Չորսօրեայ պատերազմի վերլուծումը ՀՀ պաշտպանութեան բանակի մամլոյ խօսնակ Արծրուն Յովհաննիսեանի կողմէ
1373
0
Ապրիլեան չորսօրեայ պատերազմի վերլուծութիւն
Ապրիլեան չորսօրեայ պատերազմի դրդապատճառների քաղաքական ասպեկտները տեւական ժամանակ դեռ կը քննարկուեն, անշուշտ, առաջ կը քաշուեն բազում աշխարհաքաղաքական, տնտեսական եւ այլ դրդապատճառներ: Սակայն փաստն այն է, որ Ատրպէյճանը մի քանի հանգամանք յստակօրէն հաշուարկել էր: Անցած տարիների ընթացքում Ատրպէյճանը ձեռք էր բերել մեծաքանակ նորագոյն զինատեսակներ, դրանք իրենց մեծ վստահութիւն էին ներշնչել, ընդհուպ, որ դրանք կարող են իրենց յաղթանակ ապահովել: Միաժամանակ նրանք գիտէին, որ հայկական կողմը եւս բաւականին ձեռքբերումներ ունի, սակայն դրանց զգալի մասը դեռեւս ճանապարհին է: Եթէ սրան յաւելենք, որ ատրպէյճանական բանակի ծախսերը շեշտակիօրէն կրճատուել էին, ապա կարելի է ենթադրել, որ, ըստ իրավիճակի, ճիշդ ժամանակն է փորձել բլիցկրիգ (արագ պատերազմ) անել:
Ռազմական առումով անհրաժեշտ է ապրիլեան այս պատերազմը մանրամասնօրէն վերլուծել, սակայն մի քանի հանգամանք արդէն կարելի է վստահօրէն փաստել: Ակնյայտ է, որ ատրպէյճանական կողմը, վերջին երկու տարուայ ընթացքում իր ունեցած բոլոր դիվերսիոն-հետախուզական խմբերը, (կատարուել է առնուազն 150 դիվերսիոն ներթափանցման փորձ) ականային, հրետանային եւ այլ միջոցները գործի դնելով ու ոչնչի չհասնելով, փորձեց լայնամասշտապ մարտական գործողութիւններ սկսել: Ինչպէ՞ս անուանել այս մարտական գործողութիւնները: Այն, անշուշտ, լայնամասշտապ պատերազմ չէ: Ոմանք այն անուանում են «հետախուզութիւն մարտով», որը որոշակիօրէն ճիշդ է: Սակայն դասական իմաստով այդպէս չէ: Դեռեւս 1990-ականների երկրորդ կէսից ռազմարուեստում կիրառւում է առկայ ուժերով, առանց նոր ուժերի ու միջոցների ներգրաւման հիմնական հարուած հասցնելու մարտավարութիւնը: Ատրպէյճանը այս անգամ հենց նման հարուած հասցրեց. օպերատիւ շարուածքում առկայ ուժերով ու միջոցներով փորձեց անակնկալ եւ որոշիչ հարուած հասցնել, բլանաւորել էր մարտավարական բնագիծը ճեղքելով դուրս գալ օպերատիւ խորութիւն: Միայն այն հանգամանքը, որ նրանք մարտավարական առաջին գծով չէին բաւարարուելու, արդէն նշանակում է, որ սա հետախուզական մարտ չէ: Բացի դրանից` ակնյայտ է մի հետաքրքիր առանձնայատկութիւն եւս: Ատրպէյճանական լրատուամիջոցները մինչեւ կէսօր լռում էին: Կէսօրին միանգամից անցան յարձակողական տեղեկատուական տեղատարափի, ընդ որում, սկզբում անթաքոյց հպարտանալով, որ իրենք յարձակուել են եւ գրաւել ինչ-որ բնակավայրեր ու բնագծեր: Սա նշանակում է, որ տեղեկատուական գործողութիւնները եւս նախօրոք բլանաւորուած են եղել` մարտական գործողութիւններին համահունչ սցենարով: Ատրպէյճանական զօրքերի յաջողութիւնները պէտք է ուղեկցուէին համապատասխան տեղեկատուութեամբ, սակայն երբ դրանք սկսեցին հաղորդուել ըստ նախնական մշակուած բլանի, չէին համընկնում մարտական գործողութիւններին: Ի դէպ, նոյնը արեց նաեւ թուրքական մամուլը, որը եւս հաւանաբար տեղեակ էր ծաւալուելիք գործողութիւնների մանրամասներին:
Այդ են վկայում հենց երկու ուղղութիւնում կեդրոնանալը եւ այդ ուղղութիւնների համեմատաբար հարթավայրային մասերում տանկային ուժերով հիմնական հարուածները, օրինակ` Սէյսուլանի ուղղութեամբ ճեղքման հարուածը տանկերով ու հետեւակով: Հարուածների ուղղութիւնները ենթադրում են, որ հիւսիսից ու արեւելքից հասցուող հարուածները Արցախի հիւսիում նպատակ ունէին գրաւելու Մարտակերտը, Սարսանգի ջրամբարով եւ այլն: Յաջողութեան դէպքում ատրպէյճանական զօրքերը համապատասխան զօրախմբերով պէտք է հարուածներ հասցնէին նաեւ այլ ուղղութիւններում: Ըստ ատրպէյճանական տուեալների` իւրաքանչիւր հատուածում գործի են դրուել 1-ին էշելոնի մէկական բրիգադի ուժերն ու միջոցները, որոնք ուժեղացուած են եղել յատուկ նշանակութեան ուժերով` ընդհանուր մինչեւ երկու բրիգադ յատուկ դիվերսիոն խմբերով, լեռնահրաձգային ստորաբաժանումներով, տանկային եւ հրետանային այլ ուժերով: Իւրաքանչիւր ուղղութեամբ նաեւ կուտակուել էին զգալի տանկային ուժեր:
Քանի որ այս դէպքում հասկանալի է, որ ատրպէյճանական կողմը շահագրգռուած է նուազեցնելու սեփական ուժերի թուաքանակը, ինչը հիմնաւորւում է նաեւ որոշ զինատեսակների կիրառութեամբ, որոնք դուրս են կորպուսային ենթակայութիւնից, ապա հասկանալի եւ ակնյայտ է, որ ուժերը առնուազն եղել են բրիգադներից մեծ: Բրիգադը այդքան ուժերով արդէն կորպուսային ներուժ ունէր: Այդ մասին է փաստում նաեւ հակառակորդի կողմից հրետանային կրակի ինտենսիւութիւնը: Չորս օրուայ ընթացքում ըստ որոշ տեղեկութիւնների հակառակորդը կիրառել է 120 մմ-ից բարձր աւելի քան 30,000 հրետանային արկ, ինչը մէկ միջինից բարձր օպերատիւ ռազմագործողութեան համար նախատեսուած զինամթերքի ծախս է:
Որպէս ելակետային հաշուարկ նշենք, որ մէկ հրետանային համակարգի մարտապաշարը հաշուարկւում է 60-80 արկ: Եթէ այս հաշուարկով դիտարկենք ու հաշուենք, որ մէկ հրանոթը կարող է կրակել օրական առաւելագոյնը մէկ մարտապաշար, ապա ստացւում է, որ մարտական ակտիւ չորս օրում իւրաքանչիւր հրանոթի առաւելագոյն արագութեամբ կիրառման դէպքում եղել է մօտաւորապէս 100 միաւոր 120 մմ-ից բարձր հրանոթ: Աւելի ցածր ակտիւութեան դէպքում, ինչը աւելի հաւանական է, կիրառուել է աւելի քան 150 հրանոթ:
Ատրպէյճանական ԶՈՒ-ն փորձել է դիմել հնարամտութեան, որը մի քանի անգամ փայլուն է դրսեւորուել ռազմարուեստի պատմութեան մէջ: Հարուածող խմբաւորումների առաջին շարակազմում կիրառուել են միայն յատուկ նշանակութեան ուժեր, այդ թուում` փորձ` օդային դեսանտ իջեցնել մարտավարական խորքում: Ապրիլի 2-ի առաւօտեան խոցուած ուղղաթիռը հենց այս փորձի ժամանակ է խոցուել: Այսինքն` այդ խմբերը խնդիր ունէին գրաւել առաջին բնագծերը կամ բացուածքներ ապահովել այդ բնագծում եւ միաժամանակ թիկունքից հարուած հասցնել գումարտակային խորութեանն ու խուճապ առաջացնել: Հիմնական զրահատանկային միջոցները մոբիլ խմբերի հետ գործել են արդէն երկրորդ շարակազմում` փորձելով առաջին խմբերի հետ գործել բարձր ներդաշնակութեամբ: Գործելով այս կանոններով եւ ձգտելով քողարկել իրենց հարուածը, որպէսզի ապահովուի անակնկալի գործօնը, ատրպէյճանական զօրքերը նոր ուժերի ու միջոցների ներգրաւումը իրականացրել են ընթացքում` մարտավարական խորութիւնում ունենալով պահեստային ուժեր: Սակայն քանի որ առաջին դիվերսիոն խմբերի գործողութիւնները լիարժէք յաջողութեան չեն հասել, չնայած նրան, որ Թալիշ գիւղում եւ որոշ դիրքերի թիկունքում դիվերսանտներ եղել են, ապա հիմնական հարուածային ուժերը իրենց խնդիրը չեն կարողացել կատարել: Այսինքն` հիմնական հարուածային ուժերի ճանապարհը չի բացուել, ինչպէս բլանաւորած էր: Այստեղից սկսուել է ատրպէյճանական հարուածային խմբաւորման բլանների խափանումն ու ներդաշնակութեան կորուստը:
Միայն այս ուղղութեամբ շրջափակման մէջ ոչնչացուել է ատրպէյճանական յատուկ նշանակութեան ջոկատի առնուազն 30 զինուոր: Իսկ որոշ դիրքեր իրենց վրայ յարձակումը յաջողութեամբ ետ են մղել կամ հակագրոհներով արագօրէն վերականգնել են կորցրածը:
Նոյն սցենարը գրեթէ կրկնուել է երկու ճակատում՝ Մարտակերտի ուղղութեամբ էլ ոչնչացուել է 2 տանկ եւ 2 անօդաչու թռչող սարք: Այսինքն` հայկական ստորաբաժանումներին յանկարծակիի բերել չկարողանալով` հակառակորդը դիմել է ծայրայեղ մեթոտի, այսպէս ասած, բլան «Բ.»-ի` հրետանային ինտենսիւ կրակով գոնէ առաջին դիրքերը վերցնելու մարտավարութեանը: Ի հարկէ, նման ինտենսիւ կրակով մի քանի տեղում հակառակորդին յաջողուել է ճեղքել առաջին բնագիծը, սակայն դրանով էլ տապալել է ամբողջ օպերացիան. քանի որ հիմնական ուժերը ոչ մի նշանակալի յաջողութեան չհասնելով, անգամ մարտավարական որեւէ խորութիւն չգրաւելով, ստիպուած են եղել դիրքային մարտեր վարել: Տեղում փորձելով ճեղքել պաշտպանական բնագիծը, սակայն այդտեղ եւս ձախողուելով, հակառակորդը ներգրաւել է նաեւ ծանր հրանետներ, որոնք ի սկզբանէ չէին կարող նախատեսուած լինել` հաշուի առնելով դրանց դանդաղաշարժութիւնը: Հակառակորդը, կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թուում՝ ՄՄ-21 (“Գրադ”) տիպի կայանք, յարձակման թիրախ է դարձրել ոչ միայն Պաշտպանութեան բանակի դիրքերը, այլեւ խորը թիկունքում գտնուող խաղաղ բնակավայրերը:
