Ի՞նչ է նշանակում Ատրպէյճանի դէմ Հայաստանի միջազգային գանգատներից հրաժարուելը
- (0)
Հայաստանն ընդդէմ Ատրպէյճանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրաւունքների եւրոպական դատարան։
Առաջինը վերաբերւում է 44-օրեայ պատերազմին եւ դրանից անմիջապէս յետոյ արձանագրուած մարդու իրաւունքների կոպտագոյն խախտումներին, որտեղ նշւում է, որ Ատրպէյճանը խախտել է Արցախի եւ ՀՀ-ի բնակչութեան կեանքի, խոշտանգումներից եւ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիութեան, սեփականութեան, անձնական եւ ընտանեկան կեանքի, կրթութեան եւ մի շարք այլ իրաւունքները:
Հրաժարուել այս գանգատից, նշանակում է հրաժարուել ատրպէյճանական գործողութիւնների դատապարտումից եւ անուղղակի արդարացնել Ատրպէյճանի ոտնձգութիւնները։
Երկրորդ գանգատը վերաբերւում է Ատրպէյճանում գերեվարուած հայերի նկատմամբ ապօրինի դատավարութիւններին ու բանտարկութեանը։
Հրաժարուել այս գանգատից, նշանակում է հիմնաւորել Արցախի գոյութիւնը յանցագործութիւն համարող Ատրպէյճանի մեղադրանքը, դեռ աւելին՝ Արցախի գերեվարուած ռազմաքաղաքական ղեկավարութեանն էլ ճանաչել յանցակիցներ։
Երրորդ գանգատը վերաբերւում է Հայաստանի ինքնիշխան տարածքում ատրպէյճանական զինուած ուժերի ապօրինի ներկայութեանը եւ դրա հետեւանքով մարդու իրաւունքների խախտումներին։
Հրաժարուել այս գանգատից, կը նշանակի՝ լեգիտիմացնել ատրպէյճանական զինուժի ապօրինի ներկայութիւնը Հայաստանի սուվերեն տարածքում։
Նշենք, որ այս պահին ՀՀ շուրջ 200 քառակուսի քիլոմեթր տարածք գտնւում է ատրպէյճանական զինուժի վերահսկողութեան ներքոյ։
Բացի սա, Հայաստանն ունի նաեւ 1990-ականներից Ատրպէյճանի հսկողութեան ներքոյ գտնուող տարածքներ։
Չորրորդ գանգատը վերաբերւում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում 2022 թուականի մարտից յետոյ ծաւալուած իրադարձութիւններին, որը ներառում է Փառուխ եւ Քարագլուխ գիւղերի մօտ տեղի ունեցած մարտերը, Լաչինի միջանցքի արգելափակումը, Արցախի շրջափակումը, 2023 թուականի Սեպտեմբերին արցախահայերի բռնի տեղահանութեան փուլը:
Հրաժարուել այս գանգատից, կը նշանակի արդարացնել Ատրպէյճանի էթնիկ զտման քաղաքականութիւնն Արցախում, ռազմական ագրեսիան ՀՀ տարածքում։
Նշենք, որ մէկ գանգատ էլ ընդդէմ Ատրպէյճանի քննւում է ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանում, որը ներկայացուել է ռասսայական խտրականութեան բացառման կոնվենցիայի հիմքով։
Այս գանգատը վերաբերում է նաեւ արցախցիների գոյքային պահանջներին։
Ատրպէյճանի կողմից էթնիկ զտման ենթարկուած արցախցիների մեծամասնութիւնը որպէս գոյքային պահանջ միջազգային դատարան առանձին հայցեր չի ներկայացրել այն ակնկալիքով, որ Հայաստանի կառավարութիւնն իրենց անունից կը ներկայացնի իրենց շահերը, իսկ այս գանգատից հրաժարուելու դէպքում արցախահայերի գոյքային իրաւունքները կը մնան չպաշտպանուած։
Նշենք, որ 2020 թուականի պատերազմի մասով հայցեր ներկայացնելու ժամկէտներն անցել են, եւ եթէ Հայաստանը հրաժարուի այս գանգատից, ապա անհատները զրկուած են լինելու դատարան դիմելու հնարաւորութիւնից։
Այսպիսով, հրաժարուելով Ատրպէյճանի դէմ ներկայացրած հայցերից, Հայաստանի գործող իշխանութիւնները փաստացի օգնում են Ատրպէյճանին լեգիտիմացնել Արցախի, Հայաստանի Հանրապետութեան եւ հայութեան դէմ իրագործած յանցագործութիւնները եւ սրբագրել պատերազմական յանցագործութիւններ ու էթնիկ զտումներ իրականացնող բռնապետի իմիջը։
Իշխան Սաղաթէլեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր