Պետական անվտանգութեան հարցեր
Աշխարհի ցանկացած երկրի, անկախ համակարգից՝ ժողովրդավարական թէ բռնապետական, իշխանութեան թիւ մէկ խնդիրը պէտք է լինի պետական, նոյնն է թէ՝ ազգային անվտանգութեան ապահուումը։ Այս գիտակցութեան կրողները պէտք է լինեն ոչ միայն պետական պաշտօնեաները, այլև քաղաքական, հասարակական գործիչները։ Բայց արդեօք այդպէս է Հայաստանում։
Անդրադառնանք միայն վերջին շրջանի լուրերին և իրադարձութիւններին։ Յայտնի դարձաւ, որ Հայաստանում անշարժ գոյք են ձեռք բերել ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի քաղաքացիները։
Ուղղակի չես ուզում հաւատալ այս փաստերին։ Տեղեակ չեմ, բայց նաև համոզուած եմ, որ Հայաստանի որևէ քաղաքացի չի կարող անշարժ գոյք ձեռք բերել Թուրքիայում։ Ենթադրում եմ, որ եթէ ոչ՝ օրէնքով, առնուազն՝ ներքին, չգրուած օրէնքներով, Թուրքիայում նման գործարքներ իրականացնելն անհնար է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա տարիներով լինելով պատերազմական վիճակում, նաև հաշուի առնելով Ադրբեջանում տարիներով հակահայկական քարոզչութիւնը, ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների ծագումով հայ քաղաքացիների մուտքն այդ երկիր արգելուած է, էլ չխօսենք հայերի կողմից այնտեղ գոյք ձեռք բերելու անհնարինութեան մասին, ապա ուղղակի չես հասկանում, թէ ինչ է կատարուել և կատարւում Հայաստանում։ Իսկ թէ ինչ կկատարուի, այսպէս կոչուած, «խաղաղութեան» դարաշրջանում, աւելի քան պարզ է՝ ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխութիւն և վարչապետ կոչեցեալի երազանքի իրականացումը՝ 5 մլն բնակչութեամբ Էրմենիստան, որտեղ հայերը կը լինեն փոքրամասնութիւն։ Իսկապէս ճիշտ է ասում իմ սփիւռքահայ բարեկամը, որ հայրենիքը մեզ համար ընդամէնը անշարժ գոյք է, որից կարելի է շահոյթ ստանալ, թէկուզ՝ այն թշնամուն վաճառելով։
Վերջերս բացայայտուեց զինուած ուժերում 19 հոգուց բաղկացած լրտեսական ցանց։
Նախ, այդ լրտեսական խումբը գործել է տևական ժամանակ։ Բա ո՞ւր էր զինուած ուժերի հետախուզական, ԱԱԾ ծառայութիւնը։ Երկրորդ՝ արդեօ՞ք ճիշտ էր՝ ի լուր աշխարհի մանրամասնօրէն յայտարարել այդ մասին։ Կարծում եմ, որ այն նոյնպէս պետական անվտանգութեան հարց է։ Կարելի էր, չէ՞, բաւարարուել ընդամէնը չոր հաղորդագրութեամբ, առանց մանրամասների։ Եւ վերջապէս, գուցէ տեսնելով, այսպէս կոչուած, պաշտօնական քաղաքականութիւնն Արցախի, Սիւնիքի հարցերում, այդ մարդիկ նոյնպէս որոշել են ետ չմնալ հայրենիքի վաճառքի օգուտներից։
Այժմ խօսենք, այսպէս կոչուած, «առաջադէմ, արևմտեան ժողովրդավարական» արժէքներով առաջնորդուող քաղաքական, հասարակական գործիչների գործունեութեան մասին։
Իմ համոզմամբ, ցանկացած երկրի ցանկացած գործիչ, եթէ նա չի սպասարկում օտար պետութեան շահերը, այլ երկրներում տեղի ունեցած իրադարձութիւնները պէտք է դիտարկի իր հայրենիքի անվտանգութեան շահերի տեսակէտից։ Իսկ այդպէ՞ս է արդեօք Հայաստանում։
Նորից կրկնեմ, որևէ մայրցամաքում, լինի Աֆրիկա թէ Ամերիկա, ցանկացած քաղաքական ճգնաժամ, պէտք է դիտարկել մեր՝ Հայաստանի շահերից ելնելով, անկախ այն հանգամանքից, թէ կոֆլիկտի որ կողմին ենք անձնապէս համակրում։ Իհարկէ, դժուար է պատկերացնել, թէ, օրինակ, Պարագուայի և Բոլիւիայի միջև հնարաւոր հակամարտութեան դէպքում որն է մեր շահը, բայց Եւրոպայում, Կենտրոնական Ասիայում, առաւել ևս՝ մեր տարածաշրջանում, ցանկացած լարուածութիւն ուղղակիօրէն առնչւում է մեր երկրի անվտանգութեան հետ։ Այս տարրական ճշմարտութիւնը հասկանո՞ւմ են արդեօք մեր գործիչները, թէ՞ հասկանալով կամ ոչ՝ շարժւում են միայն իրենց անձնական, ֆինանսական շահերով։
Շատ հեռու չգնանք, սկսենք Ղազախստանի ճգնաժամից։ Կարդում, լսում էիր այդ «առաջադէմներին», որոնք հրճւում էին Ղազախստանում հնարաւոր յեղափոխութիւնից և Ռուսաստանի թուլացումից, և մտածում՝ այս մարդիկ հասկանո՞ւմ են, թէ ովքեր կը գան իշխանութեան Ղազախստանում։ Չէ՞ որ, ամենայն հաւանականութեամբ, իշխանութեան կը գային թուրքամէտ ուժերը, և թէ ինչ հետևանքներ կ’ունենար այն հետագայում, այո՛, նաև մեզ համար դժուար չէ պատկերացնել։
Արդէն աւելի քան երեք ամիս շարունակւում է ուկրաինական ճգնաժամը։ Եւ նորից մեր «առաջադէմները» ձեռքերը շփում են՝ անհամբեր սպասելով Ռուսաստանի հնարաւոր պարտութեանը, նրա նկատմամբ Արևմուտքի խիստ պատժամիջոցներին։ Եւ նորից ու նորից հարց մեր «առաջադէմներին»․ լաւ, իսկ մտածե՞լ էք, թե ովքեր կ’օգտուեն այդ իրավիճակից։ Պարզ չի, որ թուրք-ադրբեջանական զօրքերը միանգամից կը գրաւեն՝ առնուազն Սիւնիքը։ Եւս մէկ նկատառում, Ուկրաինան արցախեան ողջ հակամարտութեան ընթացքում անթաքոյց եղել է Ադրբեջանի դաշնակիցը։ Արցախեան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից մեր դիրքերին էին կրակում ուկրաինուհի դիպուկահարները։ Վերջին պատերազմում Ուկրաինան նոյնպէս Ադրբեջանի կողմն էր ։
Էլ չխոսենք Ուկրաինայի ու Թուրքիայի առաւել քան ջերմ, ընդհուպ՝ դաշնակցային յարաբերութիւնների, Բայրաքթարների մասին։ Դիտեցի իմ կողմից խորապէս յարգանք վայելող, հայագէտ, Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի հետ «Ֆակտորի» հարցազրոյցը։ Լրագրողը՝ «մտահոգուած» Ուկրաինայի ճակատագրով, ուղղորդուած հարցեր է տալիս Ալեքսանդր Բոժկոյին։ Ալեքսանդր Բոժկոն՝ որպէս Ուկրաինայի քաղաքացի, դիվանագէտ, ներկայացնում է Ուկրաինայի պաշտօնական դիրքորոշումը, հիմնականում՝ հակառուսական։ Անհամբեր սպասում էի, թէ լրագրողը ե՞րբ է հարցնելու Հայաստանի, Արցախի, արցախեան պատերազմի, Թուրքիայի և Ադրբեջանի մասին Ալեքսանդր Բոժկոյի կարծիքը։ Զուր սպասումներ։ Ուղղակի լրատուամիջոցը յարգուած հայագէտի շուրթերով իր ունկնդիրներին մատուցեց հերթական հակառուսական քարոզչութիւնը։ Ինքս ուկրաինացի բազմաթիւ ընկերներ ունեմ, որոնց հետ ունեմ ջերմ յարաբերութիւններ, միշտ հաճույքով եմ յիշում Ուկրաինայում անցկացրած իմ օրերը։ Սակայն նրանք լուռ էին ողջ արցախեան պատերազմի ընթացքում, և ես նրանցից բոլորովին նեղացած չեմ, քանի որ նրանք լռել են՝ ելնելով իրենց ազգային շահերից։ Այնպէս որ, ռուս-ուկրաինական հակամարտութեան հարցում, կարծում եմ, որ և՛ պետական, և՛ քաղաքական, հասարակական գործիչները պէտք է զուսպ լինեն, և աւելի նպատակայարմար է լռել, քան, անկեղծ թէ պատուէրով, իբր ուկրաինամետ, իրականում՝ հակառուսական գիծ տանել։
