Թուրքիան անցաւ Հայաստանի հետ իր մարտավարութեան երկրորդ փուլին». Ռուբէն Սաֆրաստեանը՝ Ռուբինեան-Քըլըչ պայմանաւորուածութեան մասին

«Երեկուայ հանդիպման առանձնայատկութիւնը կայանում է նրանում, որ մենք տեսանք կոնկրետ արդիւնք, շատ փոքր: Դա տեղի ունեցաւ, որովհետեւ Թուրքիան անցաւ Հայաստանի հետ իր մարտավարութեան երկրորդ փուլին: Եթէ սկզբնական հանդիպումներն, ըստ էութեան, արդիւնք չէին տալիս, դա Թուրքիայի մարտավարութիւնն էր՝ Հայաստանին այդ գործընթացի մէջ աւելի խորը ներքաշելու: Հիմա, նրանք սկսում են կիրառել իրենց մարտավարութեան երկրորդ փուլը. փոքր-փոքր քայլերով աւելի հիմնաւոր դարձնել բանակցային գործընթացը»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսում խօսելով երեկ կայացած Ռուբինեան-Քըլըչ հերթական հանդիպման մասին, որի ժամանակ պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել երրորդ երկրների քաղաքացիների համար բացել ցամաքային սահմանը, ասաց ակադեմիկոս, Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէնի խորհրդական Ռուբէն Սաֆրաստեանը: Թուրքիայի համար Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորումը բանախօսն ինքնանպատակ չի համարում: Աւելին, ասում է, որ ռազմավարական առումով Հայաստանը Թուրքիային չի հետաքրքրում, քանի որ Հայաստանն իր համար վտանգ չի ներկայացնում, տնտեսական շուկան շատ փոքր է, իր համար հետաքրքրութիւն չի ներկայացնում: «Խօսքը գնում է այն մասին, որ Թուրքիան, օգտագործելով բանակցային գործընթացը, փորձում է Հայաստանից զիջումներ կորզել. սա է նպատակը, որ Թուրքիան սկսեց այս բանակցութիւնները»,- ասաց Ռուբէն Սաֆրաստեանը՝ յիշեցնելով, որ սահմանը Թուրքիան էր փակել: Ինքը, ելնելով տասնեակ տարիների իր փորձառութիւնից եւ շփումներից, փաստում է, որ իրենց մօտեցումն այն է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսինն է, որ Հայաստանն աւելի շատ պէտք է շահագրգիռ լինի Թուրքիայի հետ յարաբերութիւններ կարգաւորել, քան Թուրքիան՝ Հայաստանի հետ, ուստի Հայաստանը պէտք է գնայ զիջումների: Զիջումներից մէկն էլ, օրինակ, Ադրբեջանին միջանցք տալն է, Արցախն՝ Ադրբեջանի կազմում ճանաչելը, Ցեղասպանութեան ճանաչման քաղաքականութիւնից հրաժարուելը եւ այլն: Իր նպատակներին հասնելու համար Թուրքիան որոշակի տակտիկա է կիրառում, որը բանախօսի համոզմամբ մշակուած է: Իսկ այս համոզմանն ինքը եկել է՝ բանակցային գործընթացի մեկնարկին ուսումնասիրելով մի շարք գործընթացներ, որոնց արդիւնքում հաւաստիացել է, որ բանակցային եւ տեսութեան բնագաւառում լաւագոյն մասնագէտներ են ներգրաւուել յատուկ ստեղծուած խմբերում: Ձեռք բերուած վերջին պայմանաւորուածութեան նպատակն, ըստ Ռուբէն Սաֆրաստեանի, ընդամենը ցոյց տալն է, թէ որոշակի առաջընթաց կայ, թէեւ չի բացառւում, որ այդ սահմանով այդպէս էլ որեւէ մէկը չանցնի: Նրա գնահատմամբ, Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման հարցն ԱՄՆ-ն է դրել Թուրքիայի առջեւ, ինչը ակնյայտ դարձաւ նաեւ Բայդենի եւ Էրդողանի վերջին՝ Մադրիդի հանդիպման ժամանակ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐԵԱՆ

aravot.am

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.