«Փաշինեանի մնալու պարագայում պատերազմն անխուսափելի է, «ցեղասպանութեան դարաշրջանի բացումը»՝ մօտ ապագան». թուրքագէտ
Որպէս թուրքագէտ իմ պարտքն է անդադար յիշեցնել այս 4 իրողութիւնները: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը:
Նա, մասնաւորապէս, նշել է.
«- Հայաստան պետութեան գոյութիւնը չի մտնում ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի պլաններում։ Այդ մասին այդ երկու պետութիւնների ռազմաքաղաքական վերնախաւը պարբերաբար յայտարարում է եւ համապատասխանաբար գործում (տե՛ս Սիւնիքի ու Գեղարքունիքի նուաճումները Ադրբեջանի կողմից)։
– Այն պարագայում, եթէ Հայաստանը մնայ առանց կանոնաւոր ու մեծաքանակ բանակ, ապա հայ ժողովրդի գլխին կախուելու է նոր ցեղասպանութեան ուղիղ սպառնալիքը։ Ոչ մի կամաւորական զինուած ջոկատ, սիրողական աւտոմատ բռնելու խումբ կամ սարերում Նժդեհի շապիկով մարզանք անող խմբակ չի կարողանալու լուծել հայ ժողովրդի պաշտպանութեան հարցը։ Որովհետեւ առանց կանոնաւոր բանակի չեն յաղթում թշնամու բանակին (Արցախեան առաջին պատերազմի օրինակը յիշենք)։ Այս պահին ՀՀ տէ ֆակտօ իշխանութիւնը փաստացի կազմաքանդել է բանակը, ու պատրաստւում է այն կրճատել՝ հասցնելով ձեւական խմբաքանակի։
– Կապիտուլիանտ ն. Փաշինեանի եւ նրա թուրքամէտ խմբաւորումը ոչ մի ջանք չի թափել ու չի թափելու հայութեանն ու Հայաստանը պաշտպանելու համար։ Իրենց ընկալմամբ՝ առկայ խնդիրների լուծումը պարզապէս ենթարկւելն է թուրքերին։ Նոյնիսկ այս ապազգային մօտեցումը, բացի նրանից որ անընդունելի է հայ ազգի համար, չի երաշխաւորելու հայութեանը կոտորածից ու նոր բռնագաղթից (Սիրիայի, Իրաքի կամ Արցախի բնակչութիւնը իր վրայ դա զգացել է)։ Թուրքամէտ Փաշինեանի մնալու պարագայում պատերազմն անխուսափելի է, իսկ «ցեղասպանութեան դարաշրջանի բացումը»՝ ամենաիրական ու մօտ ապագան (դարձեալ ցաւոտ «ողջոյններ» Սիրիայից ու Արցախից)։
– Թուրքիայի՝ Հայաստանում տնտեսապէս ու քաղաքականապէս հաստատուելու դէպքում ո՛չ ազգային տնտեսութիւն է լինելու, ո՛չ ազգային կրթութիւն, ո՛չ էլ ազգային երգի-պարի խմբեր։ Աստիճանաբար վերածուելու ենք թուրքական գաւառի՝ վիլայէթի, որում հայերի իրաւունքները երաշխաւորուած են լինելու այնպէս, ինչպէս, օրինակ, Ստամբուլի հայութեանն այսօր՝ լուռ ու խոնարհ կեցութիւն թուրքի վերահսկողութեան տակ։ Իսկ «մենք ենք տէրը մեր երկրի» գոռալու դէպքում երկիր ասելով նկատի էք ունենալու ոչ թէ՛ Հայաստանը, այլ, «Էրմենիստանը»։
Յաջողութեան ու փրկութեան միակ տարբերակը կապիտուլիանտների հեռացումն է համազգային ջանքերով՝ բոլոր նրանց ջանքերով, ովքեր գիտակցում են, որ Հայաստանի ներսում այս պահին հայ ու թուրքի կռիւ է, ոչ թէ «ներքաղաքական ինտրիգներ»։ Դրանից յետոյ ձեւաւորուելիք ազգային համաձայնութեան կառավարութիւնը պէտք է ըստ էութեան արտակարգ իրադրութեան պայմաններում վերակառուցի բանակը, կառուցի առկայ ու պոտենցիալ դաշնակիցների հետ անվտանգութեան նոր համակարգ։ Առանց այս նախապայմանների որեւէ նախաձեռնութիւն, գործ, լաւ միտք դատապարտուած է դառնալու է թուրքի համար կառուցուած ու ստեղծուած։
Այս պահին Հայաստանի հայկական մնալու համար պատերազմ է, որին դեռեւս մասնակցում է հայութեան փոքրաթիւ հատուածը։ Յաղթանակի միակ գրաւականը միասնական պայքարն է։ Որեւէ այլ պարագայում շանս չի լինելու։
Եթէ դեռ ունէք կասկածներ իմ կանխատեսումների մասով, ապա նայէ՛ք իմ անցնող ամիսներին արած գրառումները, տուածս հարցազրոյցները։ Եթէ դա էլ բաւական չէ, պատրաստ եմ դասախօսութիւն կարդալ ու հանգամանալից բացատրել այս ամէնը՝ անհրաժեշտ գիտական հիմնաւորումներով։ Միայն թէ մի՛ մնացէք անտարբեր։ Անտարբերութիւնը խլում է կեանքեր, ինչպէս երէկ խլեց յղի աղջկայ կեանքը»: