ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէի յայտարարութիւնը. Արցախի նոր Սահմանադրութիւն՝ յանուն պետականութեան ամրապնդման եւ ժողովրդավարութեան

 

2016թ. նոյեմբերի 8-ին հրապարակուած Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագիծը համահունչ է օգոստոսի 16-ին հրապարակուած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին։ Հայեցակարգի մասին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արցախի կառոյցը օգոստոսի 29-ին հրապարակեց իր տեսակէտը, որի մեջ մասնաւորապէս նշուել է. «Հայեցակարգում ներկայացուած առաջարկները ստեղծում են գերկեդրոնացուած նախագահական-գործադիր իշխանութիւն, որի համար խորհրդարան-օրէնսդիրն ունի միայն ձեւական բնոյթ եւ լիազօրութիւն»։

ՀՅԴ Արցախի կառոյցը շեշտում էր, թէ «Կառավարման համակարգի նոր փոփոխութիւնները պէտք է գործեն ի նպաստ իրաւական, ժողովրդավարական, ինքնիշխան պետութեան նոր փուլի կայացման եւ ընկալելի եւ ընդունելի լինեն ԼՂՀ միջազգային ճանաչման գործին աջակցող գործընթացների եւ միջազգային կառոյցների համար»:

Հրապարակուած Սահմանադրութեան նախագիծը, ցաւօք, չի համապատասխանում այդ հրամայականներին։

ՀՅԴ Արցախի կառոյցը համոզուած է, որ «Իրականում, պետութեան կառավարման համակարգի մասին հայեցակարգի բարձրացրած մտահոգութիւնների լուծման ամենաարդիւնաւէտ տարբերակը համամասնական ընտրակարգով խորհրդարանական համակարգն է»։ Իսկ հրապարակուած Սահմանադրութեան նախագիծը ստեղծում է գերկեդրոնացուած նախագահական-գործադիր իշխանութիւն, պետական կառավարման միջազգային փորձում նախադէպը չունեցող համակարգ։

Այդուհանդերձ, ՀՅԴ Արցախի կառոյցը, նպատակ ունենալով երկիրը օժտել կառավարման այնպիսի համակարգով, որ համապատասխան կը լինի պետութեան առջև ծառացած մարտահրաւէրներին, պատրաստ է մասնակցել Սահմանադրական բարեփոխումների քննարկման բոլոր հանգրուաններին։ ՀՅԴ Արցախի կառոյցն արդէն արձագանգել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական յանձնաժողովի՝ ներկայացուած Սահմանադրութեան նախագիծը քննարկելու առաջարկին եւ յանձնաժողովին է ներկայացրել իր գրաւոր տեսակէտները:

ՀՅ Դաշնակցութեան կողմից ներկայացուած առաջարկների հիմնական բաժինը վերաբերում է երկրի կառավարման համակարգում Ազգային Ժողովի դերակատարութեան և ժողովրդավարական ինստիտուտների դերի բարձրացմանը: Սահմանադրութեան նախագծի «Արցախի Հանրապետութեան իրաւազօրութեան սահմանները» բաժնում, ըստ Դաշնակցութեան՝ պէտք է յստակ ամրագրուի ԼՂՀ տարածքը: ՀՅԴ համար անընդունելի է նախագահի և ԱԺ միաժամանակյա ընտրութիւնները (յօդուած 90 և 109), ինչը մեր կարծիքով չի համապատասխանում անգամ դասական նախագահական կառավարման համակարգում ընդունուած ձևաչափերին:

ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէն յուսով է, որ Սահմանադրական բարեփոխումների քննարումները կարդիւնաւորուեն և Արցախում գործող քաղաքական ուժերը կը կարողանան առաջնորդուել այնպիսի միասնական մօտեցումներով, որոնք աւելի կամրապնդեն երկրի զարգացման ուղին ու անվտանգութիւնը:

ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէ

28 նոյեմբեր, 2016թ.

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.