Ուաշինկթոնում կայացել է Ամերիկաների եւ Աւստրալիայի Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողով
Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան շուրջ ստեղծուած իրավիճակում Հայ դատի յանձնախմբերի մարտավարական առաջնահերթութիւնների վերանայման եւ ընթացիկ աշխատանքների քննարկման նպատակով Հոկտեմբերի 14-15-ը Ուաշինկթոնում անցկացուել է Հայ դատի Ամերիկայի Միացեալ Նահանգների, Գանատայի, Հարաւային Ամերիկայի եւ Աւստրալիայի յանձնախմբերի խորհրդաժողով։ Խորհրդաժողովը հիւրընկալել էր Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը։
Խորհրդաժողովի բացման խօսքում Հայ դատի կեդրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը կարեւորել է ստեղծուած աղէտալի իրավիճակում հայ ժողովրդի իրաւունքների համար պայքարը նոր ուժով եւ նոր շեշտաւորումներով շարունակելու կարեւորութիւնը եւ այն վիթխարի պատասխանատուութիւնը, որ Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակները կրում են։ Տէր-Խաչատուրեանը նկատել է, որ ստեղծուած իրավիճակում յուսահատութիւնը կարող է առաջնորդել նոր աղէտների, ուստի համազգային մակարդակում ընկճուածութեան յաղթահարումն ու պայքարի ուժգնացումը այլընտանք չունեն, եւ որ այս խորհրդաժողովը պատշաճ հարթակ է սպառնացող մարտահրաւէրները քննարկելու եւ Հայաստանի ու Արցախի իրաւունքների պաշտպանութեան շուրջ անհրաժեշտ առաջնահերթութիւնները ճշգրտելու ուղղութեամբ։
Խորհրդաժողովի ընթացքում քննարկուել է Հայ դատի քաղաքական առաջնահերթութիւնների մարտավարական վերանայմանը եւ գործունէութեան հիմնական ուղղութիւնների վերայստակեցմանն ուղղուած օրակարգային հարցերի լայն շրջանակ։
Խորհրդաժողովը մեծ կարեւորութեամբ շեշտել է Արցախի ժողովրդի բռնի տեղահանման հետեւանքով ստեղծուած ազգային ճգնաժամին դիմակայելու հրամայականը։ Քննարկուել են Արցախից բռնի տեղահանուած մեր հայրենակիցների համար արժանապատիւ կեցութեան եւ կենցաղի պայմանների ստեղծմանը միջազգայնօրէն օժանդակելու հակաճգնաժամային խնդիրները։ Ապա քննարկուել են նաեւ Արցախի Հանրապետութեան պետականութեան հիմնական սիւների պահպանութեան եւ հետագայ աշխատանքների վերաբերեալ հարցերը։ Առանձին ուշադրութիւն է դարձուել Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան պաշտպանութեանը, ատրպէյճանական հնարաւոր ռազմական ագրեսիայի կանխմանն ուղղուած աշխատանքներին՝ այդ թւում Ատրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտութեանն ու այդ ուղղութեամբ Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքներին։ Հայ անկախ պետականութեան համար անհրաժեշտ արտաքին օժանդակութիւն ապահովելը եւ Ատրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեանը միջազգային քաղաքական եւ իրաւական պատասխանատուութեան ենթարկելը շարունակելու են մնալ Հայ դատի յանձնախմբերի գործունէութեան կարեւորագոյն ուղղութիւններից։
Ժողովականները հաստատել են, որ Հայաստանի իշխանութիւնների մի շարք դիրքորոշումները յաճախ օգտագործւում են ատրպէյճանաթուրքական պետական շրջանակների եւ լոբբիստների կողմից՝ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների աշխատանքներին հակազդելու համար։ Դրանք օգտագործւում են նաեւ իրենց հակահայ հայեացքներով յայտնի օտարազգի քաղաքական գործիչների կողմից։
Խորհրդաժողովի ընթացքում քննարկել են նաեւ ատրպէյճանաթուրքական լոբբիստական կառոյցների աշխատանքներին հակազդմանը, ինչպէս նաեւ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների կարողականութեան շարունակական ընդլայնմանը երիտասարդութեան ներգրաւմանը, համայնքային աշխատանքներին ուղղուած նախաձեռնութիւններ եւ ծրագրեր։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կեդրոնական գրասենեակ
16.10.2023 թ.
Comments are closed.