Շնորհաւորական ուղերձ Աշխատանքի օրուայ առթիւ
Սիրելի հայրենակիցներ,
շնորհաւորում ենք Աշխատանքի օրուայ առթիւ:
Դարեր շարունակ աշխատանքն ու արարումը եղել են հայի ինքնութեան անբաժանելի մասը: Հայ մարդն իր ստեղծագործ աշխատանքով հայրենիք և պետականութիւն է կերտել:
Աշխատանքը եղել է և շարունակում է մնալ մեր համազգային բարօրութեան և մեր երկրի անխաթար զարգացման հիմնարար ուղին:
Միայն յամառ և հետևողական աշխատանքով է կարելի հանրային կեանքի բոլոր ոլորտներում հասնել շօշափելի արդիւնքների:
Խիստ առանցքային է պետականութեան դերը քաղաքացիների համար արժանապատիւ զբաղուածութիւն ապահովելու գործում: Աշխատանքի արժևորումը՝ արժանապատիւ վարձատրութիւնը, սոցիալական կեանքի պայմանների ստեղծումն ու մեր քաղաքացիների լիարժէք զբաղուածութիւնը պէտք է լինեն սոցիալական և տնտեսական քաղաքականութեան հիմնական առանցքը:
ՀՅԴ-ն կարևորում է սոցիալական արդարութիւնը, տնտեսական զարգացումը, հանրային արդիւնքի արդար բաշխումը և համոզուած է, որ սա է արժանապատիւ քաղաքացի, ազատ, արդար և համերաշխ հասարակութիւն կերտելու ուղին:
Սիրելի հայրենակիցներ,
Մաղթում ենք լաւատեսութիւն՝ համոզուած լինելով, որ մեր միասնական ջանքերը կարող են մօտեցնել բոլորիս համար ցանկալի այն ժամանակը, երբ իւրաքանչիւր հայի ընտանիքում մայիսի 1-ը իրապէս կը նշուի որպէս Աշխատաւորի և Աշխատանքի տօն:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին