Անդամակցելով ԵՄ-ին՝ Հայաստանի անվտանգութեան երաշխիքը դառնալու է ոչ թէ Եւրոպական միութիւնը, այլ՝ Թուրքիան

Horizon Weekly Newspaper

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ Փետրուարի 12-ին շարունակւում է «Եւրոպական միութեանը Հայաստանի Հանրապետութեան անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրէնքի նախագծի քննարկումը:

ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանի գնահատմամբ՝ այս նախագիծը հեռանկար չունի, բայց Հայաստանի համար կարող է լրջագոյն խնդիրներ առաջացնել։

Ռուստամեանը թուարկեց այդ խնդիրները, նշելով, որ նախ առաջարկուող գործընթացը չի համապատասխանում ԵՄ-ին անդամակցութեան առկայ գործընթացին։

«Երկրորդ, ըստ էութեան, մենք տարբեր կառոյցների հետ աշխատելու «եւ-եւ»ը փոխարինում ենք «կամ-կամ»ով։ Սա լուրջ խնդիրներ է առաջացնելու: Երրորդը, CEPA-ն լաւագոյն ձեւաչափն է Հայաստանի համար, որն ապահովում է համապարփակ ընդլայնուած գործընկերութիւն բոլոր ուղղութիւններով ամենալայն առումով։ Այդ գործընթացն մենք, ըստ էութեան, ուզում ենք փոխարինել ԵՄ-ին անդամակցութեան, նոր գործընթացով», յայտարարեց Ռուստամեանը՝ նկատելով, որ ԵՄ-ին անդամակցումն երկկողմ գործընթաց է, բայց Հայաստանը միակողմանի յայտարարում է, որ գնում է ԵՄ։

Ըստ Ռուստամեանի, այդ նույն բանը կարելի է անել ԵՄ մտնելու մասին կառավարութեան յայտարարութեամբ։

«Հսկայական խնդիրներ կան, որ մենք այսօր CEPA-ի պայմանագրով չենք իրականացնում: Ըստ էութեան, մենք մի գործընթացի մէջ ենք մտնում, որը նպատակի առումով հեռանկար չունի, բայց բուն գործընթացը մեզ համար կարող է առաջացնել լրջագոյն պրոբլեմներ:

Հայաստանն այն շռայլութիւնը չունի, որ ընտրի՝ այստեղ է, թէ՞ այնտեղ է: Մանաւանդ այն պարագայում, որ այդ «կամ-կամ»ի կողմերը պատերազմական վիճակի մէջ են: Հայաստանը շարունակում է լինել ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ: Սա պահանջում է չմտնել այնպիսի գործընթացների մէջ, որոնք Հայաստանին կը կանգնեցնեն «կամ-կամ»ի առջեւ:

Մենք ասում ենք՝ չէ, դեռ չենք անդամակցել, երբ այդ ժամանակը գայ, այդ ժամանակ կ’որոշենք: Նրանք էլ այնտեղից ասում են, թէ եթէ մեկնարկ էք տուել ԵՄ-ն անդամակցելու, մեկնարկ տուէք նաեւ այստեղից դուրս գալու: Արանքում կը ստացուի որ մենք ոչ այնտեղ հասանք, ոչ էլ այստեղ ամրապնդուեցինք՝ մնացինք օդում կախուած», յայտարարեց Ռուստամեանը:

Նա յաւելեց, որ Հայաստանը ԵՄ-ին պէտք է մօտենայ ոչ թէ այնքանով, որքանով ԵՄ-ն է այն հնարաւոր համարում, այլ որքանով դա չի սպառնում Հայաստանի անվտանգութեանը եւ լինելիութեանը։

«Երբ դուք ասում էք՝ ԵՄ, թէ Ռուսաստան ընտրութիւն, խաբում էք ժողովրդին, մեր անվտանգութեան երաշխիքը դառնում է, ոչ թէ ԵՄ-ն, այլ Թուրքիան, դուք, ըստ էութեան, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ընտրութեան առաջ էք դնում ժողովրդին: Դրանով ոչնչացւում է պետութեան կենսունակութիւնը», ասաց Ռուստամեանը։

Մանրամասները՝ տեսանիւթում.