Եւ վերջապէս, դա ոմանց դո՞ւր է գալիս, թէ՞ ոչ, Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։ Եւ այն հակառուսական մթնոլորտը, որ տիրում է Հայաստանում, ուղղակի զարմանալի է։ Վարչապետ կոչեցեալին սատարող բոլոր գործիչներն ակնյայտ հակառուսական գործիչներ են։ Նրանք Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու բացայայտ կոչեր են անում։
Ընդունենք, որ նրանք անկեղծօրէն ատում են Ռուսաստանը, ռուսական քաղաքական համակարգը, ռուսներին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, բայց․․․ Բայց միթէ՞ չեն պատկերացնում, թէ Ռուսաստանի հեռանալուց յետոյ ինչ կը կատարուի Արցախի ու Հայաստանի հետ։ Ասե՞մ, Արցախը մէկ ակնթարթում կը հայաթափի, եթէ չյաջողուի արցախցիներին արտագաղթել, նրանք ցեղասպանութեան կ’ենթարկուեն։ Նոյնպէս մէկ ակնթարթում կը կործանի Սիւնիքը և ողջ Հայաստանը։ Թէ՞ «առաջադէմներն» իսկապէս համոզուած են, որ Արևմուտքը ութ րոպէի ընթացքում կը փրկի Հայաստանը։
Նոյնիսկ իրենց սիրելի Ուկրաինային Արևմուտքը բացայայտ զգուշացնում է, որ իրենց զօրքերը չեն մասնակցելու հնարաւոր ռուս-ուկրաինական պատերազմին, իսկ մեր դէպքում, յիշենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայի դաշնակից։ Եւ ի՞նչ, Արևմուտքը մեզ պէտք է փրկի իր իսկ դաշնակցի՞ց։ Եւ վերջապէս, բոլոր այդ պոռոտախօսները մեծ-մեծ խօսում են Ռուսաստանի դէմ․․․ իրենց թիկունքում՝ որպէս անվտանգութեան պատուար ունենալով ռուսական 102-րդ ռազմաբազան։ Իսկ եթէ վաղն ինչ-ինչ պատճառներով, կամ «առաջադէմների» իսկ պահանջով Ռուսաստանը հանի ռազմաբազան, այն է՝ կատարուի նրանց երազանքը, նրանք վայրկենապէս կը չուեն օտար երկրներ և կը բարբաջեն, որ Ռուսաստանը հերթական անգամ ծախեց՝ Հայաստանին թողնելով միայնակ Թուրքիայի դէմ։ Եւս մէկ անգամ կրկնեմ՝ արդեօ՞ք այդ «առաջադէմներն» անկեղծ են իրենց մտադրութիւններում, թէ՞ սպասարկում են այլոց, առաջին հերթին՝ թուրք-ադրբեջանական շահերը։ Կարծում եմ՝ հիմնականում երկրորդը։ Նրանց մէջ «ամենաանկեղծը» Ստեփան Գրիգորեանն է, որն «Անադոլու» գործակալութեանը բացայայտ ասել է տարածաշրջանում Ռուսաստանին Թուրքիայով փոխարինելու և Զանգեզուրեան միջանցքի նպատակահարմարութեան մասին։
Քաղաքականութեան մէջ այս կամ այն երկրի, ժողովրդի, պետութեան ղեկավարի նկատմամբ սիրով կամ ատելութեամբ չեն առաջնորդւում, այլ պրագմատիկ հաշուարկով, ելնելով ազգային անվտանգութեան շահերից։ Մեր պարագայում, պարզից էլ պարզ է, որ այսօր մեր անվտանգութեանը բացայայտ սպառնալիք են Ադրբեջանը և դիւանագիտական դիմակի տակ թաքնուած Թուրքիան։ Եւ հէնց այդ տեսակէտից պէտք է կատարուեն հաշուարկները և իրականացուի ներքին և արտաքին քաղաքականութիւնը։
Ուշադրութի՛ւն, այս ամէնը բացարձակապէս կապ չունի, անշարժ գոյք ձեռք բերելու դէպքում՝ խտրականութեան, մնացածի՝ ոչ ժողովրդավարութեան, ոչ՝ խօսքի ազատութեան, այլ միայն ու միայն՝ ազգային անվտանգութեան հետ։
Ողջ վերը շարադրուածը ցոյց է տալիս, որ Հայաստանը չունի ազգային անվտանգութեան ոչ հայեցակարգ, ոչ մարմիններ, և, ցաւօք, մեր հասարակութիւնն էլ զուրկ է ազգային անվտանգութեան տարրական բնազդի զգացողութիւնից։ ԱԱԾ կոչուած՝ վարչապետի գրպանային կառոյցը զբաղուած է նրա անվտանգութիւնն ապահովելով, իբր կոռուպցիայի դէմ պայքարելով, բայց ոչ ազգային անվտանգութեան հարցերով։ Այս հոգեբանութիւնը կարող է մօտ ապագայում հայոց պետութեան վախճանի պատճառ դառնալ։
168.am