Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի տունն ու դրա անորոշ ճակատագիրը

 

1918 թուականի Մայիսի 28ին մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, ԲաշԱպարանից, Ղարաքիլիսայից յետոյ հռչակուեց Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը, որի հիմնադիրն է ազգային նուիրեալ, համազգային գործիչ Արամ Մանուկեանը: Նրա շնորհիւ ձեռք բերուած Առաջին Հանրապետութիւնը կարճկեանք, բայց անգնահատելի դեր ունեցաւ հայոց պետականութիւնը վերականգնելու գործում:
 
Մայիսի 28ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասուած է.
«Անդրկովկասի քաղաքական ամբողջութեան լուծումով եւ Վրաստանի ու Ատրպէյճանի անկախութեան հռչակումով ստեղծուած նոր դրութեան հանդէպ Հայոց ազգային խորհուրդն իրեն յայտարարում է հայկական գաւառների գերագույն եւ միակ իշխանութիւն»:
 
1918 թուականի Յուլիսի 24ին հրապարակուեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան անդրանիկ կառավարութեան կազմը. վարչապետ` Յովհաննէս Քաջազնունի, արտաքին գործերի նախարար` Ալեքսանտր Խատիսեան, ներքին գործերի նախարար` Արամ Մանուկեան, զինուորական նախարար` կեներալ Յովհաննէս Յախվերդեան: Հայաստանի ազգային դրօշ ընդունուեց եռագոյնը` կարմիր, կապոյտ, նարնջագոյն: Անկախութեան տարեդարձի օրը` Մայիսի 28ին, կառավարութիւնը, որն արդէն գլխաւորում էր Ալեքսանտր Խատիսեանը, Հայաստանը հռչակեց Անկախ եւ Միացեալ Հանրապետութիւն:
 
1919 թ. Յունիսին տեղի ունեցան ընտրութիւններ` 366 հազար ընտրողի եւ 7 կուսակցութեան մասնակցութեամբ: Խորհրդարանի ընտրուած 80 անդամից 72-ը դաշնակցականներ էին:
 
Առաջին Հանրապետութեան հռչակումից գրեթէ մէկ դար է անցել, բայց Երեւանում՝ այն տանը, որտեղ 1917-19 թուականներին ապրել է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան անդամ, պետական, հասարակական գործիչ, հայոց նորագոյն պետականութեան հիմնադիր, ներքին գործերի նախարար Արամ Մանուկեանը, ծառեր են աճում, փլատակներ են եւ նոյնիսկ ունի «բնակիչ»՝ շան տեսքով:
 
Քաղաքի կենտրոնում՝ Արամի 9 հասցէում գտնուող, փլատակների վերածուած այս շէնքի վահանակը յուշում է՝ այստեղ ապրել է Արամ Մանուկեանը:

 
Թէ ի՛նչ ճակատագիր է սպասւում Առաջին Հանրապետութեան հիմնադրի տանը՝ նախատեսուած է այն վերանորոգել, քանդել, վաճառել, նուիրաբերել կամ այլ գործողութիւն իրականացնել, մեր այս հարցերին ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից նշել են.
 
«Երեւանի քաղաքապետարանին ուղղուած Ձեր հարցմանն ի պատասխան Երեւան քաղաքի գլխաւոր ճարտարապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Երեւան քաղաքի Գլխաւոր պողոտայի՝ Աբովեան, Բիւզանդի, Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակուած տարածքը, ներառեալ Արամի փողոց հ.9 շէնքն իր զբաղեցրած հողատարածքով, ճանաչուել է բացառիկ գերակայ հանրային շահ: Տարածքը ձեռքբերող ընկերութեան կողմից Արամի հ.9 շէնքը, որը հանդիսացել է բնակելի շէնք եւ ունեցել է մէկ տասնեակից աւելի բնակարաններ, օրէնքով սահմանուած կարգով իրացուել է:
 
Արամի հ.9 շէնքը եւ վերը նշուած տարածքում առկայ յուշարձան-շէնքերը պահպանուելու եւ վերակառուցուելու են իրենց իսկ տեղերում: Վերակառուցման բոլոր աշխատանքները կատարուելու են «Պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների ու պատմական միջավայրի պահպանութեան եւ օգտագործման մասին» ՀՀ օրէնքին ու ՀՀ կառավարութեան 2002 թ. Ապրիլի 20-ի հ.438 որոշմանը համապատասխան:
 
Հարկ ենք համարում նշել, որ կառավարութեան որոշումներում եւ դրանից բխող պայմանագրերում քննարկուող շէնքը որպէս Արամ Մանուկեանի տուն-թանգարան վերականգնելու որեւիցէ դրոյթ ամրագրուած չէ»:
 
Մեզ մնում է յոյս յայտնել, որ քանի դեռ շէնքի մի մասը դեռ կայ՝ թէկուզ կիսաւեր վիճակում եւ դեռ չի փոխարինուել բարձրայարկ շէնքով, հիւրանոցով կամ որեւէ այլ կորպորատիւ շինութեամբ, այն մարդը, ով այժմ տան սեփականատէրն է, հոգ կը տանի, որպէսզի շէնքը դառնայ թանգարան՝ որպէս Առաջին Հանրապետութեան հիմնադրի տուն, մարդ, ով այդքան կարեւոր պահին այդքան կարեւոր որոշման իրականացնողն է եղել…
 
Լիա Թահմազեան
Հորիզոն
 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.