքրքիր զբաղմունքն է: Ծառայութիւնս աւարտեմ, ընդունուելու եմ հոգեբանութեան բաժանմունք: Ես էլ ձեզ էի ուսումնասիրում: Դեռեւս միջանցքում. մի քանի անգամ գնացիք-եկաք:

– Եւ ի՞նչ,- այս անգամ հարցնելու հերթն իմն է:

– Ինքնասեւեռում, միշտ առաջինը լինելու ձգտում, անսահման լաւատեսութիւն, բացառիկութեան ախտանշաններ…

– Ախտանշաննե՞ր…այ քեզ բա՜ն:

– Մենք մի բանով իրար նման ենք` ուշադրութեան կենտրոնում լինելու ցանկութեամբ:

– Բանակում հնարաւո՞ր է ուշադրութեան կենտրոնում լինել: Զինուորական համազգեստը հաւասարեցնում է բոլորին,- խօսակցութիւնը «տեղափոխում եմ» բանակ:

– Ես միշտ դիրքորոշում ունեմ, լղոզուած չեմ:

-…Տխո՞ւր ես,- դէմքին լարուածութիւն կայ: Թէ՞ մտահոգութիւն:

– Դեռ ուշքի չեմ եկել: Հայրս ասում էր` Երեւանը Մոսկուայից սիրուն է:

– Սիրո՞ւն է:

– Մոսկուան կոպիտ քաղաք է, շատ մեծութիւններ կան, քիչ սէր: Երեւանը մեղմ է, ազնուական` երբեմնի փառքի ու հրապոյրների կնիքը վրան: Հին, թանկարժէք շորի պէս, որ ինչքան էլ խունանում է, գեղեցկութիւնը չի կորցնում:

– Ի՞նչը սրտովդ չէ:

– Գիւղում մարդիկ թրիք են չորացնում, որ ձմռանը… 21-րդ դարում: Երեխայ կայ` առաջին դասարան չգնաց շոր չունենալու պատճառով: Ռուսաստանում լինէր, ոստիկանութիւնից կը գային, կը հետաքրքրուէին, երեխային դպրոց կը տանէին:

– Բանակում ի՞նչ կայ,- հարցնում եմ, որովհետեւ չեմ ուզում`  ինքը ինձ որեւէ բան հարցնի թրիք չորացնող գիւղացիների ու շոր չունենալու պատճառով դպրոց չգնացող երեխաների մասին:

– Մեր վաշտում լաւ է, որովհետեւ հաւասարութիւն է: Գործարարի տղան ու բանուորի տղան հաւասար ծառայում են: Զինուորը ջահել է, կարող ես ոգեւորելով, ներշնչելով նրան հերոս դարձնել, կարող ես կոտրել ու դարձնել դաւաճան:

– Դաւաճան կամ հերոս ծնւում են:

– Խորապէս սխալւում էք: Մարդուն հերոս կամ դաւաճան են դարձնում նրան շրջապատող մարդիկ:

Չգիտես ինչո՛ւ ուզում եմ իմանալ, որ այս տղան սիրած աղջիկ ունի՞, թէ՞ չէ:

– Սիրո՞ւմ ես նամակ գրել, ինչ-որ մէկին գրո՞ւմ ես,- հարցնում եմ:

– Ինձ աղջիկները պաշտում են,- ժպտում է լայնաշուրթ, չարաճճի:

Ես մտածում եմ` լաւ է, որ խմբագիրը արձակուրդում է: Ի՞նչ էի պատասխանելու, երբ հարցնէր` ինչո՞ւ ծառայութեանը վերաբերող հարցեր չես տուել, զինուորի առօրեան չի երեւում նիւթիդ մէջ, մարտական պատրաստութիւնը…

– Չի բացառւում, որ ես լրագրող դառնամ,- ասում է Յովիկն ու խորամանկ ժպտում:

– Այս պահի՞ն որոշեցիր:

– Լաւ մասնագիտութիւն ունէք:

Հայ Լինելը Պատիւ Է

Հայկի դէմքի խստութիւնը խանգարում է ինձ: Յօնքերը կիտած` անհաղորդ նայում է:

– Մկաններիցդ երեւում է, որ մարզիկ ես,- սիրաշահում եմ:

