700,000 համշէնահայերը․ ինչո՞ւ են Հոպայի թէյը հայկական համարում

Նայիրի Հոխիկեան

Ժամանակակից Թուրքիայի հիւսիս–արևելեան շրջաններն ընդգրկող Տրապիզոն, Ռիզէ, Հոպա և միւս բնակավայրերը միաւորողը ոչ միայն ծովն ու թէյն են, այլև էթնիկ հայերը։ համշէնահայերը թէև մեծաւմասամբ մահմետական են, բայց կարողացել են պահել լեզուն, սովորոյթները, նոյնիսկ հայերէն երգերը։

Համշէնից տարբեր ժամանակներում մեծ արտագաղթ է եղել դէպի հարևան երկրներ՝ Ռուսաստան, վրաստան, սակայն արմատը շարունակել է մնալ մայր հայրենիքում։ Այսօր համշէնի տարածաշրջանում ապրող հայերի թիւը, ըստ տարբեր հաշուարկների, գերազանցում է 700 հազարը։

Հոպա քաղաքում, որը պատմական հայկական Խոպա բնակավայրն է, փորձում ենք գտնել հարմար հիւրանոց գիշերակացի համար։ Տեղացի թուրքերն իմանալով, որ հայ ենք, մատնացոյց են անում քաղաքում յայտնի Ուստապաշների հիւրանոցային ցանցը։

«Ձերոնք են»,- ասում են թուրքերը։ Ուստապաշների ընտանիքը գործարար համբավ ունի ոչ միայն Հոպայում։ Նրանց հիւրանոցները, խանութներն ու թէյի արտադրամասերը տարածուած են նաև Տրապզոնում, Ռիզէյում և Սև ծովի ափամերձ այլ խոշոր բնակավայրերում։

Ուստապաշների հիւրանոցում, որտեղ սենեակ ենք վարձում, մեծ մասամբ աշխատում են համշէնահայեր։ Առաջին ծանօթութիւնը փոքր-ինչ լարուած մթնոլորտում է լինում։ Ռեստորանի 39-ամեայ խոհարարը` կապուտաչեայ, շիկահեր մի տղամարդ, բաւական ակրեսիւ թոնով արգելում է իրեն հայ կոչել, թէև գործընկերները մեզ յուշել են, որ զտարիւն հայերից մէկն է։

«Ես հայ չիմ։ Շատ աւալու (վաղուց) էկած ինք օրթայ Ասիա։ Երեսս ճերմակ ա, խատուլիկ աչուերներս, ես թուխ չիմ, Հայաստան թուխ ա, ես հայ չիմ»,-իր հայ լինելու՝ իմ հարցին արձագանգում է Այգութ Սոլունը։

Նա այն աստիճան է դարձել թուրքական քարոզչութեան զոհ, որ հասկանալով հանդերձ՝ երկուսս էլ խօսում ենք նոյն լեզուով, չի ընդունում, որ իր լեզուն հայերէնն է: Այգութի նման հայեր էլ կան, ցաւոք: Թուրքական կեղծ պատմագրութիւնը կարողացել է իր սև հետքը թողնել նաև այստեղ՝ յայտարարելով, որ համշէնցիների լեզուն հին Օղուզի կամ Սաքա ցեղի բարբառն է, իսկ համշէնահայ էթնոսը ոչ թէ հայերի սերունդ է, այլ օղուզական, բալքարական կամ աքադական ցեղերի հետնորդ:

Բարեբախտաբար, այդ քարոզչութիւնից մոլորեալ հայերի թիւն օր օրի պակասում է Արևմտեան Հայաստանում՝ փոխարէնը աւելացնելով ազգային արմատներին մօտեցողներին:

Հիւրանոցի աշխատողների հետ զրոյցում պարզեցի, որ նրանք ոչ միայն ընդունում են իրենց հայկական ինքնութիւնը, այլև հպարտանում են դրանով։

«Էստեղ համշէնցիներ շատ կան։ Հոպային կէսէն շատը համշէնցի է։ Մուսուլման հայեր շատ կայ էստեղ, բայց դա ի՞նչ կապ ունի։ Ես հայ իմ, մուսուլման իմ, էրմենի իմ, սորուն (հարց) ի՞նչ կայ։ Ի՞նչ կ’ուզէք ինձմէ, հայ իմ»,-վրդովուած ասում է համշէնցի հայ Սոյլունը՝ նշելով, որ յաճախ են մարդիկ զարմանքով բացայայտում, որ համշէնցիները կարող են հայկական արմատներ ունենալ։

Աւելի ուշ Սոյլունը մեզ ուղեկցում է յուշանուէրների խանութներ, շուկայ, նուիրում համշէնի թէյ՝ շեշտելով, որ այն կարելի է անուանել նաև հայկական թէյ, քանի որ աճեցրել են, հաւաքել ու մշակել բացառապէս հայերը։

Հայերէն խօսող և իրենց հայ լինելն ընդունող մեր հայրենակիցները թուրքերի, քրտերի կամ լազերի հետ գոյակցելու խնդիր չունեն։ Նրանք չեն ձևաւորուել ցեղասպանութիւնից յետոյ։ համշէնահայերին կամ համշէնցիներին շատ պատմաբաններ համարում են իւրայատուկ հայկական էթնիկ խումբ, քանի որ նրանց մի մասը քրիստոնեայ է, իսկ միւս մասը` մահմետական: Հետաքրքիր է, որ շատ մահմետական համշէնցիներ պահպանել են մայրենի լեզուն` համշէնահայերէնը, իսկ որոշ քրիստոնեայ համշէնցիներ էլ չգիտեն հայերէն:

Բոլոր ժամանակներում համշէնահայերը զբաղեցրել են Հոպայի շրջանի բնակչութեան առնուազն 30%-ը։ Եթէ հաւատալու լինենք համշէնահայ Ուստապաշների տուեալներին, ապա միայն Հոպա քաղաքում այսօր 5000 հայ կայ, այդքան էլ՝ յարակից գիւղերում։

«Սփութնիք»

Leave a Comment

You must be logged in to post a comment.