Բաւ Է Այլեւս…

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Մեզնից շատերը, ովքեր մի քիչ դատելու եւ վերլուծելու կարողութիւն ունեն, ոչ միայն ըմբոստութեամբ, այլ խորին մտահոգութեամբ պիտի ընդունեն մեր վարչապետի մտայնութիւնը, կեցուածքը, քաղաքական հայեացքները, բառապաշարը, մինչեւ իսկ՝ պահուածքը:

Այսօր, երբ Միացեալ Նահանգներում բռնկած ազգային խտրականութեան դէմ պայքարը ոտքի է հանել այլ պետութիւններին նոյնպէս, որոնք փորձում են վերանայել իրենց արդարադատութեան, ոստիկանութեան գործելակերպին վերաբերող հաւասար դատելու օրէնքները եւ նոր միջոցներ են մշակւում ընդհանրապէս մարդկային, ազգային խտրականութեան վերացման համար, մեր երկրում գնալով սրւում է խտրականութիւնը: Եւ սրողը ոչ աւել, ոչ պակաս վարչապետ Ն. Փաշինեանն է:

Ամենազարմանալին այն է, որ ժողովուրդը իր վարչապետի անընդունելի արատների դէմ ասելիք չունի, լուռ է, գուցէ որովհետեւ իր սրտից էլ է խօսում, որովհետեւ մեր երկրում մեր առաջին անկախութեան վերացումից յետոյ մինչ օրս, ժողովուրդը մէկ մարդու մտածողութեամբ է ապրում ու գործում, դա լինի պոլշեւիկ, կոմունիստ առաջնորդ, Լեւոն Տէր Պետրոսեան թէ Փաշինեան: Միւս երկու ղեկավարներին` Քոչարեանին եւ Սարգսեանին, զանց եմ առնում՝ նկատի ունենալով նրանց ղարաբաղցի լինելու հանգամանքը եւ ժողովրդի կողմից մերժուած լինելը։

Ինձ բոլորովին չի զարմացնում, որ մեր մտաւորականները, որոնց թիւը բաւական շատ է ոչ միայն երկրում, այլ նաեւ երկրից դուրս, միշտ լռել են եւ շարունակում են լռել նոյնիսկ այս օրերին, երբ աշխարհը առաջադէմ մեծ փոփոխութեան մէջ է:

Նրանք լռեցին, երբ դեռ նորընտիր վարչապետը իր բառերով` «ասֆալտին էր փռում», նոյն այն ժողովրդին, որը օրեր շարունակ իր երթերին էր մասնակցում եւ որի աջակցութեան, ընտրութեամբ էր կատարուել իր իշխանատեղադրումը: Որին մեծարում էր «ժողովուրդ ջա՛ն» առօրեայ հասարակ արտայայտութեամբ, եւ որին իբրեւ թէ տեղեկացնում էր Արցախեան «անզիջելի» բանակցութիւնների արդիւնքների մասին:

Ողջ աշխարհը ականատես եղաւ, Միացեալ Նահանգներուն «ասֆալտին» փռողների դատապարտմանը: Իսկ մեր երկրում ոչ միայն ծափահարեցին ու էլ աւելի մեծարեցին իրենց վարչապետին, ժողովրդի առաջ ամպիոնից ողջ կոկորդով ազդարարող իր այդ պատժամիջոցի համար, այլ հպարտացան, իրար դէմ ոխով լեցուած հոգիները փառաւորուեցին եւ սակաւ  քննադատողներին էլ նոյն յոխորտանքով լռեցրին:

Արդիւնքը եղաւ այն, որ վարչապետին դարձրին այն ամենակալ միապետը, որը իրեն թոյլ է տալիս ամպիոններից, այս էլ ո՛րերորդ անգամ ոչ միայն վարկաբեկելու, այլ հրապարակաւ որոշում կայացնելու ընդդիմադիր մէկ այլ կուսակցութեան` ՀՅԴ-ի ճակատագրի մասին, որի գոյութեան, գործունէութեան եւ յարատեւ պայքարի վաստակով է ինքը իշխում ողջ հայութեանն ընծայուած երկրում` Հայաստանում: Մտածո՞ւմ է երբեւէ, որ եթէ չլինէր իր այդ ատած ՀՅԴ, այսօր չէր լինի նաեւ մեր այդ փոքրիկ երկիրը, ժողովուրդը չէր դիմի իր երկրորդ անկախութեանը, չէր ազատագրուի Արցախը եւ բնականաբար ինքը չէր բազմի ղեկավարի աթոռին:

Գալիս եմ այն համոզման, որ վարչապետը, ոչ միայն չի տիրապետում իր երկրի, իր ժողովրդի եւ համաշխարհային պատմութեանը, այլ նաեւ հայերէն լեզուին: Եթէ ոչ՝ նա պիտի զգուշանար ՀՅԴ-ն ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՑԻԼ անուանելուց, պիտի տեղեակ լինէր, Հիթլերի, Ստալինի եւ այլազգասպան դատապարտեալների օգտագործած այդ արտայայտութիւնից, որի հետեւանքով զոհուեցին միլիոնաւոր անմեղ մարդիկ եւ հարիւր հազարաւորները՝ նաեւ իր հայրենակից հայերից: Դա կարծես բաւական չէր իր մաղձը, իր ոխը արտայայտելու, նա աւելի ցածր մակարդակի իջաւ ՀՅԴ-ն «աղբաման» նետելով եւ վրան էլ «կափարիչ» փակելով: Գուցէ յաջորդ անգամ կառափնատի արժանացնի, ո՞վ գիտէ, չէ որ իր միահեծանութիւնը ժողովրդի լռութեան համաձայնութեամբ օրէօր աւելի է ամրանում:

