2016թ. Յեղաշրջման Փորձից Յետոյ Թուրքիայի Իշխանութիւնների Վարած Քաղաքականութիւնը Համշէնահայութեան Նկատմամբ

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

2016թ. յուլիսի 15-ին Թուրքիայում կատարուած ռազմական յեղաշրջման փորձից յետոյ այստեղ կտրուկ աւելացել են անխտիր բոլոր ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներն ու հալածանքները: Գլխաւոր թիրախում են յայտնուել յատկապէս կիւլենականները, երկրի ձախակողմեան զանգուածը, քրտական Ժողովուրդների ժողովրդական կուսակցութեան (Halklarin Demokratik Partisi/HDP) ներկայացուցիչները եւ այլք: Նոյն տարուայ յուլիսի վերջին յայտարարուած եւ մինչ օրս շարունակուող արտակարգ դրութիւնը լայն հնարաւորութիւններ է ընձեռել Թուրքիայի ներկայիս իշխանութիւններին` իւրաքանչիւր ընդդիմադիր ձայն արագ կերպով եւ արդիւնաւէտ միջոցներով լռեցնելու առումով:

Արտակարգ դրութեան պատճառով ի յայտ եկած պայմաններում աւելի է բարդացել Թուրքիայի փոքրամասնութիւնների վիճակը: Տիգրանակերտում բնակուող սասունահայ Կարօտ Սասունեանի դիպուկ բնորոշմամբ` «Ծայրայեղ ազգայնամոլներն ու ծայրայեղ կրօնապաշտները ստանձնեցին երկրի կառավարումը: «Գորշ գայլերն» ու «բորենիները» խիստ ազգայնամոլական եւ անգութ ճակատ կազմաւորեցին, որն այսօր լիովին իր ձեռքն է վերցրել Թուրքիայի կառավարումը»:

Այս վիճակի պատճառով Թուրքիայում առաջացած վախի մթնոլորտում, բնականաբար, իրենց առաւել անապահով են զգում յատկապէս փոքրամասնութիւնների ներկայացուցիչները: Սոյն դրութիւնը բացասական հետեւանքներ թողեց նաեւ վերջին տարիներին ինքնակազմակերպուել փորձող եւ միութիւններ ստեղծած արեւմտահայերի, մասնաւորապէս` համշէնահայերի շրջանում:

Թէեւ 2011թ. Պոլսում հիմնուած համշէնահայերի ՀԱՏԻԿ միութեան ղեկավարները մինչ այդ էլ խուսափում էին համշէնահայերի հայկական արմատների մասին շեշտադրումներից, իսկ որոշ անդամներ նոյնիսկ չէին էլ ընդունում իրենց հայկական ծագումը, սակայն այս դէպքերից յետոյ նրանց որոշ ներկայացուցիչներ է՛լ աւելի զգուշաւոր են դարձել: Բնականաբար այդ զգուշաւորութեան հիմնական պատճառը թուրքական իշխանութիւնների հրահրմամբ համշէնական ՀԱՏԻԿ միութեան դէմ հանդէս եկող ազգայնամոլների սպառնալիքներն են:

Ինչպէս այս տարի իր ֆէյսպուքեան էջում յայտնում էր ՀԱՏԻԿ-ի ներկայիս նախագահ եւ «Վովա» երաժշտական խմբի անդամ Հիքմեթ Աքչիչեքը, սոյն միութիւնը եւ վերջինիս որոշ անդամներ ընկերային ցանցերում ենթարկւում են ցեղապաշտ, ֆաշիստ եւ հալածախտով տառապող որոշ անձանց ու շրջանակների զրպարտանքներին, վարկաբեկմանը եւ թիրախաւորմանը:

Ուշագրաւ է, որ այս տարի նման սպառնալիքների թիրախ է դարձել նաեւ Համշէնցիներին ծառայող հիմնադրամը (Hemsinliler Hizmet Vakfi), վերջինիս ղեկավար Նեճմեթին Այտընը եւ քարտուղար Մեհմեթ Ալթունքայեան: Ի դէպ, նշենք, որ ՀԱՏԻԿ միութեան նախկին նախագահը եղած Մեհմեթ Ալթունքայեան այնքան էր ազդուել այդ սպառնալիքներից, որ անգամ հարկադրուած եղաւ ինձ ու Հայաստանից եւ սփիւռքից իր այլ ծանօթների հեռացնել ֆէյսպուքեան ընկերների շարքից: Իսկ համշէնցիներին ծառայող հիմնադրամի նախագահ Նեճմեթին Այտընը հանդէս եկաւ յայտարարութեամբ` մասնաւորապէս նշելով հետեւեալը. «Մեր թանկագին անդամներ ու համակիրներ, մեր կառոյցի հիմնադիր անդամները հանդիսացող` մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի պատասխանատու Շերիֆ Սարըն եւ մեր հիմնադրամի քարտուղար Մեհմեթ Ալթունքայեան ընկերային ցանցերում հանդիպում են զանազան կեղծ անուններով հանդէս եկող որոշ անձանց աներեւակայելի մեղադրանքներին: Մեր հիմնադրամի շրջանակներում, ինչպէս նաեւ նախկինում ընկերային եւ մշակութային գործունէութեամբ հանդէս եկած մեր ընկերները միշտ թափանցիկ են աշխատել: Մենք մեր հիմնադրամի շրջանակներում պատասխանատուութիւն ստանձնելով եւ հասարակական գործունէութիւն ծաւալելով` մեր մասնաւոր գործերից եւ ընտանիքից խլուած ժամանակը ծախսում ենք Թուրքիայի տարբեր շրջաններում բնակուող համշէնցիներին նիւթական եւ հոգեկան աջակցութիւն ցուցաբերելու համար` մեր հիմնադրամի կանոնադրութեան համաձայն: Սակայն ժամանակ առ ժամանակ մեր ընկերները եւ հիմնադրամը հանդիպում են որոշ անձանց անհիմն, իրականութիւնից հեռու եւ յետին մտքով արուող մեղադրանքներին, բայց վերջիններս ոչ մի կերպ չեն կարող արգելք հանդիսանալ համշէնցիներին ծառայող հիմնադրամի կանոնադրութեան շրջանակներում մեր ծաւալած գործունէութեանը: Մեր` որպէս Համշէնցիներին ծառայող հիմնադրամի ղեկավար խորհրդի անդամների աշխատելու սկզբունքը հիմնուած է Թուրքիայի Հանրապետութեան համապատասխան ատեաններով հաստատուած մեր հիմնադրամի կանոնադրութեան վրայ: Այդ կապակցութեամբ վերջին անգամ ենք յայտնում, որ մեր ղեկավար խորհրդի համաձայնութեամբ կազմաւորուած Համշէնցիներին ծառայող հիմնադրամի բոլոր անդամները, մեր երկրի օրէնքների շրջանակներում, շարունակելու են համշէնական հասարակութեանը ծառայելուն ուղղուած իրենց գործունէութիւնը»:

Թէեւ Թուրքիայի համշէնահայերի ինքնութեան ու մշակոյթի պահպանմանն ուղղուած այս միութիւնների գործունէութեան դէմ հիմնականում հանդէս են գալիս կեղծ դիմանկարների տակ ծպտուած իբր թէ հասարակ անձինք, սակայն, կարծում ենք, միամտութիւն կը լինի մտածել, թէ   նրանք, ինչպէս նաեւ, օրինակ, ASIMDER-ի պէս կառոյցները չեն ուղղորդւում թուրքական իշխանութիւնների կողմից:

Հարկ է նշել, որ յատկապէս այս տարի Թուրքիայի համշէնահայերի դէմ ուղղուած յայտարարութիւններով յաճախ է հանդէս եկել ազրպէյճանցիներով հոծ բնակեցուած Իգդիրում 2002թ. հիմնուած ASIMDER կազմակերպութիւնը` «Հայերի անհիմն պնդումների դէմ պայքարի միութիւն»-ը: Սոյն կազմակերպութիւնը միշտ է յայտնի եղել իր հակահայկական յայտարարութիւններով ու գործունէութեամբ: Սակայն, յատկապէս այս տարուայ վերջին ամիսներին նրա հիմնական թիրախներից են դարձել Թուրքիայի ծպտեալ եւ իսլամացուած հայերը, այդ թւում` համշէնահայերը:

