Արմենակի, Ռոպերթի, Քեարամի ու Անդրանիկի վրէժը լուծած հետախոյզը

Horizon Weekly Newspaper

Արցախի հիւսիսարեւելեան հատուածի N զօրամասի հետախուզութեան պետ, գնդապետ Գարիկ Մնացականեան (անունը փոխուած էհեղինակ) 2016 թուականի Ապրիլի լոյս 2-ի վաղ առաւօտեան մասնակցել է 116 մարտական դիրքը վերադարձնելուն: Սա այն դիրքն է, որտեղ հերոսի մահով ընկել էին հրամանատար Արմենակ Ուրֆանեանը, Արցախի հերոս Ռոպերթ Ապաճեանը, գնդացրորդներ Քեարամ Սլոյեանը եւ Անդրանիկ Զոհրապեանը:

Մեդիամաքսին տուած հարցազրոյցում հետախոյզը պատմել է 2016 թ. Ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերուայ ընթացքում հակառակորդի ձեռնարկած գրոհի եւ դիրքը ետ բերելու գործողութեան մասին:


Ապրիլի լոյս 2-ի գիշերը, նկատելով հակառակորդի աքթիւութիւնը, վերադաս հրամանատարութեան համաձայնութեամբ, իմ ենթակայութեան տակ գտնուող հետախուզական վաշտը բերել եմ մարտական առաջին աստիճանի պատրաստութեան:
Հակառակորդի կողմից ձեռնարկած հրետանային հարուածների եւ մարտական դիրքերից մէկի վրայ ձեռնարկած բացայայտ գրոհի ընթացքում եղել եմ օպերատիւ խմբի աւագ եւ տեղեակ եմ եղել բոլոր միջոցառումներին, մշտական կապի մէջ եմ եղել 116 դիրքում գտնուող հրամանատար Արմենակ Ուրֆանեանի հետ:

Մարտը ղեկավարուել է ըստ անհրաժեշտութեան: Հակառակորդի գրոհը կասեցման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականցուել են տղաների կողմից: Երկու գրոհ տղաները կասեցրեցին ու ետ մղեցին հակառակորդին, բայց երրորդ փորձի ժամանակ, որը բերեց ուժերի ու տեխնիկայի գերակշիռ ճնշման, զոհուեցին հրամանատար Արմենակ Ուրֆանեանը, Քեարամ Սլոյեանը, տղաներից երեքին յաջողուեց ետ քաշուել ու սպասել թիկունքից օգնութեան եկող խմբին, իսկ Ռոպերթ Ապաճեանն ու Անդրանիկ Զոհրապեանը շարունակեցին մարտը:

Այդ ընթացքում հակառակորդը ներխուժեց մեր դիրք: Ապաճեանն ու Զոհրապեանը վիրաւորուել էին, հասել էին կացարանի մօտ, վիրաւոր Անդրանիկ Զոհրապեանն արնահոսութիւնից մահացել էր: Քսանապետ Ապաճեանը դիրքաւորուել է մարտական խրամախորշում ու շարունակել կռիւը` միաժամանակ հեռախօսային կապի մէջ մնալով գումարտակի հրամանատարի հետ ու հաղորդելով իրավիճակի մասին: Տեսնելով իրեն մօտեցող խմբին` Ապաճեանը կրկին կապի է դուրս եկել ու ասել, որ վերջին նռնակի օղակն արդէն հանել ու պատրաստ սպասում է` հենց մօտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց

Առաւօտեան ժամը 6-ի սահմաններում հրամանատարի կողմից խնդիր եմ ստացել անձամբ լինել այնտեղ: Գործակցելով հրասայլային դասակի հետ` զօրամասի հետախուզական վաշտի ստորաբաժանման ուժերով հասել ենք տեղ ու Էտիկ Մալոյեանի խմբի հետ դուրս «հրաւիրել» հակառակորդին մեր տարածքից:

Հակառակորդն այդ ընթացքում հրետակոծում էր տարածքը: 4-5 քիլօմեթր երկարութեամբ ճանապարհը անցանք գիւղի մէջով, միաժամանակ փորձելով պաշտպանուել հրետանու հարուածներից:

Ապաճեանի զոհուելուց մօտ երեսուն րոպէ յետոյ մենք հասանք դիրք: Հակառակորդի յատուկ ջոկատայինների մի մասն արդէն լքել էին տարածքը, իսկ միւս մասը դիրքում փորձում էր տեղաւորել իր բանակի զինծառայողներին:

Մեր դիրքում տեղաւորուել փորձող հակառակորդն այդ պահին մեր կողմից հակագրոհի չէր սպասում, սակայն տեխնիկական առումով պատրաստ էր մարտին:
Մարտը տեւել է մօտ 30 րոպէ: Թշնամուն ետ շպրտելուց ու դիրքում ամրանալուց որոշ ժամանակ անց մեր հետախուզական վաշտի անձնակազմը հակառակորդի եւս մէկ գրոհ է կասեցրել, որը կրկին ձեռնարկուել էր նրանց յատուկ նշանակութեան ստորաբաժանման կողմից: Դրան յաջորդել է մեր ուղղութեամբ շուրջ տասը ժամ տեւած հրետակոծութիւնը, բայց չթողեցինք, որ մօտենան դիրքին:

Մեր կատարած ուսումնասիրութիւնների համաձայնˋ վայրենութիւնները, որ մեր դիրքում կատարել էին հակառակորդի յատուկ ջոկատայինները, եղել էին գրոհի ընթացքում: Պէտք է եւս մէկ անգամ շեշտեմ, որ դիրքը գրոհել էին ոչ թէ Ատրպէյճանի կանոնաւոր բանակի զինծառայողները, այլեւ պայմանագրային ու վարձական հիմունքով մարտի մէջ մտցուած անձնակազմը:

Միաժամանակ հպարտութեամբ պէտք է նշեմ, որ ոչ միայն մեր, այլեւ շփման գծի միւս ուղղութիւններում 18-20 տարեկան հայ զինծառայողները կարողացել էին մեծ վնաս պատճառել հակառակորդի յատուկ նշանակութեան ստորաբաժանումներին ու տեխնիկային:

Վերոնշեալ դիրքի վրայ կատարած առաջին երկու գրոհի ժամանակ, երբ  փորձում էր ճեղքել մեր պաշտպանութիւնը, հակառակորդը մեծ թուով կորուստ էր ունեցել, ինչի համար էլ վերջում նման վայրագութիւնների էր դիմել

Խոնարհւում եմ այն զինծառայողների շիրիմներին, ովքեր հակառակորդի հինգից աւելի անգամ գերազանցող, լաւ պատրաստուած ու յատուկ նշանակութեան ստորաբաժանումներին կարողացել են այդչափ վնաս հասցնել ու պահել մեր հողըˋ այն սրբագործելով իրենց թափուած արեամբ ու կիսատ թողած երազանքներով, որը շարունակելը մեր պարտքն է

Սիրանուշ Եղիազարեան (ԱրցախԵրեւան)

Mediamax

Leave a Comment

You must be logged in to post a comment.