– Ես ու Խորէնը վեց տարի քարաթէ ենք պարապել,- պատասխանում է դէմքի նոյն խստութեամբ:

– Յաջողութիւններ ունեցե՞լ էք:

– Ինչպէ՞ս կարող է հայը մի գործ անել ու յաջողութիւն չունենալ,- բանաձեւում է ու նայում դէմքիս:

Ռուսաստանում է մեծացել, հայերէն հազիւ է խօսում:

– Ռուսաստանի առաջնութիւնում երկրորդ տեղն ենք զբաղեցրել մեր քաշային կարգում: Հայրս փոքրուց ասել է` Ռուսաստանում դուք Հայկ, Խորէն կամ Յովիկ լինելուց առաջ հայ էք, ազգի պատիւը բարձր պիտի պահէք, միշտ ձգտէք առաջ:

– Դժուար չէ՞ միշտ մրցակցութեան մէջ ապրելը:

– Հայրս միշտ ասել է` հայ լինելը պատիւ է:

– Բա՛ չե՞ս հարցրել` ինչո՞ւ:

– Հայրս առանց հարցնելու էլ ասել է` քո ազգը իր չափանիշներն ունի, որոնք լաւագոյնն են աշխարհում, պիտի այնպէս ապրես, որ դուրս չմնաս այդ չափանիշներից:

– Որո՞նք են հայ ազգի չափանիշները:

– Դէ՛, բոլորը, ո՞րը թուեմ, ասենք` ընտանիքի մոտելը: Տղամարդը պիտի փող աշխատի, հոգայ ընտանիքի հոգսերը, տան գլուխը լինի ու տան տէրը: Կինը պիտի լինի հոգատար, խնամի ամուսնուն, դաստիարակի երեխաներին: Օճախը տաք պահի: Երեխաները հնազանդ պիտի լինեն ծնողներին, պատուեն ու սիրեն նրանց, ու երբ ծնողները ծերանան, խնամեն նրանց: Սա զուտ հայկական մոտել է ու շատ գեղեցիկ:

– Հեշտ յարմարուեցի՞ր հայաստանցի զինուորների բնաւորութեանը: Չկայի՞ն մտածելակերպի, կենցաղավարութեան տարբերութիւններ:

– Ամէն ինչ սահուն անցաւ իմ հրամանատարի շնորհիւ: Մեր վաշտի հրամանատար Արթուր Մելքոնեանը 27 տարեկան է: Ե՛ւ եղբայր է մեզ համար, ե՛ւ հայր, ե՛ւ ընկեր, ե՛ւ հրամանատար: Մեր բանակային ընտանիքի մեծն է, աւագը, որն ամբողջ պատասխանատուութիւնը իր վրայ է վերցրել ու իր վերաբերմունքով, իր սրտացաւութեամբ, իր հոգատարութեամբ այնպէս է արել, որ իւրաքանչիւրս հոգ տանենք միւսի մասին: Բանակի զինծառայութեան հանդէպ իր սէրը փոխանցել է մեզ, հայրենիքը գործով սիրելու իր ձեւը: Նա առաջին անգամ է վաշտ ղեկավարում, բայց կարողացաւ մեր վաշտը լաւագոյնը դարձնել ոչ միայն գնդում, այլեւ` զօրամիաւորումում: Նա մեզ չստիպեց լաւ ծառայել, այլ ներշնչեց` իր սիրով, իր արդարամտութեամբ, բոլորիս հաւասար աչքով նայելու իր բնաւորութեամբ ստիպեց գնալ իր հետեւից, այնպէս ծառայել, ինչպէս ինքն է ուզում: Մի անգամ դաշտային պարապմունքի ժամանակ անձրեւ եկաւ, եղանակը ցրտեց: Մեր վաշտի հրամանատարը մեզ տարաւ սպաների համար նախատեսուած իր վրանը, բոլորիս տեղաւորեց: Մենք զինուորներով ինչպէ՞ս կարող ենք մէկս միւսին անտեսել, վերեւից նայել, եթէ նոյնիսկ մեր հրամանատարը մեզ վերեւից չի նայում: Եթէ մենք տեսնում ենք, թէ նա ինչպէս է իւրաքանչիւրիս մասին մտածում: Եթէ բոլորը մեր հրամանատարի պէս հրամանատար ունենան, մեր բանակին ոչ ոք չի յաղթի:

