ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը կոչ է անում վարչապետին սթափուել և մնալ զբաղեցրած պաշտօնի լիազօրութիւնների շրջանակում
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հրապարակած է յայտարարութիւն, ուր կ՚ըսուի.
«Շահարկելով երկրում առկայ բազմաթիւ բացասական երևոյթները, խախտելով սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքները՝ Ն. Փաշինեանը ձգտում է միահեծան իշխանութեան` նախկին անընդունելի դրսևորումների մերժումը վերածելով անցեալի ուրացման, չխորշելով անգամ ազատագրական պայքարի ձեռքբերումներն ու դրանք մարմնաւորող ուժերին նսեմացնելուց:
Լաւագույն ապագայ կերտելու՝ հանրութեան երազանքը, յոյսն ու քաղաքական երկխօսութեան պահանջները բախւում են բարեփոխումներ իրականացնելու անկարող իշխանութեան ակրեսիվ վարքագծին:
Դաշնակցութեան վարկանիշը կասկածի տակ դնող Փաշինեանն ուրանում է նաև սեփական քայլերն ու մօտեցումները՝ մոռանալով, որ անցումային կառավարութիւն ձևաւորելիս գործընկերութիւն էր փնտռում Դաշնակցութեան հետ և պատասխանատու պաշտօններ վստահում:
Ժողովրդին պառակտելու` Ն. Փաշինեանի՝ անվերապահօրէն յաջողված ձեռքբերումն ու տեխնոլոգիան փորձ է արւում տարածել Դաշնակցութեան վրայ: Դաշնակցութիւնը մէկն է, և Դաշնակցութիւնը պաշտպանուելու կարիք չունի: Դաշնակցութիւնն իր անցեալի, իր ժառանգութեան տէրն է, իր բացթողումները խմբագրելու կամք և ունակութիւն ունի: Նաև յստակ է ՀՅԴ յանձնառութիւնը` ծառայել պետականութեանը, բայց ոչ՝ օրուայ իշխանութիւններին և քաղաքական կոնյունկտուրային:
Դաշնակցութիւնը շարունակելու է իր առաքելութիւնը` խորապէս անհանգստացած Հայաստանի ներկայով, երկրում վարուող անհեռատես ու անհաւասարակշիռ պոպուլիստական քաղաքականութեամբ, ստի և կեղծիքի մոլեգնող իրողութեամբ, երկրի ներքին և արտաքին ռիսկերը դիմագրաւելուն անպատրաստ իշխող քաղաքական թիմի գործունէութեամբ:
Կոչ ենք ուղղում Ն. Փաշինեանին` սթափուել և մնալ զբաղեցրած պաշտօնի լիազօրութիւնների շրջանակում, լուծել երկրի առջև օրեցօր ահագնացող մարտահրաւէրները:
Դիմում ենք ողջախոհ հանրութեանն ու քաղաքական ուժերին՝ համախմբուել երկիրն այս անհեռանկար ընթացքից հետ պահելու օրակարգի շուրջը»: