Եթէ Զաքար Քեշիշեանն Արցախում Է, Ուրեմն Բոլորս Ուրախ Ենք, Հաւատքով Ու Յոյսով Լցուած

ՎԱՐԴՈՒՀԻ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ

Դժուար, շա՜տ դժուար էր շուրջ 30 տարուայ մէջ Զաքար Քեշիշեանի հերթական այցն Արցախ: Ասում է. «Սարսափելի դժուար էր անցնել Շուշիի տակով եւ չկարողանալ գրկել Շուշին, կարօտ առնել Շուշիից: Իմ սիրտն էլ քարացաւ, ու ես անցայ Շուշին, եւ հիմա լի եմ լաւատեսութեամբ, եռանդով` առնչուելու ինձ համար հարազատ, սիրելի, անկրկնելի, անփոխարինելի հայրենիքի այս հատուածի ժողովրդին եւ նրանց մանուկներին: Արցախում ես պիտի ապրեմ մէկ ամիս, ամէնօրեայ աշխատանքով, ամէնօրեայ փորձերով եւ երաժշտութեամբ, կատակներով, մանկավարժական մեթոտներով ու հնարքներով պիտի կարողանամ երեխաների մէջ մեղմել կորստի ցաւը, աւելացնել լաւատեսութիւնն ու զգօնութիւնը»:

Կարօտների եւ հոգեւոր կուտակումների միջավայրի է վերածուել պարոն Զաքարի հոգին, որն, այնուամենայնիւ, յաղթահարել է Արցախից «երկամեայ բաժանումի գողգոթան»:

2020-ը միակ տարին էր, որ պարոն Զաքարը չկարողացաւ Արցախ գալ համավարակի պատճառով եւ բազմամարդ համերգներ անցկացնել այստեղ: Ասում է` Լիբանանում էլ գրեթէ տնային կալանքի մէջ էին` դարձեալ համավարակի պատճառով:

– Այնուհետեւ վրայ հասաւ պատերազմը եւ ունեցանք աղէտալի հետեւանքներ,- շարունակում է պարոն Զաքարը,- եւ ես իմ մէջ ուժ գտայ վերադառնալու այստեղ, որտեղ նոր ձեւաչափով հարթակ ստեղծուեց իմ ծառայութեան համար, եւ աւելի քան 100 երեխաներով պիտի կատարենք համերգային ծրագիր, որը կոչւում է «Երգող Արցախ»: Եւ պէտք է ծրագիրը կեանքի կոչենք Արցախի կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնակրթութեան նախարարութեան ու «Վարանդա» երգչախմբի անձնակազմի համագործակցութեամբ:

Պիտի կատարեն 19 երգ: Երգեր, որոնք մեր ինքնութեան հաւաստումներն են, եւ որոնք, նոյնիսկ կատակերգերը, պարոն Զաքարն է ընտրել` նախապատուութիւնը տալով ստեղծագործութիւնների բնագրերին, որոնց մէջ եռանդ ու ոգեւորութիւն է զգացել:

Արցախի կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնակրթութեան նախարար Լուսինէ Ղարախանեանը եւ «Վարանդա» երգչախմբի հիմնադիր ու գեղարուեստական ղեկավար, խմբավար Զաքար Քեշիշեանը հանդիպման ընթացքում քննարկել են ծրագրին վերաբերող բոլոր մանրամասները: Եւ հանդիպումից ընդամէնը մէկ ժամ յետոյ կայացել է պարոն Զաքարի ու երեխաների` այս տարուայ անչափ յուզիչ առաջին հանդիպումը:

– Եթէ Զաքար Քեշիշեանն Արցախում է, ուրեմն բոլորս ուրախ ենք, հաւատքով ու յոյսով լցուած,-օրուայ հանդիպումն ամփոփել է նախարար Լ. Ղարախանեանը:

– Պարոն Զաքարի խմբավարական մենաշնորհային, եզակի արուեստը որոշակի երգացանկով երգելը չէ միայն: Այն հոգատարութիւն տարածող, միաւորող, միասնական դարձնող ուժ է:

Նախարարը յիշեց. Զաքար Քեշիշեան խմբավարի ակնառութիւնց օգտուել են հարիւրաւոր շուշեցի երեխաներ, որոնք միշտ են սպասում նրան, եւ չնայած ժամանակներն անողոք են, բայց պարոն Զաքարը կրկին մեզ հետ է:

– Մենք ամէն օր պիտի պարապենք Սայաթ Նովայի անուան երաժշտական քոլեճի դահլիճում, ե՛ւ այնուհետեւ ելոյթներ պիտի ունենանք ե՛ւ հանրութեան, եւ աշակերտութեան համար,- ասում է խմբավարը:- Իւրաքանչիւր բացակայութիւնս Արցախից ինձ համար անդունդ է, սակայն միշտ էլ պէտք է այդ անդունդը լցնելու, նոր գործունէութեան ճանապարհ հարթելու ելք գտնել, եւ ես ուրախ եմ, որ այս բանաձեւը գտնուեց, եւ այսօր իսկ սկսել ենք մեր առաջին պարապմունքը:

Նախարարութեան համապատասխան բաժնի աշխատակիցները ծրագրին մասնակցելու նպատակով 100 երեխաներ են ընդգրկել Ստեփանակերտի արուեստի, երաժշտական տարբեր դպրոցներից, բայց տեղեկացնում են, որ ծրագիրը բաց է 10-15 տարեկան բոլոր այն երեխաների համար, որոնք սիրում են երգել եւ ունեն երաժշտական լսողութիւն: Նրանք կարող են ամէն առաւօտ ժամը 10:30-ին Սայաթ Նովայի անուան քոլեճում մասնակցել ընդունելութեանն ու միանալ երգչախմբին: Պարապմունքները կ՛ընթանան, բացի կիրակիից, ամէն օր ժամը 11:00-ից մինչեւ 13:30-ը կամ 14:00-ը: Ծրագրին կարող են մասնակցել նաեւ Արցախի շրջանների երեխաները, անհրաժեշտութեան դէպքում պարապմունքներ կը կազմակերպուեն նաեւ տեղերում:

Այս պատերազմում 30 եւ աւելի հարազատներ կորցրած (այդ թւում` «Վարանդա» երգչախմբի չորս սաներ) Զաքար Քեշիշեանն Արցախ ուղեւորուելուց առաջ Երեւանում այցելել է Եռաբլուր: Նրա զգացումները յուսավառ են.

– Իւրաքանչիւր հայ, որն իրեն հռչակել է ապրել որպէս հայ, շատ մեծ տառապանք անցաւ, շատ մեծ հիասթափութիւններ ապրեց, պէտք է առաջին հերթին երախտիքի խօսքեր ասի բոլոր այն նահատակներին, որոնք բնաւ չպարտուեցին, որոնք զէնք վերցրին եւ իրենց կեանքը նուիրաբերեցին հայրենիքի համար:

– Զաքարն ինձ ու իմ հայրենակիցների համար վերածնութեան, վերհառնումի խորհրդանիշ է, պարոն Զաքարը կամք է ու տոկունութիւն,- Զաքար Քեշիշեանի պահուածքից ակամայ մտաբերած Աւետիս Ահարոնեանի տողերն էլ նախարար Լ. Ղարախանեանը մէջբերեց որպէս ծրագրի ուղերձ. «… պիտի ապրիս, վասնզի անպարտների բոլոր ոռնացող խուժաններն անզօր են սպաննել լոյսը»:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.