Ուղերձ՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից

Սիրելի՛ հայրենակիցներ,

2022 թուականի մայիսի 28-ին, Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Վերածննդի հրապարակում, մենք ոգեկոչում ենք հայոց պետականութեան վերականգնման Հայաստանի առաջին հանրապետութեան օրը: 104 տարի առաջ՝ տևական դադարից յետոյ, 1915 թուականի ցեղասպանութեան մոխիրներից յառնելով, հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման արդիւնքում, Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում տեղի ունեցած վճռորոշ ճակատամարտերից յետոյ հռչակուեց Հայաստանի հանրապետութիւնը:

Սարդարապատով մկրտուած ազատագրական պայքարի ոգին ուղղորդեց մեզ 1988թ. ղարաբաղեան ազատագրական շարժման ընթացքում: Հազարաւոր հայորդիների արիւնով ու քրտինքով 30 տարի ի վեր կերտուել է հայկական երկրորդ հանրապետութիւնը՝ Արցախի Հանրապետութիւնը, որը համայն հայութեան յաղթանակների ու երազանքների մարմնաւորումն է: Արցախի ժողովուրդը բոլոր այս տարիներին իր ընտրած ճանապարհով, համապետական ընտրութիւններով, համաժողովրդական հանրաքուէներով և Սահմանադրութեամբ ի լուր աշխարհի ազդարարել է ազատութեան համար պայքարելու իր վճռականութեան մասին: Ու թէև, 2020թ. 44 օրեայ պատերազմի ընթացքում, այս պայքարի ճանապարհին մենք մարդկային ու տարածքային ծանր կորուստներ ենք ունեցել, սակայն մեր կամքն աննկուն է, պայքարի կրակն՝ անմար:

Այսօր և այստեղ մեր ուժերի համախմբման, անցեալից դասեր քաղելու, ահագնացող մարտահրաւէրներին դիմակայելու կարիք ու անհրաժեշտութիւն կայ: Ուստի, գիտակցելով մեր պատասխանատուութիւնը համայն հայութեան առջև` դիմում ենք.

Աշխարհասփիւռ մեր հայրենակիցներին.

Սիրելի՛ քոյրեր և եղբայրներ. Շարունակէք նոյն ոգով և նուիրուածութեամբ համակողմանիօրէն աջակցել ու սատարել մայր Հայրենիքին և Արցախին. Մեր կողմից ուզում ենք հաւաստիացնել բոլորիդ, որ պայքարի ոգին չի կարող մարել, քանի դեռ կայ այն սնուցող Հայաստան-Արցախ-Սփիւռք հզօր եռամիասնութեան ներուժը և այն Հայրենիքին ծառայեցնելու վճռականութիւնը:

Արցախի իշխանութիւններին՝

Բոլոր ջանքերն ուղղել Արցախի ժողովրդի կամքը մեր ժողովրդի ճակատագրին վերաբերող բանակցութիւններում լսելի դարձնելու և Արցախի անմիջական մասնակցութիւնն ապահովելու համար:

Հայաստանի Հանրապետության գործող իշխանութիւնները ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացում կամ Արցախի ժողովրդի ճակատագրին վերաբերող որևէ քննարկմանը պարտաւոր են հանդէս գալ բացառապէս 1988թ. շարժման արժէքային հիմքերի, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակագրի և նախընթաց տարիներին հիմնաւորուած Արցախի Հանրապետութեան ու նրա ժողովրդի անվտանգութեան երաշխաւորի դիրքերից,

Միջազգային կառոյցները ականատես եղան, որ Արցախը տարիներ շարունակ հաւատարիմ է մնացել խաղաղ ճանապարհով` բանակցութիւնների միջոցով ղարաբաղեան հակամարտութիւնը կարգաւորելու, 1994թ. մայիսին հաստատուած եռակողմ հրադադարի համաձայնագրին հետևելու յանձնառութիւններին և այդ կեցուածքի շնորհիւ տարածաշրջանում 25 տարուց ի վեր պահպանուել է անվտանգութիւնն ու փխրուն խաղաղութիւնը: Դրան հակառակ, Ադրբեջանը անցած տարիներին ամէն ինչ արել է առաջարկուած համաձայնութիւնները մերժելու, իրավիճակը լարուած պահելու և նոր պատերազմներ հրահրելու համար:

2016թ. ապրիլեան քառօրեայ ռազմագործողութիւնների, իսկ 2020թ. 44 օրեայ պատերազմի ընթացքում Արցախի ժողովուրդը ստիպուած էր դիմակայել Ադրբեջանի և տարածաշրջանում ահաբեկչական վարքագծով յայտնի Թուրքիայի ու վարձու խմբաւորումների ագրեսիային:

Մեզ համար այդպէս էլ անհասկանալի մնացին, թէ ինչու այդ նոյն կառոյցները խուլ ու անտարբեր մնացին պատմական հայրենիքում դարեր ի վեր ապրող հայ ժողովրդի հանդէպ նոր ցեղասպանութիւն իրականացնելու անթաքոյց հաւակնութիւններին, ինչու չկիրառուեցին միջազգային իրաւունքի և միջազգային անվտանգութեան այն գործիքները, որոնք կարող էին անմիջապէս կանգնեցնել կործանիչ պատերազմը:

Մենք պահանջում ենք արդարութեան վերականգնում և համոզուած ենք, որ միայն Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը կարող է երաշխաւորել մարդու իրաւունքների ամբողջական իրացումը և անվտանգ գոյութիւնը իր պատմական հայրենիքում:

Ժողովրդի պահանջներն ու դիրքորոշումը ուղեցոյց են առաջիկայ զարգացումների համար: Եւ այս նպատակադրութեամբ մենք ողջունում ենք աշխարհի տարբեր քաղաքներում, մայրաքաղաք Երևանում և այլուր, բոլոր այն քայլերը, որոնք ուղղուած են Արցախի դատի պաշտպանութեանը:

Ուրեմն՝ միասնականութիւն, պայքար, յաղթանակ:

28-ը մայիսի 2022թ․

aparaj.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.