«36 հազար հայեր՝ ներքին տեղահանուած»․ Amnesty International-ի տարեկան զեկոյցը
Բաքւում պահուող հայ ռազմագերիների խնդրին անդրադարձ է կատարուել Amnesty International-ի տարեկան զեկոյցում։ Միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնը՝ յղում անելով 2021 թ․-ի սեպտեմբերին հրապարակուած Եւրախորհրդի զեկոյցին, նշել է, որ տասնեակ գերիներ շարունակում են մնալ անմարդկային պայմաններում և ենթարկւում են արագացուած, անարդար դատավարութիւնների։
Յետպատերազմեան իրավիճակն ու հայ ռազմագերիները
Amnesty International-ի հրապարակած տարեկան զեկոյցի համաձայն՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը որևէ առաջընթաց չեն գրանցել 44-օրեայ պատերազմի ժամանակ տեղի ունեցած պատերազմական յանցագործութիւններն ու միջազգային մարդասիրական իրաւունքի այլ խախտումները հետաքննելու ուղղութեամբ։
Amnesty International-ը զեկոյցում քննադատել է Ադրբեջանի իշխանութիւններին մինչ օրս տասնեակ հայ գերիների Բաքւում պահելու համար։
Թէ քանի գերու մասին է խօսքը՝ զեկոյցը չի յստակեցրել՝ նշելով միայն, որ նախորդ տարեվերջի դրութեամբ Ադրբեջանում պահւում էին աւելի քան 60 հայ գերիներ․
Դեռևս 2021 թ․-ի սեպտեմբերին Եւրախորհուրդն իր զեկոյցում մտահոգութիւն էր յայտնել «տասնեակ հայ գերիների՝ անմարդկային պայմաններում գտնուելու և արագացուած, անարդար դատավարութիւնների ենթարկուելու» փաստերի կապակցութեամբ։
Մէջբերելով Եւրոպայի խորհրդի նախագահի խօսքերը, թէ գերիներին վերադարձնելու դիմաց Երևանը Բաքուին է փոխանցել ականապատ դաշտերի քարտէզներ, որոնց ճշգրտութիւնը Ադրբեջանը վիճարկում է՝ զեկոյցը պնդում է, թե պատերազմից յետոյ Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում «հայկական կողմի տեղադրած ականների պատճառով» զոհուել կամ վիրաւորուել է աւելի քան հարիւր մարդ։
Տեղահանուած արցախցիների խնդիրները
Իրաւապաշտպան կազմակերպութիւնն արձանագրել է, որ պատերազմից յետոյ փախստականների մեծ մասը վերադարձել է Ստեփանակերտ և ԼՂ-ի՝ հայկական կողմի վերահսկողութեան տակ մնացած այլ տարածքներ, բայց այդ մարդիկ շարունակում են բախուել կրթական, առողջապահական և կենցաղային տարբեր խնդիրների։
«Շուրջ 36 հազար էթնիկ հայեր շարունակում է լինել ներքին տեղահանուած։ Նրանցից 24 հազարը՝ երկարաժամկէտ, քանի որ իր տունը թողել է այն տարածքներում, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողութեան տակ են»,- ասուած է զեկոյցում։
Խօսքի ազատութիւնը Հայաստանում
Անդրադառնալով ներհայաստանեան իրավիճակին՝ միջազգային կազմակերպութիւնն ընդգծել է, որ իշխանութիւնների ջանքերով խօսքի ազատութիւնը շարունակում է սահմանափակուել․
«Նախորդ տարուայ մարտին Ազգային ժողովը բարձրացրեց վիրաւորանքի ու զրպարտութեան համար նախատեսուած տուգանքի վերին շեմը՝ հասցնելով 6 միլիոն դրամի (մօտ 12 հազար դոլար)։ Օգոստոսին քրէականացուեց հանրային գործիչներին վիրաւորանք հասցնելը»։
Զեկոյցի համաձայն՝ 2021 թ․-ին բողոքի ակցիաներն ու հանրահաւաքները Հայաստանում հիմնականում թոյլատրուած են եղել՝ հաշուի առնելով այն հանգամանքը, որ տարեսկզբին գործադիրը չեղարկել էր համավարակի պատճառով և անվտանգութեան նկատառումներից ելնելով ընդունուած սահմանափակումները, այդ թւում՝ հաւաքների անցկացման։
Amnesty International-ն ընդգծել է, որ ՀՀ Գլխաւոր դատախազութիւնն ու իրաւապահ այլ մարմիններ ձախողել են պատերազմից յետոյ մի շարք ՀԿ-ների ու ԶԼՄ-ների դէմ կազմակերպուած յարձակումների վերաբերեալ արդիւնաւէտ հետաքննութեան անցկացման գործում։
JAMnews