ՀՀ իշխանութիւնների միանձնեայ ինքնահաւան որոշումները դժուարացնում են Հայ Դատի գործը․ Սեւակ Պէլեան
Ադրբեջանից ու Թուրքիայից եկող վտանգը մեծ է, եւ դա հիմնականում Հայաստանի ու Արցախի ժողովուրդն է իր մաշկի վրայ զգում՝ Սիւնիքում Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Գանատայի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Սեւակ Պէլեանը, որը աշխարհասփիւռ Հայ Դատի յանձնախմբերի աւելի քան 50 ներկայացուցիչների հետ մասնակցում էր ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների 5-օրեայ խորհրդաժողովին, որն անցկացուեց Երեւանում, Գորիսում եւ Ստեփանակերտում։
«Մենք էլ, որպէս սփիւռքեան գաղութներ եւ որպէս Հայ Դատի յանձնախմբեր, մեծապէս մտահոգուած ենք, որովհետեւ հսկայական չափի անորոշութիւններ կան։ Եւ այդ ուղղութեամբ փորձում ենք անել առաւելագոյնը՝ առնուազն իրազեկման, լոբբինգի աշխատանքներ տանելով արտաքին աշխարհին, մեր պարագայում՝ Գանատային, ներկայացնելու, թէ ինչ է տեղի ունենում այսօր Հայաստանում։ Նաեւ այդ բոլոր փոփոխութիւնների մէջ փորձում ենք ճնշել իրենց, որ կարողանան պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը, սուվերենութիւնը եւ շրջանի բնակչութեանը նուազագոյն վնասներով դուրս բերեն»,- ասաց Սեւակ Պէլեանը։
Գանատայից հայեացքով՝ ՀՀ իշխանութիւնների սահմանազատման-սահմանագծման գործընթացի մէջ Սեւակ Պէլեանը որեւէ դրական ազդակ չի տեսնում, քանի որ դա կատարւում է փակ դռների յետեւում եւ անլուրջ ու ապիկար վերաբերմունքով։
«Երբեք վստահութիւն չի ներշնչում սահմանազատման այս գործընթացը, որովհետեւ նախ՝ որեւէ մակարդակի թափանցիկութիւն չկայ, եւ դա մեծապէս մտահոգիչ է բոլորիս համար, մանաւանդ սահմանամերձ գիւղերի բնակիչների համար, որովհետեւ իրենց ամբողջ ապագան, իրենց կեանքը վտանգի մէջ է։ Փակ դռների յետեւում այս անլուրջ, ապիկար վերաբերմունք ունեցող իշխանութիւնները ինչ-ինչ պայմանաւորուածութիւնների են գալիս ադրբեջանական կողմի հետ՝ ռուսական միջնորդութեամբ կամ այլապէս․ այդ ուղղութեամբ է, որ մենք որեւէ մէկ տեսակի դրական ազդակ չենք տեսնում այս գործընթացի մէջ»,- ասաց Սեւակ Պէլեանը։
Քաղաքական եւ դիւանագիտական իմաստով սահմանազատման եւ սահմանագծման պրոցեսները նաեւ ենթադրում են փոխադարձ տարածքային ամբողջականութեան ճանաչում՝ ասաց նա. սահմանագծումն առնուազն նախադրեալ է հետագայում տարածքային ամբողջականութեան ճանաչման համար, եւ դա բացարձակապէս անընդունելի է Դաշնակցութեան Հայ Դատի գրասենեակների համար, որովհետեւ իսկապէս խաթարում է երկար տարիներ շարունակուող՝ Արցախեան հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ իրենց աշխատանքը եւ իրենց սկզբունքները որպէս ազգ եւ որպէս կուսակցութիւն։
«Հայաստանի վարչապետը 2018-ի իշխանափոխութիւնից յետոյ շատ ինքնավստահ ձեւով յայտարարեց, որ ինքը ոչ մի որոշում չի կայացնելու Արցախի ժողովրդի անունից, ամէն ինչ համադրուած պիտի լինի եւ համաձայնեցուած ժողովուրդների հետ, եւ ճիշտ հակառակն արեց։ Եւ այսօր տեսնում ենք, որ ամէն քայլափոխի նա հակասում է այդ պնդումին, որ արել է դեռ 2018 թ-ին»,- ասաց Սեւակ Պէլեանը։
Հայաստանի իշխանութիւնների միանձնեայ ինքնահաւան որոշումների պատճառով ՀՅԴ Հայ Դատի գրասենեակներն անել կացութեան առջեւ են կանգնում, եւ դա մեծապէս դժուարացնում է նրանց գործը՝ ասաց ՀՅԴ Գանատայի Հայ Դատի գրասենեակի պատասխանատուն։
