Կ՚այցելի՞ Էրտողանը Ծիծեռնակաբերդ 2015 թուականին. Էրտողանին Հայաստան այցելել խանգարող հանգամանքները


2015 թուականը կարևորագոյն տարեթիւ է ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Թուրքիայի համար։ Այս ֆոնին հետաքրքրական է ցանկացած զարգացում Հայաստանի և Թուրքիայի միջև, իսկ առաւել ուշագրաւ է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հրաւէրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրտողանին՝ 2015-ի Ապրիլի 24-ին այցելել Երևան ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին։ Ամենատարբեր օղակներում՝ հասարակ քաղաքացիներից մինչ պետական այրերը, տրամաբանական հարց է ծն՚ւում՝ արդեօ՞ք կ՚այցելի Էրտողանը Հայաստան, թէ ոչ։ Եւ եթէ, այնուամենայնիւ, այցելի, ապա խիստ կարևոր է, թէ ԻՆՉՊԷՍ։

Նախ անհրաժեշտ է հասկանալ, թէ ինչը կարող է ստիպել կամ դրդել  Թուրքիայի նախագահին այցելել Ծիծեռնակաբերդ, և բնականաբար, թէ ինչ վտանգներ ու հետևանքներ կան հայկական կողմի համար թրքական պետութեան և նրա ղեկավարի՝ ապրիլքսանչորսեան արարողութիւններին մասնակցելու հարցում։

Սկսենք աւելի քիչ հաւանական տարբերակից, այն է՝ Էրտողանը ցանկութիւն է յայտնում այցելել Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր։ Ի՞նչն է դրդում նրան անել դա և ինչպէս կարող է թրքական պետութեան ղեկավարն օգտագործել հնարաւոր այցը։

Ի հարկէ, նախևառաջ Էրտողանին՝ Հայաստան գալու հարցում գլխաւոր դրդողը թրքական պետութեան շահերն են։ Էրտողանի այցը Հայաստան կարող է ոչ միայն դրական անդրադարձ ունենալ Թուրքիայի միջազգային image-ի վրայ, այլ նաև հող ծառայել Հայոց ցեղասպանութեան հարցում թրքական ժխտողական քաղաքականութեան և թուրք-ադրբեջանական քարոզչական խնդիրները լուծելու համար։ Այս ամէնը՝ աւելի հանգամանօրէն։ 

Թուրքիան մի շարք հարթակներում, միջազգային շրջանակներում, հասարակական ոլորտում յաճախ ընկալւում է որպէս ցեղասպանութիւնը ժխտող պետութիւն, որն ունակ չէ ազնուօրէն առերեսուել իր պատմութեանը, զբաղւում է իր հասարակութեան խաբէութեամբ և խիստ հակահայ կեցուածք ունի, որը պահպանւում է նաև 21-րդ դարում։ Ինչպէս նախկին փորձից տեսնում ենք, անգամ Թուրքիայի ոչ այնքան խորքային, կարելի է ասել կոսմետիկ քայլերը հայերի ցեղասպանութեան հարցում դրական արձագանգ են գտնում տարբեր շրջանակներում՝ հասարակական ոլորտից մինչ միջազգային կառոյցներ, և Էրտողանի՝ Երևան այցը կը դիտուի որպէս լրջագոյն քայլ «փոփոխուող» Թուրքիայի կողմից։ Օրինակ, Հայոց ցեղասպանութեան 99-րդ տարելիցին ընդառաջ Էրտողանը, ով այն ժամանակ վարչապետի պաշտօնն էր զբաղեցնում, որպէս «ցաւակցութիւն» որակուած ուղերձ յղեց, այդ թւում՝ արևմտահայերէնով ու արևելահայերէնով։ Սա ոգևորութեամբ ընդունուեց միջազգային հարթակներում, որտեղ ողջունեցին Էրտողանի այս քայլը, այսինքն՝ միջազգային image-ի առումով քայլը թրքական կողմի համար յաջողուած կարելի է համարել։ Կարելի է պատկերացնել, թէ որքան աւելի մեծ ազդեցութիւն կ՚ունենայ Թուրքիայի նախագահի այցը Ծիծեռնակաբերդ ու միջազգային հանրութեան համար, մեծ հաշուով, կապ չունի, թէ նա այնտեղ ինչ կը խօսի, ինչպէս կը խօսի։ Միայն այցը բաւարար կը լինի խօսել «փոփոխուող» Թուրքիայի մասին։

Եւ յետոյ մեզ համար խիստ նուրբ ու կարևոր թեմա է, թէ Էրտողանն ինչ կ՚անի Երևանում և ինչ կը խօսի։ Կասկած չի հարուցում այն (ինչպէս և նրա ապրիլքսանչորսեան ուղերձում էր), որ Էրտողանը խօսելու է «ընդհանուր ցաւի» մասին, այն է՝ Օսմանեան կայսրութիւնում հայերն անմարդկային տեղահանութեան են ենթարկուել (այս արտայայտութիւնը, ի դէպ, ներկայիս վարչապետ Ահմէտ Տաւութօղլուի բնութագրումն է), բայց և նոյն այդ ժամանակ կոտորուել են միլիոնաւոր թուրքեր ու այլ մուսուլմաններ ևս, ու սա բոլորի ցաւն է, բոլորն են ՄԻԱՆՄԱՆ տուժել, պէտք է յարգել նաև թուրքերի ցաւն ու կորուստները։

Այսպիսով, Էրտողանի այցը նմանատիպ յայտարարութիւններով կը լինի ոչ թէ Ցեղասպանութեան ճանաչում, այլ Անգարայի ժխտողական քաղաքականութեան հերթական մոդիֆիկացիան, որն այս դէպքում ոչ թէ ի սպառ ժխտում է հայերի կոտորածները, ինչպէս անում էր Թուրքիան մի քանի տասնամեակ առաջ, այլ այն տեղաւորում է Առաջին աշխարհամարտի արհաւիրքների թւում, հաւասարեցնում պատերազմական վիճակում բոլոր կողմերի վնասներին և առաջ բերում նաև թուրքերի կոտորուելու թէզը։ Ինչևէ, «ընդհանուր ցաւի» թէզն ակտիվօրէն շրջանառւում է արդի Թուրքիայի իշխող շրջանակների կողմից, և պէտք է յստակ հասկանալ դրա ենթակէտերն ու նպատակը, որքան էլ որ թուայ, թէ Անգարայի քաղաքականութեան փոփոխութիւնն է այն։

Եվ յետոյ մէկ այլ թրքական (թուրք-ադրբեջանական) քարոզչական գրոհ էլ պէտք չէ բացառել։ «Ընդհանուր ցաւի» կողքին Երևանում Էրտողանի թեթև ձեռքով կարող է յայտնվել նաև Խոջալուի դէպքերի յիշատակումը որպէս «ցեղասպանութիւն՝ իրականացուած հայերի կողմից»։

Այսպիսով, Էրտողանը կարող է օգտագործել այցը Հայաստան, որպէսզի բարելաւուի Թուրքիայի միջազգային image-ը, ինչպէս նաև ուշադրութիւն գրաւող այս ամպիոնից առաջ քաշի «ընդհանուր ցաւի» և Խոջալուի դէպքերի թէզերը, որոնք միանշանակ հակահայ հենք ունեն։

Ուստի պէտք է հաշուի առնել բոլոր, անգամ ամենաչնչին մանրունքները՝ պատրաստ լինելով Էրտողանի հնարաւոր այցին, որը թէև այնքան էլ հաւանական չէ, բայց և պէտք չէ բացառել։ Չէ՞ որ վերը թուարուած դրդապատճառներին գումարւում է նաև այն, որ Էրտողանը պատմութեան մէջ հետք թողնել ցանկացող, փառասէր գործիչ է, իսկ լինել Թուրքիայի պատմութեան առաջին նախագահը, որն այցելում է Ծիծեռնակաբերդ, միգուցէ հետագայում կ՚ընկալուի որպէս բեկումնային քայլ։

 

ինչն է խանգարում Էրտողանի երևանեան այցելութեանը

 

Այժմ փորձենք հասկանալ, թէ ինչ հիմնական դրդապատճառներ կարող են ետ պահել Էրտողանին՝ հրաժարուելու երևանեան հնարաւոր այցից:

Ի հարկէ, այս տարբերակը, որ Էրտողանը կը հրաժարուի Երևան այցից, աւելի հավանական է, քան այն, որ Էրտողանը կարող է այցելել Երևան: Սա պատմական, ինչպէս և արդի քաղաքական հարցերի հետ է կապուած:

Պատմականօրէն Թուրքիայի Հանրապետութիւնը Հայոց ցեղասպանութեան ժխտողականութեան կրողն է: Փորձում է հին և նոր, փորձուած ու ժամանակակից մեթոտներով հերքել պատմական իրողութիւնը, որով Օսմանեան Թուրքիան ճանաչւում էր ցեղասպան պետութիւն: Սա շատ խորը արմատներ ունի թրքական պետականութեան մէջ և տոկմատիք (dogmatic) բնոյթ է կրում: Ուստի գնալ Ցեղասպանութեան ժխտման դէմ՝ նշանակում է գնալ թրքական պետական աւանդոյթի և թրքական հանրապետութեան շահերի դէմ, ինչը երկրի ղեկավարից պահանջում է ոչ միայն հսկայական համարձակութիւն, այլ նաև լուրջ քաղաքական ռեսուրս ու մեծ կամք: Արդեօ՞ք պատրաստ է «երկրորդ Աթաթուրքը» կամ «ուղղակի առաջին Էրտողանը» գնալ այդ ուղով, այսինքն՝ դէմ դուրս գալ Թուրքիայի 90-ամեայ ժխտողականութեան դէմ: Սա լուրջ հարց է կամ հարցերի հարցը…
Միւս կարևոր հարցն աւելի արդիական, կարելի է ասել՝ կենցաղային խնդիրների է վերաբերում: Իսկ ցանկացած իշխանութեան համար, որն ընտրութիւնների է գնում, մշտական գերխնդիրն այդ իշխանութիւնը պահելու համար ընտրողների համապատասխան ձայներ ապահովելն է: Եվ 2015 թուականի ամրանը Թուրքիայում խորհրդարանական ընտրութիւններն են, որոնք խօրհրդարանական կառավարման ձև ունեցող մեր հարևանի համար, բնականաբար, կարևորագոյն ընտրութիւններն են:

Թէև Էրտողանը պաշտօնապէս կապ չի ունենալու խորհրդարանական ընտրութիւնների հետ, քանի որ այս տարուայ օգոստոսին ընտրուելով նախագահ՝ նա, թրքական օրէնքների համաձայն, հեռացել է Թուրքիայի իշխող «Արդարութիւն և զարգացում» կուսակցութիւնից (ԱԶԿ), որի հիմնադիրն ու ղեկավարն էր վերջին 12 տարիներին, սակայն ակնյայտ է, որ Էրտողան-ԱԶԿ բաժանումը զուտ իրաւական, փաստաթղթային բնոյթ է կրում, և իրականում նրանց պէտք է դիտել մեկ շրջանակի մեջ, այնպէս որ Էրտողան-ԱԶԿ զոյգի համար կարևորագոյն խնդիր է յաղթել հերթական ընտրութիւններում ու փորձել գնալ սահմանադրական փոփոխութիւնների՝ Թուրքիան վերածելով նախագահական կառավարման ձև ունեցող պետութեան: Եւ ահա այն, որ Էրտողան-ԱԶԿ զոյգի համար ընտրութեան յաջող անցկացումը ներքաղաքական թիւ մէկ խնդիրն է, որոշակի կապում է Էրտողանի ձեռքերը՝ պատմական այցը իրագործելու համար:

Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ Էրտողանին ու ԱԶԿ-ին ձայն տուողները, մեղմ ասած, այնքան էլ հայերին չեն սիրում: Կամ ձևակերպենք այսպէս՝ այն ընտրազանգուածը, որն ապահովում է Էրտողանի ձայների զգալի հատուածը, աչքի չի ընկնում հայամէտ դիրքորոշմամբ, իսկ Թուրքիայի նախագահի այցը Ծիծեռնակաբերդ միանշանակ չի ողջունուի Թուրքիայի ստվար մի զանգուածի կողմից, և ընտրութիւններից առաջ սա կարող է շրջուել Էրտողան-ԱԶԿ-ի դէմ՝ զրկելով նրանց կարևոր ձայներից: Յիշենք վերջին օրինակը, երբ օգոստոսեան նախագահական ընտրութիւններից առաջ Էրտողանը խիստ հակահայ յայտարարութիւնով հանդէս եկաւ, ինչը փորձագէտները կապեցին ձայներ ստանալու ակնկալիքի հետ՝ յենուելով հակահայ տրամադրութիւններով ընտրազանգուածի վրայ:

Այստեղ կարևոր է ընդգծել, որ Թուրքիայի՝ բաւական փոքր առաջադէմ այն հատուածը, որը Հայոց ցեղասպանութիւնը ճանաչում է, հիմնականում չի մտնում Էրտողանի ընտրազանգուածի մէջ և փոքր թիւի պատճառով էլ չի կարողանում լուրջ դերակատարում ունենալ ընտրական գործընթացներում:

Այնպէս, որ խորհրդարանական ընտրութիւնների գործօնը չափազանց կարևոր է Էրտողանի օրակարգում և խիստ նշանակալի նախադրեալ է երևանեան այցից հրաժարուելու համար՝ կարևոր ձայներ չկորցնելու մտավախութեամբ:

Ամփոփելով պէտք է ասենք, որ որքան էլ Էրտողանի այցը Ծիծեռնակաբերդ ոչ հաւանական է թւում, ամէն դէպքում, կան որոշ քայլեր, որոնք թոյլ չեն տալիս ի սպառ բացառել թրքական պետութեան ղեկավարի հնարաւոր այցը Հայաստան:

Գևորգ Պետրոսեան

Թրքագէտ


Leave a Comment

You must be logged in to post a comment.