Մենք բերելու ենք արժանապատիւ խաղաղութիւն և բարգաւաճում. Ռոբերտ Քոչարեան
Այսօր մենք ներկայացնում ենք դաշինքի ձեւաւորում եւ ելոյթը կը կառուցեմ աւելի շատ հարցեր եւ պատասխաններ տարբերակով՝ պարզաբանելու համար, թէ ինչու է ձեւաւորւում հենց այս դաշինքը հենց այս ֆորմատով: Այս մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի, ՀՅԴ և «Վերածնուող Հայաստան» կուսակցութիւնների քաղաքական համագործակցութեան մեկնարկի հանդիսաւոր միջոցառման ժամանակ իր ելոյթում նշեց Ռոբերտ Քոչարեանը:
Ստորեւ ներկայացնում ենք նրա ելոյթը.
«Երկիրը կանգնած է ծայրայեղ մարտահրաւէրների առջեւ. եւ դրանք հիմնականում կապուած են անվտանգութեան սպառնալիքների հետ: Երկիրը ունի կառավարման եւ տնտեսական ճգնաժամ: Երկրում ակնյայտ է նաեւ ինքնութեան ճգնաժամը: Պէտք են ուժեր, մարդիկ, որոնք բաւարար չափի փորձ ունեն այսպիսի մարտահրաւէրներ յաղթահարելու համար: Ինչո՞ւ ես. ունեմ մեծ կառավարման փորձ ճգնաժամային իրավիճակներում, ունեմ կուտակած փորձ ու գիտելիքներ անվտանգութեան, պաշտպանութեան համակարգում: Ունեմ փորձ տնտեսական ճգնաժամ յաղթահարելու հարցում: Ինչպէս տեսնում էք, ներկայ վտանգները եւ կուտակած փորձն ու գիտելիքները գրեթէ համընկնում են: Ինչո՞ւ ՀՅԴ, որովհետեւ սա այն կուսակցութիւնն է, որն աշխարհով մէկ պայքարել ու պայքարում է հայերի ինքնութիւնը պահպանելու համար: Սա այն կուսակցութիւնն է, որի հետ ունեմ երկարատեւ համագործակցութեան փորձ: ՀՅԴ-ն եղել է կառավարութեան անդամ իմ կառավարութեան ժամանակ, նոյնիսկ երբ կոալիցիայ դեռ ձեւաւորուած չէր: Փորձն արդիւնաւէտ է, արդիւնքները կան եւ բոլորդ դրա ականատեսն էք եղել: Ինչո՞ւ «Վերածնուող Հայաստանը», որը ծնուել է Սիւնիքում եւ հիմա տարածւում է ՀՀ-ով մէկ: Որովհետեւ Սիւնիքն այսօր ներկայ սպառնալիքների էպիկենտրոն է Հայաստանի համար: Սիւնիքից է կախուած՝ մնալո՞ւ ենք գոծօն այս տարածաշրջանում, թէ՞ դառնալու ենք կցորդ: Այստեղ վտանգները լուրջ են և կարծում եմ՝ Սիւնիքն այսօր մեր այս պահի պայքարի սիմվոլն է հանդիսանում:
Ինչո՞ւ պէտք է այս իշխանութիւնը հեռանայ. այս իշխանութիւնը մեր պարտութեան խորհրդանիշն է, մեր պարտութեան դէմքը, ձայնը: Այսպիսի դէմքով, այսպիսի ձայնով մենք չենք կարող նայել դէպի ապագան, չենք կարող կառուցել այդ ապագան: Հնարաւոր չէ առաջ գնալ նման կնիք ժողովրդի ճակատին ունենալով, դա ուղղակի անհնար է:
Այս իշխանութիւնը մեղաւոր է 5 հազար զոհերի, 11 հազար վիրաւորների համար, եւ 35 հազար անօթեւան մնացած մեր հայրենակիցների համար: Այս իշխանութիւնը բերում է մահ, տառապանք, եւ աւերում է այն, ինչին դիպչում է:
Յաջորդը. դաւաճանութեան եւ Արցախի վաճառքի կասկածը մեր ժողովրդի մօտ մնալու է այնքան ժամանակ, ինչքան մնան իշխանութեան այս մարդիկ: Միայն իշխանափոխութիւնից յետոյ հնարաւոր է լինելու պատասխանել մի շարք չափազանց կարեւոր հարցերի:
Յաջորդը, այս իշխանութիւնը հետեւողականօրէն քանդում է երկրի տնտեսութիւնը: Խոստացել են թռիչքաձեւ աճ, ապահովել են թռիչքաձեւ անկում: Այս իշխանութեան օրօք աճել է աղքատութիւնը, աճել է արտաքին պարտքը աւելի քան 2 մլրդ դոլարով: Ներդրումները գրեթէ զրօյեացել են: Ըստ էութեան, այս իշխանութեան օրօք այս 3 տարում աճել է միայն աղքատութիւնը եւ գերեզմանների քանակը: Սա է կարելի գրանցել որպէս արդիւնք այս իշխանութեան համար: Իրենք չեն կատարել ոչ մի նախընտրական խոստում, նոյնիսկ նրանք, որոնք հեշտութեամբ կարելի էր կատարել:
Ինչ ենք մենք մտադիր անել՝ գալով իշխանութեան: Առաջին հերթին պէտք է գնահատել երկրին հասցրած վնասի ծաւալը բոլոր ոլորտներում՝ տնտեսութիւն, իրաւական համակարգ, կրթութիւն, գիտութիւն եւ այլն: Դա անհրաժեշտ է յետագայ քայլերը պլանաւորելու համար: Անհրաժեշտ է անցնել հակաճգնաժամային քայլերի՝ կանգնեցնելու անվտանգութեան եւ պետական կառավարման յետագայ դեգրադացիան: Պէտք է կանգնենցնեք տնտեսական անկումը, պէտք է վերականգնենք երկրի վարկն ու կանխատեսելիութիւնը: Մենք վաղուց կորցրել ենք վստահելի գործընկերոջ համբաւը միջազգային ասպարէզում:
Սկզբունքօրէն կարեւոր է, որ ժողովուրդն անմիջապէս զգայ փոփոխութիւնները երկրում, ու ժողովուրդը դա զգալու է: Դատարկ խոստումներ չենք տալու, մեր յաջողութեան գրաւականը լինելու է արհեստավարժութիւնը, փորձը, ջանասիրութիւնը, կարգապահութիւնը եւ սէրը երկրի նկատմամբ:
Մենք առաջարկելու ենք աշխատող երկրի կոնցեպտը, նորից երկիրը վերածելու ենք շինհրապարակի: Առաջնային խնդիր է դառնալու տասնեակ հազարաւոր աշխատատեղերի ստեղծումը ամէն տարի: Մէկ անգամ դա արել ենք, վստահ եմ, որ ի վիճակի ենք դա կրկնել: Վերանալու են բիզնեսի նկատմամբ արհամարհանքը, ասֆալտին փռելու տեսարանները, ամէն ինչ արուելու է փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար: Մենք ունենալու ենք նոր գիտելիքահենք տնտեսութիւն, զարգացած գիւղատնտեսութիւն: Գերխնդիր է դառնալու բոլոր քաղաքացիների կեանքի որակի շեշտակի բարձրացումը:
Յաջորդը, պետական ապարատի մաքրութեան եւ արդիւնաւէտութեան համար պայքարը դառնալու է կոռուպցիայի դէմ պայքարի լաւագոյն գործիքը, ոչ թէ այն լոզունգները, որոնք այսօր են հնչեցւում, այլ կոնկրետ աշխատանք: Սուտը բացառուելու է պետական համակարգում: Մենք դարձել ենք ստի աշխարհ, պէտք է սկսենք այդ սուտը վերացնելուց:
Այսպիսին է մեր առաջնահերթութիւնների ոչ ամբողջական ցանկը: Խոստանում ենք միայն այն, ինչ ի վիճակի ենք անել: Ես միշտ հաւատացել եմ մեր ժողովրդի աշխատասիրութեանն ու ձեռներեցութեանը: Մենք կառուցելու ենք երկիր, որով իւրաքանչիւր հայ կը կարողանայ հպարտանալ: Մենք հասկանում ենք, որ ոչ ոք մեր փոխարէն չի ապահովելու մեր անվտանգութիւնը, ոչ ոք մեր փոխարէն չի ապահովելու տնտեսական զարգացումը եւ երկրի զարգացումը: Այո, ունենք դաշնակիցներ, բարեկամներ, բայց ոչ ոք մեր փոխարէն չի անելու այն գործը, որ պէտք է անենք մենք: Մեզ հետ են լինելու, մեզ ձեռք են մեկնելու, բայց մեր ճակատագիրը մեր ձեռքում պէտք է լինի, մենք ենք կառուցելու այն ամէնը, ինչի մասին նշեցի իմ ելոյթում: Մենք բերելու ենք արժանապատիւ խաղաղութիւն եւ բարգաւաճում: Վստահ եղէք, ամէն ինչ լաւ է լինելու: Շնորհակալութիւն»: