Նախիջեւանը ցեղասպանութեան զոհն է. Զօրի Բալայեան

 

Զօրի ԲԱԼԱՅԵԱՆ

  Հայրենիքը սիրում ես ոչ նրա համար, որ այն մեծ է,

 այլ նրա համար, որ քոնն է:

 ՍԵՆԵԿԱ 

 1988 թուականի փետրուարի 25: Մոսկուա: Կրեմլ: Սիլվա Կապուտիկեանի հետ սպասում ենք ընդունելութեան ԽՄԿԿ ԿԿ[1] գլխաւոր քարտուղար Մ.Ս.Գորբաչովի մօտ: Նախօրէին Սիլվայի հետ պայմանաւորուեցինք. նա խօսելու է Ղարաբաղի մասին, իսկ ես` հիմնականում Նախիջեւանի, նրա պատմութեան եւ այն ահաւոր փաստերի մասին, որոնք անդրադարձել են հայերի ճակատագրին: Դրանց մասին, ես համոզուած էի, Կրեմլում ոչ ոք ոչինչ չգիտէր: Քանզի կրեմլեան զառամեալ ծերունիների համար Նախիջեւանը «Ժողովուրդների բարեկամութեան» շքանշանի դափնեկիր է, իսկ դա նշանակում է, որ… լենինեան ինտերնացիոնալիզմի հարցում այնտեղ ամէն ինչ կարգին է:

Մի խօսքով, հանդիպման իմաստն ու էութիւնը յանգում էին ողբերգական ճակատագրերին, որ բաժին էին ընկել հայկական երկու ինքնավար կազմաւորումներին` Նախիջեւանին (որպէս հանրապետութիւն) եւ Ղարաբաղին (որպէս մարզ): Պատմեցի Գորբաչովին այն մասին, որ «Լիտերատուրնայայ գազետայ»-ի ծրագրի համաձայն` 1978 թուականին երկարատեւ ճամփորդութիւն եմ կատարել Հայաստանով, Նախիջեւանի ԽԻՀ-ով[2] եւ ԼՂԻՄ-ով[3]: Որից յետոյ գրել եմ «Օջախ» գիրքը: Պատմեցի, որպէսզի ընդգծեմ` ես, լինելով ԽՍՀՄ[4] քաղաքացի, որպէսզի մուտք գործէի Նախիջեւանի հայկական ինքնավար հանրապետութեան տարածք, մեկնարկից տասը օր առաջ Հայաստանի ՆԳՆ-ի միջոցով պէտք է դիմէի Նախիջեւանի միլիցիային, որպէսզի մուտքի վիզա ստանայի: Եւ դա` ԽՍՀՄ-ի տարածքում (?!):

Գորբաչովը սկզբում ինձ չհաւատաց: Նա պարզապէս պատկերացում չունէր նման, մեղմ ասած, պետական կազուսի[5] մասին: Սակայն հարկ է արժանին հատուցել. նրա հետ մեր հանդիպումից չորս օր (եւ Սումգայիթի հայկական ջարդերից` երեք օր) անց, 1988 թուականի փետրուարի 29-ին, ԽՄԿԿ ԿԿ Քաղբիւրոյի նիստի ժամանակ խօսուեց նաեւ մեր հանդիպման մասին: Այստեղ էր, որ Գորբաչովն ասաց. «Լեռնային Ղարաբաղը հայկական ինքնավարութիւն է: Նոյնիսկ Հայաստան տանող ճանապարհները բարձիթողի վիճակում են: Մշակութային կապը խզուած է: Դա արուել է գիտակցաբար (!-Զ.Բ.): Թուրքական հեռուստատեսութեան հաղորդումները ընդունւում են Լեռնային Ղարաբաղում, իսկ հայկականը` ոչ»:

Այդ բառերից յետոյ նա անցաւ Նախիջեւանի թեմային (հաւանաբար լաւատեղեակ աշխատակիցների հետ ճշտել էր Սիլվայի հետ տուած մեր տուեալները): «Ես հարցրեցի Վիկտոր Միխայլովիչին (ԽՍՀՄ ԿԳԲ֊ի[6] նախագահ Չեբրիկովին – Զ.Բ.)` դու ի՞նչ ես արել այնտեղ սահմանային գծի հետ: Նա ինձ ասաց, որ Նախիջեւանը, որը յարակից է Թուրքիայի սահմանին, գտնւում է սահմանապահների հսկողութեան տակ: Կայ սեփական սահմանաշերտ, որտեղ տեղակայուած են ուղեկալները: Իսկ սահմանային գօտու ողջ խորութիւնը (այսինքն` Նախիջեւանի ինքնավար հանրապետութեան ողջ տարածքը, այն է` հինգուկէս հազար քառակուսի կիլոմետր – Զ.Բ.) որոշում են տեղական, տուեալ դէպքում հանրապետական մարմինները (այսինքն` բացառապէս ադրբեջանական – Զ.Բ.): Եւ ի՞նչ որոշում էր ընդունուել նրանց կողմից: Ողջ Նախիջեւանը համարել սահմանային գօտի: Ազատ մուտքն այնտեղ արգելուեց: Բայց չէ՞ որ այնտեղ թաղուած էին հայոց ցեղասպանութեան զոհեր, այնտեղ կային գերեզմաններ: Այնտեղ կային 900 յուշարձաններ, որոնցից մնաց միայն մէկը: Եւ վերջ: Ոչ մէկին չեն թողնում այնտեղ, պատճառաբանելով, թէ դա սահմանային գօտի է»:

Առաջ անցնելով յաւելեմ. նոյնիսկ ԽՄԿԿ ԿԿ Քաղբիւրոյի վերը յիշատակուած նիստում Միխայիլ Գորբաչովի ելոյթից յետոյ այդ առումով ոչինչ չփոխուեց: Իսկ սկսուել էր այդ անհաւանական իրավիճակը 1924 թուականին:

Քաղբիւրոյում, բնականաբար, խօսակցութիւն գնաց նաեւ «սումգայիթի» մասին:

Գորբաչովը դեռեւս նիստն սկսուելուց առաջ հասցրել էր տեղեկանալ այդ մղձաւանջին, յետոյ բոլորի ներկայութեամբ դիմեց ԽՍՀՄ պաշտպանութեան նախարար Դ. Եազովին.