«Զարգացածութեան առաջին նախապայմանը հարուստ, կիրթ լեզու ունենալն է», գրել է Տէրեանը, որից ցաւօք զուրկ է մեր ղեկավարը:

Ես նախ ամօթ զգացի, որ երկրի վարչապետը մեր Առաջին անկախութեան, Մայիս 28-ի մեծարմանը, բացի Արամ Մանուկեանից, երբեք չյիշատակեց մեր պետութեան առաջին նախարարների անունները: Կարծես Արամից յետոյ գալիս է ինքը: Բայց յետոյ անդրադարձայ, որ նա հաւանաբար չգիտի էլ նրանց անունները, նրանց գործունէութիւնն ընդհանրապէս: Եթէ ոչ ինչո՞ւ պիտի այդքան թոյնով լեցուած լինէր եւ ժողովրդին էլ նոյն թոյնով զինէր այն կուսակցութեան հանդէպ, որի ներկայացուցիչներն էին մեր երկրի այդ փառահեղ անձերը:

Ես ոչ մէկ յաւակնութիւն ունեմ ՀՅԴ պաշտպանելու, առաւել եւս այդ 130-ամեայ եւ նոյնքան տարիներ ինքնիրեն հաստատած, հայութեանը նոր աւիւն ներարկած կուսակցութիւնը իմ պաշտպանութեան կարիքն իսկ չունի:

Սակայն չեմ ուզում լուռ մնալով դառնալ վարչապետի կոյր հետեւորդներից, նրա անմիտ շարքայիններից մէկը:

Իմ գաղափարներով, իմ էութեամբ, որ 30 տարիներ քննադատել եմ իշխող ղեկավարներին անխտիր, այսօր էլ չեմ կարող ընդունել մի վարչապետի, որը պառակտում է իր ժողովրդին, երկրի ներսում եւ դրսում, ատելութիւն հրահրում այն էլ ազգային կուսակցութեան հանդէպ:

Բաւ է այլեւս, այս լռութեամբ մենք ընդունում ենք ոչ թէ մեր անկախութիւնը, այլ մեր ստրկութիւնը, մեր կործանումը:

Մեր ժողովուրդը երբեք չվերլուծեց, չհասկացաւ, որ իր մէջ պիտի փնտռի իր ձախողումները, իր կուրօրէն ենթարկուելու, հեշտօրէն դրսի ուժերին վաճառուելու, նրանց գործիքը դառնալու իր բնաւորութեան մէջ: Ահա թէ ինչո՛ւ պոլշեւիկներից, համիտներից, երիտթուրքերից սկսած մինչեւ ԼՏՊ-ներն ու նորօրեայ իշխանութիւնները առաջինը ուզում են ոչնչացնել Դաշնակցութեանը, միակ ազգային կուսակցութիւնը, որը ազգի շահերին է ծառայում եւ ոչ թէ դրսի ուժերին: Հէնց սա են ուզում ոչնչացնել մեր ապազգային իշխանութիւնները: Այսօրուայ տիրող իրավիճակը յաւելեալ անգամ դա հաստատող փաստ է:

Համաճարակի այս ծանր օրերին, երբ մեր նման թուով քիչ ժողովրդի իւրաքանչիւրի կեանքը թանկագին է, փոխանակ համախմբուելու, ընդունելու բոլոր տեսակի այն էլ տեղին քննադատութիւնները, այս սուր համաճարակը թեթեւօրէն ու կատակով ընդունելու համար, փոխարէնը թիրախ են դարձնում մի կուսակցութեան, որն այս դժուարին օրերին արտերկրում տէր է կանգնում իր ժողովրդին ոչ միայն 130 տարիներ ի վեր, այլ այսօր, այս պահին, իր բոլոր հաստատութիւններով աշխատում եւ օգնում է հայ համայնքներին, հիւանդներին, կարիքաւորներին, աղքատներին, ծերերին:

Մէկ ամբողջ ժողովուրդ իրաւունք չունի իր լռութեամբ մեղսակից դառնալու իշխանութեան սխալներին: Այդ նոյն ձեւով նախկինում վարուեցին: Իրենց կոչումների, մետալների, մեծարումների համար մեր անուանի ստեղծագործողները ղրկուեցին արտասահման պառակտելու ժողովրդին, որոնք արհամարեցին, ծաղրեցին եւ ազգային հիմներգ եւ դրօշ եւ կերտած պատմութիւն եւ վերադառնալով մեծարուեցին ԿԳԲ բարձրաստիճան կոչումներով: Նրանք չմերժեցին, չվերադարձրին այդ ազգասպան կոչումները, հակառակը սիրով ու հպարտանքով ընդունեցին այն:

Եւ այսօր, այս ամէնի հաւաքածուն է, որ դեռ շարունակում է տիրել մեր երկրում: Տէրերի անուններն են փոխուել, սակայն հիմնականում նպատակը մնացել է նոյնը` մեր ազգայնութեան, մեր երկրի ոչնչացումը:

11 յունիս 2020

Leave a Comment

You must be logged in to post a comment.