Խաղաղութիւն Մուրալու Անարժանապատիւ Գինը…
Այսպէս ասած՝ «հայ-ադրբեջանական հաշտութեան ու խաղաղութեան», իսկ խորքում՝ հերոսական Արցախին ծունկի բերելու վերջին ժամանակաշրջանների դէպքերի շարանը, ահա, «արդիւնաւորւեցին» մարտի 5-ի ադրբեջանական հերթական սադրանք-ագրեսիայով, աւելի ճիշտ՝ ահաբեկչութեամբ, որի արդիւնքում էլ Արցախի Ներքին գործերի նախարարութեան ոստիկանական բաժանմունքի երեք սպայ զոհուեց, 4-րդը վիրաւոր:
Բուն դէպքերի շարանին անցնելուց առաջ պէտք է մէջբերել որոշակի պաշտօնական յայտարարութիւններ, ըստ որոնց՝
«Ռուս խաղաղապահ զօրակազմի հրամանատարութեան միջնորդութեամբ եւ ներկայութեամբ՝ փետրուարի 24-ին Արցախեան կողմը հանդիպել է ադրբեջանական կողմի հետ: Ապա պայմանաւորուածութիւն է ձեռքբերուել երկրորդ հանդիպման կապակցութեամբ, որը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ Արցախի Անվտանգութեան խորհրդի քարտուղար Սամուէլ Շահրամանեանի գլխաւորութեամբ:
Երկրորդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով ինտեգրացիա բառը, սակայն պրն. Շահրամանեանը կանխել է ասելով, որ եթէ պէտք է քննարկեն քաղաքական հարցեր, դա պէտք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախութեան ճանաչման թեման: Նա յաւելել է, որ քաղաքական հարցերի քննարկման համար իրենք լիազօրուած չեն եւ տուեալ հանդիպմանը չեն կարող քննարկել այդպիսի հարցեր»: Ըստ նոյն պաշտօնական աղբիւրի՝ դրանից յետոյ ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է Արցախեան կողմին, որ կամ ընդունում են ինտեգրացիոն քաղաքականութիւնը, կամ առկայ խնդիրներին որեւէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են աւելի կոշտ եւ կտրուկ քայլեր:
Ահաւասիկ, բուն դէպքերի զարգացումը մինչ այդ.-
1- Վերջերս Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում Արցախեան հիմնահարցի վերաբերեալ ընդդիմութեան կազմակերպած լսումներին, իշխանութեան միակ ներկայացուցիչ օլիգարխ Գուրգէն Արսէնեանը, որպէս վերոգրեալ խաղաղութեան ջատագով, մօտաւորապէս այսպիսի միտք արտայայտեց, ըստ որի՝ առաջնայնութիւնը պէտք է տալ 3 միլիոնանոց ՀՀ-ին եւ ոչ թէ՝ 120000-անոց Արցախին…:
Սրա արձագանգը, սակայն, չուշացաւ. նոյնինքն Ալիեւը երեք միլիոնանոց ՀՀ-ն անուանեց ոչ աւել, ոչ պակաս՝ «արեւմտեան Ադրբեջան»…
2-Այնուհետեւ Լահէի միջազգային դատարանը վճիռ կայացրեց, որպէսզի Ադրբեջանը ապաշրջափակի Լաչինի միջանցքն ու չխոչընդոտի հումանիտար օգնութիւնները, բայցեւայնպէս մինչ օրս՝ ձայն բառբարոյ յանապատի… ու դեռ աւելին՝ Բաքուն դարձեալ պնդում է Լաչինի միջանցքում իր վերահսկողութեամբ անցակէտ տեղալայելու եւ դրանով նոր սադրանքների գնալու անհրաժեշտութեան մասին:
3-Ադրբեջանական լկտիութիւնը, ապա, աւելի ուժգնօրէն դրսեւորուեց ամիսներից ի վեր բարձրացրած աղմուկի շարունակմամբ, որով պահանջում էր Արցախի նորանշանակ պետնախարարի՝ Ռուբէն Վարդանեանի հեռացումը… ու ցաւօք, երեւի ցնորամիտ խաղաղութեան անվտանգութեան սիրոյն, պետնախարարին նշանակած նոյն Արցախի նախագահը պաշտօնազրկում է կարճ ժամանակում ժողովրդական մեծ աջակցութիւն վայելող Ռուբէն Վարդանեանին:
4-Նոյն անարժանապատիւ խաղաղութիւնը իբր չվտանգելու համար, Ն. Փաշինեանը Միւնխէնեան հանդիպումներում ոչ մի կերպ ի զօրու չի լինում եւ ինչպէս բազմիցս է ապացուցել, չի ցանկանում ընդդիմանալ յոխորտացող ու լկտի Ալիեւի հակաարցախեան ու հակահայաստանեան բարբաջանքներին, քանզի հէնց ինքն էր մինչ այդ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական խաղաղութեան սպառնալիք բնութագրել ՀԱՊԿ-ն ու ՀՀ-ում ռուսական ռազմաբազաները:
5-Իսկ ամենազաւեշտալին այն, որ այդ չարչրկուած խաղաղութեանը «չվնասելու» համար էր երեւի, որ Հայաստանի վարչապետի պաշտօնն զբաղեցնողը, Պերլինում, վարչապետ Շոլցի՝ Արցախի հարցի ինքնորոշման իրաւունքի մասին խիստ հայամէտ յայտարարութեանը (թէկուզ հետագային ասուեց, որ խօսքի այդ բաժինը հանուել է վարչապետի կայքէջից…) ոչ մի դրական արձագանգ չի ցուցաբերում…:
…Եւ այս ամենից յետոյ, ինչպէս չսպասել ադրբեջանական նոր ու հերթական գալիք ագրեսիաների, որոնք կանխարգիլելու փոխարէն, հրամցւում են ժողովրդին, վերջնիս համոզելու, որ եթէ Արցախեան հարցի գծով միջազգային հանրութեան (իմա՝ թուրք-ադրբեջանական) պահանջի համաձայն նշաձողը չիջեցնենք, ապա ագրեսիաներն ու նոր պատերազմը անխուսափելի կը դառնան…: Իսկ այսօր եւեթ, նման պարտուողական կեցուածքի շարունակման դէպքում նշաձողերը կը դառնան՝ Արցախի ամբողջական հայաթափումը, ապա՝ Սիւնիքի բռնագրաւումը եւ վերջում էլ՝ «արեւմտեան Ադրբեջանի» ապահայացումը…:
Դերենիկ Մելիքեան