Արցախում Վերաբնակուած Վաղաշէնցին Հպարտանում Է Իր 13 Զաւակներով. «Ինը Զինուորը Քիչ Չէ»

 

Արմանը, Արմինէն, Լիւդվիգը, Արեգը, Նարեկն ու Մարգարիտը ծնուել էին, երբ վաղաշէնցի Շահէն Մարգարեանի ընտանիքը բնակութեան նպատակով տեղափոխուեց Քարվաճառի Նոր Վերինշէն գիւղ:

Շահէն Մարգարեանը 1998 թուականին նախապէս եկել ու ծանօթացել է տարածքին, սիրահարուել բնութեանն ու ընտանիքը Գեղարքունիքի մարզի Վաղաշէն գիւղից տեղափոխել Արցախ: Արդէն Նոր Վերինշէնում են ծնուել Փառանձեմը, Նորայրը, Վահէն, Վահանը, Վարդանը, Հերմինէն ու Դաւիթը:

Շահէն եւ Գայիանէ Մարգարեանները իննը որդի ունեն եւ չորս դուստր: Աւագը 24 տարեկան է, ամենակրտսերը՝ հինգ: Տասներեք զաւակներից ութն անչափահաս են:

«Նոր ամուսնացած ժամանակ որ երեխայի ձայն էի լսում, ջղայնանում էի: Մայրս ասում էր՝ այ տղայ ջան, նման բան մի արա, վաղը միւս օրը գլխիդ ա գալու, էնքան էրեխէք կ՛ունենաս: Ասում էի՝ ի՞նչ ես ասում, այ մամ: Հիմա դժգոհ չեմ, փառք Աստծոյ», ծիծաղում է Շահէնը:

Նոր Շահումեանի շրջանում բոլորն են ճանաչում Նոր Վերինշէնի դպրոցի տնօրէն Շահէն Մարգարեանին, գիտեն նրա բազմանդամ ընտանիքի մասին: Քարվաճառի խաչմերուկում, Նոր Վերինշէն բարձրանալու ճանապարհին ծանօթանում եմ Նոր Բրաջուրի նախկին գիւղապետ Մեխակ Գէորգեանի հետ, ով իմանալով գիւղ այցելելու նպատակս՝ Մարգարեանների պատմութիւնը գրառել, հիացմունքով ասում է. «Շահէնի տանը 13 էրեխայ կայ, բայց մի հատ բարձր ձեն չես լսի: Բոլորը խելօք էրեխէք են: Որ մէկն էլ դպրոցն աւարտում ա, ընդունւում ա բարձրագոյն»:

Մարգարեաններին հիւր գնալիս կարող ես կանգնել ձորակի պռնկին ու ձեն տալ, կանչդ այն կողմում շատ լաւ կը լսուի: Մօտենալը ռիսկային է, քանի որ նրանց գամփռ շները անկոչ հիւրեր չեն սիրում: Մեզ դիմաւորեց Նորայրը:

Նոր Վերինշէն այցելելու օրը Շահէնի զոյգ որդիների՝ Արեգի եւ Նարեկի երդման արարողութիւնն էր Ասկերանում: «Ես արցախեան ազատամարտին չեմ մասնակցել եւ այդ օրերին ինձ մեղաւոր էի զգում: Ես էլ որոշեցի պարտքս հայրենիքին էս ձեւով տամ: Ինը զինուորը քիչ չէ», ասում է Շահէն Մարգարեանը:

Նա Նոր Վերինշէնի դպրոցի տնօրէնն է, կինը՝ գրադարանավարը, դուստրը՝ անգլերէնի ուսուցչուհին, հարսը՝ մաթեմատիկայի ուսուցչուհին, որդին էլ Նոր Բրաջուր գիւղի դպրոցի զինղեկն է: Նրա եօթ զաւակները դպրոցական են: «Տանն էլ եմ ինձ զգում ինչպէս դպրոցում», ասում է ծիծաղելով:

Պատմութիւնը, որի արդիւնքում նա հասել է Քարվաճառի լեռնային գիւղ, շատ սովորական է: Պարզապէս երեք եղբայրներից ամենաաւագը՝ այն ժամանակ արդէն վեց երեխաների հայր Շահէնը, չունենալով տուն կառուցելու հնարաւորութիւն, հայրական տնից տեղափոխուել է Նոր Վերինշէն, երբ լսել է վերաբնակեցման ծրագրի մասին:

Հիմա Նոր Վերինշէնում Շահէնի ընտանիքն արդէն երկու տուն ունի: Երկրորդը Արցախի կառավարութեան կողմից նուէր է՝ արուած եօթերորդ զաւակի ծնուելու առիթով: Շահէնը կէսկատակ ասում է, որ ճիշդ կը լինի Արցախի կառավարութիւնը տուն նուիրի ամէն վեցերորդ զաւակի համար:

