Մայիս 28-ի յաղթանակը կերտած հերոսներ

Արամ Մանուկեան.

«Յեղափոխական խոյանքը»

Անկախութեան օրն է, Մայիս 28:

Հայ մարդու հոգին արդարօրէն ալեկոծւում է հպարտութեամբ: Համայն հայութիւնը ունենում է իր յուզումնալից ցնծութիւնը, որովհետեւ այսօր տօնն է հայկական պետականութեան եւ անկախութեան: Վեց հարիւր տարիների ստրկութիւնից յետոյ հայ մարդն ունեցաւ ազատ հայրենիք, անկախ պետութիւն եւ Հայկական լեռնաշխարհի վրայ ծածանեց երեք գոյն դրօշ:

Մայիս 28-ը ազգային տօնն է բովանդակ հայութեան եւ որեւէ ձեւի պարտադիր լռութիւն, որեւէ ձեւի մթագնելու փորձ չի կարող նսեմացնել նրա արժէքը: Մեր երթը դէպի անկախութիւն եւ ազատ հայրենիք սկսւում է այդ թւականով, երբ Հայկական յեղափոխութեան »Մահ կամ ազատութիւն« պատգամը իրագործւեց իր բովանդակ իմաստով: Հայ մարդը պիտի շարունակէ մեր ազգային մարտական աւանդի յեղափոխական խոյանքը՝ մեկնելով Մայիս 28-ից, որովհետեւ նա լուսագծում է այն ուղին, որտեղից անցնում են հայութեան արդար եւ անժամանցելի դատի հողային, տնտեսական եւ քաղաքական իրագործումները:

Հայն ազատատենչ ազգ է: Մայիս 28-ի անկախութեամբ հայութիւնը չի կարող ետդարձ ունենալ, այլ պիտի ընթանայ միշտ առաջ: Մայիս 28-ով նա ունի վերընձիւղման յոյս, ունի անկախութիւն վերականգնելու հաւատք, որովհետեւ մեր աւելի քան ութսունամեայ յեղափոխական խոյանքը շարունակւում է: Իսկ մարտական այդ խոյանքը մեզ անխուսափելիօրէն դէպի ամբողջական ազատ եւ անկախ Հայաստան է առաջնորդում:

*

«Մայիս 28-ի պատմական արժէքը»

Ըմբռնելու համար Մայիս 28-ի պատմական մեծ նշանակութիւնը, անհրաժեշտ է աչքի առաջ ունենալ այն ծանր պայմանները, որոնց մէջ տառապած եւ արիւնաքամ հայ ժողովուրդը կարողացաւ կենաց մահու հերոսական կռիւներ մղել եւ ազատ ու անկախ Հայաստանի հրաշքը իրագործել: Այդ ճգնաժամային պայմանների մէջ կատարուեց հրաշքը: Դաշնակցութիւնը կարողացաւ ի մի հաւաքել եւ գոյապայքարի ճակատ նետել հայութեան բոլոր կենդանի ուժերը: Որքան յուզիչ դրուագներ կարելի է նկարագրել այն կռիւներից, որոնց արդիւնքում եղաւ Մայիս 28-ի պատմական մեծ թուականը:
Յարգանք հայ ժողովուրդին, նրա յեղափոխական մարտիկներին եւ ղեկավարներին, փա՜ռք հայ բանակին եւ նրա անձնւէր զինուորներին ու սպաներին, որոնք գիտակցեցին արհամարհել ամէն դժուարութիւն եւ անհա կամքով խոյացան մահւան դէմ՝ մինչեւ արեան վերջին կաթիլը կռւելու վճռակամութեամբ:

Այդ հերոսների կերտած թուականն է Մայիս 28-ը:

Զօրավար Դրօ

*

Կոչ ազատագրական պայքարի

Զօր. Սիլիկեան.

«Հայեր, հասել է ժամը, երբ իւրաքանչիւր հայ, մոռանալով իր անձնականը՝ յանուն մեծ գործի, հայ հայրենիքի փրկութեան եւ իր կնոջ, աղջիկների պատւի պաշտպանութեան պիտի գործ դնի իր վերջին ճիգը՝ թշնամուն հարւածելու համար… Մեր նամարդ թշնամին ուզում է ստրկացնել մեզ, ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը… Հայեր, ժամանակը չէ դանդաղութեան. բոլոր մինչեւ յիսուն տարիք ունեցողները պարտաւոր են զէնքի տակ գալ ու իրենց զէնքերով ու փամփուշտներով հայրենիքի պաշտպանութեան համար: Հայուհիներ, յիշեցէք Ե դարի փափկասուն տիկիններին… Հետեւեցէք նրանց օրինակին, եթէ չէք ուզում, որ ձեր պատիւը ոտնակոխ լինի. արհամարհեցէք վախկոտներին, որոնք զանազան պատրւակներով խուսափում են ճակատ գալուց… դէպի գործ, դէպի սրբազան պատերազմ»:

*

Զօր. Նազարբէգեան.

«Հայեր, եթէ դուք ցանկանում էք ազատել ձեր ընտանիքներին ու ստացւածքը, եթէ դուք չէք ցանկանում ապրել աւելի վատթար ստրկութեան մէջ, քան այն, որ դարերի ընթացքում կրել են մեր եղբայրները՝ տաճիկ կառավարութեան լծի տակ, եթէ չէք ուզում, որ ամբողջ հայութիւնը բնաջնջւի, եկէք բոլորդ, ով զէնք կրելու ընդունակ է, եկէք ձեր զէնքերով եւ փամփուշտներով, վերցրէք ձեզ հետ հինգ օրւան ուտեստեղէնի պաշար, մինչեւ որ կարելի լինի զօրքի կանոնաւոր պարէնաւորումը կարգադրել:
Լաւ գիտեցէք, որ եթէ այժմ զէնքով չկարողացանք պաշտպանել մեր ազատութիւնն ու ստացւածքը, ապա մենք արժանի չենք գոյութիւն ունենալու՝ որպէս ինքնուրոյն ազգ եւ այն ժամանակւայ մեզ ու մեր յետնորդներին: Մեր որդիներն ու թոռները միմիայն անէծքով կը յիշեն մեզ»: