Ինչո՞ւ է գոհունակ Ադրբեջանը հայ-թուրքական Մոսկովեան բանակցութիւններից…

2009 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի նախաձեռնած հայ-թուրքական հաշտեցման գործընթացի (ֆուտբոլային դիւանագիտութիւն‎) վիժեցման գործում մեծ ու որոշիչ դերակատարութիւն ունեցաւ Սփիւռքը, որի քաղաքական ու հասարակական հատուածները միահամուռ ընդդիմացան ժամանակի ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութեանը:

Հետագային էլ, երբ պարզուեց, որ Թուրքիան հակառակ իր յայտարարութիւններին, այդ հաշտեցմանը վերաբերւում է լոկ նախապայմաններով, ինքն էլ «արդարացաւ» նրանով, որ իր կրտսեր եղբայր Ադրբեջանը խիստ դժգոհ է եղել հայ-թուրքական հաւանական կապերի ստեղծմամբ, քանի դեռ Արցախեան հարցը իրենց ուզածով չի հանգուցալուծուել:

Թուրք-թաթարական այս ճչացող նախապայմանը մնաց իր ուժի մէջ, մինչեւ 2020 թ. նոյն թուրք-թաթարական համատեղ ագրեսիայի արդիւնքում ստեղծուած աշխարհագրա-քաղաքական նոր իրավիճակը, որին մինչ օրս էլ մատնուել է Հայաստանի Հանրապետութիւնը…

Հիմա, սակայն, ինչպէս Ադրբեջանը ամենաբարձր մակարդակներով է յայտարարում, ինքը եւս գոհունակ է 2022 թ. յունուարի 14-ի հայ-թուրքական բանագնացների Մոսկովեան հանդիպումից, դրական գնահատելով «տարածաշրջանում խաղաղութեանը միտող նոր գործընթացը»:

Սա, ոչ այլ ինչ է, եթէ ոչ 2009-10-ի թուրք-թաթարական Արցախեան հարցի կարգաւորման իրենց օգտին լուծելու նախապայմանի իրականացումը… ի՞նչ է սա նշանակում: Նշանակում է այն, որ մինչ Մոսկովեան տուեալ հանդիպմանը Թուրքիայի ղեկավարութեան եւ ցաւօք՝ Հայաստանի իշխանաւորների կողմից շարունակ բարձրաձայնուած «Առանց նախապայմանների հանդիպում-բանակցութիւնները» մեղմ ասած՝ հեքիաթներ են լոկ… նշանակում է նաեւ, որ մինչ «առանց նախապայմանների հանդիպումները» թուրք-թաթարական նախապայմանները ապահովուել են՝ ի վնաս Հայաստանի ու հայութեան:

Արցախեան հարցի ադրբեջանանպաստ լուծման առումով, արդէն Ադրբեջանն ինքն է յայտարարում, իսկ բացառուած էլ չէ, որ թուրքերի գոհունակ, վստահ ու հապճեպօրէն Մոսկովեան հանդիպմանը մասնակցելու հիմք են հանդիսացել առհասարակ Հայաստանի կողմից Հայոց Ցեղասպանութեան միջազգայնօրէն չարծարծման, ինչպէս նաեւ՝ «թուրք-ադրբեջանական հողային ամբողջականութեան» (ներառեալ Սիւնիքի նկատմամբ յաւակնութիւնները) ու նաեւ միւս նախապայմանները ապահովուած տեսնելու երիցս հայաստանավնաս հանգամանքները…:

Ահաւասիկ, Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան, հողային ամբողջականութեան ու անվտանգութեան Արցախեան հայանպաստ հանգուցալուծման ու մասնաւորապէս Հայոց պահանջատիրական մաքառումները լինելով գերազանցապէս համազգային նշանակութեան հիմնախնդիրներ, պահանջում են հանգուցալուծման համարժէք վերաբերմունք եւ ինչպէս 2009 թուականի թուրքական խարդաւանքները, այս նորագոյնն էլ, ուշ կամ շուտ տապալուելու է մեր համազգային անտեղիտալի ջանքերի շնորհիւ…:

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.