Նոր փորձութի՞ւն, թե՞ կրկնուող փուլ ՀՅԴ պատմութեան մէջ
Նրանք, որոնցից ոմանք տասնամեակներով կրել էին դաշնակցականի անունը, անգամ զբաղեցրել էին «կարևոր» աթոռներ, իրենց համարել էին սերունդներ դաստիարակող, մտաւորական, գաղափարական ու «որոշիչ» և «անփոխարինելի» դեր էին վերապահել իրենց կուսակցական կեանքում, ցաւօք, չդիմացան այս հերթական փորձութեանը, որն այս անգամ եկել էր «ժողովրդավարական», «թաւշեայ յեղափոխութեան» անուան տակ: Նրանք էլ, ինչպէս հայրենիքում և սփիւռքում ապրող ու աշխատող շատ մարդիկ ու կազմակերպութիւններ, կլանուեցին այս նոր կարգախօսերով ու դատարկ խոստումներով իրենց և, ցաւօք, մեր ազգի ապագան կապեցին այս նոր իշխանութիւնների հետ: Նրանք գուցէ անգամ լաւ նպատակներով, ինչին հաւատալը դժուար է, փորձեցին ձևանալ «լաւ դաշնակցական», «այլախոհ դաշնակցական»՝ մեղաւոր համարելով Դաշնակցութեան այս կամ այն մարմնին, այս կամ այն ղեկավարին…
Արդէն երկար ժամանակ էր, ինչ ՀՅԴ համաշխարհային կառոյցի քաղաքական իրականութեան և արևմտեան Ամերիկայի շրջանի «ղեկավարութեան» երկուութիւնը բացայայտ էր դարձել:
Երբ աշխարհով մեկ սփռուած կուսակցական մեր կառոյցը ենթարկւում էր հակադաշնակցական արշաւի, որը հերթական անգամ եկել է մեզ փորձելու, մեր շարքերը ջլատելու և ապակողմնորոշելու, մեր մէջ եղան մարդիկ, որոնք չդիմացան այս նոր, բայց կրկնուող փորձութեանը:
Նրանք, որոնցից ոմանք տասնամեակներով կրել էին դաշնակցականի անունը, անգամ զբաղեցրել էին «կարևոր» աթոռներ, իրենց համարել էին սերունդներ դաստիարակող, մտաւորական, գաղափարական ու «որոշիչ» և «անփոխարինելի» դեր էին վերապահել իրենց կուսակցական կեանքում, ցաւօք, չդիմացան այս հերթական փորձութեանը, որն այս անգամ եկել էր «ժողովրդավարական», «թաւշեայ յեղափոխութեան» անուան տակ: Նրանք էլ, ինչպէս հայրենիքում և սփիւռքում ապրող ու աշխատող շատ մարդիկ ու կազմակերպութիւններ, կլանուեցին այս նոր կարգախօսերով ու դատարկ խոստումներով իրենց և, ցաւօք, մեր ազգի ապագան կապեցին այս նոր իշխանութիւնների հետ: Նրանք գուցէ անգամ լաւ նպատակներով, ինչին հաւատալը դժուար է, փորձեցին ձևանալ «լաւ դաշնակցական», «այլախոհ դաշնակցական»՝ մեղաւոր համարելով Դաշնակցութեան այս կամ այն մարմնին, այս կամ այն ղեկավարին, այս կամ այն ընկերոջը և «ձուկ որսալ» այն կեղտաջրում, որի մէջ փորձում էին խորտակել մեզ նոր սորոսական իշխանաւորները, որոնք ՀՅԴ-ին մեղադրում էին «հայդատականութեան» մէջ:
Իսկ ո՞վ էր մեզ հարուածել, մեր դէմ ցեխարձակել՝ պատմութեան աղբամանը նետել փորձող իշխանաւորը: Նա, ում առաջին ամիսների էֆորայից յետոյ անմիջապէս ճանաչեցինք՝ քիչ թէ շատ քաղաքական միտք և հոտառութիւն ունեցողներս: Նա, ում անմեղսունակ, անկարող ու ծախուած քայլերի մասին շարունակեցինք ահազանգել մեր ժողովրդին ու, ցաւօք, մեր որոշ «ընկերներին», թէ սա գործուղուած գործակալ է և ուշ թէ շուտ վտանգելու է Արցախն ու ՀՀ անվտանգութիւնը:
Երբ մեր կուսակցութիւնը, մեր երիտասարդութիւնը, մեր համակիրները երկուսուկէս տարի շարունակ բացայայտօրէն ենթարկւում էին վարչապետի, նախարարների, պատգամաւորիկների սպառնալիքներին ու լուտանքներին Արևմտեան Ամերիկայի շրջանից մի խումբ անձինք, ի զարմանս բոլորի, «բարեկամութիւն» էին փնտռում այդ նոյն իշխանութեան հետ, սրեր էին ճօճում ՀՅԴ Բիւրոյի դէմ և փոփոխութիւններ պահանջում կուսակցութեան ռազմավարութեան մէջ, որ մօտենանք, գործակցենք, համաձայնենք, այժմ արդէն բացայայտուած թրքամէտ վարչապետի և նրա թիմի հետ: Այս նոյն խմբակն էր, որ նիւթական խոշոր ներդրումներով Լոս Անջելեսում դիմաւորեց վարչապետին և հովանաւորեց ու հունաւորեց նրա տիկնոջ, իբր բարեսիրական, ֆոնդը, որին նուիրած սփիւքահայութեան օժանդակութիւնները մինչ օրս էլ պարզ չէ, թէ ինչի՞ վրայ են ծախսւում:
Ի հարկէ, պատերազմը և նոյեմբերի 10-ին ստորագրուած պարտութեան համաձայնութիւնը բացայայտեցին այն, ինչ տակն ու վրայ արեց հայ իրականութիւնը՝ բերելով մեզ ու դէմ յանդիման կանգնեցնելով հետպատերազմեան քաոսին: Այն բոլորից յետոյ ինչ մենք ազգովին ապրեցինք վերջին ամիսներին, այն պարտութիւնից յետոյ, երբ կոտրուեց մեր ազգի ողնաշարը ու այն էլ՝ որպէս ՀՀ իշխանութիւնների դաւաճանութեան հետևանք, «խելամտութիւն» չէր լինի մնալ այդ խորտակուող նաւի մէջ:
Ահա այս նոր պայմաններում շատերը փոխեցին իրենց ճամբարը, որոնց շարքում նաև վերոնշեալները, ովքեր 2018-2020-ի նոյեմբեր ժամանակահատուածում մեր շրջանի Դաշնակցական մամուլը վերածել էին իշխանամէտ յօդուածների շտեմարանի: Ի՞նչ արժէք է իրենից ներկայացնում վերջին ամիսների նրանց «դարձը» դէպի ազգային ճակատ, որն այսօր իմաստաւորւում է կապիտուլեանտ իշխանութիւնների դէմ Հայրենիքի փրկութեան շարժման պայքարով: Այսօր նրանց հրապարակած հականիկոլ յայտարարութիւններին չի հաւատում որևէ մէկը, ով ունի քաղաքական հոտառութիւն: Քամու ուղղութեան փոխուելու հետևանքով՝ թոյլ տուած սխալները կոծկելու խղճուկ ու անպատուաբեր փորձերը, ցաւօք, չեն կարող սրբագրել և մոռացնել տալ ամբողջ երկուսուկէս տարի երկարող նիկոլական, նեոլիբերալիստական քարոզարշաւը:
Եթէ անգամ ձևացնենք, որ այդ յայտարարութիւններն անկեղծ են, ապա ժամանակավրէպ են:
Ցաւօք, «դաշնակցութեան այլախոհերը», «լաւ դաշնակցականները», որոնք վայելում էին վարչապետի ու իր խորհրդականների «համակրանքն» ու «մտերմութիւնը» մինչև այսօր փորձում են, ՀՅԴ շարքերը պառակտելով, հարուածել հայաստանեան և սփիւռքեան քաղաքական կեանքում ապիկար իշխանութիւններին գահընկեց անելու գլխաւոր գործող ուժերից մէկին՝ ՀՅԴ-ին, որը, բնականաբար, համարւում է վարչապետի, նրա աթոռապաշտ թիմի և ինչպէս պարզւում է թուրքիայի, ադրբեջանի, գորշ գայլերի ու էլի նման հակահայկական տանդեմի դէմ ծառացած և թիւ մէկ թշնամին:
Ուրեմն ՀՅԴ համաշխարհային հզօր ընտանիքը տկարացնել փորձող վերոնշեալ հակահայ ուժերը կրկին, ինչպէս մեր 131-ամեայ պատմութեան մէջ տասնեակ այլ անգամներ, փորձում են այս անառիկ բերդը գրաւել «ներսից»: Ո՞վ և ո՞ր ուժը կարող է աւելի առատ ջուր լցնել նրանց ջրաղացին, եթէ ոչ, ԿԳՄՍ նախկին նախարարի խօսքերով, «դրսի, իրենց համախոհ» դաշնակցականները: Այլևս բացայայտուեց դաշնակցական ձևացող մի շարք անձանց ու, ցաւօք, նախկին ընկերների նպատակը, որոնք ՀՅԴի և հայրենիքի համար այս ամենաորոշիչ ժամանակներում որոշեցին հրապարակաւ չենթարկուելով ՀՅԴ Բիւրոյի որոշումներին, առանձնանալ և ստեղծել իրենց նոր կազմակերպութիւնը, հակականոնագրային քայլերով չհնազանդուել որոշումներին, «ընտրել» իրենց «մարմին»ը, որին չի ճանաչում ոչ Բիւրոն և ոչ ՀՅԴ կառոյցը, գրաւել ազգային-կուսակցական գոյքը, շէնքերը, հաշիւները, մամուլը և որ ամենազաւեշտալին է չորդեգրել նոր անուն իրենց «նոր կազմակերպութեան» համար, այլ նաև փորձ անել զաւթելու ՀՅԴ անունը և հանդէս գալ այդ անուամբ: Իսկ մենք իրաւացիօրէն կարող ենք պարզ մի հարց տալ մեզ, թէ ո՞վ է շահելու այս պառակտումից և կը համոզուենք, որ պառակտում փորձող այս մեր հին ընկերները ցաւօք (գիտակցաբար կամ անգիտակցաբար) շարունակում են ջուր լցնել վերոնշեալ նոյն ուժերի ջրաղացին:
Սակայն այդ ուժերը լաւ չգիտեն մեզ, մեր տեսակը, մեր ազգի ու նրա արդար զաւակ ՀՅԴի ինքնամաքրման, վերընձիւղուելու, փիւնիկի պէս մոխիրների միջից վեր յառնելու, երկարատև ու անմռունչ պայքարի ունակութիւնը: Սա ոչ առաջին ու ոչ վերջին իշխանութիւնն է, որ փորձում է մեր ուժերը ջլատել: Նմանատիպ շարժումների յաճախ ենք հանդիպում պատմութեան մէջ, որոնք այլևայլ ելակէտերից ու նպատակներով սկսում են, ահագնանում, մի որոշ ժամանակ խցկւում մեր առօրեան, ցաւօք շեղում մեզ մեր գլխաւոր անելիքից, բայց ժամանակ անց վերանում, սառչում, մոռացւում, մեկուսացւում ու այո՛ պատմութեան էջերն են անցնում, որպէս դաս գալիք սերնդներին, որ թշնամին միշտ դարանում է ու նրա որդեգրած նպատակները կարող են շատ տարբեր դրսևորումներ ունենալ:
Ծանր են օրերը, դժուարին որոշումներ պէտք է կայացնենք, թէ անհատաբար ու թէ որպէս կազմակերպութիւն: Պէտք է ընդունենք նրանց թոյլ տուած սխալները ու, ցաւօք, վերանայենք մեր երբեմնի մտերիմների ցանկը, սակայն պահն այնքան ճակատագրական է ազգի, հայրենիքի ու հետևանս դրա սփիւռքի գոյատևման համար, որ ժամանակ չունենք ծախսելու ներքին հարցերի վրայ:
Գնաք բարով երբեմնի ընկերներ: Գուցէ դուք էլ գտնէք ձեր ճանապարհը ազգին ծառայելու, սակայն ՀՅԴն ինչպէս միշտ մնալու է անկոտրում և կառչած իր սկզբունքներին ու որոշումներին: Մենք դա պարտք ենք մեր անցեալի ընկերներին, ովքեր հանգիստ հող մտան, յոյսը մեզ վրայ թողնելով, որ կը շարունակենք իրենց սուրբ գործը: Պարտք ենք մեր սփիւռքահայ օճախների հիմքը դնող գաղթական ընկերներին, ովքեր հայրենազրկուել էին, բայց հայրենիքն ու գաղափարը վառ պահել իրենց հիմնած ակումբներում, դպրոցներում, միութիւններում ու այո՛ եկեղեցում անգամ: Պարտք ենք մեր կուսակից ընկերներին, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ հայրենիքում առաջինն էին, որ ճակատ շտապեցին, զոհեր, վիրաւորներ, գերիներ տուեցին, ու այսօր ամէն զոհողութեան գնով պահում են մեր դիրքերը՝ ներկայ իշանութիւնների ազգակործան քայլերի դէմ պայքարում:
Այդ դիրքերը մենք կոչուած ենք պաշտպանելու ամբողջական, կուսակցական կառոյցով, մարմիններով, անհատ առ անհատ ընկերներով:
Եկէ՛ք արժանի լինենք մեր ընկերներին:
Մ.Ա.
Լոս Անճելոս
12.03. 2021