– Պատմիր, Դմիտրի Տիմոֆէեւիչ, ինչպէ՞ս են սպանում Սումգայիթում:

– Երկու կանանց կրծքերը կտրեցին: Մէկի գլուխն են հատել, իսկ աղջկան մաշկահան են արել: Ահա այդպիսի գազանութիւն: Որոշ կուրսանտներ, նման բան տեսնելով, ուշաթափ ընկնում էին…

Թւում էր, թէ այդ ամէնից յետոյ Գորբաչովն ամէն ինչ պէտք է անի, որպէսզի հրէշաւոր յանցագործութիւնների կազմակերպիչներն ու կատարողները խստօրէն պատժուեն: ԽՍՀՄ տասը քաղաքներում դատավարութիւններ անցկացուեցին Սումգայիթում հայերի ցեղասպանութեան գործով: Սակայն իր համաժողովրդական կաղապարուած-կոմունիստական ելոյթում Գորբաչովը ադրբեջանական ղեկավարութեանը մեղադրեց լոկ «Սումգայիթում ստեղծուած էկոլոգիական վատ իրավիճակի» մէջ, որտեղ, պարզւում է, կան «խուլիգանական շատ տարրեր»: Դրանից յետոյ խորհրդային բոլոր դատարանները լռեցին: Եւ շուտով «սումգայիթի» անպատժելիութիւնը ծնեց նոր չարիք` հայերի ցեղասպանութիւններ Բաքւում եւ ադրբեջանական այլ քաղաքներում, որտեղ դարեր ի վեր ապրել էին հայերը: Իսկ Նախիջեւանից այդ ժամանակ արդէն արտաքսում էին վերջին մի քանի հազար հայ ընտանիքներին:

…Գերագոյն Խորհրդի նստաշրջանում ԽՍՀՄ ժողովրդական պատգամաւորները Ղարաբաղի, Նախիջեւանի, Սումգայիթի, Բաքուի, Կիրովաբադի, Շուշիի հետ կապուած բոլոր հարցերը քննարկեցին միայն փակ դռների հետեւում, առանց լրագրողների: Բացառութիւն կազմեցին միայն համագումարները: Եւ արդէն առաջին համագումարում ես ելոյթ ունեցայ, առաջարկելով ուղղել անհեթեթութիւնը, որը կայանում էր նրանում, որ ԽՍՀՄ-ում երեսունութ ինքնավար կազմաւորումներից միայն երկու հայկականը` Նախիջեւանը եւ Ղարաբաղը, կրում են ոչ թէ ազգային յատկանիշով անուանումներ, ինչպէս դա պահանջում է Սահմանադրութիւնը, այլ աշխարհագրական: Հարիւրաւոր պատգամաւորներ սատարեցին իմ լիովին տրամաբանական առաջարկին: Ապարդիւն: Միայն տարիներ անց իմ կողմից անչափ յարգուած Եւգենի Պրիմակովը, որը որպէս ԽՍՀՄ Գերագոյն Խորհրդի նախագահ յաճախ էր իր աշխատասենեակում ընդունում ղարաբաղեան պատուիրակներին, ասաց, որ Ղարաբաղի եւ Նախիջեւանի տրամաբանական անուանումների հարցը քննարկելու ժամանակ Գորբաչովը պատասխանել է. «Տրամաբանութիւնը` տրամաբանութիւն, իսկ գլխացաւանքից չես ազատուի»:

…1990 թուականի սեպտեմբերին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումեանը եւ ես (որպէս ԽՍՀՄ ժողովրդական պատգամաւորներ) Մոսկուայում ընդունեցինք Նախիջեւանի մեր հայրենակիցների մի մեծ խմբի: Դրանք, ըստ էութեան, «վերջին մոհիկան»-հայերն էին, զրկուած հայրենիքից: Նրանք պատմեցին այն մասին, թէ ինչպիսի անթաքոյց լկտիութեամբ, չվախենալով պատժուելուց, այնտեղ ջարդում էին, աւերում, նոյնիսկ պայթեցնում ամէն հայկականը: Խօսքը ոչ միայն Ջուղայի շիրմաքար-խաչքարերի, այլեւ այն մասին էր, որ բոլոր գիւղերն ու քաղաքները դադարել էին հայկական լինելուց: Ժամանակի հետ, ինչպէս սրտի ցաւից շնչակտուր պատմում էին մեր բոլոր հիւրերը, վիճակն աւելի վատացաւ, քանզի ադրբեջանցիները շարունակում էին սպանել հայերին միայն այն պատճառով, որ նրանք հայեր էին, աւերել հայկական մշակոյթի գլուխգործոցներն արդէն ոչ թէ գիշերով, այլ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ: Դա իսկական ցեղասպանութիւն էր: Եւ Վիկտոր Համբարձումեանը անդադար խօսում էր նախիջեւանցիների հետ հանդիպման մասին ու անդադար կրկնում. «Նախիջեւանում ցեղասպանութիւն է, իսկ մենք յանցաւոր լռութիւն ենք պահպանում»:

Թէեւ չէինք լռում: Խօսում էինք: Գրում: Ելոյթ ունենում: Ուղարկում էինք պաշտօնական դիմումներ ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր տնօրէն Ֆրեդերիկոյ Մայօրին` յամառօրէն պահանջելով ստեղծել միջազգային յանձնաժողով, փրկելու համար Նախիջեւանի հնագոյն հայկական պատմական եւ մշակութային յուշարձանները, այդ թւում (առաջին հերթին) համաշխարհային քրիստոնէական տաճարաշինութեան իսկական գլուխգործոցները: Եւ, ի հարկէ, խորապէս գիտակցում էինք, որ պէտք է պահանջենք ու գործենք ողջ ժողովրդով, ողջ Հայաստանով, ողջ աշխարհով: Քանզի խօսքն իրօք ցեղասպանութեան մասին էր:

…Եւ ահա արդէն 1998 թուականի յունուարի 28-ին նախագահ Հ. Ալիեւը ոչ թէ մի ինչ-որ միտինգում, այլ Սահմանադրական յանձնաժողովի նիստի ժամանակ, ոչ թէ ադրբեջաներէն, այլ յատուկ տեքստը բազմաձայնելու նպատակով` ռուսերէնով, ելոյթ ունեցաւ լկտի յայտարարութեամբ (դատելով ըստ ամենայնի, տեքստը չէր խմբագրուել). «Նախիջեւանի շրջակայ հողերը նոյնպէս ադրբեջանական հողեր էին, բայց, չնայած դրան, այնտեղ ապրում էին հայերը: Ճիշտ այնպէս, ինչպէս նրանք զաւթել էին այլ հողեր, օրինակ, որոշ հողեր ներկայիս Թուրքիայի տարածքում կամ ադրբեջանական հողեր` Զանգեզուրի երկրամասը, որը Նախիջեւանը բաժանում է Ադրբեջանից: Եթէ մենք այն ժամանակ վերցնէինք Զանգեզուրը, ապա, գուցէեւ Նախիջեւանին պէտք չէր լինի ինքնավարութիւն…»: Հ.Ալիեւը չյապաղեց խօսել եւ ադրբեջանական այնպիսի «կորուստների» մասին, ինչպիսիք էին «Գաֆանի (Կապանի – Զ.Բ.) եւ Մեղրիի շրջանները, եւ նոյնիսկ Էրիւանը (Երեւան)»: Ընդգծում եմ, որ այդ ամէնը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ արդէն գործում էր Ղարաբաղեան կարգաւորման գծով ԵԱՀԿ Մինսկի խումբը:

ԻՒՆԵՍԿՕ-ի խուլ լռութիւնը, մեր աններելի պասիւութիւնը թոյլ տուեցին արդէն Ալիեւ կրտսերին լիովին աւերել Ջուղայի վերջին երեք հազար խաչքար-գլուխգործոցները, որոնք փշրուեցին եւ երկաթուղով հեռացուեցին բաց վագոններով: Եւ այս անգամ էլ լռեց ՄԱԿ-ի հիմնական կառոյցներից մէկը` ԻՒՆԵՍԿՕ-ն: Չկան գլուխգործոցները` չկան խնդիրնե՞ր: Շատ է թուրքավարի: Բայց եթէ նոյնիսկ հայերի հարազատ հողում չմնայ ոչ մի հայ, ոչ մի տաճար, ոչ մի խաչքար, դա դեռեւս չի նշանակում, թէ Նախիջեւանը հայկական չէ: Քանզի խօսքը հողի մասին չէ, տարածքի մասին չէ, այլ Հայրենիքի:

…Խորհրդային ողջ ժամանակահատուածում Նախիջեւանի բնիկ հայ բնակչութեան համար մշտապէս ու կանխամտածուած ստեղծւում էին կեանքի անտանելի պայմաններ: Հայ բնակչութիւնը զրկուած էր շփումներից իր հայաստանեան ազգականների հետ, ինչը շատ ընտանիքների ստիպում էր տեղափոխուել Հայկական ԽՍՀ եւ ԽՍՀՄ այլ հանրապետութիւններ: Բայց չէ՞ որ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլէայի Համաձայնագրի երկրորդ յօդուածում հէնց այդպէս էլ գրուած է, որ «ցեղասպանութեան տակ հասկացւում է մի որեւէ խումբ անձանց համար կանխամտածուած կերպով այնպիսի անտանելի կենսական պայմանների ստեղծումը, որոնք հաշուարկուած են լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման նպատակով»:

Ահա ուրեմն, Նախիջեւանի հայկական ինքնավար հանրապետութիւնը կանխամտածուած կերպով մնաց առանց հայերի եւ ամէն հայկականի` լեզուի, աւանդոյթների, ազգային տօների, պատմական յուշարձանների… Եւ աշխարհը լռում էր: Գուցէ դա՞ էր պատճառը, որ Ալիեւ աւագը լկտիաբար խոստովանում էր. «Նախիջեւանի ինքնավարութիւնը չափազանց լուրջ գործօն է, որը կարող է օգնել կորցրած միւս հողերի (? – Զ.Բ.) վերադարձման հարցի լուծմանը, ծառայել այդ նպատակին: Նախիջեւանի ինքնավարութիւնը պատմական իրադարձութիւն է Թուրքիայի հետ Նախիջեւանի եւ Ադրբեջանի սահմանի ստեղծման տեսանկիւնից»:

Հէնց այստեղ էլ թաղուած է շան գլուխը: Իսկ մենք այսօր Նախիջեւանի հայ ժողովրդի ցեղասպանութեան հարցով համամոլորակային մակարդակով զբաղուելու փոխարէն թոյլ ենք տալիս պատմական Հայաստանի մաս կազմող` Ղարաբաղի ազատագրուած հատուածները համարել «վիճելի», այդպիսով դրանք վերածելով սակարկման առարկայի: Այնինչ մեծ արեան գնով ազատագրուած անխտիր բոլոր հայկական տարածքները մինչեւ Հոկտեմբերեան յեղափոխութիւնն ընդգրկուած էին, կրկնում եմ, պատմական Հայաստանի կազմում: Իսկ ինչ վերաբերւում է Նախիջեւանին, ապա առաջարկում եմ կարդալ Ֆ. Ա. Բրոկհաուզի եւ Ի. Է. Եֆրոնի հեղինակաւոր հանրագիտարանը. «Նախիջեւան – հին հայերի մօտ Նաքսուանայ, քաղաք Էրիւանի գաւառում, Ղարաբաղեան բարձրունքների նախալեռներում»: Դէ տեսէք, թէ աշխարհագրական որ գօտուն է հասնում Լեռնային Ղարաբաղ պատմական հասկացութիւնը:

Գիւլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերի ստորագրումից յետոյ գրեթէ ողջ Արեւեւելեան Հայաստանը մտաւ Ռուսական կայսրութեան կազմ: Այնպէս որ, բոլոր խօսակցութիւններն Ադրբեջանի մասին` որպէս այդպիսին, կարող են լինել միայն Հոկտեմբերեան յեղափոխութիւնից յետոյ: Դա Լենինի եւ Ստալինի նուէրն էր Աթաթուրքին, որն, ի դէպ, տարիներ անց անկեղծօրէն խոստովանեց. «Մենք արագացրինք կապի հաստատումը բոլշեւիկների հետ, յուսալով, որ յաջողութեան դէպքում կ՚ոչնչացնենք հայկական պետութիւնը, որը թարախաբշտիկ է մեր երկրի մարմնին»: Մեզանից շատերն արդեօք գիտե՞ն այսօր այդ մասին:

Ս. Ն. Յուժակովի 22 հատորանոց հանրագիտարանի առաջին հատորում (1904 թուականի) «Ադրբեջան» բառը գրուած է ոչ այնտեղ, որտեղ ժամանակակից հանրագիտական հրատարակութիւններում նշուած է Ադրբեջանի հանրապետութիւնը: Պարսկաստանի հիւսիսային մասում կան մի քանի պատմական նահանգներ: Դրանցից մէկն է (մէջբերում եմ). «Ադերբայջանը, որտեղ ապրում են քոչուորական կենսակերպ վարող թուրքեր եւ քրդեր»: Ըստ որում քրդերը ցածրադիր վայրերում զբաղւում են հողագործութեամբ, իսկ այ թուրքերը (ադերբեջանցիները) միայն «քոչուորներ» են:

Ադրբեջանի ներկայիս տարածքում իրենց հազարաւոր քրիստոնէական տաճարներով ու եկեղեցիներով ապրող հայերի հետ մէկտեղ ապրում էին նաեւ մահմեդական ազգութիւններ` լեզգիներ, թալիշներ, քրդեր, թաթեր, բուդուխներ, խրիզներ, խինալուգներ, թուրքեր, որոնք էլ մեծամասամբ ապագայ ադրբեջանցիներն էին: Դա անվիճելի փաստ է: Ինչ վերաբերւում է ադրբեջանական «թուաբանութեանը», ապա, ինչպէս գրել է քուրդ գիտնական Շաքրօ Մգոնը, «ազգային պատկանելութիւնը Ադրբեջանի ղեկավարութիւնը գիտակցաբար փոխարինել եւ փոխարինում է կրօնականով»: Այլ կերպ ասած, Ադրբեջանը բնակեցնող մահմեդական ազգերի բոլոր ներկայացուցիչներին արհեստականօրէն վերափոխում են ադրբեջանցիների, որոնց, կրկնում եմ, դեռ ոչ վաղուց անուանում էին «թուրքեր»: Լենինը նրանց անուանում էր «կովկասեան թաթարներ», Բրոքհաուզի եւ Եֆրոնի հանրագիտարանը` «ադերբեջանեան թաթարներ» կամ, նոյն տեղում` «շիա մահմեդականներ»: Իսկ ադրբեջանցիները, ինչպէս յայտնի է, սուննիներ են:

…Որպէսզի ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլէան գլուխ հանի Նախիջեւանի հայերի ցեղասպանութեան հարցից, պէտք է լաւ պատկերացնի, թէ ինչ կատարուեց Ղարաբաղի հետ Հոկտեմբերեան յեղափոխութիւնից յետոյ: ԽՍՀՄ-ի փլուզումը, բնականաբար, Ադրբեջանին հնարաւորութիւն տուեց վերջնականապէս աւերել յամառ Ղարաբաղը: Ըստ էութեան, Բաքուն սկսեց չյայտարարուած պատերազմ: Բայց մեծ կորուստների գնով մենք ազատագրեցինք հայրենիքի որոշ (ոչ բոլոր) մասեր, որոնք դեռ Հոկտեմբերեան յեղափոխութիւնից առաջ միացեալ Հայաստանի մասերն էին, որի մէջ, բնականաբար, մտնում էր ապագայ ԼՂԻՄ-ը` խրթին սահմանագծերով: Ադրբեջանական քարտէզագիրները մշտապէս սեղմում էին Ղարաբաղի քարտէզը: Իսկ փոխւում էր ոչ միայն քարտէզը: Հերոսաբար ազատագրուած շրջաններում` Լաչինում, Քարվաճառում, Կուբաթլիում, Զանգելանում, Ջէբրայիլում, Ֆիզուլիում, Աղդամում ընդամէնը հետքեր էին մնացել պատմական Հայաստանից: Նոյն պատկերն էր Ելիզաւէտպոլի նահանգի, պատմական Գարդմանքի, Գիւլիստանի երկրամասի (Շահումեանի շրջան, լեգենդար Գետաշէնի, Մարտունաշէնի) ահռելի տարածքներում, մարշալներ Բաղրամեանի եւ Բաբաջանեանի կախարդական գիւղ Չարդախլուում, որտեղ ընդհանուր հաշուով կային մօտ ութ հարիւր տաճարներ, եկեղեցիներ, մատուռներ, հարիւրաւոր ու հարիւրաւոր գերեզմանոցներ` իրենց հազարաւոր ու հազարաւոր խաչքարներով: Եւ այդ ամէնից յետոյ այսօր պահանջում են «ազատագրել» հայկական պատմական եօթ շրջանները, որոնք մինչեւ խորհրդային իշխանութիւնը մէկ ամբողջութիւն էին կազմում: Մասնատումն ու վերածումը շրջանների իրագործուեց յետոյ, Ստալինի օրօք: Այնպէս որ, ողբերգութիւնը Արեւելեան Հայաստան եկաւ Հոկտեմբերեան յեղափոխութիւնից յետոյ: Իսկ չէ՞ որ, ի դէպ, նոյնպիսի ողբերգութեան մասին գրել է Ռուսաստանի նախագահ Վ.Վ.Պուտինը. «Յեղափոխութիւնից յետոյ բոլշեւիկները զանազան նկատառումներով, թող Աստուած նրանց դատաւոր լինի, Ուկրաինայի միութենական հանրապետութեան կազմում ներառեցին Ռուսաստանի պատմական հարաւի նշանակալից տարածքներ: Դա արուեց առանց հաշուի առնելու բնակչութեան ազգային կազմը»:

Ինչ վերաբերւում է ԼՂԻՄ-ին, ապա դեռեւս 1930 թուականին Արցախեան թեմի եպիսկոպոս Վրթանէսը նամակատարի միջոցով Էջմիածին ուղարկեց հեռագիր. «Մեզ սկզբում ասացին, թէ համաձայն պետական աթէիզմի ծրագրի` քանդելու են միայն իւրաքանչիւր երկրորդ եկեղեցին: Բայց աւերեցին համարեայ բոլորը: Շնորհիւ Ղարաբաղի ղեկավարների յամառ խնդրանքի պահպանեցին ընդամէնը մի քանի կիսաքանդ տաճարներ, որոնց մէջ են Ամարասը` IV դար, Դադիվանքը` IX դար, Գանձասարը` XIII դար, Շուշիի Սուրբ Փրկիչը` XIX դար: Այսպիսով, ոչնչացուել են 112 եկեղեցիներ եւ 17 տաճարներ»:

Նշեմ, որ Ղարաբաղի ազատագրման առաջին իսկ օրերից (1994թ.) Հայ Առաքելական Եկեղեցու Արցախեան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսեանի ջանքերով հայրենիքի ազատագրուած մասի ողջ տարածքում արդէն վերականգնուել են աւելի քան եօթանասուն եկեղեցիներ: Դրանց վերածնունդը շարունակւում է եւ այսօր:

Եւ այնուամենայնիւ` Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարութիւնը (ես առաջին տեղում նշում եմ Թուրքիան, քանզի Մոսկուայում եւ Կարսում բոլոր փաստաթղթերը ստորագրուել են բացառապէս թուրքերի կողմից), պղծելով հայոց պատմութիւնը, հայերի հայրենիքի ազատագրուած մասն անուանում են «օկուպացուած տարածք»: Նմանատիպ համատեքստով Ռուսաստանի նախագահ Վ.Վ.Պուտինը դեռեւս 2006 թուականին կարեւորագոյն հարց բարձրացրեց գործուն կերպով «պատմական ճշմարտութիւնը պաշտպանելու» անհրաժեշտութեան մասին: Եւ Ռուսաստանն անցաւ գործողութիւնների: Բարձր մակարդակով ստեղծուեց յատուկ յանձնաժողով` հակազդելու համար «պատմութիւնն ի վնաս Ռուսաստանի վերարտագրելու աւելի ու աւելի ագրեսիւ փորձերին»: Իսկ չէ՞ որ ճիշտ նոյնպիսի խնդիր է կանգնած նաեւ Հայաստանի առջեւ:

Պատահակա՞ն է, արդեօք, որ միայն յանուն նրա, որպէսզի պատմութեան մէջ խցկի «Ադրբեջան» բառը, Ալիեւ աւագը դեռ 1998 թուականին օրէնսդրօրէն ադրբեջանցիների… ցեղասպանութեան համար ամրագրեց յատուկ ամսաթիւ` 1918 թուականի մարտի 31-ը, երբ դեռեւս չէր կազմաւորուել այդ միութենական (խորհրդային) հանրապետութիւնը: Ըստ Ալիեւի, պարզւում է, բոլշեւիկները Վլադիմիր Լենինի եւ Բաքուի Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ստեփան Շահումեանի գլխաւորութեամբ (անհեթեթ ստի համար հայ էր հարկաւոր) «1918 թուականի մարտին իրագործել են ցեղասպանութիւն, ընդհանուր առմամբ ոչնչացնելով հինգ հարիւր հազար ադրբեջանցիների»: Իսկ ա՛յ Կրեմլում Լենինի թանգարանային բնակարանի պատին կախուած է Անդրկովկասի մեծ քարտէզ (անձամբ եմ տեսել), որտեղ Ադրբեջան չկայ: Միայն Հայաստան եւ Վրաստան: Մինչդեռ այսօր ողջ ադրբեջանական ժողովուրդը, մանաւանդ երիտասարդ սերունդը, հաւատում է Ադրբեջանում իբր 1918 թուականի ցեղասպանութեան մասին այդ ողջ բարբաջանքին:

Իրականում հէնց 1918 թուականի սկզբին Ելիզաւէտպոլ եւ Շամխոր կայարանների մօտակայքում տեղի ունեցաւ 2000 զինուորների ահասարսուռ կոտորած (եւ փաստօրէն ցեղասպանութիւն) միայն այն պատճառով, որ նրանք ռուսներ էին: Խորհրդային ժամանակներում այդ մասին գրելն արգելուած էր: Այն օրերին ռուսների ջարդերը շարունակուել էին նաեւ Աղստաֆա, Դալլար, Եւլախ, Խաչմաս կայարաններում: Ռուսական ջարդերի անմիջական ղեկավարներն էին կովկասեան թաթարների մահմեդական ազգային խորհրդի անդամներ Ա. Զիյատխանովը, Ա. Սոֆիկիւրսկին, Լ. Մագալովը, Մ. Ռուստամբեկովը (վերջինս, ի դէպ, հայկական ջարդերի կազմակերպիչն էր Նուխի, Արիշ եւ այլ շրջաններում): Ահա թէ իրականում ինչ է կատարուել 1918 թուականին: Եւ այդ ամէնից յետոյ Ռուսաստանի խոշոր պաշտօնեաներից մէկը, գտնուելով Բաքւում, հանդիսաւորապէս յայտարարեց Ռուսաստանի եւ Ադրբեջանի մի ինչ-որ բազմադարեան բարեկամութեան մասին: Բարեկամութիւն` ասենք թէ, բայց այ «բազմադարեան»` պատմական անհեթեթութիւ՛ն է:

…Ես յարգանքով եմ վերաբերւում Ղարաբաղեան կարգաւորման գծով Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին: Սակայն չեմ կարողանում հասկանալ, թէ ինչու հէնց որ Ադրբեջանը, խախտելով 1994 եւ 1995 թուականների հրադադարի մասին համաձայնագրերը, հերթական անգամ բարբարոսական արկածախնդրութիւն կազմակերպեց 2016 թուականի ապրիլի 2-ի գիշերը, համանախագահ պետութիւնների նախագահներն ու արտգործնախարարները մտադրուեցին հնարաւորինս ակտիւօրէն արագացնել խնդրի լուծումը: Փոխանակ` առաջին հերթին պատժէին բարբարոսներին եւ սադրիչներին: Չէ՞ որ ապրիլեան առաւօտուայ սարսափները նորութիւն չէին: Բիշքեկեան համաձայագրերից յետոյ առաջին իսկ օրերից, առանց բացառութեան բոլոր 22 տարիների ընթացքում, ադրբեջանցիները գնդակոծել են նոյնիսկ հրթիռներով ոչ միայն ղարաբաղեան գիւղերն ու աւանները, այլեւ ՄԱԿ-ի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետութեան բնակավայրերը: Եւ այդ ամբողջ ընթացքում աշխարհը լռում էր:

2004 թուականին Բուդապեշտում ադրբեջանցի սպան գիշերը կացնով կտրեց քնած հայ սպայ Գուրգէն Մարգարեանի գլուխը միայն այն պատճառով, որ նա հայ էր: Թւում էր, ո՞րը կարող է ամենասարսափելին լինել բոլոր յանցագործութիւններից: Եւ Բուդապեշտի դատարանը վճիռ կայացրեց` «ցմահ»: Մի քանի տարի անց Ադրբեջանի նախագահն այդ գլխակերին դուրս կորզեց (ոչ յանուն գեղեցիկ աչքերի): Բայց դա քիչ էր: Գլխակերը (բառացի իմաստով) ոչ միայն ազատ արձակուեց, այլեւ հանդիսաւոր պայմաններում ծաղիկներով ընդունուեց ուրախ տօնի ժամանակ, որ կազմակերպել էր ինքը` Ադրբեջանի նախագահը: Ողջ աշխարհի աչքի առաջ բարբարոսը բարձրացուեց ոչ միայն պարզապէս հերոսի, այլեւ երիտասարդութեան համար ընդօրինակման տիպարի աստիճանի: Այդպէս էլ ստացուեց:

2016 թուականի այն ապրիլեան արիւնոտ օրերին գտնուեց մի ադրբեջանցի զինծառայող, որը, այսպէս ասած, աւելի հեռուն գնաց իր «բուդապեշտեան» ուսուցչից: Նա ոչ միայն պարզապէս կտրեց հայկական զինուորի` ազգութեամբ եզդի 20-ամեայ Քեարամ Սլոյեանի գլուխը: Դժուար է պատկերացնել, որ մեր դարում զինուորական համազգեստով մարդը, ԻԼԻՊ-ի տականքների նման, ձեռքերում բռնած տանի կտրած գլուխ (թող ների ընթերցողն ինձ հարկադրուած նատուրալիզմի համար) եւ ցուցադրի այն ամբոխի ծաղրալի վայնասունի տակ: Ցինիզմը կրկնուեց. այն նոյն մարդը, Ադրբեջանի նախագահը, դարձեալ հանդիսաւոր պայմաններում, դէմքին ժպիտ խաղացնելով, ոճրագործին է յանձնում Ադրբեջանի բարձրագոյն շքանշանը: Այդ հրէշաւոր ցինիզմը ցուցադրեցին ադրբեջանական հեռուստատեսութեամբ:

Իսկ աշխարհը շարունակում է լռել: Իսկ համանախագահ երկրների նախագահներն ու արտգործնախարարները, անտեսելով այդ ամբողջ մղձաւանջը, յանկարծ հէնց հիմա գալիս են այն եզրակացութեան, որ պէտք է որքան կարելի է արագ լուծել Արցախի խնդիրը, հիմնուելով 1994-95 թուականների փաստաթղթերի վրայ: Իսկ չէ՞ որ լաւ յայտնի է, թէ այն ժամանակ ինչ էր կատարւում Ղարաբաղում եւ նրա շուրջ. ո՞վ սկսեց եւ ի՞նչպէս աւարտուեց պատերազմը 1994 թուականին: Ինչպէս յայտնի է, այն ժամանակ յաղթական Հայոց բանակը պէտք է վերադարձնէր (ի դէպ, առանց արիւնահեղութեան) ադրբեջանցիների զաւթած հայկական Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գիւղերը, Շահումեանի շրջանի տասնմէկ գիւղեր, լեգենդար Գետաշէնը, Մարտունաշէնը եւ շատ ուրիշներ, որոնց բաժին էր ընկել Նախիջեւանի ողբերգական ճակատագիրը: Բայց վերեւից ինչ-որ մէկը կասեցրեց մեր հայրենիքի մասերը եւ մեր հայրենակիցներին փրկելու փորձը:

Այդ պատճառով ես խորապէս համոզուած եմ` բանակցութիւնների սեղանի շուրջ պէտք է նստել միայն այն ժամանակ, երբ կոնկրետ կ՚իմանանք, թէ ինչով են պսակուելու իրողութիւններն այն բանից յետոյ, հէնց որ թանաքը չորանայ թղթի վրայ: Քանզի կասկածներ չի յարուցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կազմաւորման օրինականութիւնը` ազատագրուած հայկական պատմական շրջանների հետ միասին:

…Հայ եւ ամերիկեան մեծ գրող Վիլեամ Սարոյեանը, որի հետ երջանկութիւն եմ ունեցել երկարատեւ ճամփորդութիւններ կատարել Հայաստանով, Ռուսաստանով եւ Մերձբալթիկայով, մի անգամ իր սիրելի յայտնի գրող Հրանտ Մաթեւոսեանի ներկայութեամբ ասաց. «Ես ծնուել եմ Ֆրեզնոյում: Եւ մանկուց մտածում էի, թէ Ամերիկան իմ հայրենիքն է: Բայց, երբ արդէն հասուն գրող լինելով այցելեցի իմ ծնողների եւ նախնիների տունը Բիթլիսում, ես հասկացայ, որ իմ հայրենիքը Բիթլիսն է, որտեղ հիմա ապրում են թուրքերը: Այդ ժամանակից ի վեր ես ուրիշ մարդ դարձայ: Ես համաձայն եմ Գէօթէի հետ, որը գտնում էր, որ «լուսաւորեալ ժողովուրդների իսկական արիութիւնը կայանում է յանուն հայրենիքի ինքնազոհաբերման գնալու պատրաստակամութեան մէջ»: Նոյնն էլ կատարւում է իմ բոլոր հայրենակիցների հետ, որոնք ցրուած են բոլոր հինգ մայրցամաքներով»:

…Կէս դարի ընթացքում ինձ վիճակուեց այցելել գրեթէ բոլոր հայկական համայնքները բոլոր հինգ մայրցամաքներում: Եւ ամէնուր համոզուեցի, որ, իրօք, չկայ աւելի վեհ հիւանդութիւն, քան հայրենիքի կարօտը: Հիւանդութիւնն այդ քրոնիկական է: Հայերը դրանից հաւանաբար երբեք չեն ազատուելու: Սակայն դա չի նշանակում, թէ խօսքը պատմական հայրենիքի կորստի հետ հաշտուելու մասին է: Ես խորապէս համոզուած եմ, որ մեր ժողովուրդը պարզապէս իրաւունք չունի գերի տրուել «կատարուած փաստի ֆենոմենին»: Իբր` արդէն ուշ է, իբր` գնացքը մեկնել է, իբր` գործելն անօգուտ է:

Ընդհակառակը: Միայն գործե՛լ: Ժամանակն է, որ մենք գիտենանք եւ պատմենք աշխարհին, որ չկայ Ղարաբաղի խնդիր: Կայ Ադրբեջանի խնդիր, որն իրականացրեց Նախիջեւանի բնիկ հայերի հրէշաւոր ցեղասպանութիւն: Իսկական ապարտէիդը[7] ոչ միայն քաղաքական, սոցիալ-տնտեսական, քաղաքացիական իրաւունքներից, այլեւ ազգային պատկանելութիւնից զրկելն է եւ նոյնիսկ տարածքային մեկուսացումը: Մարդկութեան դէմ կատարուած յանցագործութիւնների նկատմամբ վաղեմութեան ժամկէտ չկիրառելու մասին Համաձայնագրի առաջին յօդուածը սկսւում է բարձրահունչ տողով. «Վաղեմութեան ոչ մի ժամկէտ չի կիրառւում յանցագործութիւնների նկատմամբ, անկախ դրանց կատարման ժամանակից»: Այստեղ կարեւոր է այն, որ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլէայի Համաձայնագրի տրամաբանօրէն ստուգուած բազմաթիւ դրոյթները բոլորովին «չեն նախատեսում բացառութիւն որեւէ դէպքում»: Իսկ դա նշանակում է, որ համաձայն Ցեղասպանութեան յանցագործութեան կանխման եւ դրա համար պատժուելու մասին համաձայնագրի VIII եւ IX յօդուածների, Հայաստանը ի դէմս Ազգային ժողովի իրաւունք ունի ըստ ՄԱԿ-ի կանոնադրութեան դիմել Միաւորուած Ազգերի Կազմակերպութիւն օրինական պահանջով` ձեռնարկել «բոլոր անհրաժեշտ միջոցները»: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ համաձայն նշուած IX յօդուածի` «նիւթերը նոյնպէս յանձնւում են Միջազգային դատարանի քննութեանը»: Հարկ է ընդգծել եւ այն, որ Նախիջեւանի դէպքում «պատժելի են ցեղասպանութեան փորձին ուղղուած գործողութիւնները եւ մասնակցութիւնը ցեղասպանութեանը»:

Այսպիսով, Նախիջեւանում ցեղասպանութիւնն իրագործուեց Հոկտեմբերեան յեղափոխութիւնից յետոյ եկած բոլոր սերունդների աչքի առաջ: Նախիջեւանեան վերջին մի քանի հազար հայերը արտաքսուեցին 1991 թուականին: Իսկ վերջին հազարաւոր սրբազան խաչքարները փշուրների վերածուեցին եւ դուրս բերուեցին բաց վագոններով արդէն երրորդ հազարամեակի սկզբին: Կրկնում եմ, խաչքարերը ոչ միայն փոքր ճարտարապետութեան գլուխգործոցներ են, այլեւ առաջին հերթին` շիրմաքարեր, որոնց տակ ննջում են հայերի նախնիների աճիւնները: Հանճարներ Կոմիտասի, Արամ Խաչատրեանի եւ բազմահազար տաղանդաշատ նախիջեւանցիների նախնիների: Կարծում եմ, քչերն են տեղեակ, որ հայերի համար այդ սրբազան վայրում բարբարոսներն արդէն հիմա ստեղծել են ռազմական գօտի, մարտական հրաձգարան:

Մնում է չլռել: Ձա՛յն բարձրացնել: Գործե՛լ:

Հ.Գ. – Ես արդէն ոտք եմ դրել իմ կեանքի իններորդ տասնամեակը: 1937 թուականին զրկուել եմ հօրիցս, որը Լեռնային Ղարաբաղի լուսաւորութեան ժողկոմն էր եւ դատապարտուեց որպէս «ժողովրդի թշնամի»: Ինձ մեծացրել է պապս, որը պատերազմի առաջին երկու տարիներին կորցրեց երեք զաւակներին: Չորս տարի ծառայել եմ Բալթիական նաւատորմում: Աւարտել եմ Ռեազանի բժշկական ինստիտուտը: Տասը տարի որպէս բժիշկ աշխատել եմ Կամչատկայում: ԽՍՀՄ առողջապահութեան նախարարի կողմից պարգեւատրուել եմ Առողջապահութեան գերազանցիկի մեդալով: Քառասուն տարի աշխատել եմ որպէս Հայաստանում «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակից: Գրել եմ մօտ ութսուն գիրք: Եւ դրանցից գլխաւորներն եմ համարում «Դժոխք եւ դրախտ»-ը` Ղարաբաղեան պատերազմի մասին, եւ «Յաղթելով մահին»: ԳՈՒԼԱԳ-ում ծնողներիս ողբերգական ճակատագրի մասին: Եղել եմ ԽՍՀՄ ժողովրդական պատգամաւոր, եւ համագումարներում ու նստաշրջաններում իմ բոլոր ելոյթները վերաբերել են բացառապէս Նախիջեւանի եւ Ղարաբաղի ճակատագրին:

Գործի իմացութեամբ պէտք է ասեմ, որ Ղարաբաղեան պատերազմի աւարտից եւ Բիշքեկեան այսպէս կոչուած խաղաղութեան համաձայնագրի ընդունումից յետոյ երեք անգամ փոխուել են նախագահները համանախագահ երկրներում: Եւ, ի հարկէ, որքան էլ մանրազնին նրանք ուսումնասիրած լինեն հարցը, շատ բաների, գլխաւորի, մանրամասների մասին կարող են չիմանալ: Իսկ նրանց համար, ովքեր տիրապետում են տեղեկատուութեան ողջ ծաւալին, միանշանակ է. միայն այն բանից յետոյ, երբ Նախիջեւանում ցեղասպանութիւն գործելու համար Ադրբեջանը պատժամիջոցների կ՚ենթարկուի ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլէայի համաձայնագրի օրինական կիրառմամբ, կարելի կը լինի ձեռնամուխ լինել Ղարաբաղի հարցին:

Ստեղծուած բարդ իրավիճակում ես խնդրում եւ խորհուրդ եմ տալիս բոլոր երեք նախագահներին, նախքան հարցի վերջնական լուծմանը ձեռնարկելը, որքան էլ դա միամիտ է հնչում, այցելել Ղարաբաղ: Լինել Ամարաս վանքում, որը մէկուկէս հազար տարուայ ընթացքում տեսել է մէկուկէս հազար փորձանք ու դժբախտութիւն: Հէնց այնտեղ է հայոց այբուբենի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցը բացել առաջին դպրոցը, որտեղ հայերը Հայաստանում առաջինը սովորեցին գրել եւ կարդալ մեսրոպեան երեսունվեց սրբազան տառերով: Յատկանշական եւ յուզիչ է (յատկապէս այսօր) այն, որ Մաշտոցն իր երեսունվեց տառերը, որոնք ժողովուրդն անուանել էր «զինուորներ», սկզբում տարաւ Ագուլիս նախիջեւանեան (! – Զ.Բ.) քաղաքը, որտեղ դարերի ընթացքում վեր էին խոյացել տասներկու փառահեղ հայկական քրիստոնէական տաճարներ ու եկեղեցիներ: Ի դէպ, դրանց մասին սրտալի եւ արիաբար իր «Քարէ երազներ» գրքում գրել է ադրբեջանցի տաղանդաւոր գրող Աքրամ Այլիսլին: Մաշտոցն ասես կանխատեսել էր, որ բարբարոսներն աւերելու էին Ագուլիսը: Եւ իր դպրոցը բացեց ղարաբաղեան Ամարասում: Ամարաս վանքն առանձնապէս Ղարաբաղեան պատերազմի տարիներին մշտապէս գտնւում էր բարբարոսների նշանակէտում: Ամէն ինչ վերականգնուեց եւ վերաստեղծուեց յաղթանակից յետոյ:

…Ամարասից քիչ հեռու գտնւում է Մաճկալաշէն գիւղը, որտեղ մինչեւ վերջերս ապրում էր յիրաւի սուրբ մի կին` Ռայա մայրիկը, որն իր որդու թաղմանը (ես ներկայ էի այնտեղ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխօսնակ բարոնուհի Քոքսի եւ ռուս գրող Անդրէյ Նոյկինի հետ) ասաց, դիմելով ժողովրդին. «Այսօր ես զոհաբերում եմ իմ երկրորդ որդուն, որը կեանքը տուեց հայրենիքի համար, Ամարասի համար: Բայց Աստուած մի՛ արասցէ, որ դուք թշնամուն թոյլ տաք նորից սրբապղծութիւն անել եւ նորից անարգել մեր պապերի ու մեր երեխաների գերեզմանները եւ մեր սուրբ Ամարասը»:

 


[1] Խորհրդային Միութեան Կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական կոմիտէ ֊ ԽՄԲ.

[2] Նախիջեւանի Խորհրդային Ինքնավար Հանրապետութիւն ֊ ԽՄԲ.

[3] Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ ֊ ԽՄԲ.

[4] Խորհրդային Սոցիլիստական Հանրապետութիւնների Միութիւն ֊ ԽՄԲ.

[5]

[6] KGB, Պետական անվտանգութեան կոմիտէ, ՊԱԿ ֊ ԽՄԲ.

[7] Apartheid, ցեղային խտրականութիւն ֊ ԽՄԲ.

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.