Զուտ հայկական «խաղաղասիրութիւն»

Իհարկէ, շատ է ասուել և գրուել այս մասին, բայց այնուամենայնիւ, որոշեցի ևս մէկ անգամ անդրադառնալ այս թեմային։

Այո, խաղաղութիւնը լաւ բան է և այդ խաղաղութեան մասին երազանքն ուղեկցել է մարդկութեանը պատմութեան ողջ դարերում։ Խաղաղութեան մասին երազել են յատկապէս մեծ մտածողները,հումանիստ փիլիսոփաները, ուտոպիստները։ Խաղաղութեան ջերմ կողմնակից է եղել նաև մեծն Յովհաննէս Թումանեանը։ Յիշենք նրա յայտնի քառեակը․

Լինէ՜ր հեռու մի անկիւն,

Լինէ՜ր մանկան արդար քուն,

Երազի մէջ երջանիկ,

Հաշտ ու խաղաղ մարդկութիւն։

Սակայն, որքան էլ առանձին անհատներ երազեն, գործեն յանուն խաղաղութեան, միևնոյնն է պատերազմներն ինչպէս եղել են, այնպէս էլ շարունակուելու են։ Շատերն ինձ կը հակաճառեն, չէ՞ որ , ամէն դէպքում երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ, այլևս այդպիսի աւերիչ պատերազմներ չեն եղել և ինչ-որ բան աշխարհում փոխուել է։Նախ, փոխուե՞լ է, թէ՞ փոխուել էր։ Այո, իսկապէս փոխուել էր․․․և այդ փոփոխութեան պատճառը, որքան էլ զարմանալի թուայ, միայն ու միայն միջուկային զէնքի առկայութիւնն է։ Համոզուած եմ, եթէ չլինէր միջուկային զէնք, ապա կը լինէին երրորդ, չորրորդ և մնացեալ համաշխարհային պատերազմները։ Այսինքն, երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ, համեմատաբար «խաղաղ» տասնամեակների գոյութիւնը կախուած է հէնց ամենամահաբեր՝  միջուկային զէնքի առկայութեան հետ։ Իսկ այդ նոյն տասնամեակների ընթացքում, տեղի են ունեցել տասնեակ լոկալ պատերազմներ, տալով միլիոնաւոր զոհեր։Իսկ այսօր,  աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, եթէ այն արդէն չի սկսուել։ Հետաքրքրական է, որ որպէս կանոն, խաղաղութիւնից խօսում են հիմնականում միջուկային գերտէրութիւնների ղեկավարները։ Յիշենք ԽՍՀՄ տարիներին ամենատարածուած խաղաղասիրական երգերից․

Թող լինի միշտ արևը,

Թող լինի միշտ երկինքը,

Թող լինի միշտ մայրիկը,

Եւ թող միշտ լինեմ ես…

Այո՛, գերտէրութիւնները, ուժի դիրքերից քարոզում են խաղաղութիւն, այսինքն՝ ինձ հնազանդիր և խաղաղ գոյատևիր։ Իսկ ինչպէս պաշտպանեն իրենց խաղաղութիւնը, ոչ այնքան հզօր երկրները, որոնք չեն ցանկանում հնազանդուել հզօրներին։ Դրա օրինակները նոյնպէս առկայ են։ Դարեր ի վեր լինելով կայսրութիւնների պատերազմական թատերաբեմում, Զուիցերիան ի վերջոյ հասաւ խաղաղութեան, այդ թւում զերծ մնալով առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներից։ Պատերազմներից խուսափելու և խաղաղ ապրելու համար, ստեղծեց ամուր ինքնապաշտպանական համակարգ։ Շատերի համար այսօր էլ զարմանալի է, թէ համեմատաբար խաղաղ Եւրոպայում, ինչու՞ է  որևէ ռազմական ալեանսի չանդամակցող, չէզոք Զուիցերիան շարունակում պահպանել պարտադիր զինուորական ծառայութիւնն ու կատարելագործում իր սպառազինութիւնը։ Կարծում եմ, միանգամայն ճիշտ է վարւում։ Երեկ Եւորպան խաղաղ էր, իսկ այսօ՞ր։

«Զուիցերիան չունի բանակ, Զուիցերիան հէնց ինքը բանակ է»։ Զինուորական ծառայութիւնը պարտադիր է Զուիցերիայի բոլոր քաղաքացիների համար։ Կանայք նոյնպէս կարող են կամաւոր հիմունքներով ծառայել բանակում։ Ամէն տարի 20000 մարդ է կրթւում զինուորական դպրոցներում, դասընթացների տևողութիւնը կազմում է 12- 21 շաբաթ։ Այն անձինք որոնք խուսափում են ծառայութիւնից կամ ունեն համապատասխան բժշկական թուղթ, որը ապացոյցն է որ պիտանի չեն ծառայութեանը, ապա ամէն տարի պէտք է վճարեն պետութեանը զինուորական հարկեր։ Այո՛, Զուիցերիան խաղաղութիւն չի մուրում, այլ իր բանակով ապահովում է իր երկրի, ժողովրդի խաղաղութիւնը։ Ահա թէ որտեղ է խաղաղութեան բանալին։

