Քարվաճառի Ազատագրութեան 20ամեակ



Քարվաճառի մէջ տօնական մթնոլորտ կը տիրէր 1 Ապրիլին, արդարեւ, 20 տարի առաջ ճիշդ այդ օրը ազատագրուեցաւ Արցախի մաս կազմող այս քաղաքը:

«Թերթ»ին հետ ունեցած զրոյցին ընթացքին ամիսներ առաջ Հայաստանէն շրջան եկած եւ հոս բնակութիւն հաստատած երիտասարդ զոյգը՝ Թամարա Գրիգորեանն ու Դաւիթ Եղիազարեանը մեծ շուքով պատրաստուած են քաղաքի տօնին:
«Խորհրդանշական օր է մեզ համար: 20 տարի առաջ ազատագրուել է մի հող, որտեղ մենք այսօր ապրում ենք: Այս օրը պէտք է առիթ լինի, որ բարձրաձայն շնորհակալութիւն յայտնենք բոլոր այն մարդկանց, ովքեր այս հողը ազատագրել են ու մենք այստեղ ապրելու հնարաւորութիւն ունենք: Քարվաճառցիները շատ ոգեւորուած են, յատկապէս երեխաները, ովքեր ելոյթ են ունենալու քաղաքի կենտրոնում: Նրանք մի քանի ամիս պատրաստուել են դրան», նշած է Թամարան:
Քաղաքին մէջ տօնը պիտի նշուի քանի մը օրերու ընթացքին։ Տօնակատարութիւններուն իրենց մասնակցութիւնը պիտի բերեն Քարվաճառի ստեղծագործական մանկապատանեկան համոյթը, Մշակոյթի տան սաները: 1 Ապրիլին ելոյթ ունեցան Հայաստանէն Քարվաճառ մեկնած «Կարին» ազգագրական երգ-պարի համոյթը, որուն գեղարուեստական ղեկավարը Գագիկ Գինոսեան «Թերթ»ին հետ ունեցած զրոյցին ընթացքին նշած է, որ հայոց միջնաբերդի ազատագրումը Հայաստանի ու Արցախի համար կարեւորագոյն օղակ էր:
«Սա դեռեւս 1989ին մեր հրամանատարի՝ Հայաստանի ազատագրական բանակի հրամանատար Լէոնիդ Ազգալդեանի նպատակներից մէկն էր, որովհետեւ նրա մարգարէական խօսքը, որ մինչեւ չազատագրուի Քարվաճառը, մինչեւ Հայաստանի ու Արցախի մէջտեղից դուրս չգայ այն, Արցախի լիարժէք անկախութեան մասին խօսելը ուղղակի ծիծաղելի կը լինի, ճշմարիտ էր: Քսան տարի առաջ, մեծ մասամբ Լէոնիդ Ազգալդեանի զինուորները՝ Յովսէփ Յովսէփեանի, Արցախի կողմից Մոնթէ Մելքոնեանի, այն օրերին գնդապետ Եուրի Խաչատուրովի գլխաւորութեամբ, նաեւ վարդենիսցի տղաների մասնակցութեամբ ազատագրեցինք Քարվաճառը», յայտնած է ան։
Գագիկ Գինոսեան դիտել տուած է, որ Քարվաճառը Արցախի անկախութեան հիմքն է եւ եթէ ան ատրպէյճանական մնար, անկարելի պիտի ըլլար խօսիլ Արցախի անկախութեան ու անվտանգութեան մասին:
Ազատագրման այդ օրերէն զինք մեծապէս տպաւորած դրուագ մը պատմած է ան. «Քարվաճառում ադրբեջանցիները մտել էին մի ընտանիք եւ ասել էին, որ հայերը գալիս են պէտք է հեռանաք: Տան տէրը, ունենալով տարեց ծնողներ, ասել էր՝ «չենք կարող, որովհետեւ ծնողներս մեծ են ու լեռնանցքը չեն կարողանայ անցնել, կը մահանան»: Հակաճառելու համար սկզբից ծնողներին էին գնդակահարել, յետոյ տան տիրոջը: Երբ որ տան աղջիկը փորձել էր օգնութիւն կանչել, գոռալ, կրակել էին նաեւ աղջկան: Մի կուրծքը ամբողջութեամբ պոկուել էր, միւսը վիրաւորուել: Մեր ջոկատի բժիշկը՝ Գագիկ Քոչինեանը նրան վիրակապեց ու ուղղաթիռով նրան հասցրեցին Վարդենիս: Նա բաւական երկար ժամանակ մօր հետ ապրեց Հայաստանում, յետոյ գնաց Ռուսաստան: Աղջկայ կեանքը փրկուեց», նշած է ան եւ ընդգծած, որ հայ զինուորները Քարվաճառի ազատագրութեան ընթացքին 30 գերիներուն հետ վարուած են աւելի քան մարդասիրական:
Նշենք, որ բացի «Կարին» համոյթէն բացի Քարվաճառ պիտի այցելեն նաեւ քաղաքի ազատագրման մասնակցած ազատամարտիկներ: Տօնը պիտի շարունակուի քանի մը օր։
Քարվաճառի մասին պատմական կարճ ակնարկ մը տեղադրուած է պաշտպանութեան նախարարութեան պաշտօնաթերթին՝ «Հայ զինուորը»ին մէջ։ Հոն գրուած է.
«1993ի գարնան սկզբին հայկական ուժերը երեք ուղղութիւններով գրոհեցին Վարդենիսի արեւելքին, Լաչինի միջանցքի հիւսիսին ու Մարտակերտի արեւմուտքին սպառնացող դիրքերի համակարգը, որի անունն էր Քարվաճառ: Նրա հետ էին յարաբերւում միջանցքում մղուող մարտերը, նա էր վտանգում Մարտակերտի շրջանի՝ Փետրուարին սկսուած ազատագրման գործողութեան յետագայ զարգացումը, սպառնում սակաւաբնակ Վարդենիսին (մինչ շարժումը շրջանի բնակչութեան 64 տոկոսն ադրբեջանցիներ էին), եւ վերջապէս, երկնքում էլ Քարվաճառն առաւել քան լուրջ վտանգ էր յատկապէս զաւթուած Շահումեանում հայդուկային պայքար ծաւալած մարտիկների հետ ուղղաթիռային կապի պահպանման համար:
«Մարտակերտ քաղաքը դեռ չէր ազատագրուել, Պուշկի եալի ու հեռուստաաշտարակի բարձունքներում ծանր կռիւներ էին, եւ թշնամին չէր սպասում, թէ հայկական ուժերը կը գրոհեն Քարվաճառը: Արեւմտեան ուղղութեան գործողութիւնը ղեկավարում էին Գուրգէն Դալիբալթայեանն ու Հրաչ Անդրեսեանը, Մարտակերտի ճակատից՝ Աւօն, իսկ միջանցքի կողմից այսօր ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Եուրի Խաչատուրովը: Ապրիլի 2ին գրաւուեց կենտրոնական՝ Քարվաճառը Գեանջային կապող ճանապարհի խաչմերուկը, իսկ երեք օր անց հայկական ուժերը դիրքաւորւում էին Օմարի լեռնանցքում»:


Leave a Comment

You must be logged in to post a comment.