Հայաստանի Մէջ Աղանդաւորներուն 40 Տոկոսէն Աւելին Երիտասարդներ Են


ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– Հայաստանի մէջ կան 65 արձանագրուած եւ 200է աւելի չարձանագրուած կրօնական կազմակերպութիւններ, որոնց մաս կը կազմեն 40 տոկոսէն աւելին երիտասարդներ։ 17 Նոյեմբերին լրագրողներուն հետ ունեցած զրոյցին ընթացքին այս մասին յայտնած է «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնութեան եւ վերականգնողական կենտրոն»ի ղեկավար Ալեքսանդր Ամարեանը:
«Նախորդ տարուանից ակտիւօրէն սկսել են ներգրաւել երիտասարդներին: Ակտիւացել են նաեւ Եհովայի վկաները, նրանք իրենց շարժական ստենդները հիմնականում դնում են դպրոցների, բուհերի եւ պետական մարմինների տարածքում: Քանի որ նրանց գրականութիւնը հիմնականում մուլտերի տեսքով է, սկսում է հետաքրքրել երեխաներին, որոնք վերցնում ու կարդում են: Նման ստենդների մասին ահազանգ եմ ստացել Շէնգաւիթից», ըսած է Ամարեան:
Ան նաեւ անդրադարձած է վտանգաւոր երեւոյթի մը. «Որոշ ժամանակ առաջ անգամ մանկական պոռնօ մուլտեր էին տարածում, որոնք 500 դրամով վաճառում էին երեխաներին, սակայն դա արդէն վերացել է: Եթէ հաշուենք կրօնական կազմակերպութիւններին անդամագրուած երիտասարդների թիւը, բանակ կը կազմի», աւելցուցած է Ալեքսանդր Ամարեան:
Կեդրոնի տնօրէնին խօսքով՝ Հայաստանի մէջ չկայ օրէնք մը, որ կը սահմանափակէ կրօնական փոքրամասնութիւններուն ազատութիւնը. «Գրանտակեր իրաւապաշտպան կազմակերպութիւնները գոռում են, որ Հայաստանում չկայ կրօնական ազատութիւն, դա սուտ է, քանի որ Հայաստանում չկայ մի օրէնք, որը կը սահմանափակի կրօնական փոքրամասնութիւնների ազատութիւնը»:
Ըստ Ամարեանի՝ կրօնական կազմակերպութիւններուն թիւը կ՛աւելնայ ոչ թէ այն պատճառով, որ պետական մարմինները կ՛աջակցին անոնց, այլ այն պատճառով , որ վերահսկողութիւն չկայ:
«Եթէ կրօնական կազմակերպութիւնը վտանգ է սպառնում հասարակական անվտանգութեանը, իսկ հասարակութեան անվտանգութեան մէջ մտնում է նաեւ Հայաստանի քաղաքացու հոգեւոր աշխարհը, միանշանակ կարելի է այդ իրաւունքները սահմանափակել եւ լուծարել այդ կառոյցները», դիտել տուած է Ալեքսանդր Ամարեան։


Leave a Comment

You must be logged in to post a comment.