«Թուրքիայի հիմնական խնդիրն է ամէն ինչ անել, որ ռուս խաղաղապահները լքեն տարածաշրջանը»

Ակադեմիկոս, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստանի կարծիքով՝ եթէ Հայաստանը չմասնակցէր Անթալիայում տեղի ունեցած դիւանագիտական ֆորումին, ապա ոչինչ չէր փոխուելու։ Նրա խօսքով՝ աւելի լաւ էր մասնակցելը, քանի որ, բացի Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումից, ՀՀ արտգործնախարարը մի շարք այլ հանդիպումներ ունեցաւ։ Նրա խօսքով՝ բարձրաստիճան դիւանագէտները որքան շատ հանդիպումներ են ունենում, այնքան շատ հնարաւորութիւններ են ունենում իրենց երկրի, այս դէպքում՝ Հայաստանի տեսակէտը ներկայացնելու համար։

Անդրադառնալով Միրզոյեան-Չաւուշօղլու հանդիպմանը՝ թուրքագէտը նշեց, որ չի կարծում, թէ այդ հանդիպմանը բովանդակային հարցեր են քննարկուել։ Հանդիպումն աւելի շատ կրում էր ձեւական բնոյթ, ինչ, ինչպէս որ դիւանագիտական ֆորումը, առաջին հերթին անհրաժեշտ էր Թուրքիային։ «Թուրքիան Անթալիայի ֆորումը փորձում է օգտագործել որպէս միջոց աշխարհում իր հեղինակութիւնը բարձրացնելու համար, միջնորդ է հանդէս գալիս, ինչպէս, օրինակ, Չաւուշօղլուն որպէս միջնորդ հանդէս եկաւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի արտգործանախարարների հանդիպման համար, այդ նոյն միջոցառումների շարքից էր նաեւ հանդիպումը Միրզոյեանի հետ, որը ներկայացւում է որպէս Թուրքիայի կողմից ձգտում տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու համար։ Թուրքիային աւել շատ էր պէտք այն՝ ցոյց տալու, որ, տեսէք, մենք նպաստում ենք հակամարտութիւնների կարգաւորմանը»,- ասում է զրուցակիցս։

Ակադեմիկոսը համոզմունք է յայտնում, որ միեւնոյնն է՝ Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացում Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշելու, եւ հայկական կողմը պէտք է շատ սկզբունքային մօտեցում ունենայ այդ հարցերում՝ զիջումների չգնայ։ Նրա խօսքով՝ դիւանագիտութիւն է, պայքար է, Թուրքիան իր դիրքորոշումներն է փորձելու առաջ տանել, Հայաստանն էլ պէտք է կարողանայ դիմակայել, քայլեր ձեռնարկել, որոնք հնարաւորութիւն կու տան ճնշում գործադրելու։ «Եթէ տեսնենք, որ չենք կարողանում դիմակայել, ապա պէտք է դուրս գալ այդ բանակցային գործընթացից։ Դա է ամբողջ խնդիրը»,- ասում է թուրքագէտը։

Սա հայ-թուրքական չորրորդ բանակցային գործընթացն է, առաջին երեքը ձախողուել էին, եւ «Հետքի» զրուցակցի կարծիքով՝ քիչ շանսեր կան, որ այս մէկը յաջողութիւն կարող է ունենալ։

44-օրեայ պատերազմում Հայաստանի պարտութիւնից, ստատուս քուոյի խաթարումից յետոյ տարածաշրջանը, Ակադեմիկոս Սաֆրաստեանի խօսքով, նոր ստատուս քուոյի ձեւաւորման փուլում է։ Այստեղ շատ ակտիւ դերակատարում է ստանձնել Թուրքիան, որը փորձում է իր նշանակութիւնն ուժեղացնել տարածաշրջանում։ «Թուրքիան դա պէտք է անի ի հաշիւ Ռուսաստանի՝ օգտագործելով Ադրբեջանին։ Սա տարածաշրջանի աշխարհաքաղաքական ստրատեգիկ ընդհանուր պատկերն է»,- նկատում է թուրքագէտը։ Նա չի բացառում, որ Ադրբեջանը Թուրքիայի դրդմամբ սկսի սադրանքներ ոչ միայն Հայաստանի եւ Արցախի հանդէպ, ինչին ականատես ենք լինում, այլեւ ռուս խաղաղապահների դէմ։ Դրա նպատակը կը լինի այն, որ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքեն տարածաշրջանը։ «Կարծում եմ՝ հիմա Թուրքիայի հիմնական խնդիրն է ամէն ինչ անել, որ ռուս խաղաղապահները լքեն տարածաշրջանը։ Դա օգտակար է Ադրբեջանին, որից յետոյ նրանք հնարաւորութիւն կ’ունենան ճնշումներ գործադրել Արցախի վրայ։ Սակայն դա նաեւ ձեռնտու է Թուրքիային, քանի որ այն կը հասնի իր նպատակին՝ Ռուսաստանը կը զրկուի կարեւոր լծակից՝ տարածաշրջանում իր ազդեցութիւնը պահպանելու համար»,- ասում է Ռուբէն Սաֆրաստեանը։

Ակադեմիկոսը դժուարանում է ասել, թէ արդեօք Ռուաստանը դուրս կու գայ տարածաշրջանից՝ յաւելելով, որ ճնշումները գնալով ուժեղանում են Ռուսաստանի վրայ։ Նրա խօսքով՝ Ռուսաստանը, թերեւս, հասկանում է Թուրքիայի նպատակն այդ հարցում։ Ըստ այդմ՝ եթէ Ռուսաստանը կորցնի իր մենաշնորհը տարածաշրջանում, որտեղ Թուրքիան արդէն ոտք է դրել եւ գնալով փորձում է ուժեղացնել դիրքերը, ապա մի նոր վտանգ կստեղծուի ռեգիոնում՝ վերջինիս մերձաւորարեւելականացումը։

«Այսինքն՝ Մերձաւոր Արեւելքը, որ մինչեւ հիմա հեռու էր մեզնից, կը սկսի ազդել մեր տարածաշրջանի վրայ։ Այդ գործընթացի սկիզբը դրեց Թուրքիան՝ այնտեղից վարձկաններ, ջիհադիստներ, ահաբեկիչներ բերելով, պատերազմից առաջ դրանց տեղակայելով Ադրբեջանում, իսկ պատերազմից յետոյ էլ նրանց մի մասը մնաց։ Այսինքն՝ Թուրքիան վերցրեց Մերձաւոր Արեւելքի ամենավատը, ամենաբացասականը՝ ծայրահեղական տեռորիստական խմբաւորումների ներկայացուցիչներին, եւ բերեց մեզ մօտ։ Բացի դրանից՝ Թուրքիան փորձում է Պակիստանին ներգրաւել տարածաշրջանում»,- ասում է թուրքագէտն ու յաւելում է, որ այդ տեսանկիւնից պէտք է նկատի առնել, որ, Ռուսաստանից բացի, նաեւ Իրանն է դրական մեծ դեր խաղում՝ կարեւոր պատնէշ դառնալով այդ վարձկանների դէմ։ Տարածաշրջանը մտել է է թէժ պայքարի փուլ, որտեղ Հայաստանը, ըստ Ակադեմիկոս Սաֆրաստեանի, պէտք է կարողանայ ճիշտ կողմնորոշուել եւ հասկանալ, թէ գործընթացներն ինչպէս են գնում։

 

Hetq.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.