Ատրպէյճանի հետ կնքելիք «խաղաղութեան համաձայնագիրը» խաղաղութեան երաշխիքներ չի տալիս․ պատմաբան Խաչատուր Ստեփանեան
- (0)

«Հորիզոն»-ի յատուկ համարի զրուցակիցը պատմաբան, ՀՅԴ ԳՄ անդամ Խաչատուր Ստեփանեանն է։ Նրա հետ զրոյցում անդրադարձել ենք Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացին, հայ-թուրքական եւ հայ-ատրպէյճանական յարաբերութիւններին, քաղաքական հնարաւոր զարգացումներին եւ տարածաշրջանում առաջիկայում տեղի ունենալիք վերադասաւորումներին, որոնք ազդեցութիւն են ունենալու նաեւ Հայաստանի վրայ։
ՀՀ անկախութեան հռչակագրի 11-րդ կէտով սահմանուած է․ «Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թուականին Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին»։ Այսուհանդերձ, 2025 թուականի Մարտի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Հայաստան ժամանած թուրքական լրատուամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրոյցի ընթացքում նշեց․ «Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականութեան առաջնահերթութեան մէջ չի մտնում»։ Ինչպէ՞ս կը մեկնաբանէք սա։ Արդեօ՞ք այս յայտարարութիւնը կարող է բացասական ազդեցութիւն ունենալ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացի վրայ։
Նիկոլ Փաշինեանի յայտարաութիւնը, թէ «Ցեղասպանութեան ճանաչումը մեր արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնների մէջ չի մտնում», իսկապէս, կարող է բացասական ազդեցութիւն ունենալ ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացի վրայ։ Շատ դէպքերում միջազգայն գործընկերները ՀՀ ղեկավարի յայտնած կարծիքն ընկալում են որպէս պաշտօնական որոշում։ Ըստ այդմ, միջազգային հանրութիւնը կը խուսափի հայ-թուրքական այսպէս կոչուած՝ հաշտութեան գործընթացի մէջ մտնելուց։ Այս տեսանկիւնից Փաշինեանն, իսկապէս, վտանգաւոր յայտարարութիւն է արել եւ փաստօրէն ջուրն է գցում այն գործը, որը երկար ժամանակ իրականացրել են Հայ դատի գրասենեակները, յանձնախմբերը նաեւ միւս լոբբիստական կազմակերպութիւնները։ Սա աւելի է բարդացնելու գործընթացը եւ ինչ-որ առումով բաւական մեծ աշխատանք պէտք է նորից սկսել։ Ինչ-որ առումով Նիկոլ Փաշինեանի այս յայտարարութիւնը բխում է ոչ թէ հայ-թուրքական հաշտեցման տրամաբանութիւնից, այլ մէկ անգամ եւս օգտակար է դառնում թշնամի երկրի վարած հակահայ քաղաքականութեանը։
Վստահ եմ՝ հետեւել էք Փաշինեանի՝ թուրքական լրատուամիջոցներին տուած հարցազրոյցին։ Ընդհանուր առմամբ ի՞նչ հետեւութիւններ արեցիք։ Իշխանութիւնն ի՞նչ քաղաքականութիւն է որդեգրել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններում։
