Սուրիահայերը աշխատանքի եւ կենցաղի նոր մշակոյթ բերին Հայաստան. ՀՀ Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան


 

 

2008-ի Հոկտեմբերին ստեղծուեցաւ ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը, որուն գործունէութեան հիմքը՝ Հայրենիք-Սփիւռք արդիւնաւէտ համագործակցութիւնն է: Նախարարութեան նպատակը այդ կապերու ամրապնդման եւ ազգային ինքնութեան պահպանման աջակցիլն է, հայկական համայնքներէն ներս՝ մայրենի լեզուի պահպանումն ու Հայաստանի տնտեսութեան զարգացման մէջ հայերու ներուժի բացայայտումն ու օգտագործումն է։

Նախարարութեան ստեղծման 5-ամեակի առիթով «Հորիզոն»ը զրուցեց ՀՀ Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի հետ։   

Հ- Առաջին հինգ տարին ի՞նչ հանգրուան կարելի է համարել նախարարութեան մը համար եւ ի՞նչ հանգրուան եղաւ ան յատկապէս Սփիւռքի նախարարութեան համար։ Ընդհանրապէս ինչո՞վ կը տարբերի ձեր նախարարութիւնը այլ նախարարութիւններէ։

Պ- Մեր նորաստեղծ նախարարութեան համար առաջին հինգ տարին կայացման եւ ինքնահաստատման տարիներ եղան, նախ‘ համապատասխան ոլորտը ճանաչելու, առկայ հիմնախնդիրները բացայայտելու, նրանց համակարգուած ու նպատակային լուծումներ տալու համար: 

Ի տարբերութիւն միւս գերատեսչութիւնների, որոնք աշխատում են խնդիրները Հայաստանում լուծել եւ կարգաւորել՝ հրամանների ու կարգադրութիւնների միջոցով, Սփիւռքի նախարարութիւնը իւրայատուկ է նրանով, որ նրա գործունէութեան ոլորտը Հայրենիք-Սփիւռք գործակցութիւնն է։ Հայկական Սփիւռքը բազմադէմ է ու բազմաշերտ, 100-ից աւելի երկրում տարածուած, որի հետ աշխատելը չափազանց բարդ է եւ հետաքրքիր: Ըստ էութեան, նախարարութիւնն աշխատում է մօտ 30 հազար տարաբնոյթ հայկական կառոյցների, 18 համահայկական կազմակերպութիւնների հետ: Եւ բնական է, որ նախարարութիւնը չի կարող Սփիւռքի հետ յարաբերուել հրամայական պարտադրանքներով։ Սփիւռքի հետ բոլոր կապերի ու առնչութիւնների հիմքում մենք դնում ենք միայն գործակցութիւնը, աշխատում սերմանել վստահութիւն ու փոխըմբռնում: 

Չափազանց կարեւոր է Սփիւռքի իւրաքանչիւր կառոյցի, համայնքի ճանաչողութեան, նրա առանձնայատկութիւնների բացայայտման խնդիրը: Այս խնդիրը լուծելու նպատակով մենք ի սկզբանէ համագործակցեցինք եւ՛ Հայաստանի, եւ՛ Սփիւռքի համապատասխան գիտական, հետազօտական կառոյցների հետ‘ հրատարակելով 100-ի մօտ գիտական աշխատութիւններ, հետազօտութիւններ, մեթոտական նիւթեր: 

Տարիների փորձը ցոյց տուեց, որ նախարարութիւնը պէ՛տք է գործի, իրականացնի ծրագրեր ու գործակցի սփիւռքեան կառոյցների հետ‘ ցուցաբերելով տարբերակուած մօտեցում, հաշուի առնելով իւրաքանչիւր տարածքի կառոյցի առանձնայատկութիւնը:

Միաժամանակ, մենք ազգովին ունենք համահայկական խնդիրներ, եւ այդ համազգային օրակարգի առնչութեամբ բոլորս պէտք է համախմբուենք եւ գործենք միակամ ու միասնական: 

Օգտուելով առիթից շնորհակալութիւն եմ յայտնում բոլոր համահայկական կառոյցներին, հայաշունչ կազմակերպութիւններին, անհատներին, որոնց օգնութեամբ եւ օժանդակութեամբ է նաեւ, որ այսօր այսպէս յստակօրէն եւ վստահաբար գործում է Սփիւռքի նախարարութիւնը:

Հոկտեմբերին ամփոփուեց նախարարութեան 5-ամեայ գործունէութիւնը: Թէ ինչ հանգրուանի է հասել նախարարութիւնը 5-ամեայ գործունէութեան ընթացքում, ուզում եմ յիշատակել Հանրապետութեան նախագահի խօսքը մեր տօնակատարութեան ժամանակ. «Սփիւռքի նախարարութիւնը ոչ միայն կայացել է, այլեւ դարձել է զարգացող եւ հեռանկարային կառոյց, որը լծուած է հայութեան օրակարգային խնդիրների լուծմանը: Այս կառոյցն է այն շաղախը, որ կապում է Սփիւռքը Հայրենիքին, ամրացնում եւ ուղղորդում է այդ կապը: Նախարարութիւնն իր 5-ամեայ գործունէութեամբ ապացուցեց Սփիւռքի հետ յարաբերութիւնների համակարգման եւ պետութեան հետ առնչութիւնների կեդրոնացման նպատակայարմարութիւնը: 

«Այս տարիների աշխատանքի արդիւնքում ստեղծուել է փոխըմբռնման, վստահութեան եւ համագործակցութեան բարենպաստ մթնոլորտ համայն հայութեան ներուժը մէկտեղելու, Հայաստան հայրենիքը հզօրացնելու եւ Սփիւռքը հայ պահելու համար»:

Նախարարութեան անցած ուղու մասին աւելի շատ բարձրաձայնեցին ու վկայեցին Հայաստանի եւ Սփիւռքի ամենատարբեր կառոյցներն ու անհատները‘ գնահատելով ու արժեւորելով Սփիւռքի նախարարութեան անցած ուղին: Կարծում եմ, ամենաառարկայական վերաբերմունքը ցուցաբերում են այն անհատներն ու կառոյցները, ում հետ հնարաւորութիւն ենք ունեցել աշխատել, ովքեր անմիջականօրէն եղել են մեր ծրագրերի մասնակիցներն ու մեր գործընկերները, իսկ ովքեր չեն մասնակցել մեր ծրագրերին, չեն առնչուել մեզ հետ կարող են խօսել այն, ինչ ուզում են:

Աւելի՛ն, Հոկտեմբեր 22-ին, ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց «Հայկական Սփիւռքի հետ ՀՀ կառավարութեան համակարգում միասնական քաղաքականութեան իրականացման մասին», որը կարեւորագոյն օրինաչափական փաստաթուղթ է այս աշխատանքները առաւել յստակ իրականացնելու համար: Աւելի՛ն, ՀՀ գործադիր իշխանութեան եւ տարածքային կառավարման մարմինների համակարգում, ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը սահմանուել է որպէս գլխադասային մարմին: Հանրապետութեան նախագահի գնահատականը եւ հրամանագիրը պարզապէս պարտաւորեցնող են եւ նոր խնդիրներ են դնում նախարարութեան առջեւ:

Հ- Վերջին երկու տարիներուն ընթացքին Սփիւռքի նախարարութիւնը մեծ աշխատանք տարաւ յատկապէս սուրիահայութեան խնդիրները լուծելու առումով՝ օրէնսդրական դաշտէն սկսեալ մինչեւ նպաստներ, աշխատանքի տեղաւորում, այժմ «Նոր Հալէպ» թաղամասի կառուցում։ Ի՞նչ կարելի էր ընել, որպէսզի Հայաստան հասած բոլոր սուրիահայերը մնային Հայաստան եւ ինչը խանգարեց այդ «աւելին» իրականացնելու համար։

Պ- Ի տարբերութիւն 2004 թուականի սկզբին իրաքեան պատերազմի արդիւնքում Հայաստան ներգաղթած իրաքահայերի‘ սուրիահայերը Հայաստան գալուն պէս զգացին Հայաստանի իշխանութիւնների հոգատար վերաբերմունքը, նրանց խնդիրներին շուտափոյթ լուծում տալու պատրաստակամութիւնը, քաղաքական կամքը եւ ի հարկէ, արժանացան իրենց հայրենակիցների ջերմ ընդունելութեանը: 

ՀՀ նախագահը սուրիահայերի աշխատանքների համակարգումը վերապահեց ՀՀ Սփիւռքի նախարարութեանը, որն էլ համագործակցելով պետական բոլոր կառոյցների հետ‘ հնարաւորինս լուծում է սուրիահայերի առջեւ ծառացած իւրաքանչիւր խնդիր‘ առողջական,ընկերային, կրթական, եւայլն:

Պետութեան հետ բոլոր յարաբերութիւնները սուրիահայերի համար լուծւում են անվճար, վիզաներ, կացութեան կարգավիճակ, վարորդական վկայական, ինքնաշարժների մուտքի վճար, անձնագրեր:

Ցաւօք, Հայաստանի Հանրապետութեան նիւթական միջոցները սահմանափակ են, եւ երկրում առկայ աղքատութիւնը, ցածր աշխատավարձերը հնարաւորութիւն չեն տալիս ամբողջապէս լուծել նրանց յատկապէս բնակարանային խնդիրները:

Հաճելի է, որ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչները բազմիցս նշում են, որ ՀՀ-ն կարող է օրինակ հանդիսանալ ողջ աշխարհին սուրիահայերի համար կատարած աշխատանքների ծաւալներով: Հարկ եմ համարում նշել, որ սուրիահայերի համար Հայաստանը նիւթական օժանդակութիւն չի ստացել որեւէ միջազգային կազմակերպութիւնից, եւրոպական պետութիւններից, ինչը նրանք իրականացնում են այլ երկրներում գոյացած ճամբարներին օգնելու համար: Այո՛, մենք ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակի եւ այլ միջազգային կազմակերպութիւնների հետ իրականացնում ենք համատեղ մարդկային օգնութեան (հագուստ, սնունդ) ծրագրեր, սակայն դրանք սահմանափակ են եւ թիրախային: 

Հ- Վերջին տուեալներով ի՞նչ պատկեր կը կազմէ սուրիահայերու ներկայութիւնը Հայաստանի մէջ (քանի՞ սուրիահայ եկաւ, քանի՞ն մնաց, քանի՞ն վերադարձաւ կամ մեկնեցաւ այլ երկիրներ)։

Պ- Ընդհանուր առմամբ մէկուկէս տարուայ ընթացքում Հայաստան է ժամանել շուրջ 15-16 հազար սուրիահայ, որոնցից շուրջ 4-5 հազարը հիմնականում վերադարձել է Սուրիա կամ մեկնել է Լիբանան: Կան նաեւ Եւրոպա, ԱՄՆ եւ ՌԴ մեկնած սուրիահայեր, սակայն նրանք շատ փոքր թիւ են կազմում: Այսօրուայ դրութեամբ Հայաստանում են բնակւում շուրջ 11.000 սուրիահայեր: Վերջին շրջանում Հալէպի ճանապարհի բացուելու արդիւնքում նկատւում է սուրիահայերի նոր հոսք, եւ այս թիւն աճելու միտում ունի:

Հ- Ի՞նչ հանգրուանի մէջ է «Նոր Հալէպ» թաղամասի կառուցումը, բնակեցումը ե՞րբ կը նախատեսէք։ 

Պ- Կարծում եմ‘ հարցը պէտք է յուզի իւրաքանչիւր հայի, աշխարհի որ ծայրում էլ նա ապրի: «Նոր Հալէպ» թաղամասի կառուցման ուղղութեամբ աշխատանքներն աշխուժօրէն շարունակւում են: Հոկտեմբեր ամսուայ վերջին աւարտուել է կառուցապատուող տարածքի երկրաբանական եւ երկրաչափական հետազօտումը, իսկ այժմ ընթանում են շէնքերի նախագծերն աւարտական տեսքի բերելու աշխատանքները: 

Դրան զուգահեռ շարունակւում է դրամահաւաքի գործընթացը: «Սուրիահայերի հիմնախնդիրները համակարգող կեդրոն» ՀԿ-ի հաշուին արդէն կայ 50.000.000 ՀՀ դրամ գումար (մօտ 125.000 ԱՄՆ տոլար): Ցանկանում եմ նշել, որ թաղամասն արագ շահագործման յանձնելը կապուած է ծրագրի ֆինանսաւորումից: Ցաւօք, այստեղ հաստատուած մեր հայրենակիցները ի վիճակի չեն հոգալ բնակարանի գումարի հարցը, քանի որ օրուայ խնդիր են լուծում: Այդ պատճառով կրկին ցանկանում եմ դիմել ողջ հայութեանը. 

Աջակցէ՛ք ձեր հայրենակիցներին հիմնաւորուել իրենց Հայրենիքում, նրանք ստիպուած չեն լինի բռնել պանդխտութեան ճամբան, նորից դառնալ փախստական: Հայրենիքը կարիք ունի այս բարի, աշխատասէր եւ համեստ մարդկանց: 

Նրանք նոր մշակոյթ են բերել ե՛ւ աշխատանքի ե՛ւ կենցաղի բնագաւառներում: Համախմբուենք այս ծրագրի շուրջ, այն հայութեան պատուի խնդիրն է, այն մեր հայրենիքը ամրացնելու եւ սուրիահայերին հոգեկան ծանր վիճակից հանելու խնդիր է: Մասնակցենք այս ծրագրին եւ հպարտանանք մեր հայ լինելու համար: 

Հ- Ակնյայտ է, որ Սփիւռքի նախարարութիւնը նորաստեղծ ըլլալով հանդերձ՝ հինգ տարուան մէջ մեծ գործունէութիւն ծաւալեց, սակայն դուք, որ միշտ կը ձգտիք աւելիին, ի՞նչ ծրագրած էիք կամ կ՚ուզէիք ընել, բայց չհասցուցիք։ Ի՞նչ խոչընդոտներ եղան‘ ձեր ծրագրածը իրականացնելու համար։ 

Պ- Կեանքի կոչելով իր նախընտրական ծրագրի կարեւոր դրոյթներից մէկը եւ 2008 թ. ստեղծելով Սփիւռքի նախարարութիւնը‘ ՀՀ նախագահը նախարարութեան առջեւ ռազմավարական 3 կարեւոր խնդիր է դրել‘ հայապահպանութիւնը Սփիւռքում, ազգային ներուժի համախմբումը եւ դրա նպատակային օգտագործումը Հայաստանի եւ Արցախի զարգացման համար եւ հայրենադարձութեան խթանումը: Նախարարութեան 5-ամեայ ողջ գործունէութիւնը եւ իրականացրած ծրագրերը ուղղուած են եղել այդ խնդիրների լուծմանը: 

Նախարարութեան օգնութեամբ Սփիւռքի կարեւոր խնդիրներն ու հարցադրումները քննարկման առարկայ են դառնում ՀՀ կառավարութիւնում, լուծումներ են տրւում շատ ու շատ հարցերի: Սա նշանակում է, որ Սփիւռքի կրթական, մշակութային, հասարակական-քաղաքական, բարեգործական, կրօնական, երիտասարդական, լրատուական եւ այլ կազմակերպութիւնների գործունէութեանը օժանդակում, աջակցում է Հայաստանի Հանրապետութիւնը‘ պետականութեան գործիքների իր ամբողջ զինանոցով, օգնում Սփիւռքը մերձեցնելու հայրենիքին, հայրենիքն էլ‘ Սփիւռքին: 

Նախարարութիւնը իսկապէս կարողացաւ լուծել իր առջեւ դրուած շատ խնդիրներ‘ կեանքի կոչելով այնպիսի ծրագրեր, որոնք կայացան, ապացուցեցին իրենց կենսունակութիւնն ու անհրաժեշտութիւնը, որոնք գնալով ընդլայնուեցին եւ ծաւալուեցին: Օրինակ‘ հայրենաճանաչութեան «Արի տուն» ծրագիրը դարձել է նախարարութեան այցեքարտը‘ կապելով շուրջ 50 000 հայրենաբնակների ու սփիւռքահայերի:

Կարող եմ ասել, որ եթէ լինէին աւելի մեծ նիւթական հնարաւորութիւններ‘ «Արի տուն», «Սփիւռք» ամառային դպրոց եւ այլ ծրագրեր կ՚իրականացնէինք աւելի մեծ տարողութեամբ‘ ընդգրկելով անհամեմատ մեծ թուով մասնակիցների: Մեր գերագոյն խնդիրը եղել եւ մնում է երեխաների շրջանում մայրենիի իմացութեան եւ հայերէն խօսելու յորդորը: Յառաջիկայում կարիք կայ հայկական դպրոցի ստեղծման, հայկական միօրեայ եւ հիմնական դպրոցների, պէտք է հզօրացնել մասնագիտական ցանցերը եւ աշխուժացնել նրանց գործընթացը: Անհրաժեշտ է կատարելագործել համահայկական տեղեկատուական հարթակը, ստեղծել համահայկական հեռուստաալիք, ընդլայնել ռատիօ-հաղորդումները, բարձրացնել մասնագիտական համաժողովների արդիւնքում ստեղծուած ընկերակցութիւնների արդիւնաւէտութիւնը եւայլն: 

Լայնածաւալ եւ համընդգրկուն գործունէութիւն ծաւալելուն, թերեւս, խոչընդոտում է մեր ռեսուրսների եւ հնարաւորութիւնների սահմանափակութիւնը: Իսկ Սփիւռքի բարոյական, նիւթական, գիտական, մարդկային, տեղեկատուական հարուստ աղբիւրներ ամբողջութեամբ չեն օգտագործւում ի շահ մեր հայրենիքի եւ Արցախի, ի շահ այն հայ մարդու, ով զբաղուած է հայրենապահպանութեամբ: 

Հայաստանը եւ Սփիւռքը մեծ անելիքներ ունեն, ես հաւատում եմ, որ մենք միասնաբար կը լուծենք մեր համազգային խնդիրները‘ ամենուրեք պահպանելով հայի տեսակը, լեզուն ու աւանդոյթները‘ ամենուրեք ապահովելով մեր սերունդների միասնական ու հայեցի ապագան: Մեր հուժկու քայլերով պէտք է հասնենք Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման անչափ կարեւոր հանգուցակէտին: Մինչ 2015 թ. իւրաքանչիւր հայ անելիք եւ ասելիք ունի մեր դարաւոր դատի վերականգնման եւ ցեղասպանութիւնների կանխարգելման առումով: 

Հարցազրոյցը վարեց՝ Նայիրի Մկրտիչեան- Տաղլեան


Leave a Comment

You must be logged in to post a comment.