Վարդան Օսկանեան. «Խաղադրոյքները երբեք այսքան բարձր չեն եղել. Հայաստանը կարեւոր ջրբաժանում է»
2024-ի աւարտին ակնյայտ է, որ Հայաստանը յայտնուել է ազգային աննախադէպ մարտահրաւէրների եւ անորոշութեան շրջանում։ Այս տարին բնորոշուեց հինգ հիմնական միտումներով, որոնք մէկը միւսից մտահոգիչ են եւ ընդգծում են կառավարման եւ երկրի քաղաքական ուղղութեան փոփոխութեան հրատապ անհրաժեշտութիւնը։ Այս մասին իր ֆէյսպուքեան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանեանը:
«Հայաստանի կառավարութեան արտաքին եւ տարածաշրջանային քաղաքականութեան նախորդ տարիների ձախողումների հետեւանքները ոչ միայն չեն յաղթահարուել, այլեւ խորացել են։ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի մօտեցումը Ատրպէյճանի հետ բանակցութիւններում խորհրդանշում է վտանգաւոր եւ կրկնուող սխալը։ Խաղաղութեան մասին նրա հռետորաբանութիւնը, թէեւ տեսականօրէն գովելի է, տարուայ ընթացքում ուղեկցուեց միակողմանի զիջումների շարքով, որը աւելի է ոգեւորել Պաքուին եւ թուլացրել Հայաստանի դիրքերը։ Իւրաքանչիւր նոր զիջում թերեւս խորացնում է Ատրպէյճանի պահանջներն ու սպառնալիքները՝ մեզ աւելի հեռացնելով արդար խաղաղութիւնից։ Այս ընթացքը երկիրը թողել է խոցելի, յուսախաբ եւ Փաշինեանի խոստումներից գրեթէ ձեռնունայն։
Աշխարհաքաղաքական ասպարէզում Հայաստանի մեկուսացումը միայն խորացել է՝ երկիրը դուրս չբերելով անողոք շրջապտոյտից, որից, ներկայիս ղեկավարութեան ներքոյ, անհնար է թւում դուրս գալը։ Աւանդական դաշնակիցները՝ Ռուսաստանը եւ Իրանը, չեն վստահում Փաշինեանի կառավարութեանը, իսկ Թուրքիան եւ Ատրպէյճանը շարունակում են կասկածանքով վերաբերուել նրա խօսքին։ Նոյնիսկ Արեւմուտքը, որը թւում է՝ որոշ աջակցութիւն է ցուցաբերում, դա անում է ոչ թէ վստահութեան պատճառով, այլ «յարմարաւէտ ամուսնութեան» արդիւնքում, քանի որ նպատակներին հասնելու աւելի լաւ այլընտրանքներ չունի։
Փաշինեանի դիւանագիտական եւ ռազմաքաղաքական գիտելիքների պակասը, որին գումարուել են ռազմավարութեան բացակայութիւնն ու իռացիոնալ յաջորդական որոշումները, աւելի է բարդացրել Հայաստանի կացութիւնը։ Նոր դաշինքներ ստեղծելու ուղղութեամբ լուրջ ջանքեր չգործադրելով՝ դիւանագիտական այս իներցիան Հայաստանին թողել է անկառավարելի՝ միջազգային օրըստօրէ բարդացող միջավայրում։
Թէեւ մակրոտնտեսական ցուցանիշները կարող են վկայել տնտեսական դիմակայունութեան մասին, սակայն դա մեծապէս բխում է Ռուսաստանի դէմ արեւմտեան պատժամիջոցների չկանխատեսուած օգուտներից, որոնք տնտեսական որոշ գործունէութիւն վերաուղղորդել են դէպի Հայաստան։ Սակայն հայաստանցիների մեծամասնութիւնը դրա օգուտները չի զգում։ Կեանքի թանկացումը, լճացած աշխատավարձերը, արտաքին պարտքի աճը, օտարերկրեայ ներդրումների պակասը, աշխատատեղերի ստեղծման սահմանափակութիւնը եւ չափազանց բարձր հարկերը սովորական քաղաքացիների դժուարին վիճակը չեն փոխել, ինչը վկայում է մակրոտնտեսական ցուցանիշների եւ առօրեայ իրականութեան միջեւ անջրպետի մասին։
2024-ի թերեւս ամենամտահոգիչ միտումը ժողովրդավարական յետընթացն է։ Հայաստանն այժմ սահում է դէպի աւտորիտար կառավարում։ 2018-ին Փաշինեանի օրօք սկսուած ժողովրդավարական զարթօնքի յոյսի շրջանը վերածուել է մէկ մարդու իշխանութեան։ Չնայած հանրային վստահութեան պատմական ցածր մակարդակին՝ Փաշինեանը պահպանում է իշխանութիւնը խորհրդարանական մեծամասնութեան միջոցով, որը նրան պաշտպանում է հաշուետուողականութիւնից։ Իշխանութեան այս գերկեդրոնացումն արտացոլում է Հայաստանի ժողովրդավարական համակարգի աւելի խոր բացը՝ ղեկավարներին հաշուետու պահելու կամ կենսունակ ընդդիմութիւն ձեւաւորելու անկարողութիւնը։
Ժողովրդավարութեան համար կենսական նշանակութիւն ունեցող ինստիտուտները, ինչպիսիք են դատական անկախ համակարգը, ազատ մամուլը եւ քաղաքացիական ակտիւ հասարակութիւնը, աւելի են թուլացել Փաշինեանի ներքոյ։ Սեղմելով այլախոհութիւնը եւ կեդրոնացնելով իշխանութիւնը՝ նրա կառավարութիւնը անտարբերութիւն եւ հիասթափութիւն է սերմանել ընտրողների շրջանում։ Հայաստանցիներից շատերն այժմ կասկածի տակ են դնում փոփոխութեան գործիքի՝ ընտրութիւնների արդիւնաւէտութիւնը՝ վախենալով, որ ժողովրդավարական ճանապարհով իմաստալից իշխանափոխութիւնը գնալով անհասանելի է դառնում։
Կոռուպցիան՝ Հայաստանի քաղաքական դաշտի երբեմնի պատուհասը, այս տարի ստացել է աւելի նենգ եւ ինստիտուցիոնալ բնոյթ՝ քայքայելով երկրի ժողովրդավարական հիմքերը։ Իշխող վերնախաւի կողմից հարկատուների գումարների չարաշահումը հասել է աննախադէպ մակարդակի՝ հանրային միջոցները ուղղորդելով անթափանց սխեմաների միջոցով եւ անհիմն պարգեւավճարներ ու արտօնութիւններ տրամադրելով հաւատարիմներին։ Այս գործողութիւնները հանրային վստահութեան համակարգային դաւաճանութիւն են, որոնք խորացնում են անհաւասարութիւնը եւ յուսահատութիւնը։ Կոռուպցիայի յարաճուն այս մշակոյթը քայքայում է երկրի հիմքերը՝ մարդկանց թողնելով այն ծանր գիտակցութեան հետ, որ պետութիւնը դարձել է մասնաւոր շահի, այլ ոչ թէ հանրային բարօրութեան գործիք։
Վերջապէս, հայ հասարակութիւնը շարունակում է խորապէս պառակտուած մնալ։ Բեւեռացումն ու անվստահութիւնը, որոնք սնուցւում են քաղաքական մանիպուլիացիաներով եւ սոցիալական լարուածութեամբ, թշնամանքի բաժանարար մթնոլորտ են ստեղծել։ Հասարակութեան այս մասնատուածութիւնը թուլացնում է կոլեկտիւ գործողութիւնները եւ Հայաստանի՝ մարտահրաւէրներին միասնաբար դիմակայելու կարողութիւնը։
2025-ի սկզբին ուշադրութիւնն անխուսափելիօրէն կը սեւեռուի 2026-ի Յունիսին նախատեսուած խորհրդարանական ընտրութիւնների վրայ, հնարաւոր է՝ արտահերթ ընտրութիւններ՝ հաշուի առնելով քաղաքական անկայուն միջավայրը։ Մէկ բան յստակ է՝ Հայաստանը չի կարող իրեն թոյլ տալ լճացման եւ վատ կառավարման եւս մէկ տարի։ Կառավարութեան փոփոխութեան անհրաժեշտութիւնը երբեք այսքան ակնյայտ չի եղել։ Առաջիկայ ամիսները երկրի համար պէտք է լինեն ինքնաքննադատութեան եւ հնարաւորի վերաիմաստաւորման ժամանակահատուած։
Խաղադրոյքները երբեք այսքան բարձր չեն եղել։ Պահի հրամայականը աշխարհում Հայաստանի դերի ու անելիքների մասին յստակ տեսլական ունեցող ղեկավարութիւն ձեւաւորելն է, որը առաջնահերթութիւն կը տայ ազգային միասնութեանը, իրական բարեփոխումներին եւ ժողովրդավարական սկզբունքներին նորոգուած հաւատարմութեանը։ Հայաստանը կարեւոր ջրբաժանում է, եւ առաջիկայ կարճ ժամանակահատուածում կայացուած որոշումներն են, որ սահմանելու են յաջորդ տասնամեակներում նրա հետագիծը», գրել է նա։
Comments are closed.