Հետեւել եմ այդ հարցազրոյցին։ Հետեւութիւնս հետեւեալն է․ մեր իշխանութիւնը որդեգրել է ամէն գնով թուրքերին դուր գալու քաղաքականութիւն, եւ Նիկոլ Փաշինեանը դա չէր թաքցնում։ Բայց, իրականում պէտք էր ոչ թէ թուրքերին դուր գալու, շողոքորթելու բովանդակութեամբ հարցազրոյց տալ, այլ հայոց պետականութեան, ՀՀ շահերը պաշտպանել։ Ցաւօք սրտի, մենք դա այդ հարցազրոյցում չտեսանք։ Նա թուրքերին ուզում էր հասկացնել, որ իրենք պատրաստ են ընդունելու բոլոր նախապայմանները, իսկ դրանից կարելի է հետեւութիւն անել, որ թուրքերը պատրաստ են նոր նախապայմաններ թելադրելու, որոնք շատ աւելի վտանգաւոր հետեւանքներով են յղի մեր պետութեան եւ ընդհանրապէս հայ ժողովրդի համար։
Մամուլում պարբերաբար հրապարակումներ են յայտնւում այն մասին, որ Հայաստանի իշխանութեան դիրքորոշումը շատ մտահոգիչ է՝ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացի վերաբերեալ, աւելին՝ մտահոգութիւններ կան այն մասին, որ ՀՀ իշխանութիւնը կարող է տեղի տալ թուրք-ատրպէյճանական ճնշումներին, եւ ըստ այդմ՝ նոյնիսկ Հայոց ցեղասպանութեան ուրացման ճանապարհով գնալ։ Դուք ե՞ւս ունէք նման մտահոգութիւն։ Եթէ այո, ապա ինչո՞ւ։
Բացայայտ ասում են, որ հրաժարուելու են ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացից եւ որեւէ ձեւով դա չեն դիտարկելու հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման մէջ։ Տպաւորութիւն կայ, որ ի դէմս թուրքական պետութեան եւ իշխանութեան՝ Հայաստանի իշխանութիւններն իրենց համար հովանաւոր են փնտռում իրենց իշխանութեանը մնալու եւ հակահայկական քաղաքականութիւնը շարունակելու առումով։
Անդրադառնանք այսպէս կոչուած «խաղաղութեան պայմանագրին»։ Ի՞նչ վտանգներով է յղի այդ փաստաթղթի ստորագրումը։
Նիկոլ Փաշնինեանի խօսոյթում «խաղաղութեան պայմանագիրը» վերանուանուել է «խաղաղութեան համաձայնագիր», որը իրաւական առումով աւելի ցածր կարգավիճակ ունի։ Հիմա էլ Ալիեւը ձգձգում է այդ համաձայնագրի ստորագրումը, իսկ Նիկոլ Փաշինեանը պատրաստակամութիւն է յայտնել միայնակ, միակողմանի ստորագրելու դա, որովհետեւ ուզում է ամէն գնով ցոյց տալ, թէ դա խաղաղութեան փաստաթուղթ է՝ փորձելով հասարակութեանը դրանով հանգստացնել։ Բայց, իրականում դա խաղաղութեան որեւէ երաշխիք չի տալիս։ Այդ պայմանագիրը կամ համաձայնագիրը գաղտնի է պահւում, բայց գաղտնազերծուած կէտերից յայտնի է դառնում, որ, որքանով ինձ յայտնի է, դրանում որեւէ կէտ չկայ Ատրպէյճանի կողմից խաղաղութեան երաշխիքի վերաբերեալ։
Այդ փաստաթղթի ստորագրումով Հայաստանը կարո՞ղ է որեւէ երաշխիք ունենալ, որ Ատրպէյճանը դարձեալ ռազմական գործողութիւններ չի սանձազերծի այն դէպքում, երբ հենց այս պահին այդ երկիրը բռնագրաւել է ՀՀ սուվերեն տարածքներից Գեղարքունիքում, Սիւնիքում․․․ Աւելին՝ ատրպէյճանցի բազմաթիւ բարձրաստիճան պաշտօնեաներ (նաեւ նախագահը) խօսում են նուաճողական ու հակահայկական քաղաքականութեան լեզուով՝ պարբերաբար յիշեցնելով նաեւ «Արեւմտեան Ատրպէյճանի» մասին, որի մէջ, իբր, մտնում է նաեւ ՀՀ տարածքը։