Այս ուղղութէամբ Պաշտպանութեան բանակի հակաօդայինների կողմից Ապրիլի 2-ին ժամը 12:30-ի սահմաններում խոցուել են հակառակորդի մէկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:
Փաստօրէն, ատրպէյճանական բանակը հիմնական հարուածային ներուժով տապալել է իր օպերատիւ մակարդակի կայծակնային ռազմագործողութիւնը, որով պէտք է ուժեղացուած բրիգադներով ճեղքէր վաշտային պաշտպանութիւնը եւ դուրս գար մարտավարական խորք:
Նոյնիսկ երկու մակարդակ բարձր ատրպէյճանական ուժերը, փորձելով ամրանալ վաշտային յենակէտերի բնագծերում, ենթարկուել են ԼՂՀ Պաշտպանութեան բանակի գումարտակային ու գնդային ռեզերվների հակայարձակմանը եւ որոշ տեղերում դրանք կորցրել են: Այն տեղերում, որտեղ ատրպէյճանական բանակին յաջողուել է առաւելագոյնը ջոկի դիրք պահել, դա հնարաւոր է եղել միայն կորպուսային ռեզերվների ներգրաւմամբ:
Հաշուի առնելով այդ իրողութիւնը` Ատրպէյճանը յընթացս գործողութիւնները տեղափոխեց հիւծման հարթութիւն՝ հին մեթոտներով հրետակոծելով նաեւ խաղաղ բնակավայրերը:
Սակայն քանի որ այս տարբերակը հաշուարկուած չէր ատրպէյճանական բանակի կողմից, այն վարւում էր աւելի վատ, քան նոյնիսկ տապալուած գործողութիւնը: Սկզբից եւեթ իւրաքանչիւր տապալումից յետոյ ատրպէյճանական բանակը փորձել է թուաքանակով կատարել իր խնդիրը, սակայն չի յաջողուել: Իւրաքանչիւր միջոցի կիրառման անյաջողութիւնից եւ ամէն մի գրոհից յետոյ ձեռնարկելով նորանոր գրոհներ ու փորձելով անպայման յաջողութեան հասնել քանակական գերակշռութեան եւ տեխնիկական գործօնների հաշուին` ատրպէյճանական բանակը պատերազմը տեղափոխել է իր համար արդէն ոչ ձեռնտու հարթութիւն: Քիչ-քիչ մարտի մէջ են մտցւում հրանետներ, ծանր հրետանի եւ այլն, սակայն քանի որ ամէն ինչ վատ էր բլանաւորուած, անգամ նորագոյն համակարգերը, ինչպիսիք են մարտական ԱԹՍ-ները, կիրառւում են ոչ համակարգային, այլ անհատական, տալով ցածր արդիւնք: Յատկապէս զարմանալի էր “Սմերչ” համակարգերի բացարձակ անյաջող կիրառութիւնը:
Յատկապէս անհասկանալի էին մարտական ԱԹՍ-ներով տանկերի ու առանձին մեքենաների խոցման փորձերը: Դրանցով լուծուել են միայն մարտավարական խնդիրներ: Կիրառուել է մօտաւորապէս 15 հարուածային ԱԹՍ, որից միայն մէկն է եղել արդիւնաւէտ, այն էլ քաղաքացիական աւտոպիւսին է հարուած հասցրել: Բացի դրանից` մնացած հարուածները կա՛մ եղել են անարդիւնաւէտ, կա՛մ ոչ նպատակայարմար, երկուսին էլ ՀՕՊ ուժերը խոցել են: Ի հարկէ, սրանք լուրջ օպերատիւ խնդիրներ լուծելու համար նախատեսուած միջոցներ են, սակայն ճիշդ չեն կիրառուել:
Քանի որ այդ դիրքային մարտերը ատրպէյճանական բանակի համար արդէն վերածուել էին պատուի խնդրի, ապա ամէն ինչ նետւում էր մարտի` միայն թէ վաշտային յենակէտերն ու խրամատները գրաւուէին կամ գրաւածները պահուէին հայկական հակագրոհներից: Փաստօրէն, ատրպէյճանական ԶՈՒ-ն, բացի մարտական ինքնաթիռներից, կիրառեց բոլոր տեսակի այլ միջոցները, թէկուզ ոչ ամբողջական ծաւալով կիրառեց օպերատիւ մակարդակի ամբողջ զինանոցը: Դրան հակառակ` հայկական կողմը առհասարակ այս ենթակայութեան ուժեր չի կիրառել, աւելին` անգամ բանակի ռեզերվները չեն ներգրաւուել:
Կայծակնային գործողութեան տապալումից յետոյ Ատրպէյճանը անցաւ հիւծման կռուի: Ատրպէյճանը, այո, ունէր տեխնիկական որոշակի առաւելութիւն եւ դա ակնյայտ էր, սակայն այն այնքան մեծ չէր, որքան պատերազմի անցնող փուլում:
Շուրջ երկու օր տեւած հիւծման մարտերից յետոյ Ատրպէյճանը, սպառելով ստեղծուած այդ զօրախմբերի հիմնական ներուժը, գնաց հրադադարի: Կրակի դադարեցման պայմանաւորուածութեան պահի դրութեամբ ատրպէյճանական կողմը կորցրել էր 24 տանկ, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 6 զրահապատ մեքենայ, 1 ինժեներական մեքենայ, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 2 ուղղաթիռ եւ 12 անօդաչու թռչող սարք: Յատուկ նշենք, որ հայկական կողմը կորցրել է մէկ ԱԹՍ: Արցախեան կողմի տեխնիկական յագեցուածութիւնը այնքան խիտ էր, որ գործնականում անհնար էր առանց մեծ կորուստների առաջ շարժուել, ինչն էլ ապացուցուեց կորուստների մեծ թուաքանակով: Դա ապահովուել էր նաեւ նրանով, որ զօրքերը նախկին լարումների հանգամանքներով, ինչպէս նաեւ հետախուզական տուեալների հիման վրայ գրեթէ լիովին բացազատուած էին իրենց բնագծերում:
Չորսօրեայ մարտական գործողութիւնները փաստեցին, որ ատրպէյճանական ԶՈՒ-ն, բրիգադային ուժեղացուած զօրախմբերով, ներառեալ` վերադասի կողմից տրուած ուժերն ու միջոցները, յարձակում ձեռնարկելով ըստ էութեան վաշտային յենակէտի վրայ` յընթացս չի կարողացել գրաւել այն, անգամ դուրս չի եկել վաշտի պաշտպանութեան յենակէտի ամբողջ խորքը: Ատրպէյճանական զօրախմբերը մարտական գործողութիւնների երկրորդ օրը կիրառել են օպերատիւ ենթակայութեան ուժեր: Ծանր հրանետները, մարտական ԱԹՍ-ները եւ “Սմերչ” համակարգերը անգամ բրիգադի վերադասի ենթակայութեան ներքոյ չեն, այսինքն` կիրառուել են երկու-երեք աստիճան բարձր հրամանատարութեան կողմից տրուած ուժեր եւ միջոցներ:
Փաստօրէն, Ապրիլի 5-ին ատրպէյճանական ԶՈՒ-ն, արցախեան բանակի երկու վաշտային ոչ լիարժէք յենակէտ գրաւելու համար կիրառելով 2-3 անգամ բարձր մակարդակի, մինչեւ անգամ 10 անգամ գերազանցող ուժեր, չի կարողացել լուծել մարտավարական խնդիր եւ ստիպուած է եղել դիմակայել հայկական ուժերի հակագրոհներին: Կրակի դադարեցումը այդ սպառումը համալրելու փորձ էր նոր ուժեր ներգրաւելու համար, քանի որ լայնածավալ համալրում եւ զօրաշարժեր չէր կարող կատարել:
Ատրպէյճանական բանակի գործողութիւնների առանձնայատկութիւնները.
