Քարսընի Քաղաքային Խորհուրդը Միաձայն Մերժեց Աթաթուրքի Յուշարձան Տեղադրելու Նախագիծը
ՔԱՐՍԸՆ.- Կալիֆորնիայի Քարսըն քաղաքում Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի յուշարձանը հիմնելու նախաձեռնութիւնը տապալուեց մարտի 4ին կայացած քաղխորհրդի նիստում: Քաղաքապետ Ջիմ Դիըրը քուէարկութեան էր դրել նախագիծ, որն առաջարկում էր ընդունել Քարսընի միջազգային քանդակների այգուն նուիրաբերուող թուրքական մշակոյթը խորհրդանշող յուշարձան: Քաղխորհրդի չորս անդամները, որոնց թւում էր անձամբ քաղաքապետը, երեք ժամ տեւած հանրային լսումներից յետոյ միաձայն դէմ քուէարկեցին առաջարկին`լիովին համոզիչ համարելով հայկական կողմի փաստարկները հարցի շուրջ: Նրանց որոշման վրայ չազդեց նոյնիսկ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխաւոր հիւպատոսի խօսքն առ այն, որ անձամբ ներկայացել է նիստին` յայտնելու իր երկրի աջակցութիւնը նախագծին:
Քարսընի քաղխորհրդի նիստին ներկայ էին շուրջ 400 ամերիկահայեր, որոնցից 298ը արձանագրուել էին ելոյթի համար` միաժամանակ դէմ արտայայտուելով նախագծին: Հաշուի առնելով նաեւ թուրքական կողմի ներկայացրած` 101 կողմ թերթիկներն ու խօսելու յայտը, քաղաքապետը որոշեց ձայն տալ երկու հակադիր տեսակէտ ներկայացնող կողմերից վեցական անձի:
Հայկական կողմի տեսակէտը ներկայացրեցին Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանեանը, Մոնթեբելոյի քաղաքապետ Ջէք Հաջինեանը, Գլենդելի քաղաքապետարանի քարտուղար Արտաշէս Քասախեանը, պրոֆէսոր Լեւոն Մարաշլեանը, եւ Ամերիկա-յունական խորհրդի փոխնախագաh Արիս Անագոսը: Նրանք պատմական ակնարկ կատարեցին` հիմքում ունենալով իւրաքանչիւրն իր ընտանիքի պատմութիւնը, եւ փաստելով Հայոց Ցեղասպանութեան գործում Աթաթուրքի մասնակցութիւնը: Ըստ այդմ, Մուստաֆա Քեմալի արձանի տեղադրումը Կալիֆորնիայի քաղաքում, նրանք առվազն վիրաւորական համարեցին ողձ ամերիկեան ժողովրդի համար:
“Գլենդելում բնակուող շուրջ 85 հազար հայերի շրջանում մեծամասնութիւն են կազմում Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների սերունդները եւ ես նրանցից մէկն եմ: Ներկայի Ստամբուլից մի քանի կիլոմետր հեռաւորութեամբ ծնուած իմ մեծ հայրը հրաշքով է փրկուել թուրքական ջարդերից, ինչի շնորհիւ էլ այսօր այստեղ եմ: Կը լինեն այս սրահում մարդիկ, որ կ’աջակցեն ներկայացուած նախագծին` հերքելով Ցեղասպանութիւնը, եւ այն, որ Աթաթուրքը որեւէ կապ է ունեցել դրա հետ: Այդ դէպքում առաջարկում եմ ընթերցել Ստեֆան Իհրիգի` «Աթաթուրքը եւ Նացիստական երեւակայութիւնը» գիրքը, որտեղ նշուած է, որ ոչ միայն Նացիստական համակարգն էր ընդօրինակած Թուրքական Ազզային շարժումից, այլ նաեւ անձամբ Նացիստական շարժման ղեկավարներ Հիտլերը եւ Գեբելսը տարուած էին այն ամէնով, ինչին հասել էր Աթաթուրքը: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին Հիտլերն անուանում էր փայլող աստղ”, յայտարարեց Զարեհ Սինանեանը: Գլենդելի քաղաքապետը նշեց, որ իշխանութեան գալով Աթաթուրքը ոչ միայն ողջունեց, այլեւ ամբողջացրեց Ցեղասպանութիւնը` ոչնչացրեց Հայաստանի Հանրապետութիւնը, գրաւեց ու աւերեց Կարսը, Արդահանը, Զմիւռնիան /Իզմիրը/, էթնիկ զտումներ կատարեց Կիլիկիայում` կոտորելով հայերին, յոյներին, ասորիներին ու քրդերին: Սինանեանն իր խօսքում նշեց, որ ներկայի Թուրքիան, նոյնպէս հիմնուած է Աթաթուրքի գաղափարախօսութեան վրայ: “թուրքիան տարիներ շարունակ շրջափակուած է պահում Հայաստանը, ինչը պատերազմական գործողութիւն է, ոչնչացնելու համար վերապրածների սերունդներին: Միաժամանակ, Թուրքիայում սպանում են հայ լրագրողի, ով փորձել էր ասել իրականութիւնն ու երկու ազգերի հաշտեցման փորձ էր արել”: Զարեհ Սինանեանը կոչ արեց Քարսընի քաղխորհրդին, հաշուի առնել փաստերն ու չընդունել Աթաթուրքի յուշարձան-նուէրը, այլապէս` դիտարկել դրա կողքին նաեւ Ստալինի եւ Պինոչետի յուշարձանների տեղադրումը:
Մոնթեբելոյի քաղաքապետ Ջէք Հաջինեանը պատմեց Հայոց ցեղասպանութեան զոհ դարձած իր մեծ պապի եւ այլ սպանուած հարազատների մասին` նշելով, որ ցաւը չի անցել: “պարոն քաղաքապետ, ինչպէս կարող էք առաջարկել հիմնելու մի մարդու յուշարձան, ով իր իշխանութիւնը կառուցել է իմ ընտանիքի եւ 1.5 միլիոն հայերի մահուան վրայ: Աթաթուրքն ամբողջովին ոչնչացրել է Հաջն գիւղը, որտեղից սերում է իմ ազգանունը”, զգայական իր խօսքում ասաց Հաջինեանը: Նա անարգանք համարեց Քարսոն քաղաքին արուած առաջարկը, եւ որպէս սպանուածի ծոռ եւ վերապրածի թոռ յորդորեց դէմ քուէարկել նախագծին:
“1922թ-ին, երբ թուրքական զօրքն աւերում էր Զմիւռնիան, եւ սպանում հայերին` նրանց առաջնորդում էր Աթաթուրքը: Այդ ջարդերից հրաշքով փրկուել էին իմ նախնիները: Ես այսօր այստեղ եմ, որովհետեւ Մուստաֆա Քեմալը ձախողուել է նրանց ոչնչացնելու իր փորձում”, յայտարարեց Գլենդելի քաղաքապետարանի խօսնակ Արտաշէս Քասախեանը: Նա պատմեց, որ Աթաթուրքը կոտորում եւ աքսորում էր բոլոր նրանց, ովքեր համաձայն չէին թուրքական ազգայնական գաղափարներին:
“Այսօր Դուք պատւում էք նրան, ում ձեռքերին է հարիւր հազարաւորների արիւնը: Եթէ ցանկնում էք յարգանքի տուրք մատուցել թուրքական ծագմամբ որեւէ մէկին, խնդրեմ` Օրհան Փամուկին, Նոբելեան մրցանակի դափնեկիր գրողի, ով աքսորուել է Թուրքիայից Հայոց Ցեղասպանութեան մասին բացէիբաց խօսելու համար”, քաղաքապետին դիմեց Քասախեանը: Նա հեգնանք համարեց փաստը, որ Ամերիկայում պատւում են մի մարդու, ով աւերել է ժողովրդավարական արժէքները, խօսքի ազատութիւնը: Պրոֆէսոր Լեւոն Մարաշլեանն էլ իր ելոյթում ներկայացրեց փաստեր Ստեֆան Իհրիգի գրքից: Նա մէջբերեց նաեւ ամերիկեան բարձրաստիճան պաշտօնեաների խօսքը Աթաթուրքի եւ նրա օրօք ստեղծած աղէտալի իրավիճակի մասին:
Կալիֆորնիայում յոյների ամենամեծ կազմակերպութիւններից մէկը ներկայացնող Արիս Անագոսը յայտարարեց, որ ժամանակակից չափանիշներով Աթաթուրքը պատերազմի յանցագործ է. “Մուստաֆա Քեմալը, որ թուրքական բանակի գեներալ էր, կռուել է Ամերիկայի դէմ, եւ ինչու էք ցանկանում այսօր նրա յուշարձանը տեղադրել մեր երկրում”, զարմանքով հարցրեց Անագոսը յիշելով իր նախնիներին եւ հազարաւոր յոյների, ովքեր Զմիւռնիայում Քեմալի զոհ են դարձել:
Քարսըն քաղաքի իր գործընկերներին նախագիծը չընդունելու կոչով դիմել էր նաեւ Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Մայք Գիբսոնը, ում միացել էին խորհրդարանականներ Արդին Նազարեանը, Խաչօ Աչաջեանը, Մայք Գատօն եւ Սքոթ Ուիլքը: Գիբսոնի ներկայացուցիչ Բերի Հեդզն ընթերցեց նամակը, որտեղ մասնաւորապէս ասւում էր. “Հայոց Ցեղասպանութեան ժամանակ Թուրքական Ազգային շարժումը ղեկավարած Մուսթաֆայ Քեմալ Աթաթուրքի յուշարձանը տեղադրելու առաջարկն աներեւակալիօրէն անզգայ քայլ է եւ վիրաւորում է նահատակների յիշատակն ու վերապրածների ընտանիքներին: Էթնիկ եւ կրօնական փոքրամասնութիւններին թիրախ ունենալով, Աթաթուրքը օգնել է յաւերժացնել հայոց ցեղասպանութեան ժխտումը, ինչը մնում է Թուրքիայի պետութեան դիրքորոշումը: Միացեալ Նահանգներն այն երկրների շարքում է, ով պաշտօնապէս ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը: Ի լրումն դրա, Կալիֆորնիան հետեւողականօրէն ճանաչել է այդ իրադարձութիւնները եւ նոյնիսկ իրաւական իրաւունքներ է տրամադրել ցեղասպանութեան զոհերին ու նրանց ժառանգներին: Աթաթուրքի յուշարձանի կառուցումը դէմ է օրէնսդիրների տեսակէտին` նահանգի եւ դաշնային մակարդակում: Ի յարգանք մահացածների, Կալիֆորնիայի Օրէնսդիր մարմնի իմ գործընկերների հետ միասին դէմ ենք արտայայտւում նախագծին եւ յորդորում ենք Ձեզ` Ոչ քուէարկել”:
Այնուհետեւ, ձայնը տրուեց թուրքական կողմի խօսնակներին, ովքեր Աթաթուրքին փառաբանելով, անուանեցին նրան “Թուրքիայի Ջորջ Վաշինգտօն”, ժողովրդավարութեան հայր, ով հաւասարութիւն ու խաղաղութիւն է սերմանել, արժանացել է Չերչիլի ու Քէնեդու գովասանքին: Նրանց խօսքերն ամփոփելու եւ Թուրքիայի պետական աջակցութիւնը` Աթաթուրքի յուշարձանի կառուցմանը յայտնելու համար նիստերի դահլիճում անսպասելիօրէն յայտուեց Լոս Անջելեսում Թուրքիայի գլխաւոր հիւպատոս Ռաիֆէ Գիւլրու Գեզերը: Նոյնքան անսպասելի չուշացաւ հայկական կողմի արձագանքը. Զարեհ Սինանեանի նախաձեռնութեամբ հայազգի բոլոր ներկաները մէջքով շրջուեցին դէպի թուրքիայի պետական պաշտօնեան մինչ նրա հեռանալը: Տիկին Գեզերը մասնաւորապէս անդրադարձաւ Մուսթաֆա Քեմալի շրջապատում առկայ հայերին, ում նա շատ բարձր է գնահատել, եւ ովքեր բարձր պաշտօններ են զբաղեցրել Աթաթուրքի օրօք:
Հայկական կողմի պատրաստուածութիւնն ու նախագծի դէմ փաստարկները, թերեւս շփոթութեան էին մատնել Քարսընի քաղաքապետ Ջիմ Դիըրին, ով փորձեց յետաձգել քուէարկութիւնը: Սակայն նիստը շարունակուեց եւ քաղխորհրդի անդամ Ռոբլեսն առաջինը յայտարարեց, որ “քաղաքը երբեւէ չի կարող ընդունել նման նուէր”: “Ես պատմաբան չեմ, հայ չեմ եւ թուրք չեմ, բայց ես քաղխորհրդի անդամ եմ, եւ պէտք է որոշում ընդունեմ: Լսեցի Թուրքիայի գլխաւոր հիւպատոսի խօսքը եւ պատճառ չունեմ մերժելու այն զգացումները,որոնք տածում են թուրքերն իրենց առաջնորդի նկատմամբ, բայց չեմ կարող հերքել Հայոց Ցեղասպանութիւնը: Յուշարձանները պէտք է դրական երեւոյթ բերեն մեր քաղաքին: Ուստի, չենք կարող ընդունել այս նուէրը ոչ միայն այսօր, նաեւ` ապագայում”, յայտարարեց Ռոբլեսը:
Եզրափակիչ խօսքով ելոյթ ունեցաւ նաեւ “օրուայ հերոս” Ջիմ Դիըրը եւ ընդգծեց պատմութիւնը յիշելու եւ սերունդներին փոխանցելու անհրաժեշտութիւնը: “Անցեալը պատրադիր պէտք է յիշենք, թոյլ չտալու համար, որ կրկնուի Հայոց Ցեղասպանութիւնը եւ ոչ միայն հայերի, նաեւ այլ ազգերի համար, ինչպէս դա տեղի է ունենում այսօր Միջին Արեւելքում: Դրանք կը կրկնուեն, եթէ մենք չփոխենք հասարակութեանը, եւ դրա համար մենք պէտք է պատմենք մեր երեխաներին անցեալի սխալների մասին: Ես պատմութեան ուսուցիչ եմ, եւ դժբախտաբար, համաշխարհային պատմութեան մէջ շատ են դէպքերը, երբ ազգը ազգի դէմ է դուրս եկել: Այս միտումը պէտք է կասեցուի, եւ դա հնարաւոր է միայն, եթէ մարդիկ ընդունեն իրենց գործածը, ճանաչեն Ցեղասպանութիւնը”:
Քարսընի քաղաքապետը յղացաւ մէկ այլ նախագիծ` այս անգամ հայ-թուրքական հաշտեցման յուշարձանի, որը կը դառնայ յարաբերութիւնների վերականնման եւ ապագային ուղղուած քայլ: “Մենք չենք կարող մշտապէս առաջ Գնալ ատելութեամբ, ինչը կը վնասի մեր երեխաներին: Մարդիկ պէտք է կարողանան քայլ կատարել, թէեւ գիտեմ, դժուար է, քանզի խօսքը միայն սովորական սպանութիւնների մասին չէ: Նոյնիսկ Հիտլերը օգտագործել էր Հայոց Ցեղասպանութիւնը` արդարացնելու համար իր ցեղասպանութիւնը”, եզրափակեց Ջիմ Դիըրը` առաջակելով, որ Ամերիկան դառնա այն երկիրը, որտեղ հաշտեցում կը լինի:
Շուրջ երեք ժամ տեւած քննարկումներից յետոյ, Քարսընի քաղխորհուրդը միաձայն դէմ քուէարկեց Աթաթուրքի յուշարձանի կառուցմանը: “ասպարէզ”ի հետ զրոյցում քաղխորհդի անդամ Լուլայ Դեւիս Հոլմսը նշեց, որ չէին կարող հանդուրժել այդքան հակասական մի երեւոյթ իրենց քաղաքում: “մենք յուշարձաններ ենք տեղադրում, որպէսզի մէր երեխաները պատմութիւն սովօրէն, բայց ոչ այն պատմութիւնը` ինչ այսօր մեզ առաջարկւում էր”:
Պատմութիւնն իրենց աղաւաղմամբ ներկայացնելու թուրքական հերթական փորձը կրկին չյաջողուեց: Դա տեղի ունեցաւ հայ համայնքի միասնական ջանքերի շնորհիւ: Քարսընի քաղաքապետարանում, նախագիծը ներկայացուելու տեղեկութիւնը ընդամենը մէկ օր առաջ ստանալուն պէս, համայնքի կազմակերպութիւնները` ի դէմս Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան կենտրոնական կոմիտէի, Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի, Հայ երիտասարդաց դաշնակցութեան կազմակերպեցին ու համախմբեցին համայնքի ուժերը` կասեցնելու Թուրքիայի հերթական գրոհը: Այս պայքարին ակտիւօրէն միացան նաեւ Կալիֆորնիայի SEIU արհմիութեան հայ անդամներն ու Ամերիկա-յունական խորհուրդը: “Քարսընի քաղխորհրդի անդամներն ու ներկաները հասկացան, որ իրենց նուէր տրուող Աթաթուրքի յուշարձանը, ամենեւին էլ արդարութիւն սահմանող հերոսի կերպար չէր ներկայացնում, այլ ահաբեկիչի, ով հիմք էր դրել Հայոց Ցեղասպանութեան մերժողական քաղաքականութեանը, ինչը շարունակում են այսօրուայ Թուրքիայի իշխանութիւնները”, նշեց Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի կառավարութեան հետ կապերի տնօրէն Թերեզա Երեմեանը: