Կան հարցեր, որ նպատակայարմար չէ հանրային քննարկման առարկայ դարձնել. Վահրամ Բալայեան

hraparak.am-ի հարցազրոյցը Արցախի ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայեանի հետ

– Ռուսաստանի եւ Ֆրանսիայի՝ հրադադարին ուղղուած ջանքերից յետոյ եկաւ Ամերիկայի հերթը։ Մինչ այդ հայ հասարակութեան մեջ կար մտայնութիւն, թէ իբր առաջին երկուսն այնքան էլ շահագրգռուած չեն հրադադարի հաստատմամբ, եւ դրա համար էլ այն չպահպանուեց: Բացի այդ, առաջին երկուսի համեմատ Ամերիկան լուրջ առաւելութիւն ունի: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք այս տեսակէտը, սպասելի՞ էր, որ երրորդ անգամ էլ չի պահպանուի հրադադարի պայմանաւորուածութիւնը։

– Հաշուի առնելով առաջին պատերազմի փորձը՝ նկատի ունեմ 1991-1994 թթ․, այն ժամանակ էլ նման միջնորդութիւն եղավ՝ հրադադար հաստատելու, բայց, ցաւօք սրտի, ամէն անգամ պայմանաւորուածութիւնը խախտւում էր․ Ադրբեջանը որոշակի ակնկալիքներ ունէր, որ ռազմաճակատում հաջողութիւններ կը գրանցի, որպէսզի հետագայում թելադրողի դիրքերից բանակցութիւններին  մասնակցի։ Այս անգամ էլ, ինձ թւում է, նոյն սցենարն է։ Որքան էլ ցաւալի է, բայց ես նախապէս մեր զրոյցներում կանխատեսում էի, որ երրորդ պայմանաւորուածութիւնն էլ չի պահպանուի, քանի որ հիմա այնպիսի իրավիճակ է, որ հարկաւոր է ուժի դիրքերից խօսել Ադրբեջանի հետ թէ՛ դիւանագիտական, թէ՛ ռազմական հարթակներում։ Խնդիրն այն է, որ դիւանագիտութիւնն ունի իր չերեւացող կողմը, եւ միայն յայտարարութիւնը բաւարար չեն, գուցէ նրանք ա՞յլ խօսակցութիւններ ունեն միւս կողմի հետ, եւ յայտարարութիւնից չենք կարող ասել՝ դրանք անկե՞ղծ են, թէ՞ ոչ։ Վերջին տարիները ցոյց են տուել, որ այդ երկիրը կարող է նման բան անել, եթէ անկեղծ է, եթէ ուզում է։ Գիտէք, ԱՄՆ-ն այն երկիրն է, որի մասին չի կարելի ասել, թէ խօսքը ջուրն է նետում։ Դրա համար եմ ասում՝ մենք չգիտենք, թէ ինչ պայմանաւորուածութիւններ կան նոյն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Հիմա, ԱՄՆ ապագայ իշխանութիւնները կը գնան նման քայլերի, թէ ոչ՝ դժուար է ասել, բայց այսօր փաստն այն է, որ այսօր միջնորդական առաքելութիւնները լիարժէք չեն իրականացւում։


– Հիմա, երբ, ինչպէս Դուք ասացիք, միջնորդները չեն կարողանում կամ չեն ուզում իրենց առաքելութիւնը կատարել, ի՞նչ զարգացումներ կարող են յաջորդել, ո՞րն է մեր անելիքը։

– Իհարկէ, պէտք է շարունակել բանակցութիւնները, պարտադիր չէ հանրութեանը մանրակրկիտ ներկայացնել, թէ ինչ է արւում, բայց պէտք է աւելի ակտիւ աշխատանքներ տարուեն։ Սրան զուգահեռ, ռազմաճակատում էլ պէտք է ուժեղացնել մեր դիրքերը, հակառակորդը պէտք է հասկանայ, թէ ինչ ժողովրդի հետ գործ ունի։ Հարաւում արձանագրելով յաջողութիւններ՝  նկատելի դարձաւ, թէ ինչ հռետորաբանութիւն  է խօսում Ալիեւը, որ ոչ մի պայման չի քննարկելու եւ այլն, բայց ռազմաճակատի այլ հատուածում մեր ակտիւութիւնը նրան ստիպեց խօսել բանակցութիւնների սեղանի շուրջ վերադառնալու եւ այլնի մասին։ Ուզում եմ ասել, որ պէտք է թէ՛ դիւանագիտական, թէ՛ ռազմական ճակատում զուգորդուած աշխատանքներ տանել։

Մենք չենք կարող ասել, որ միջնորդներն անելիք չունեն։ Եթէ չխօսեն խնդրի մասին, պատերազմն աւելի կը սաստկանայ։ Մենք պէտք է ակտիւացնենք մեր շփումները յատկապէս Ռուսաստանի հետ, որովհետեւ դա մի երկիր է, որի հետ մենք որոշակի ճանապարհ ենք անցել։ Հայութիւնը 350 տարուայ պատմութիւն ունի Ռուսաստանի հետ յարաբերութիւններում, եւ կարծում եմ, որ դա ակնթարթ չէ եւ պէտք է շարունակութիւն ունենայ։

 

– Ինչպէ՞ս էք պատկերացնում Ռուսաստանի գործօնի ակտիւացումը։ Մեր իշխանութիւնները վստահեցնում են, որ շատ լաւ յարաբերութիւններ ունեն Ռուսաստանի հետ, ինչ պէտք է, արւում է, օրերս էլ Արայիկ Յարութիւնեանը նամակով դիմեց Պուտինին։

– Գիտէք, որոշակի տեղեկատուութիւն տիրապետողը հասկանում է, որ նման անհրաժեշտութիւն կայ (նկատի ունի բաց նամակը՝ Լ․ Շ)։ Հազար ու մի հարց կայ՝ խաղաղութեան, մեր պետականութեան, պատասխանատուութեան, մեր երեխաների կեանքի, եւ չէր կարելի քննադատել, թէ ինչու դիմեց։

– Լաւ, իսկ Դուք ի՞նչ էք ակնկալում ռուսական կողմից, ի՞նչ չեն անում։

– Այո, որոշակի բաներ արւում են, կան դրական տեղաշարժեր։


– Այսինքն, կարծում էք՝ կարող են աւելին  անել, չե՞ն անում, ինչո՞ւ։

– Կան հարցեր, որ նպատակայարմար չէ հանրային քննարկման առարկայ դարձնելը, որովհետեւ դրանից աւելի շատ վնաս կարող ենք կրել։ Այնպէս որ, եկէք չխորանանք նման խնդիրների մէջ։

– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում ԼՂ հակամարտութեան մասին աղմկայարոյց յայտարարութիւններ արեց, օրինակ, «նման իրավիճակը, որի պարագայում Ադրբեջանի տարածքների զգալի մասը կորսուած է, չի կարող յարատեւ լինել»։ Խօսեց ռուս խաղաղապահների տեղակայման մասին, որն ընդունելի համարեց նաեւ մեր վարչապետը։ Որքանո՞վ են այս յայտարարութիւններն ընդունելի Արցախի համար:

– Ինքը միայն դա չասաց, ասաց, որ սա էթնիկ հիմքի վրայ առճակատում է, հայերի նկատմամբ ոճրագործութիւնները, որ կատարուեցին Սումկայիթում, ապա՝ նաեւ Ղարաբաղում։ Սա յստակ նամակ է Ադրբեջանին, որ այդ երկիրն իրականացնում է էթնիկ զտումների քաղաքականութիւն։ Կարծում եմ, որ ՌԴ նախագահի այդ խօսքը Ադրբեջանին նախազգուշացնող հանգամանք ունի իր մէջ՝ այն առումով, որ անընդհատ ակրեսիւ պահուածքը, դրա մէջ ներգրաւելով նաեւ վարձկան ահաբեկիչներին, այսօր նաեւ ակտիւօրէն գործում է Հիւսիսային Կովկասում եւ մտահոգում է Ռուսաստանին։ Սա թոյլ է տալիս մեզ ասելու, որ Ռուսաստանի կողմից կոնկրետ քայլեր հաստատ կը ձեռնարկուեն, թէ երբ՝ ես չեմ կարող ասել։

 

– Գուցէ այդ կոնկրետ քայլը՝ առաջինը լինի Արցախում խաղաղապահների տեղակայումը։

– Չեմ կարող ասել՝ այդ քայլը կը լինի խաղաղապահների տեսքով կամ այլ կերպ, բայց որ պէտք է քայլեր արուեն, ես դրանում չեմ կասկածում։

– Իսկ գուցէ Ռուսաստանն առաջարկում է «տարածքներ, խաղաղութիւն, խաղաղապահների տեղակայում» ձեւաչափը, եւ դա մեր իշխանութիւնների համար ընդունելի չէ։

– Բայց ինքն էլ մի քանի անգամ խօսեց, որ հարցը պէտք է լուծուի 3 սկզբունքների հիման վրայ՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականութեան եւ ազգերի ինքնորոշման սկզբունքի։ 3 սկզբունքներն իրար հետ պէտք է խօսեն, եւ ինչ-որ որոշում կայացնեն։ Թէ դա ինչ ձեւով է լինելու, չեմ կարող այս պահին ասել, բայց որ պէտք է մի տեղից սկսել խօսել, սա անհրաժեշտութիւն է՝ անկախ նրանից, թէ ինչ ելակէտ է լինելու։ Փաստն այն է, որ եթէ կողմերը նստեն բանակցային սեղանի շուրջ, միջնորդների ակտիւ մասնակցութեան պարագայում կարելի է մի բանի հասնել, մի լուծման, որը թոյլ կու տայ տարածաշրջանում երկարատեւ խաղաղութիւն պահպանել։

 

Լուսինէ Շահվերդեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.