1. Թոյլ էր ատրպէյճանական յարձակողական խմբաւորումների գործողութիւնների բլանաւորումը, եւ ցածր է ղեկավարման մարմինների պատրաստութիւնը:
2. Ատրպէյճանական բանակը ունէր ժամանակակից սպառազինութեան եւ ռազմական տեխնիկայի յագեցուածութիւն, սակայն դրանց ոչ նպատակային ու ճիշդ կիրառութիւն: Դա յատկապէս դրսեւորւում է մարտական ԱԹՍ-ների եւ ռատիոտեխնիկական զինուածութեան, ինչպէս նաեւ մասնակի տեխնիկական առաւելութեան, տանկային, հակատանկային, հեռահար հրետանու եւ այլ սպառազինութիւնների հարցում:
3. Անգամ ոչ մեծ քանակով բացազատուած զօրամասերն ու միաւորումները ունէին ոչ յստակ փոխգործակցութիւն:
4. Մարտավարական ուժերի դէպքում ատրպէյճանական բանակը դրսեւորեց ռազմարուեստում դասական ու առաւել եւս նորարարական մօտեցումների իրականացման անպատրաստութիւն:
5. Ատրպէյճանական բանակը թոյլ տուեց մէկ ռազմավարական սխալ` ունենալով տեխնիկական առաւելութիւն, հետախուզահարուածային հնարաւորութիւններ, ի սկզբանէ զօրքերի կառավարման անյաջողութիւնների պատճառով դրանք սխալ օգտագործեց, դրան հակառակ` գնաց մարդկային ռեսուրսով յաջողութեան հասնելու մարտավարութեանը եւ տալով մեծ թուով զոհեր` ոչնչի չհասաւ:
6. Ատրպէյճանական հասարակութիւնը պատրաստ չէ հիւծիչ պատերազմի, քանի որ այն իր համար իրականում հայրենական պատերազմ չէ: Ատրպէյճանական մամուլը եւ հասարակութիւնը լիովին փակ են, չկայ ինքնաքննադատութիւն եւ սխալների ընդունում, գործում են շաբլոնային մեթոտները:
Հայկական բանակի գործողութիւնների առանձնայատկութիւնները.
1. Հայկական ստորաբաժանումները արագ եւ ճկուն են գործում յատկապէս խուսաւարման եւ բացազատման հարցերում, այնքան արագ ու ճիշդ, որ, օրինակ, “Սմերչ” համակարգերը առաջին օրը թիրախներ չեն գտել խոցելու համար: Հայկական զօրքերը աւելորդ կուտակումներ չեն առաջացրել: Մարտակարգերի վրայ դրանց կիրառութիւնը արդիւնաւէտ չի կարող լինել: Արձակուել է 1-2 համազարկ:
2. Հայկական կողմի պահեստային ուժերի գործողութիւնների համակարգը յղկուած է եւ գործում է անխափան: Բանակը իր համալրման խնդիրը կատարում է բարձր մակարդակով:
3. Հայկական բանակի ստորաբաժանումները դրսեւորել են մասսայական քաջութեան դէպքեր: Դիրքեր են եղել որոնք մինչեւ վերջ կռուել են ու զոհուել բազմապատիկ ուժերի դիմաց, ՊԲ-ի շարքային զինուորները խոցել են երկու ուղղաթիռ եւ կան զինուորներ որոնք մի քանի տանկեր են խոցել:
Հայկական բանակը, որոշակի տեխնիկական հարցերում զիջելով ատրպէյճանական կողմին, գերազանցում է յաղթանակ ապահովող երկու կարեւորագույն գործօնով. զօրքերի եւ ռեզերվների մարտական բարձր ոգին եւ կառավարման բարձր մակարդակը` շնորհիւ պատրաստուած ու վճռական հրամանատարների ու լաւ փորձի:
Արծրուն Յովհաննիսեան