Այսպէս, օրինակ, այս տարի ASIMDER-ի ներկայիս նախագահ Կէօքսել Կիւլպէյը հանդէս էր եկել հերթական յերիւրանքով, համաձայն որի` «Թուրքական բանակում ծառայող որոշ հրամանատարներ, ովքեր հարում են կիւլենական հոսանքին, հնարաւոր է` ծպտեալ հայեր լինեն»:

Սոյն կազմակերպութիւնը, յատկապէս այս տարի, յաճախ է անդրադարձել նաեւ Թուրքիայի համշէնահայութեան հիմնախնդրին: Այսպէս, օրինակ, 2017թ. փետրուարին Կէօքսել Կիւլպէյը յայտարարել է, թէ Թուրքիայի սեւծովեան շրջանում Հայաստանի հայերը գաղտնի ծրագրեր են մշակում: Նրա խօսքով, հայերն ուսումնասիրութիւններ են կատարում համշէնցիների բնակավայրերում եւ ձգտում տեղի բնակչութեանը համոզել, որ նրանք հայկական ծագում ունեն: ASIMDER-ի նախագահի համաձայն, հայերը գաղտնի աշխատանքների միջոցով փորձում են հողային պահանջ ունենալ Թուրքիայի սեւծովեան շրջանից:

Եթէ այս տարուայ փետրուարին ԿԷօքսել Կիւլպէյն այդ թեմային անդրադառնալիս ընդհանրացնելով «Հայաստան» էր ասում, ապա սեպտեմբերին մասնաւորեցնելով նշեց, թէ այդ աշխատանքների հետեւում կանգնած է ՀՀ սփիւռքի նախարարութիւնը: «Տողան» լրատուական գործակալութեան եւ «Հիւրրիէթ» օրաթերթի փոխանցմամբ, Կէօքսել Կիւլպէյը յայտարարել է, թէ ՀՀ սփիւռքի նախարարութիւնը եւ հայկական լոպիիստական կազմակերպութիւնների կողմից հովանաւորուող որոշ կառոյցներ ու գիտնականներ, Թուրքիայի սեւծովեան շրջանում ապրող համշէնցիներին օգտագործելով ու պնդելով, թէ այս տարածքում կիրառուող համշէներէնը հայերէնի մի բարբառն է, հանդէս են գալու նախ` մայրենի լեզուով կրթութեան, ապա` հողային պահանջով: ASIMDER-ի նախագահը նաեւ ենթադրել է, թէ հայկական լոպիիստական կազմակերպութիւնները, որոնց կեդրոնը գտնւում է Եւրոպայում, Թուրքիայի սեւծովեան շրջանի համշէնցիներին հարկադրելու են «համշէնական սփիւռք» ստեղծել իրենց եւրոպաբնակ ազգականներից. «Հայկական լոպիին ձգտում է եւրոպաբնակ համշէնցիներից «համշէնական սփիւռք» ձեւաւորել, որը կը պաշտպանի նրանց վերադարձն այդ հողեր, կարծես թէ նրանց բռնի կերպով են այդտեղից աքսորել: Այդ փորձերի հետ մէկտեղ, սոյն տարածքում գործունէութեան դաշտ որոնող ՀՀ սփիւռքի նախարարութիւնն իր աջակցութեամբ գործող որոշ կազմակերպութիւնների միջոցով ընկած է կողմնակիցներ հաւաքելու յետեւից, ովքեր Ռիզէի եւ Արդուինի նահանգներում քննարկումներ եւ ասուլիսներ կը կազմակերպեն` համշէնցիների հայ լինելու եւ համշէներէնի` իրականում հայերէն լինելու թեմաներով: Նմանատիպ աշխատանքների եւ տարածուող հանդէսների միջոցով նպատակ ունեն մայրենի լեզուի հարցին անդրադառնալով` նոր գիտակցութիւն ձեւաւորել: Շուտով հայկական լոպիիստական կազմակերպութիւնների հետ համագործակցող որոշ քաղաքացիական-հասարակական կազմակերպութիւններ համշէնցիների անունից հանդէս կը գան պաշտօնական դիմումով` առ այն, որ համշէնցիների բնակավայրերի դպրոցներում թոյլ տրուի համշէներէնի ուսուցումը, ճիշդ այնպէս, ինչպէս` քրտերէնի դէպքում»:

Բնականաբար, թուրք ազգայնամոլների` յատկապէս համշէնահայերի թեմայի վրայ կեդրոնանալու այս միտումը պայմանաւորուած է համշէնահայերի բնակավայրերի աշխարհագրական դիրքով. ինչպէս յայտնի է, բուն Համշէնն ընդգրկող ներկայիս Ռիզէ նահանգը եւ հայախօս համշէնահայերով հոծ բնակեցուած Արդուին նահանգը, գտնուելով Սեւ ծովի ափին եւ ներառուած լինելով Սեւրի դաշնագրով եւ Վուտրօ Ուիլսընի իրաւարար վճռով նախատեսուած սահմաններում, աւելի մեծ մտահոգութիւն են պատճառում թուրքերին:

Թուրքական իշխանութիւններն, օգտուելով ներկայում յայտարարուած արտակարգ դրութեան վարչաձեւ պայմաններից, փորձում են նաեւ լռեցնել իրենց աշխուժ ընկերային գործունէութեամբ հանդէս եկող համշէնահայ որոշ մտաւորականների: Դրա վառ օրինակն էր յատկապէս այս տարուայ հոկտեմբերին Արդուինում ձերբակալուած համշէնահայ մտաւորական Ճեմիլ Աքսուն: Նրանից 2 օր առաջ կալանաւորուել էր նաեւ նրա կինը` Նուրճան Վայիչը: Աքսու ամուսինները յայտնի են իրենց ընդդիմադիր կեցուածքով: Ի դէպ, Ճեմիլ Աքսուն, դեռ նախքան ամուսնանալը, 8-9 տարի բանտարկուել էր իր ձախակողմեան հայեացքների պատճառով: Թուրքական իշխանութիւնները Ճեմիլ Աքսուի եւ Նուրճան Վայիչի դէմ դատական գործ յարուցելու «հիմնաւորում» են ներկայացնում ընկերային ցանցերում նրանց հրապարակումները: Թէեւ նրանց բաւականին երկար բանտում պահելուց յետոյ վերջերս ազատ արձակեցին` մինչեւ դատավարութեան սկիզբ, բայց եւ այնպէս նրանց երկուսին էլ շարունակում է սպառնալ ազատազրկման վտանգը: Նշենք, որ նաեւ համշէնական «Գոր» ամսագրի խմբագիրներից մէկը եղող Ճեմիլ Աքսուն միաժամանակ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութեան` Խոփա գաւառի ղեկավարն է: Աքսու ամուսինների ձերբակալութեան պատճառով լրիւ միայնակ էր մնացել նրանց 8-ամեայ որդին` Արեւը: Ի դէպ, Ճեմիլ Աքսուն գրեթէ միակ համշէնահայն է Արդուինում, ով համարձակուել է հայկական անուն տալ իր զաւակին: Աքսուների ճակատագիրն առայժմ անյայտ է. նրանք սպասում են դատավարութեանը: Սակայն ակնյայտ է, որ թուրքական իշխանութիւնները ներկայում փորձում են լռեցնել Համշէնի լեռներից հնչող այդ խիզախ մտաւորականի ձայնը: Հետաքրքիր է, որ ժամանակաւորապէս ազատ արձակուելուց յետոյ անգամ Ճեմիլը չի խուսափում իր կարծիքն ազատօրէն արտայայտելուց եւ շարունակում է աշխուժ կերպով գրառումներ անել իր ընկերային էջում:

Եւ ինչպէս Ճեմիլի կալանաւորման կապակցութեամբ իր հեղինակած յօդուածում նշում է մէկ այլ համշէնահայ մտաւորական` իր դստերը դարձեալ հայկական անունով կոչած պոլսաբնակ Մահիր Օզքանը, հայկական անուններ կրող դստեր` Լուսինի եւ Ճեմիլի որդու` Արեւի առկայութեան դէպքում խաւարը նրանց չի սպառնում:

«ԱԿՈՒՆՔ»

Leave a Comment

You must be logged in to post a comment.