Հանդուրժելը Ուժի Նշան Է

Ես ու Խորէնը մնացինք երկուսով: Խորէնն աւագն է: Տարիքին անյարիր` լուրջ է, խոհուն ու սակաւախօս:

– Լաւ եղբայրներ ունես,- ասում եմ:

– Երկուսն էլ անհատականութիւն են ու շատ տարբեր են իրարից:

– Ո՞վ է աւելի շատ հոգս պատճառել քեզ մանկութեան տարիներին:

– Երկուսն էլ իմ աւագութիւնն ընդունել են ու յարգել իմ խօսքը: Մեր ընտանիքում այդպէս է:

– Դու երկուսի էլ հակապատկերն ես:

– Ես հանդարտ բնաւորութիւն ունեմ, շուտ չեմ բռնկւում, ինքնամփոփ եմ, քիչ ընկերներ ունեմ, միասէր եմ: Դժուարութեամբ եմ շփւում մարդկանց հետ, ինձ իմ միջավայրն է պէտք: Աղջիկները Յովիկի նման առեղծուածային տղաների են սիրում կամ Հայկի նման գործնական:

– Առեղծուածայի՞ն ու գործնակա՞ն… Իսկ քեզ ի՞նչ բառով կը բնութագրես:

– Ես, հայերէն ո՞նց է հնչում, «պաստայաննի» եմ: Ես իմ աշխարհում եմ ապրում: Իմ մասնագիտութեան, իմ ընտանիքի, իմ ընկերների, իմ սիրած աղջկայ հետ:

– Ի՞նչ մասնագիտութիւն ունես:

– Կահոյքի ծրագրող եմ:

– Բանակային կեանքն ինչպէ՞ս է անցնում:

– Ռուսաստանում մարդիկ ապրում են լաւի ու վատի մասին սեփական պատկերացումներին համապատասխան, իսկ Հայաստանում պարտաւոր ես ապրել ըստ հասարակական կարծիքի, դառնալ ինչ-որ կարծրատիպերի գերին: Նոյնը բանակում է: Կան «աւանդոյթներ», որոնք բոլորին խանգարում են, օրինակ` ես զգացել եմ, որ վիճող տղաները կը հանդուրժէին, կը ներէին իրար, եթէ «հանդիսատես» չունենային, եթէ հանդուրժելը ոչ թէ թուլութեան, այլ ուժի նշան համարուէր: Ինձ համար ծիծաղելի է տեսնել որոշ զինուորների ինքնահաստատուելու ջանքերը: Ես եկել եմ բանակ զինուորական մասնագիտութիւն սովորելու, ծառայելու հայրենիքիս ու չեմ հասկանում այն տղաներին, ովքեր գլուխ են պահում եւ հպարտանում են դրանով: Ես «լաւ տղայի» իմ պատկերացումն ունեմ. փնթի տղան չի կարող լաւը լինել նրանից, ով մաքրում է իր շուրջը: Լաւ տղան նա է, որն իր ֆիզիքական ուժը մարդկանց օգնելու համար է օգտագործում, որը բարութեան, հաշտութեան կողմնակից է: Հայրս միշտ ասել է` ուժեղից ուժեղը կայ, քեզնից թոյլին բարձրացրու, որ քեզնից ուժեղն էլ քեզ բարձրացնի:

 Յ. Գ.

Նիւթն աւարտել` կարդում եմ գրածս. մի տեսակ կարծես արժանահաւատ չէ, շատ է խելօք ու բարձրագոչ հասարակ զինուորի համար: Բայց այս զրոյցն այն դէպքերից է, որ գրեթէ չեմ «գունազարդել»: Տղաների ռուսերէնը, որ յամառօրէն ձգտում էին հայերէն բառերով համեմել, անկեղծ էր, ինքնատիպ ու բնական, բայց հայերէն վերապատմելիս, այնուամենայնիւ, վերամբարձ է թւում:

 «Հայ Զինուոր»


Leave a Comment

You must be logged in to post a comment.