«Խաղաղութեան համաձայնագրով» չեն յստակացւում Հայաստանի եւ Ատրպէյճանի սահմանները, իսկ վիճարկելի խնդիրը դա է։ Երկու երկրների միջեւ կոնֆլիկտի թեման սահմանն է, իսկ սահմանի մասին որեւէ բան չկայ։ Եթէ Ատրպէյճանը ՀՀ սուվերեն տարածքից իր վերահսկողութեան տակ տարածքներ ունի, էլ ի՞նչ խաղաղութեան մասին է խօսքը։ Եթէ Ատրպէյճանում կան ռազմագերիներ եւ քաղաքական գերիներ եւ դրա մասին այդ համաձայնագրում չի խօսւում, ի՞նչ խաղաղութեան մասին է խօսքը։ Մենք երաշխաւորուած չենք նոր յարձակումներից։ Ինչպէս նշեցիք, Ատրպէյճանի խօսոյթը վկայում է, որ այս պայմանագիրը խաղաղութեան որեւէ երաշխիք չի տալու, ընդհակառակը, մեր հասարակութեան գլխի տակ փափուկ բարձ է դնում։ Ցաւօք սրտի, եթէ այդ պայմանագիրը ստորագրուի, մենք կարող ենք ականատես լինել նոր յարձակման։
Առաջիկայ ամիսներին կամ 2025 թուականի ընթացքում Ատրպէյճանի կողմից լայնամասշտապ ռազմական յարձակման հաւանականութիւն կանխատեսո՞ւմ էք։
Ատրպէյճանի կողմից Հայաստանի վրայ ռազմական յարձակման վտանգ միշտ էլ կայ, եւ դա այս կամ այն հանգամանքով պայմանաւորուած՝ տեղի չի ունենում, որովհետեւ միջազգային որոշ ուժային կեդրոններ դէմ են դրան։ Դա պայմանաւորուած չէ ՀՀ իշխանութեան որդեգրած քաղաքականութեամբ։ Այսինքն՝ Ատրպէյճանը ոչ թէ վախենում է Հայաստանի պատասխանից կամ ՀՀ իշխանութիւններ են ստիպում միջազգային կեդրոններին՝ զսպելու Ատրպէյճանի ցանկութիւնները, այլ պարզապէս գերտէրութիւններն, իրենց շահերից ելնելով, փորձում են զսպել Ատրպէյճանին։ Սա ցաւով եմ ասում, բայց այսպիսի ողբերգական պետական քաղաքակութեամբ մենք հեռու գնալ չենք կարող։
Իշխանավարման տարիների ընթացքում այս իշխանութիւնն աստիճանաբար ընդունո՞ւմ է եւ առաջիկայում ամբողջապէս կ’ընդունի՞ Թուրքիայի ներկայացրած նախապայմանների ամբողջական փաթեթը, որը ներառում էր Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման դադարեցումը, Արարատ լեռը որպէս խորհրդանիշ հեռացնելը, անկախութեան հռչակագրի փոփոխութիւնը եւ այն։ Փաստ է, որ այս իշխանութեան օրօք այս ամէնի վերաբերեալ եղել են աղմկայարոյց յայտարարութիւններ։ Հաւանական համարո՞ւմ էք, որ մինչեւ 2026 թուականի ընտրութիւնները այս իշխանութիւնը կարող է ընդունել Թուրքիայի ներկայացրած նախապայմանների փաթեթը։
Այս իշխանութիւնների ղեկավարման տարիներին հասարակութեանը տրամադրում են Թուրքիայի առաջարկած նախապայմանների ամբողջական փաթեթն ընդունելուն, որը ներառում է նաեւ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացի դադարեցումը։ Փաթեթում կէտեր կան, որոնք վերաբերում են խորհրդանիշերին, անկախութեան հռչակագրի փոփոխութեանը եւ այլն․․․ Չգիտեմ՝ որքանով է հաւանական մինչեւ 2026 թուականի ընտրութիւնները նախապայմանների ամբողջական փաթեթն ընդունելը, բայց մի բան վստահ կարելի է ասել․ քանի այս իշխանութիւնները կան, թուրքական նախապայմաններն ընդունուելու են, եւ նոր նախապայմաններ են աւելանալու ընդդէմ Հայաստանի։
Ի՞նչ վերադասաւորումներ կարող են լինել մեր տարածաշրջանում, եւ ինչպէ՞ս կարող է դա ազդել ՀՀ վրայ։
Վերադասաւորումներ տեղի են ունենում ամբողջ աշխարհում, եւ մեր տարածաշրջանը, մշտապէս լինելով «տաք» գօտի, պարբերաբար վերադասաւորումների փուլերում է։ Հիմա էլ են նման վերադասաւորումներ տեղի ունենում։ Ակնյայտ է, որ ռուսական ներկայութեան հեռացումը Սիրիայից արդէն որոշակիօրէն փոխելու է տարածաշրջանային վերադասաւորումները։ Ռուսաստանը ռուս-ուքրանական հակամարտութեան կարգաւորումից յետոյ, մի գուցէ, փորձի ամրապնդուել մեր տարածաշրջանում, մասնաւորապէս՝ ՀՀ-ում։ Դա, իսկապէս, կը փոխի տարածաշրջանային վերադասաւորումները, եւ ՀՀ-ն, մի գուցէ, կարողանայ աւելի նպաստաւոր դիրքում յայտնուել, բայց, սա մեծապէս պայմանաւորուած է նաեւ ՀՀ իշխանութիւնների դիրքորոշմամբ։ Թերեւս դրանով է պայմանաւորուած այն փաստը, որ Ատրպէյճանն ու Թուրքիան շտապում են օր առաջ Հայաստանն աւելի ծանր իրավիճակի մէջ դնել եւ մինչեւ վերջնական վերադասաւորումներն իրենց համար բարենպաստ պայմաններ ստեղծել։
Արդեօ՞ք Հայաստանի իշխանութիւնը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը, հնարաւոր բոլոր ջանքերը գործադրո՞ւմ է Պաքուի բանտերում պահուող գերիներին վերադարձնելու եւ նրանց նկատմամբ կատարուող վայրագութիւնների, անօրինական դատական գործընթացի վրայ միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրելու համար։
Հայաստանի իշխանութիւնները ոչ թէ ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր քայլերը, այլ ընդհակառակը․ ոչինչ չեն անում այդ ուղղութեամբ։ Եւ իրենց պարզաբանումը, թէ իբր իրենք քայլեր չեն անում, որպէսզի չվտանգեն Պաքուում պահուող հայերի անվտանգութիւնը, որեւէ արդարացում չունի, որովհետեւ Ատրպէյճանում տեղի ունեցող դատավարութիւններից տեսնում ենք, թէ ինչպիսի անմարդկային պայմաններում են գտնւում գերիները։ ՀՀ իշխանութիւնների վարած անհեռատես քաղաքականութիւնն աւելի է վտանգելու թէ՛ գերիների, թէ՛ Հայաստանի վիճակը։ ՀՀ իշխանութիւնները փոխանակ միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրեն այս գործընթացի վրայ եւ Ատրպէյճանի վրայ ճնշում գործադրեն, որը կը նպաստի Պաքուում պահուող հայ գերիների վերադարձին, հայանպաստ խաղաղութեան հաստատմանը, ոչինչ չեն անում։
Հնարաւո՞ր է հայերի վերադարձն Արցախ։ Եթէ այո, ապա ինչպէ՞ս, ի՞նչ կարգավիճակով, ո՞ր դէպքում։
Հայերի վերադարձն Արցախ հնարաւոր է միջազգային երաշխիքների դէպքում՝ նկատի ունեմ անվտանգութեան նկատառումները։ Կամ էլ պիտի Արցախը նորից ազատագրենք, եւ այդ մարդիկ գնան, իրենց տներում, իրենց պատմական հայրենիքում շարունակեն ապրել եւ արարել։
Հարցազրոյցը վարեց Յասմիկ Բալէեան