Առանց կուռքի Հայաստան. Վահէ Յովհաննիսեան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ, քաղաքագէտ Վահէ Յովհաննիսեանը գրում է.
«Այս օրերին Երեւանի փողոցներում հնչող յայտնի վանկարկումը մի պահից վերափոխման կարիք ունի։
«Առանց կուռքի Հայաստանն» է, որ տալիս է ժամանակակից պետութիւն ունենալու հնարաւորութիւն, աւելի մեծ հեռանկար։
Շարժման հեռահար նպատակը պէտք է լինի հէնց դա՝ յետպատերազմեան Հայաստանի վերականգնումը։ Սա նշանակում է՝ պետութեան խորքային մոդեռնիզացիա՝ ներառելով կառավարման որակը, ներքին բարքերը, տարածաշրջանային պատկերացումները, հայկական աշխարհի մասին պատկերացումները։
Հայաստանն առանց կուռքի բանաձեւը յետպատերազմեան Հայաստանի՝ իմ պատկերացրած մոդելն է։ Որտեղ արժէք կը լինի ոչ թէ կառավարման համակարգի գլխին յայտնուած անձը, այլ գիտելիքը, պետական եւ հանրային ինստիտուտները, հասարակական յարաբերութիւնների նոր որակը, պետական մտածողութիւնը, ազատ մտածողութիւնը եւ այլն։ Կուռքն իր շուրջ մագնիսի պէս ձգում-հաւաքում է անպիտան մարդկանց՝ իրենց մանր շահով առաջնորդւող, որոնք յանուն կուռքի երկարակեցութեան պատրաստ են ամէն ինչի եւ կարող են ոտնահարել ցանկացած արժէք
Եթէ կասեն, որ հիմա նման բաների մասին խօսելու ժամանակը չէ, չհաւատաք։ Հիմա է հէնց դրա ժամանակը։
Կուռքը ջարդեց մեր պետութեան ողնաշարը, ու հիմա մենք վերածուել ենք Պաղեստինի նման մի միաւորի՝ կիսապետութեան։ Բայց վերականգնումը նախորդ 28 տարուայ մոտէլին վերադառնալը չէ։ Ամենեւին։
Ու հէնց հիմա´ է ժամանակը՝ նոր տիպի Հայաստանի, ժամանակակից Հայաստանի մասին բարձր խօսելու։
Մենք պէտք է շատ պարզ հասկանանք, որ այս վիճակից ելքը նախա2018-ի Հայաստանը չէ. դա ուղղակի հնարաւոր չէ՝ առարկայականօրէն եւ պատմականօրէն։
Ազգային պայքարի իտէան պէտք է լինի ոչ թէ հակաթուրքականութիւնը, այլ՝ Հայաստանի վերելքը, պատերազմից յետոյ պետութեան վերականգնումը: Այդպէս մենք աւելի գրագէտ կը մեղմենք թուրքական գործօնի վտանգը աւելի հեշտ կը հաղորդակցուենք հանրութեան հետ, եւ աւելի հեշտ կը հասնենք Նիկոլի իշխանութեան հեռացմանը։
Երբ մենք վերափոխենք շարժման հիմնական բովանդակութիւնը, այդ ժամանակ քաղաքացին կը կարողանայ տեսնել թէ՛ համապետական, եւ թէ՛ իր ընտանեկան օրակարգը:
Այս փուլում Հայաստանին պէտք է կարող ուժերի հաւաքական. մեզ պէտք է սոլիդ եւ կոնսոլիդացուած իշխանութիւն, դա պէտք է լինի մեր պոտենցիալի հաւաքականը:
Չխաբենք մեզ, թէ Նիկոլից յետոյ խնդիրները լուծուելու են հեշտ եւ յաջողութեամբ։ Սրա մասին նոյնպէս պէտք է բաց ասել։ Նիկոլի հեռացումը նոր էջի հնարաւորութիւնն է միայն։ Դրանից յետոյ մեզ սպասում են բարդ բանակցութիւններ հակառակորդների եւ բարեկամների հետ, դժուար որոշումներ, արժանապատիւ խաղաղութեան բարդ ճանապարհ, տնտեսութեան դժուար զարգացում եւ այլն։ Հէնց այդ պատճառով շատ կարեւոր է հիմա՝ պայքարի այս փուլում հարեւաններին եւ խնդիրներին վերաբերող յայտարարութիւններում լինել զուսպ եւ հաւասարակշիռ։ Պայմանական ասած՝ Մախլուտոն հետաքրքիր է որպէս պատմական կերպար կամ երգի հերոս, իսկ որպէս պետական մտածողութեան եւ ռէալ-պոլիտիկի գործօն, այն այս պահին անելիք չունի։
Կարծում եմ շարժումը ունենալու է չդադարող, վերափոխուող բնոյթ. այն կախուած չէ վրաններից կամ երթերի թիւից, այն պայմանաւորուած է ազգային եւ պետական վերածննդի իդեայով»։