Խորհրդարանական ընտրութիւնների հրապարակուող արդիւնքները խիստ վիճահարոյց են և վստահութիւն չեն ներշնչում. «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
Խորհրդարանական ընտրութիւնների հրապարակուող արդիւնքները խիստ վիճահարոյց են և վստահութիւն չեն ներշնչում.
Դրանք ծայրահեղ հակասութեան մէջ են մտնում հանրային կեանքի տարբեր դրսևորումների հետ, որոնց ականատեսն ենք եղել անցած 8 ամիսների ընթացքում, հանրային կարծիքի ուսումնասիրութեան բոլոր արդիւնքների հետ՝ այդ թւում միջազգային, վերջապէս՝ պարզ բանականութեան հետ:
Քարոզարշաւի ընթացքում ընդդիմադիր ուժերի խիստ բազմամարդ հաւաքները և իշխանութեան ակնյայտ սակաւամարդ միջոցառումները, երկրում առկայ վստահութեան ճգնաժամը մատնացոյց էին անում լրիւ այլ հանրային տրամադրութիւնների առկայութիւնը:
Վստահութեան պակասի լրջագոյն հիմք են հանդիսանում բուն ընտրութեան օրը տարբեր տեղամասերից եկող հարիւրաւոր ահազանգերը, որոնք վկայում են ընտրութեան արդիւնքների համակարգուած և նախապէս պլանաւորուած կեղծարարութեան մասին:
Հաշուի առնելով վերոգրեալը՝ «Հայաստան» դաշինքը խնդիր է դնում արձանագրուած և ենթադրուող խախտումների խորը և փաստարկուած ուսումնասիրութեան, ինչին ձեռնամուխ ենք լինում անմիջապէս:
Քանի դեռ բոլոր խնդրահարոյց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրութիւններ, և փարատուած չեն կասկածները, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրութիւնների արդիւնքները:
«Հայաստան» դաշինք