«ՀՀ իշխանութիւնները լուանում են ձեռքերն Արցախից»․ Ռոբերտ Քոչարեան

Հայաստանն այսօր ոչ թէ բանակցային սեղանի շուրջ է, այլ բանակցային սեղանի վրայ։ Նման կարծիք է յայտնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։ Նա մամուլի ասուլիս էր հրաւիրել 44-օրեայ պատերազմի տարելիցի առիթով։

Ասուլիսի ժամանակ հնչած հիմնական թեզերը։

Ինչո՞ւ պատերազմը չկանգնեցուեց հոկտեմբերի 7-ին և 19-ին

Երկրորդ նախագահը կարծիք է յայտնել, որ սա միակ հարցն է, որի պատասխանը հնչել է՝ մէջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը, թէ՝ «չենք կանգնեցրել, որ մեզ դաւաճան չհամարեն»։

«Ուրեմն սրանից բխում է հետևեալը՝ բոլոր զոհուած զինուորների ծնողները կարող են համարել, որ հոկտեմբերի 7-ից յետոյ բոլոր զոհերի մեղքն ու պատասխանատուութիւնն այն մարդու վրայ էր, որը կարող էր պատերազմը կանգնեցնել ու չի արել։ Խուսափել է այդ ծանր, բայց պատասխանատու որոշումը կայացնելուց»,- մատնանշել է Քոչարեանը։

Ինչո՞ւ Հայաստանը պարտուեց 44-օրեայ պատերազմում

«Պատերազմում են պետութիւնները, ոչ թէ բանակները։ Հէնց դա է հիմնական պատճառը, որ երկրի առաջին դէմքը դառնում է գլխաւոր գերագոյն հրամանատար, որ կարողանայ մոբիլիզացնել ամբողջ ռեսուրսը։ Ըստ էութեան՝ Հայաստանում դա չարուեց։ Սա մեր ձախողման առաջին պատճառն է։ Մոբիլիզացիան ձախողուեց», — ասել է Քոչարեանը։

Հայաստանի երկրորդ նախագահի խօսքով՝ Ղարաբաղեան երկրորդ պատերազմի բոլոր հանգամանքները պէտք է քննուեն, բայց դա պէտք է արուի միայն ու միայն «ընդդիմութեան ակտիւ ներգրաւմամբ»

«Փաստերի համադրումը հիմք է տալիս մտածելու, որ շատ հաւանական է՝ պատերազմը սկսուել է տգիտութեան, անկարողութեան, ապիկարութեան պատճառով, բայց աւարտուել՝ ըստ պայմանաւորուածութեան»։

«Ջեբրայիլից մինչև Շուշի բնագիծ չի կառուցուել, խրամատ չի փորուել»

«Ես կարող եմ եզրակացութիւններ անել՝ համադրելով այն փաստերը, որոնց տիրապետում եմ. փաստերը հետևեալն են, որ Ջեբրայիլից մինչև Շուշի՝ Ջեբրայիլ, Հատրութ, Տօղ, Մեծ Թաղլար, Շէխեր, հասել են մինչև Քարին Տակ, այս ամբողջ ճանապարհին բնագիծ չի կառուցուել, խրամատ չի փորուել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

Քոչարեանը նշել է, որ հէնց այդ ժամանակահատուածում Վիտալի Բալասանեանը դիմել էր վարչապետ Փաշինեանին, որպէսզի իրեն նշանակեն այդ ուղղութեան պատասխանատու:

«Երբ այս ամէնը համադրում ես, տեսնում ես, որ կամ եղել է ուղղակի ապուշութեան գագաթնակէտը, կամ եղել է, այո, դաւաճանութիւն»։

Ըստ Քոչարեանի՝ դաւաճանութիւնը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, եթէ հաշուի առնենք այն, որ շրջանառւում էր թեզ, ըստ որի՝ «Ալիևը կանգ չի առնելու մինչև Շուշին չվերցնի»։

«Տպաւորութիւնն այնպիսին էր, որ Շուշին վերցնելու ողջ մարշրուտը կա՛մ բացում էին, կա՛մ առնուազն չէին փակում: Մենք ունենք շատ հիմնաւոր կասկածներ, որ այստեղ եղել է միտումնաւորութիւն»,- ընդգծել է Քոչարեանը:

Ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահը նաև յայտարարել է, որ հանդէս է եկել պատերազմում բեկում մտցնելու լուրջ առաջարկով, սակայն իրեն չեն լսել:

«Մենք դադարել ենք լինել Արցախի անվտանգութեան երաշխաւորը»

«Երևի նկատել էք, որ ՀՀ իշխանութիւնները խուսափում են խօսել Արցախի մասին, չեն խօսում կարգաւորման տարբերակների մասին, ընդհանրապէս, տպաւորութիւնն այնպիսին է, որ լուանում են ձեռքերն Արցախից, բոլոր հարցերը` կապուած Արցախի հետ, շատ հանգիստ հասցէագրում են ռուսական կողմին»,– ասել է Քոչարեանը։

Նրա դիտարկմամբ` որոշ ժամանակ անց ՀՀ հանրութիւնը ևս Արցախի հետ կապուած բոլոր հարցերը կը սկսի կապել Ռուսաստանի հետ՝ հնարաւոր «անբարենպաստ որոշումները» վերագրելով ռուսական կողմին։

Ոչ թէ բանակցային գործընթացի սուբյեկտ, այլ՝ օբյեկտ

«Ամէնից զաւեշտալին գիտէ՞ք որն է. այսօր դու բանակցային սեղանի շուրջը չես նստած, այսօր դու այդ բանակցային սեղանի վրայ ես, քեզ են քննարկում` առանց քո մասնակցութեան։ Դու դադարել ես լինել բանակցային գործընթացի սուբյեկտ, դու վաղուց արդէն բանակցային գործընթացի օբյեկտ ես»,– ընդգծել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարեանը։

Ըստ նրա՝ 44-օրեայ պատերազմի արդիւնքում ՌԴ ռազմավարական գործընկեր Հայաստանի դերակատարութիւնը տարածաշրջանում նուազել է, Թուրքիայի գործընկեր Ատրպէյճանինը՝ աճել։ «Ռուսաստանը չի կարող հաշուի չնստել այս հանգամանքի հետ՝ դա մեզ դուր գայ, թէ ոչ»։

«Ծնկների վրայ չոքած բանակցելը հարմար չէ»

Ստեղծուած իրավիճակից միակ ելքն, ըստ երկրորդ նախագահի, գործող իշխանութեան հեռացումն է

«Չես կարող ծնկների վրայ չոքած բանակցել: Չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ, չի ստացուելու»։

Խօսելով Փաշինեան-Ալիև հնարաւոր հանդիպման մասին՝ Քոչարեանն ընդգծել է, որ ամէն հանդիպում «լրացուցիչ նուաստացում է Հայաստանի և հայ ժողովրդի համար»։

Երկրորդ նախագահը տեղեկութիւններ ունի նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ատրպէյճանի փոխվարչապետների աշխատանքային խմբի հանդիպումների մասին։ Ասում է՝ տեխնիկական հարցեր են քննարկւում։

«Որևէ առարկայական հարց՝ կապուած Ղարաբաղի ապագայի, Շուշիի, Հատրութի, Ղարաբաղի կարգավիճակի հետ, չի բանակցւում»,- նշել է Ռոբերտ Քոչարեանը։

Jam-News

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.