Կարելի է նաև այլ երկրների օրինակներ բերել՝ Իսրայէլ, Ֆինլանդիա, Վիետնամ ․․․

Համենայն դէպս, ինչպէս վերը նշեցի, բացի գերհզօր պետութիւններից, այլ երկրներ խաղաղութիւն չեն քարոզում և իրենց թշնամիներից, կամ պոտենցիալ հակառակորդներից խաղաղութիւն չեն մուրում, այլ իրենց ողջ ջանքերը ներդնում են երկրի պաշտպանութեանը, որով էլ ապահովում են իրենց երկրի խաղաղութիւնը։

Կարելի է արձանագրել, որ ազգերը լինում են երեք տիպի․ նուաճող (նաև կոտորող), ինքնապաշտպանուող , նուաճուող և կոտորուող։ Հայ ժողովրդի մէջ դարերի ընթացքում «խաղաղութեան» քօղի տակ, հիմնականում քարոզուել է հպատակութիւն, որն էլ բերել է օտարի կողմից նուաճման և հայ ժողովրդի կոտորածի։ Այո՛, առանձին անհատների շնորհիւ, ինչպիսիք էին Դաւիթ Բէկը, Արամ Մանուկեանը, Դրօն, Գարեգին Նժդեհը, կազմակերպուեց և իրականացուեց ինքնապաշտպանութիւն, որոնց շնորհիւ աշխարհի քարտէզում մնաց Հայաստանը։ Նոյն ինքնապաշտպանութեան վառ օրինակ էր արցախեան շարժումը։ Սակայն, զարմանալիօրէն, հէնց անկախութեան տարիներին, ամենաբարձր մակարդակով սկսուեց «խաղաղութեան», այն է՝ յանձնուելու, նուաճուելու և կոտորուելու քարոզչութիւնը։Եւ 2018թ․ այդ «խաղաղութեան» քարոզիչները զաւթեցին իշխանութիւնը և երկիրը հասցրեցին աղէտի։

Մարդ ուղղակի ամօթից չգիտի ինչ ասել։Խաղաղութեան կեղծ կարգախօսով գալով իշխանութեան, վարչապետ կոչեցեալը, հետևողականօրէն հրահրեց պատերազմ, յանձնեց հայրենիքը մաս առ մաս։  Թշնամի երկրի ղեկավարը ամէն օր սպառնում յոխորտում է, սադրանքներ հրահրում․․․իսկ վարչապետ կոչեցեալը ծնկաչոք խաղաղութիւն աղերսում։Երեկ, մի շարք ողորմելի «խաղաղասէրներ», ի պաշտպանութիւն բռնապետիկ-վարչապետի, հերթական աղերսալի յայտարարութիւն էին տարածել, որի բովանդակութիւնն էր՝ «խաղաղութիւն ամէն գնով»։ Դրան, այսօր հետևեց Ադրբեջանի կողմից հերթական պահանջները՝ խաղաղութիւ՞ն էք ուզում, յանձնէք Հայաստանի 7 գիւղերը նոյնպէս։ Պատկերացնում եմ , որ ոչ միայն թշնամական, այլև միւս երկրներն ինչպիսի արհամարանքով են մեզ վերաբերւում։ Ա՛յ, ողորմելի «խաղաղաղասէրներ», իսկապէս տարբեր դասընթացներին ձեր սէրտած «խաղաղութեանը» հաւատու՞մ էք, թէ՞ յանուն փողի և անձնական բարեկեցութեան պատրաստ էք «խաղաղութեան» անուան տակ հայրենիքը վաճառել։ Առաջին դէպքում, դուք անմեղսունակ , երկրորդ դէպքում դաւաճան սրիկաներ էք։

Ի դէպ, իրական խաղաղասէր, մեծ մտածողներն, իրենց էութեամբ բարի, մեծահոգի անհատներ են, ովքեր երբևէ չեն ձգտել իշխանութեան։ Իսկ ինչպիսի՞ն է «խաղաղութիւն»  բարբաջող , վարչապետ կոչեցեալն իր «խաղաղասէր» համախոհներով՝ դաւադիր, չար, անհանդուրժող, դաժան, շահամոլ։

Յօդուածն աւարտեմ նոյն մեծն Յովհաննէս Թումանեանով։

Այո, լինելով մեծ հումանիստ և իսկական խաղաղասէր, միաժամանակ Թումանեանը կեանքի փորձով հասկացել է, որ խեղճ ու կրակ դիրքերից, երբեք խաղաղութիւն չես ստանայ։ Այս է վկայում նրա կողմից  մշակուած «Սասունցի Դաւիթ» պոեմը․

Ձանձրացե՞լ էք խաղաղ ու հաշտ

Հողագործի օր ու կեանքից,

Թէ՞ զըզուել էք ձեր հանդ ու դաշտ,

Ձեր հունձ ու փունջ, վար ու ցանքից…

Դարձէ՛ք եկած ճանապարհով,

Ձեր հայրենի հողը Մըսրա.

Բայց թէ մին էլ զէնք ու զոռով

Վեր էք կացել դուք մեզ վըրայ,

Հորում լինեն քառսուն գազ խոր

Թէ ջաղացի քարի տակին,—

Կ’ելնեն ձեր դէմ, ինչպէս էսօր,

Սասմա Դաւիթ, Թուր-Կայծակին։

Էն ժամանակ աստուած գիտի,

Ով մեզանից կըլնի փոշման.

Մե՞նք, որ կ’ելնենք ահեղ մարտի,

Թէ՞ դուք, որ մեզ արիք դուշման…

 

Աւետիք Իշխանեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.