Ողջամիտ կասկած է առաջացել, որ դուք ուզում էք Արցախից վերջնականապէս հրաժարուել. Արմէն Ռուստամեանը՝ իշխանութեանը
Մենք անընդհատ մի զաւեշտալի իրականութեան ենք բախւում. երբ փորձում ենք արժեւորել, կարեւորել Արցախի հարցը, մեզ միշտ ասում են, որ աւելի կարեւորուած ու արժեւորուած ձեւ ունենք, այդ ձեւով ենք աշխատում․այսօր ԱԺ-ում յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը՝ դիմելով իշխանութեան ներկայացուցիչներին:
Նա յիշեցրեց՝ երբ ԱԺ-ում Արցախի հարցը քննարկել են, իշխանութեանն ասել է՝ միջխորհրդարանական յանձնաժողով կայ, որը շատ աւելի բարձր մակարդակով է գործում, եւ դրա մակարդակը չպէտք է իջեցուի՝ այլ յանձնաժողով ստեղծելով:
«Պարզուեց, որ Արցախի Հանրապետութեան ազգային ժողովի հետ, որն ընտրուել է 2020-ին, ոչ մի նիստ չի գումարուել այդ յանձնաժողովի շրջանակում: Այսքանից յետոյ մերժում էք յանձնաժողովների ստեղծման գաղափարը, ընդհանրապէս Արցախ անունը եւ մեզ մի բան էք ասում, որն ընդհանրապէս իրականութեանը չի համապատասխանում: Արցախի 30-ամեակն ենք նշել. այսքան ցածր մակարդակով երբեք որեւէ յոբելեան չի նշուել: Այսքանից յետոյ ուզում էք մեզ համոզել, որ Արցախն աւելի՞ էք կարեւորում: Ողջամիտ կասկած է առաջացել, որ դուք ուզում էք Արցախից վերջնականապէս հրաժարուել»,- ասաց Ռուստամեանը: