ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան. «Առճակատումը ճանապարհ չէ»


ՀՀԿ Խորհուրդի նիստում Սերժ Սարգսեանի ելոյթի, ինչպէս նաեւ այդ ելոյթին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկեանի յայտարարութիւն-պատասխանի, երկրում ստեղծուած իրավիճակի վերաբերեալ Yerkir.am-ը զրուցեց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի հետ:

Արմէն Ռուստամեան. «Վերջին շրջանում ներքաղաքական լարուածութիւնն ակնյայտ աճում էր: Քաղաքական բնականոն բանավէճը սպառնում էր անցել անհանդուրժողականութեան, անձնական վիրաւորանքների, հնարա՚ւոր առճակատումների խիստ վտանգաւոր, երկրի ու ժողովրդի անվտանգութիւնը սասանող սահմանը: Հայաստանի Հանրապետական և «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնների վերջին յայտարարութիւնները հաստատեցին մեր մտահոգութիւնները:

Քաղաքական դաշտի կայացումը, քաղաքական գործընթացներում բացառապէս քաղաքական ուժերի և քաղաքական մեխանիզմների դրսևորումը մշտապէս կարևորուել է մեր կողմից: Բիզնեսի և քաղաքականութեան տարանջատումը, գործողութիւններում ու ծրագրերում երկրի, պետութեան շահի գերակայութիւնը սկզբունքներ են, որոնք, մեր համոզմամբ, պէտք է պարտադիր լինեն մեր երկրի հասարակական-քաղաքական կեանքում: Համոզուած ենք, որ սահմանադրական բարեփոխումներն են այն միջոցը, որը բոլորին կը պարտադրի առաջնորդուել այս սկզբունքներով, Ազգային ժողովը կը դառնայ լիարժէք քաղաքական մարմին, երկրում կը ձևա՚ւորուի նոր որակի իշխանութիւն, համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտ և քաղաքական գործունէութեան նպաստաւոր դաշտ: Համոզուած ենք, որ հենց սահմանադրական փոփոխութիւններն են ապահովելու մեր ազգային-պետական խնդիրների լուծումը, նպատակների իրագործումը, ազգային համերաշխութեան ու միասնականութեան ձևաւորումը:

Ներքին ու արտաքին բարդ և վտանգաւոր մարտահրաւէրների, սոցիալ-տնտեսական ծանր, սահմանային ամենօրեայ լարուածութեան պայմաններում իւրաքանչիւրիս պատասխանատուութիւնը անհրաժեշտութիւն է առկայ հիմնախնդիրները սթափ, փոխադարձ հանդուրժողականութեան, զուտ քաղաքական մեթոդներով և բացառապէս քաղաքական հարթութեան մէջ լուծելու համար:

Այսօր, երբ մեր սահմաններին չեն դադարում հակառակորդի յարձակումները, երբ մենք ազգովի պատրաստւում ենք Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին, բոլորիցս պահանջւում է հանդէս գալ ազգային միասնականութեան ապահովման դիրքերից: Մենք համոզուած ենք, որ առկայ հակամարտութիւնն ու առճակատումը չի բխում մեր պետականութեան ու հասարակութեան շահերից:

Մենք խոհեմութեան, սթափութեան և միասնականութեան կոչ ենք անում»: 


Leave a Comment

You must be logged in to post a comment.