«Հայ Դատի յանձնախմբերը տարբեր երկրներում որ աշխատում են, մեր պարագայում՝ Գանատայում, մենք այնտեղ ներկայանում ենք որպէս Գանատացիներ։ Եւ ընդհանրապէս, երբեք չենք հիմնաւորել մեր աշխատանքներն այնպիսի ձեւով, որ ՀՀ իշխանութիւնների քայլերի կամ որոշումների արձագանգն է դա, այսինքն, մենք որպէս Գանատացի հայեր պահանջում ենք, որ՝ այսպէս կ’ուզենք, որ անի Գանատան, կամ այնպէս կ’ուզենք, որ անի այս կամ այն հարցի շուրջ։ Բայցեւայնպէս, համադրումի աշխատանք միշտ պէտք է տեղի ունենայ, եւ անցեալում միշտ տեղի էր ունենում Հայ Դատի գրասենեակների, յանձնախմբերի եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ, որպէսզի համադրուած ձեւով կարգաւորենք քաղաքական ճնշում բանեցնելու աշխատանքը։ Այսօր դա չկայ։ Այսինքն, մենք մեր սկզբունքներից չենք նահանջել, մեր սկզբունքները յստակ են ամբողջ աշխարհում, բայցեւայնպէս, այսօր հակասական արձագանգներ են գալիս Հայաստանի Հանրապետութիւնից, եւ այսպէս միանձնեայ ինքնահաւան որոշումների պատճառով մենք անել կացութեան առջեւ ենք կանգնում»,- ասաց Սեւակ Պէլեանը։
Այդպիսի ձախողուած համագործակցութեան մի օրինակ էր Բայրաքթարների՝ Գանատական արտադրութեան մասերի վաճառքի արգելքը Թուրքիային ու Ադրբեջանին, որը Գանատահայ համայնքը յաջողեց բացառապէս միայնակ՝ առանց Հայաստանի իշխանութիւնների օժանդակութեան։ Անգամ Գանատայի արտգործանախարարութեան առաջարկը՝ համատեղ հետաքննութիւն անել այս ուղղութեամբ, Հայաստանի արտգործանախարարութիւնը մերժել էր։
«Բնականաբար, վաճառքի այդ արգելքը լայնածաւալ աշխատանքի արդիւնք էր թէ՛ ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի, թէ՛ Գանատայի տարածքի տեղական յանձնախմբերի կողմից, եւ ընդհանրապէս Գանատահայ համայնքի շնորհիւ հնարաւոր դարձաւ հասնել այն արդիւնքին, որ Բայրաքթարների՝ Գանատական արտադրութեան թիրախաւորման սարքաւորումները, որոնք ամենակարեւոր սարքաւորումներն էին, կասեցուեն եւ այլեւս Թուրքիային չփոխանցուեն։ Գանատան ուղղակիօրէն Ադրբեջանին չէր վաճառել այդ սարքաւորումները, այլ Թուրքիային, որն ապօրինի դրանք փոխանցել էր Ադրբեջանին։ Բայց ստեղծուել էր մի իրավիճակ, երբ Գանատան ուղղակիօրէն մեղսակից էր։ Եւ մենք այդ ուղղութեամբ ճիշտ ներկայացումները կատարեցինք, եւ ոչ հայկական նաեւ այլ կազմակերպութիւնների աջակցութիւնը ապահովելով՝ յստակ քաղաքական ճնշում բանեցրինք կառավարութեան բարձրագոյն օղակների վրայ եւ կարողացանք ապահովել այդ զէնքի առուծախի կասեցումը»,- մանրամասներ յայտնեց Սեւակ Պէլեանը։
Նա եւս փաստեց, որ, որպէս հետաքննութեան արդիւնք, զեկուցագիր էր հարապարակուել Գանատայի ԱԳՆ կողմից, որտեղ նշւում էր, որ ՀՀ-ն այդպէս էլ չէր համագործակցել Գանատա պետութեան հետ, որովհետեւ փոխպետական համագործակցութիւնը շատ կարեւոր է հետաքննական աշխատանքում։
«Մենք այդ արդիւնքին հասանք զուտ մեր կուսակցական, կազմակերպական ճիգերով, եւ ոչ մի աջակցութիւն ցոյց չտրուեց ՀՀ պետութեան կողմից։ Դա, բնականաբար, մենք ցաւոտ ձեւով ընդունեցինք, եւ պէտք է ասել, որ դա յստակ արտացոլումն էր ներկայ իշխանութիւնների վարած քաղաքականութեան, անլուրջ վերաբերմունքի եւ պասիւ մօտեցման ամբողջ կացութեան նկատմամբ»,- ասաց Սեւակ Պէլեանը։
Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջների դէմ բացարձակ զիջողական կեցուածքով խաղաղութեան հասնելուն նա չի հաւատում։
«Եթէ զիջումներով պէտք է հաւատանք, որ խաղաղութեան դարաշրջան պիտի բացուի՝ մենք մատնուած ենք ամբողջական պարտութեան որպէս ազգ։ Ուղղակի ծիծաղելի է հաւատալը, որ զիջումների գնալով եւ կացութիւնները կանխելով՝ մենք խաղաղութեան դարաշրջան պիտի բանանք եւ տնտեսապէս զարգացնենք պետութիւնը։ Մենք միշտ ասել ենք, որ Արցախը Հայաստան աշխարհ դարպասն է, եւ Արցախն է, որ ապահովել է Հայաստանի սահմանային անվտանգութիւնը. ժամանակը ցոյց տուեց, որ ճիշտ էինք»,- ասաց Սեւակ Պէլեանը։
Նա վստահեցրեց, որ Դաշնակցութեան եւ աշխարհասփիւռ Հայ Դատի յանձնախմբերի հիմնական կեցուածքն այսօր ներկայ կացութեան հետ չհաշտուելն է։
Աննա Բալեան
https://youtu.be/biWv0BLucDA