Ձեւաւորուել է Միջկուսակցական համակարգող մարմին

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովում ներկայացուած երեք ընդդիմադիր ուժերի՝ ՀՅԴ Արցախի կառոյցի, «Արդարութիւն» և Արցախի ժողովրդավարական կուսակցութիւնների ղեկավար կազմերի միջև քննարկումների արդիւնքում ստորագրուել է յուշագիր, որի համաձայն ստեղծուել է Միջկուսակցական համակարգող մարմին (ՄՀՄ):

Յուշագիրը արձանագրում է, որ «միջկուսակցական համակարգող մարմինը խորհրդատուական կառոյց է, որտեղ քննարկուելու են Արցախի քաղաքական դաշտի ընթացիկ ու սպասուող զարգացումները և անհրաժեշտութեան դէպքում եզրակացութիւններ ու առաջարկներ են ներկայացուելու համատեղ գործողութիւնների և միասնական դիրքորոշումների համար»:

Իր անդրանիկ նիստում ՄՀՄ որոշել է յառաջիկայ օրերին Արցախում ստեղծուած ներքաղաքական իրավիճակի և արտաքին մարտահրաւէրների թեմայով խորհրդատուութիւններ անցկացնել Արցախում գործող քաղաքական ուժերի, հանրային տարբեր խմբերի ու առանձին անհատների հետ:

Միջկուսակցական համակարգող մարմինը ձգտելու է հանրային-քաղաքական տեսակէտների և նոր գաղափարների համադրման կամ փոխանակման հարթակ դառնալ, որին, հիմնադիր քաղաքական ուժերից բացի, կարող են մաս կազմել նաև այլ քաղաքական ու հանրային միաւորներ:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.