Հայ Եւ Լեհ Հնագէտները Մեծամորում Արգիշտի Առաջինի Ջոկատների Մարտերի Արգասիքներ Են Գտել


ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայ-լեհական արշաւախումբը Մեծամորի քաղաքային թաղամասում պեղումների արդիւնքում հետաքրքիր բացայայտումներ է արել: «Արմէնպրես»ի հետ զրոյցում այս մասին նշեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿի տնօրէնի տեղակալ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսեանը:
«Պեղել ենք Մեծամորի քաղաքային թաղամասը, որը գտնւում է միջնաբերդից հիւսիս: Դա նախկինում պեղումների տարածք չի եղել, երկու տարի է՝ ուսումնասիրում ենք: Բացւում է շատ հետաքրքիր կառոյցների համակարգ, որոնք այրուել են, տանիքը փլուել է կառոյցների մէջ, այսինքն՝ բաւական հետաքրքիր հնագիտական նիւթ ունեն իրենց մէջ: Թուագրւում է մօտաւոր Մ. Թ.Ա. 11-9 դարերով: Ամենայն հաւանականութեամբ՝ այս տարածքը 8րդ դարի առաջին քառորդին Արգիշտի Առաջինի օրօք միացուել է Վանի թագաւորութեանը: Եւ այդ հրդեհները, հաւանաբար, Արգիշտի Առաջինի ջոկատների գործունէութեան արդիւնքն են», նշեց Աշոտ Փիլիպոսեանը՝ յաւելելով, որ այդ ամէնը շատ արագ է տեղի ունեցել, նպատակը եղել է, հաւանաբար, քաղաքային այդ հատուածի թուլացումը եւ տարածքը Վանի թագաւորութեանը միացնելը:

Հնագէտի տեղեկացմամբ՝ սենեակներից մէկում յայտնաբերել են հինգից վեց կարասներ, որոնք վերականգնողի կողմից ամբողջացման փուլում են գտնւում: «Յոյս ունեմ, որ ժամանակի ընթացքում դրանք կը տեղադրենք նոյն սենեակում ու լուսանկար կ՛անենք», յայտնեց Աշոտ Փիլիպոսեանը: Պեղավայրում նաեւ կնոջ կմախք է յայտնաբերուել՝ առանց ոտքի թաթի ոսկորների, կմախքից երկու մետր հեռաւորութեան վրայ նաեւ՝ գանգ: Չի բացառւում, որ գանգը հէնց նոյն կմախքինն է, եւ կատարուել է գլխատում եւ վերջոյթների հատման ծէս:
Համագործակցութիւնը լեհ գործընկերների հետ շարունակւում է. կը տեւի եւս երկու տարի: ««Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿը եւ Լեհաստանի Վարշաւայի համալսարանի Հնագիտութեան ինստիտուտը պայմանագիր են ստորագրել արշաւանքներ իրականացնելու վերաբերեալ: Արդէն երկու տարի է համատեղ աշխատում ենք: Արդիւնքները լաւ են, նիւթերը հրապարակելու ենք ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Լեհաստանում», ասաց հնագէտը:
Պեղումներին այս ընթացքում մասնակցել են ուսանողներ Լեհաստանից, Սլովակիայից, միւս տարի խմբին կը միանան մասնագէտներ Ռուսաստանից, ինչպէս նաեւ թուրք հնագէտ է ցանկութիւն յայտնել աշխատել խմբի հետ Մեծամորում, ում թոյլատրել են: «2015թ. Մեծամորում պեղումների տարածքի մակերեսը կ՛ընդլայնուի: Բացի այդ՝ 2015ին լրանում է Մեծամորի պեղումների 50ամեակը, որին նուիրուած միջազգային գիտաժողով կ՛անցկացուի Երեւանում, հաւանաբար, Սեպտեմբերին», ասաց Աշոտ Փիլիպոսեանը:

ARMENPRESS.am


Leave a Comment

You must be logged in to post a comment.