Սրբազան շարժման բազմահազարանոց հաւաքը Մարզահամերգային համալիրում
Սեպտեմբեր 22-ին, Կարէն Տեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում տեղի ունեցաւ Սրբազան շարժման բազմահազարանոց հաւաքը, որի նպատակը վճռական պայքարի սկիզբը յայտարարելն էր:
Հաւաքը մեկնարկեց Հայաստանի ու Արցախի պետական օրհներգերով: Տէրունական աղօթք եւ օրհնութեան խօսք փոխանցեց Տաւուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանեանը:
Հաւաքին ցուցադրուեց ֆիլմ՝ Սրբազան պայքարի նախորդ ամիսներին կազմակերպած գործողութիւններից.
ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը դիմելով հաւաքի մասնակիցներին՝ ասաց. «Այդ կռիւը տուել ենք, մեր վրայ մահակներ են կիրառել, նռնակներ նետել, բայց դուք աննահանջ կռուել էք մինչեւ վերջ: Ու ուզում եմ ասել, որ պայքարը չի աւարտուել եւ հենց հիմա շարունակում ենք եւ շարունակելու ենք ու հասնելու ենք յաղթական աւարտին, որովհետեւ դուք ոչ մէկից չէք վախենում։ Ո՛չ թշնամին, ո՛չ այս իշխանութիւնները չեն կարող մեզ հետ պահել մեր իղձերից ու նպատակներից», ասաց նա։
Գառնիկ Դանիէլեանը դիմեց դահլիճում ներկայ արցախցիներին. «Ես ուզում եմ մեր արցախցի քոյրերին ու եղբայրներին ասել, որ իրենք այստեղ հիւր չեն, որ սա իրենց տունն է, մեր բոլորի հայրենիքն է եւ այս ապազգային իշխանութիւններին վռնտելուց յետոյ մենք վերադառնալու ենք մեր Արցախ, վերադառնալու ենք մեր տները»։
Հաւաքի ժամանակ ցուցադրուեց տեսանիւթ՝ Նիկոլ Փաշինեանի ստերի եւ չկատարած խոստումների մասին:
Ելոյթ ունեցան 44-օրեայ պատերազմի հերոս Մխիթար Գալէեանի մայր՝ Աստղիկ Գալէեանը, Genesis Armenia ուղեղային կեդրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարեանը, արցախցի Արեգա Յովսէփեանը:
Հաւաքի աւարտին Բագրատ Սրբազանը յայտարարարեց. Մեր պայքարի ակտիւ շրջանը վերսկսում ենք, Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30-ին, հաւաքւում ենք Հանրապետութեան հրապարակում։
«Մտնում ենք պայքարի ինտեսիւ եւ հետեւողական փուլ, յամառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ, յաղթանակով երաշխաւորուած։ Բոլոր անյաջողութիւնները, թերացումներն ու սխալներն իմն են, բացառապէս իմը, իսկ յաղթանակը՝ ձերը եւ միայն ձերը», յայտարարեց նա։
Հաւաքից յետոյ Բագրատ Սրբազանն աջակիցների հետ երթով շարժուեց դէպի Ծիծեռնակաբերդ` յարգելու անմեղ զոհերի յիշատակը։
«Կոչում ունենք Ծիծեռնակաբերդ այցելել եւ ուխտ կնքել, որ այս պայքարի մէջ անդաւաճան ենք մնալու», ասաց նա։
Comments are closed.