Գանատայի արտգործնախարարը կարեւորել է արցախահայութեան վերադարձի եւ ինքնորոշման իրաւունքների ապահովումը

Horizon Weekly Newspaper

Հայ դատի Գանատայի յանձնախմբի եւ Գանատայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի պաշտօնական շփումների արդիւնքում Հայ դատի յանձնախումբը ստացել է նախարար Ժոլիի գրութիւնը, որտեղ վերջինս առանցքային նշանակութեան շեշտադրումներ է կատարել արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան եւ Հայաստանի Հանրապետութեան անվտանգային խնդիրների վերաբերեալ։

Մասնաւորապէս, Պաքուում հայ ռազմագերիների եւ Արցախի նախկին առաջնորդների շարունակուող կեղծ դատավարութիւնների ֆոնին նախարար Ժոլին խստօրէն դատապարտում է Ատրպէյճանի ագրեսիւ հռետորաբանութիւնը եւ կոչ է անում.

– Ատրպէյճանում պահուող բոլոր հայ ռազմագերիների եւ կամայականօրէն կալանաւորուած էթնիկ հայերի անվերապահ ազատ արձակում,
– Հայաստանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան նկատմամբ յարգանք,

– Հայ խաղաղ բնակիչների անվտանգ եւ արժանապատիւ վերադարձը իրենց հայրենի հողեր,

– Հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւն,

– Արցախի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով՝ Հելսինկեան եզրափակիչ ակտի սկզբունքներին եւ Հարաւային Կովկասում արդար եւ կայուն խաղաղութեան անհրաժեշտութեանը համահունչ՝ ուժի եւ դրա սպառնալիքի կիրառման բացառման, տարածքային ամբողջականութեան եւ ինքնորոշման իրաւունքի շրջանակում։

Նախարար Ժոլիի այս դիրքորոշումը համապատասխանում է Հայ դատի Գանատայի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւններին։ Յանձնախումբն իր կողմից ճշդուած քաղաքական առաջնահերթութիւնների շրջանակում շարունակում է աշխատանքը Գանատայի ինչպէս գործադիր, այնպէս էլ օրէնսդիր իշխանութեան ներկայացուցիչների հետ։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակ
30 Յունուար 2025 թ.