Հարցին՝ ձեր սէրը Վաղաշէ՞նն է, թէ Նոր Վերինշէնը, Շահէնը պատասխանում է. «Ոնց որ սէրս կիսուած լինի, բայց մի փոքր դէպի էս կողմն է: Ես սիրահարուել եմ Քարվաճառին: Որ Մարտունի եմ գնում, մէկ օրից աւել չեմ կարողանում մնալ: Նախ բնութիւնը ինձ գերեց, յետոյ էլ, ի տարբերութիւն Մարտունու, էստեղ հեշտ է ապրելը: Էստեղ ձմեռը շատ կարճ է, եւ կարիք էլ չի լինում անասնակեր կուտակել: Ու ընդհանրապէս Քարվաճառի բնութիւնը մի մեծ շտեմարան է»:

Շահէնի կինը՝ Գայիանէն, պատմում է, որ Քարվաճառի բնութիւնը նման է իր ծննդավայր Խանլարի բնութեանը, ու դա իրեն Արցախում է պահում: «Մենք Խանլարից դուրս ենք եկել 1989 թուականին, փախուստի ժամանակ: Ես հիմա ասես իմ ծննդավայրում լինեմ: Ամէն մի քար, թուփ յիշեցնում է ծննդավայրս: Ճիշդ է, ապրելը հեշտ չի, բայց փառք Աստծու, էրեխեքն արդէն մեծացել են, աշխատում են, սովորում են: Ամէն ինչ աւելի հեշտ է դարձել»:

Գիւղական պայմանները չեն խանգարում կեանքից մեծ սպասելիքներ ունենալու: Բազմազաւակ ծնողների երազանքն է, որ զաւակները ուսում ստանան՝ անկախ բնակութեան տեղից: «Ես միշտ երեխաներիս ասել եմ՝ տեսէք, ձեր հայրը եթէ կրթութիւն չստանար, ձեզ չէր կարողանայ պահել», ասում է Գայիանէն:

0907vaghashen1Չնայած Նոր Վերինշէնը մայրաքաղաքից հեռու է, առանձնապէս եռուզեռ չկայ, Շահէնի երեխաները գիւղից տեղափոխուել չեն ցանկանում: Լիւդվիգը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճիւղի ուսանող է եւ յոյս ունի, որ աւարտելուց յետոյ Քարվաճառում աշխատանք կը գտնի, մասնաւորապէս՝ կադաստրում (կալուածային գրասենեակ-Խմբ.): «Առայժմ ես մտադրուած չեմ գիւղից կամ մեր շրջանից դուրս ապրել: Հնարաւոր չի, որ էստեղ մի աշխատանք չգտնուի», ասում է Լիւդվիգը:

Փառանձեմն ու Մարգարիտը ցանկանում են մեծ քաղաքում կրթութիւն ստանալ ու էլի վերադառնալ գիւղ: Հերմինէն ԼՂՀ վարչապետ Արայիկ Յարութիւնեանի սանիկն է: Հայրը պատմում է, թէ դա ինչպէս է եղել: «Երբ եօթերորդ երեխաս պիտի ծնուէր, վարչապետը մեր շրջան էր եկել եւ այդ մասին իմանալով, ասաց՝ ինձ տեղեակ կը պահէք: Մինչեւ երեխայի ծնուելը մէկ անգամ էլ եկաւ Քարվաճառ, էլի պատուիրեց իրեն լուր տալ: Երբ աղջիկս ծնուեց, շրջանի ղեկավարին խնդրեցի վարչապետին այդ մասին յայտնել: Եւ վարչապետը ցանկութիւն յայտնեց լինել աղջկաս կնքահայրը»:

Նորվերինշէնցիներն ասում են, որ գիւղի այն թաղամասը, որտեղ ապրում է բազմանդամ ընտանիքը, միգուցէ ապագայում կը լցուի նոր տներով ու կը կոչուի Մարգարեանների ձոր: Ինքը Շահէն Մարգարեանը այլ ձեւակերպում է մտածել՝ «Մարգարեանների փակուղի»: «Եթէ բոլոր զաւակներս էստեղ տուն կառուցեն, ես ինձ շատ երջանիկ կը զգամ: Բայց իրենց ցանկութիւնն է՝ ով որտեղ կ՛ուզի: Բոլորն էլ մի բան հաստատ են որոշել՝ շարունակել ապրել Արցախում: Աւագ որդիս Ստեփանակերտ է ուզում տեղափոխուել: Զոյգերից մէկը սիրահարուել է Շուշի քաղաքին»:

Եթէ որեւէ ընտանիք Նոր Վերինշէնից տեղափոխւում է քաղաք կամ այլ բնակավայր, Շահէնի որդիները խօսակցութիւն են բացում հեռացած ընտանիքի տունը գնելու մասին: Նրանց երազանքն է, որ Նոր Վերինշէնը դառնայ Մարգարեանների գիւղ:

Լիւդվիգն ասում է. «Չեմ կարող բացատրել, թէ ինչ սէր ա, բայց երազում եմ, որ մի քանի տարի անց մենք ախպերներով էս թաղամասում մեր տներն ունենանք, եւ բոլորն ասեն՝ Մարգարեանների գիւղը»:

ԳԱԳԻԿ ԱՂԲԱԼԵԱՆ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.